Ռուբիկոն

Մաքս Պիկարդ . Լռության աշխարհը (հատվածներ գրքից)

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Այն պահին, երբ բառը ասվում է, լոկ այդժամ հաստատվում, որ նա, միայն նա է այժմ ուժի մեջ: Հավանաբար լռության մեջ եղած հասկացությունն էլ հստակորեն սահմանազատված է ուրիշ հասկացություններից, սակայն վճիռը, թե ինչ պետք է այն նշանակի, դեռևս որոշակիորեն չի կայացվել: Մարդն իրեն չի վտանգում` ունենալով բառը միայն լռության մեջ: Սոսկ հնչյունի միջոցով կամ բառը գրելիս է նա լիովին նույնանում բառի հետ:

Լռության մեջ եղած բառը գտնվում է տեսանելին գերազանցող մի աշխարհում, որն էլ հենց լռությունն է: Թափանցիկության շողը, որ ունի լռությունը, ծագում է անտեսանելի աշխարհի շողից, որն ընկնում է բառի վրա, երբ սա լուռ գտնվում է մարդու մեջ:

2

Լռությունը մարդու մեջ առաջ է բերում տխրություն, քանզի հիշեցնում է նրան մի վիճակ, ուր բառի միջոցով մեղքի մեջ ընկնելը տեղի չէր ունեցել: Լռությունը ստիպում է մարդուն կարոտել նախքան մեղսագործությունը եղած այդ վիճակը: Միաժամանակ այն երկչոտ է դարձնում նրան, քանի որ լռության մեջ նրան թվում է, թե ամեն ակնթարթ բառի միջոցով կարող է դարձյալ տեղի ունենալ առաջին մեղքը:

Ահա ինչու մարդը բանաստեղծին համարում է խիզախ մեկը, քանի որ նա` բանաստեղծը, որ գործ ունի ոչ այլ ինչի, քան բառի հետ, կարծես չի մտածում այն մասին, որ մարդը բառի միջոցով է ընկել մեղքի մեջ, փոխարենը նա զգում է, որ ձգվում է դեպի բանաստեղծը, քանզի նրա մոտ բառը դեռ նախնական է: Այդ բառը նրան ընդհանրապես թվում է առաջին բանը, որի միջոցով նա մարդ է դառնում և որի միջոցով հասնում է երջանկության:

Մարդը և բառը (հատվածներ)

Լեզվի ծագումը

Հին Կտակարանում Աստված խոսում է մարդու հետ անմիջականորեն: Նա ասես ընտելանում է նրա հետ խոսքին: Մարդը ոչ թե խոսողն էր, այլ` խոսվածը: Մարդը խոսվում էր: Բառը մնում էր կանգնած, դրոշմված օդի մեջ, բառն ինքը տարածություն էր: Մարդիկ ներշնչում էին Աստծո խոսքն օդի հետ միասին: Բառերն օրենքներ էին: Օրենքը կատարելով էին նրանք խոսում Աստծո հետ, կատարումն էր նրանց պատասխանը: Մարդը հնազանդվում էր օրենքին. այդպես նա ուներ լեզու:

Այնուհետև մարդը լքեց օրենքը, և այդ պատճառով լեզուն լքեց նրան: Մռայլ, սպառնալի փայլ է ելնում օրենքից այնտեղ, ուր մարդը լքեց այն, մի բան ակոսվել է այնտեղ, մի մռայլ փայլ է լցնում այդ փոսը և սպառնում է մեզ այդտեղից:

Լեզուն դատարկ է այն պատճառով, որ Աստված այլևս չի խոսում նրանով: Մարդու բառն է շրջում այդ սրբազան դատարկության շուրջ: Ճշմարիտ ժամանակը բացակայում էր նախքան այն ակնթարթը, երբ Աստված խոսեց: Դրանից հետո լեզուն ունեցավ պատմություն: Լեզուն այդ ժամանակից դեռ ապրում է շնորհիվ այն բանի, որ նրանում սրբազան բաներ են ասվել:

Այնուհետև, երբ մարդկանց տրվեց Լոգոսը, բոլոր բառերը նրա մոտ էին հավաքված և նրա մոտից, ասես հենց նոր արարված, դարձյալ շարժվում էին դեպի մարդը: Այլևս վախ չկար բառի համար:

Երբ բառը և իրը դեռ միասնություն էին, երբ բառը դեռ իր չէր նշում, այլ իր էր և իրն իրեն անվանում էր պարզապես նրանով, որ առկա էր, լեզվի խնդիր չկար: Բառը ներծծված էր իրի մեջ, իսկ իրը` բառի, մեկը վերացված էր մյուսի մեջ:

Երբ բառի և իրի միասնությունը կոտրվեց, այդ բեկումը աշխարհ եկավ ինչպես մի նոր առարկա, այն հայտնվեց նորի ողջ ծանրությամբ. ամեն բան կոտրվեց դրա հետ միասին: Ամեն բան կոտրվեց առաջին բեկման արդյունքում: Բառն անջատվեց իրից, որին անվանում էր, այն մեկուսացվեց իրից և վերստին ստիպված էր փնտրել այն:

Քանի որ այդ բեկմամբ կոտրվեց նաև տարածությունը, մարդը ստացավ սահման: Կոտրված տարածության մեջ այժմ ամենուր կար սահման, և քանի որ ժամանակը նույնպես կոտրվել էր, մարդը ստացավ նաև մահ: Ինքն իրեն մասնատվող ժամանակի շնորհիվ նա ստացավ պատմություն, և լեզուն նույնպես դարձավ պատմության մի մասը, նա ինքը ունեցավ պատմություն, այլափոխություն:

«Լեզուն ուրիշի համար գոյություն է,… լեզվի խնդրի հետ միասին պետք է տրված լինի նաև ուրիշը» (Սարտր): Ոչ, լեզվի խնդիրը սկսվում է մեղսավոր անկումից հետո, երբ բառը և իրը անջատվեցին իրարից:

Գուցե ինչ-որ վտանգ կար բառի և իրի դրախտային միասնության մեջ: Մարդը բավականաչափ հստակ չէր հեռացել իրից, թեև նա հասկանում էր իրերը և կենդանիներին, նա հասկանում էր նրանց լեզուն, նրանք իրենք էին լեզու, եթե նրա առաջ էին: Սակայն մարդը վտանգված էր, քանզի այդկերպ հեշտորեն կարող էր խառնվել իրերին և կենդանիներին: Բառը, բառի և իրի միջև բեկումը հստակորեն հեռացրեց նրան իրից և կենդանուց:

Հակառակ սրան, այսօր էլ հնարավոր է բառով որևէ իր ընդգրկել, դարձյալ հաստատել երկուսի միասնությունը: Սակայն մեղսավոր անկումից հետո մարդը պարտավոր է ոչ միայն հացը, այլև բառը վաստակել երեսի քրտինքով: Եթե միասնությունը հաջողվի նրան, ապա նա բառի և իրի հետ միասին կհանվի բեկման պատմությունից` դառնալով ասես տարածությունից և ժամանակից մեկուսացած: Սակայն այդ մեկուսացումը կլինի հրաշալի, դրախտային սկիզբ:

Երբեմն այնպես է, կարծես իրերը դիվային կերպով կուլ են տալիս բառերը, ասես լեզուն դադարեցվում է նրանցում: Մարդու մեջ երկյուղ կա, թե իրերը իրենից կխլեն լեզուն, նա շարունակ խոսում է, չի հանդգնում լռել: Նա անվստահ է մեղսավոր անկումից հետո:

Երբեմն էլ այնպես է լինում, ասես իրը ոչ թե կուլ է տվել իրեն անվանող բառը, այլ տրորել է այն, կարծես նրա մոտ ընդհանրապես ոչ մի բառ չի էլ եղել: Իրն առանց բառի ասես սպառնացող իր է: Աֆրիկյան կուռք. սա ասես ճզմել է իր մեջ բոլոր բառերը մարդուն սպառնալիորեն տիրելու համար:

Շատ մանրաքանդակերում, օրինակ 9-րդ, 10-րդ դարերի փղոսկրյա ֆիգուրներում և ռոմանական մանրաքանդակներում, բառը կարծես կլանվել է այդ ֆիգուրների կողմից, ներծծվել նրանց մեջ, բայց ոչ թաղվել, բառերն ասես ընկել են դրանց երեսով մեկ և պրկել դրանք: Երեսի մակերևույթը ծածկում է բառերը, ինչպես լռության վերարկու: Կան նաև օբյեկտներ, որոնք նախ և առաջ մատչելի չեն բառին, օրինակ էտրուսկյան պարիսպները Միկենեյում. դրանք լռում են մարդու մեջ եղած լռությանը հանդիման, ինչ-որ միասնություն է գոյանում այդ պարիսպների և մարդու մեջ լռողի միջև:

Այդ պարիսպների առջև խոսելիս նրան հրաշք է թվում, որ ինքը դեռ կարող է բառ ունենալ: Նա մի փոքր վախ է ապրում, նա այստեղ է պարիսպների առջև, նա` մարդը, սակայն այն, ինչը կազմում է մարդու էությունը` բառը, այդ պարիսպների առաջ ասես այստեղ չլինի կամ այստեղ է որպես պատահականություն, որպես լոկ հանդուրժված մի բան:

2

Սխալ կլինի ասել, որ լեզուն գոյացել է մարդկանց համատեղ գործունեությունից:

«Լեզուն իր ծագմամբ համատեղ գործունեությանն ուղեկցող դրսևորում է», Լյուդվիգ Նուարե. «Լեզվի ծագումը», քանզի այդ դեպքում նաև կենդանիները իրենց «համատեղ գործունեության» մեջ լեզու կունենային:

Սխալ կլիներ նաև բառը դուրս բերել դիմաշարժից (Կոնդիլյակ, Մեն դե Բիրան, Բերգսոն): Դիմախաղը պատկանում է բոլորովին այլ կատեգորիայի, քան բառը, այն ձերբազատված չէ աֆեկտներից, որոնցով առաջ է բերվում, խառնված է դրանց, դրանց մի մասն է և հիմնականում արտահայտում է կամեություն: Մինչդեռ բառն արտահայտում է կեցություն, ամբողջություն, ոչ միայն կամեությանը վերաբերող բան, որը կեցության միայն մասն է: Բառն այնպիսի անչափ կեցություն է, որ մինչև իսկ ստեղծում է կեցություն: Դիմաշարժն, ընդհակառակը, առավե- լություն չունի կեցության նկատմամբ, որից կկարողանար ինչ-որ բան հաղորդել այլ ֆենոմենի, հակառակը, այն սահող է, սուրացող, ոչ առկա: Մարդը երբեք չէր կարողանա դիմաշարժից աստիճանաբար հասնել բառին, քանի որ դիմաշարժը չազատվող ինչ-որ բան ունի, այն մինչև իսկ ինքը չազատվողն է. միայն հատուկ, արարչական ակտի միջոցով նրանից կարող է ազատ ինչ-որ բան գոյանալ: Բառն ու դիմաշարժը միմյանց կողքի, – դիմագիտական ասպեկտն արդեն ցույց է տալիս տարբերությունը. – բառը պարզ է, ազատ, ինքնիշխան, ինքն իրենից վեր բարձրացող, ամեն ինչ իր ետևում թողնող, բացի լռությունից, որից գալիս է: Մինչդեռ դիմաշարժն անազատ է, ոչ ինքնիշխան, դեռ ամբողջովին խառնված մատերիային, որով փորձում է ներկայանալ, դիմաշարժը մատերիայի ներսում է, կապված նրան և անազատորեն մատերիայի մեջ մտնող, ինչպես ոգին բառի մեջ: Թեպետ երեխայի դեպքում դիմաշարժը նախորդում է բառին, սակայն էականը դա չէ, այլ այն, որ բառն ընդհանրապես ի հայտ է գալիս նրա մոտ, ընդ որում այնպես, կարծես ոչ մի դիմաշարժ էլ դրան չի նախորդել: Հարցն այն չէ, թե երեխայի դիմաշարժը նախորդում է բառին, այլ այն, որ դիմաշարժից ազատվելու արարչական ակտը վերստին տեղի է ունենում յուրաքանչյուր երեխայի մոտ («Լռության աշխարհը»):

Կարդալ նաև

Փիլիսոփայություն Երեք արքայությունները Աշխարհի ֆիզիոգնոմիկ (դիմագիտական) պատկերի փորձ Ռուդոլֆ Կասսներ Նախևառաջ պետք է ֆիքսել, որ ֆիզիոգնոմիկան (դիմագիտությունը) մեր ըմբռնմամբ գիտություն չէ և այդպիսին չի էլ կարող լինել կամ չպետք է լինի: Բացատրել ցանկացող յուրաքանչյուր գիտություն գործում է հասկացություններով: Ֆիզիոգնոմիկան (դիմագիտությունը) ոչ… Փիլիսոփայություն Պասկալ Մաքս Պիկարդ Մաքս Պիկարդը (Max Picard) XX դարի ամենազարմանալի ու գաղտնի մտածողներից մեկն է: Այսօր գրեթե մոռացության տրված նրա գրական ժառանգությունը Կենտրոնական Եվրոպայի ոգեղենության ամենանրբագույն գոյացություններից է: Ծնվել է 1888-ին Շոփֆհայմում (Բադեն), ապրել… Փիլիսոփայություն Մտքեր Պասկալ 1 Սաղմոսներ էր երգում արար աշխարհ: Ո՞վ է վկայություն տալիս Մուհամմեդի մասին. հենց ինքը: Հիսուս Քրիստոսն ուզում է, որ իր վկայությունը ոչինչ չնշանակի: Վկայությունների արժանիքն այն է, որ դրանք լինեն միշտ և ամենուր, իսկ նա` այս խեղճը, մենակ է: 10 Կարգ:…