Ռուբիկոն

Մաքս Պիկարդ . Լռության աշխարհը (հատվածներ գրքից)

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Առանց ճշմարտության բառը կլիներ ընդհանուր բառային մառախուղ լռության վերևում, առանց ճշմարտության այն կվերածվեր անորոշ մռթմռթոցի. ճշմարտությունն է առաջին անգամ հստակ, ամուր դարձնում բառը: Գիծը, որով ճշմարիտը բաժանվում է կեղծից, այն հենարանն է, որի վրա ամրանում է բառը: Ճշմարտությունը այն լաստակն է, որի վրա պահվում է բառը: Ճշմարտության շնորհիվ է բառը ինքնուրույն դառնում լռության հանդիման, ճշմարտությունը դառնում է աշխարհ, և բառն արդեն աշխարհ ունի ոչ միայն իր ետևում, որը լռությանն է, այլ նաև իր կողքին. դա ճշմարտության աշխարհն է:

Կապը լռության հետ, սակայն, անհրաժեշտ է ճշմարտության բառի համար, որովհետև առանց այդ կապի ճշմարտությունը չափից դուրս սուր կլիներ, դաժան: Կլիներ այնպես, իբրև թե մեկ ճշմարտություն կա, միակ ճշմարտության գերսրությունը առաջ կբերեր տպավորություն, թե կապը, ճշմարտության համակարգը պետք է մերժվի: Էականը ճշմարտության համար, սակայն, այն է, որ վերջինս առկա է ոչ իբրև եզակի բան, այլ որ կապակցված է մի համակարգի մեջ:

Լռության մերձությունը նշանակում է նաև ներման և սիրո մերձություն, քանի որ ներման և սիրո բնական հիմքը լռությունն է: Կարևոր է, որ երբ այդ բնական հիմքը կա, ներումը և սերը հանդես գալու միջոց ստեղծելու կարիք չունեն:

2

«– Ոչ մի ճշմարտություն էլ չկա, – ասաց մեկը, իսկ մյուսը. – Սակայն դու որպես ճշմարտություն ես ընդունում այն, որ ոչ մի ճշմարտություն չկա»: Տրամաբանական ուժը, որ երևում է այս դրույթի մեջ, նշան է այն բանի, որ սկզբից ևեթ լեզվի մեջ եղած տրամաբանության միջոցով ճշմարտությունը ինքնաբերաբար տեղեկացնում է իր մասին լեզվում: Իր կառուցվածքով արդեն լեզուն ճշմարտություն է բերում մարդուն, ճշմարտությունը հպվում է մարդուն, լեզվի կառուցվածքի շնորհիվ ճշմարտությունը նախատրված է մարդուն:

Սա նույնպես նշան է այն բանի, որ մարդը շահել է լեզուն ոչ թե ինքնուրույնաբար, այլ վերջինս տրվել է նրան Էության կողմից, որն ինքը Ճշմարտությունն է: Լեզուն հետևաբար իր կառուցվածքով համապատասխանում է ճշմարտությանը, որը երևում է նրանում: Ահա ինչու է ամեն ինչ մղվում բառի մեջ, որովհետև այնտեղ գտնում է իրագործում, վեհացում ճշմարտության շնորհիվ: Գոյություն ունի զառիվայր` լռությունից դեպի բառը, դեպի նրա ճշմարտությունը, և այդ զառիվայրի ուժը բառի միջից դուրս է մղում ճշմարտությունը դեպի աշխարհի գործունեություն:

Ճշմարտությունը        լեզվի   տրամաբանության     մեջ ասես օբյեկտիվ փաստ է, և այդ օբյեկտիվ փաստը մարդուն ցույց է տալիս մի բան, որը դուրս է նրա անձից` օբյեկտիվն ընդհանրապես: Մարդը խոսելիս հիշեցում է ստանում օբյեկտիվ տրված ճշմարտության հավաստիության մասին:

Լեզվի մեջ եղած այդ օբյեկտիվի շնորհիվ լեզվի մեջ ավելի շատ բան կա, քան առանձին որևէ մեկը, քան սուբյեկտը կարող է փոխառել, ավելին, քան առանձին որևէ մեկը կարիք ունի, նրանում այնքան շատ բան կա, որ կհերիքի մինչև բոլոր մարդկանց օրերի վերջը և մի բան էլ ավել:

Այս օբյեկտիվի պատճառով լեզվում հաճախ ասվում է ավելին, քան մարդն ուզում է ասել, ահա ինչու մարդը լեզվի շնորհիվ ճանաչում է ավելին, քան ինքն է իր մտքերի միջոցով ներմուծում դրա մեջ:

Նաև այդ պատճառով է մարդը վեհանում լեզվի շնորհիվ, քանզի լեզուն ավելի մեծ է նրանից: Մարդու էությանը հատուկ է այն, որ նա ի վիճակի չէ ճշմարտությունն ամբողջապես ներդնել բառի մեջ:

Բառի տարածությունը, որն ամբողջությամբ լցված չէ ճշմարտությանբ, նա լցնում է տխրությամբ: Տխրությունը կարող է այնուհետև ընդարձակել բառը մինչև լռություն, որի մեջ բառը ուզում է սուզվել:

Միայն Քրիստոսն է ի վիճակի բառն ամբողջովին լցնել ճշմարտությամբ, ահա ինչու նրա բառերը մելանխոլիկ չեն, բառի տարածությունը լցված է ոչ այլ բանով, քան ճշմարտությամբ, և դրա մեջ տեղ չկա տխրության համար:

Լռությունը բառի մոտ

Բառը և լռությունը պատկանում են միմյանց: Տեսնել բառը առանց լռության նման է Շեքսպիրի խեղկատակներին տեսնելու` առանց շեքսպիրյան հերոսների ծանրակշռության, կամ միջնադարյան պատկերներում սրբերի մարտիրոսությունը` առանց նրանց պայծառակերպության: Բառ և լռություն, հերոս և խեղկատակ, մարտիրոսություն և պայծառակերպություն, – սա միասնություն է:

Բառը պետք է կապի մեջ մնա լռության հետ, որից դուրս է գալիս: Մարդու էությանը հատուկ է այն, որ բառը վերադառնում է լռություն. մարդու էությանը հատուկ է այն, որ մարդը վերադառնում է այնտեղ, որտեղից եկել է:

Մարդու բառը որոշարկվում է ոչ միայն ճշմարտությամբ, այլ նաև բարով: Բարու մեջ բառը դարձյալ ետ է դառնում դեպի ծագում:

Կարևոր է, որ բառը բարու միջոցով կապվում է լռության հետ, այդկերպ յուրաքանչյուր բառի մեջ ի սկզբանե բարիք է ներմուծված, և այդպիսով բառն արդեն իր կառուցվածքի մեջ հակում ունի առ բարին: Բառի մեջ, որը կապված է մեծագույն լռության հետ, առկա է մեծագույն բարիքը:

Բառը, որ գալիս է մեկ այլ բառից, կոպիտ է ու ագրեսիվ: Այդպիսի բառը նաև միայնակ է: Այսօրվա մելանխոլիայի զգալի բաժինը նրանից է, որ մարդը միայնակ է դարձրել բառը, քանի որ անջատել է լռությունից: Լռության այս մերժումը մարդու մեջ ասես մեղք լինի, և այդ մեղքը դրսևորվում է մելանխոլիայի ձևով. մելանխոլիայի մութ եզրն է շրջապատում բառը, և ոչ թե լռության եզրը:

Հետևաբար լռությունը բառի մոտ է անգամ բառի` նրանից գոյանալուց հետո: Բառի աշխարհը հաստատված է լռության աշխարհի վրա: Բառը միայն այն ժամանակ կարող է ապահով շարժվել նախադասությունների և մտքերի մեջ, երբ նրա տակ տարածվում է լռության ընդարձակությունը. Լռության ընդարձակության վրա է բառը սովորում ընդարձակ լինել: Լռությունը բառի համար այն ցանցն է, որ ձգված է լարախաղացի տակ:

Բառի մեջ եղած ոգին, որ անչափելի է, իր տակն ունի լռության անչափելիության կարիքը, որպեսզի դրա վրա կարողանա կապել սեփական անչափելիությունը: Հավանաբար ոգին ինքը կարող է անչափելի լինել: Սակայն նրա տակ եղած լռությունը օգնում է նրան շարժվել իր անչափելիության մեջ: Լռությունն ընդհանրապես բնական հիմք է ոգու հանար. ոգու բառի մեջ եղած անասելին կապում է ոգին լռության հետ, բնիկ է դարձնում այն լռության մեջ:

Համատեղ գոյությունը լռության հետ, այսպիսով, անհրաժեշտ է բառին: Լռության թափանցիկ, ճախրող կերպը թափանցիկ և ճախրող է դարձնում բառը, բառն ասես լուսավոր ամպ լինի լռության վերևում, լուսավոր ամպ լռության ծովի վերևում: Լռությունը բառի համար բնություն է, հանգստավայր, նախավայր: Բառը թարմանում է լռության մեջ, զտվում արատներից, որոնք գոյանում են իր շնորհիվ: Լռության մեջ լեզուն պահում է շունչը և իրեն դարձյալ զգում նախնականության հետ:

Անգամ եթե բառը նույնն է, լռությունից ելնելուց ևեթ այն միշտ կարող է երևալ նոր: Ճշմարտությունը, որ ասվում է միշտ նույն բառով, դրանից չի ընդարմանում:

Ոգին նույնպես կարող է բառին թարմություն, երիտասարդություն և սկզբնականություն հաղորդել: Կա թարմություն, սկզբնականություն բնության միջոցով, բնական լռության միջոցով և կա մեկ այլ թարմություն ու սկզբնականություն, որ սերում է ոգուց: Կատարյալն այն է, երբ բնական լռության սկզբնականությունը և լռության սկզբնականությունը հանդիպում են միմյանց մեկ մարդու մեջ և կապվում, ինչպես Դանտեի և Գյոթեի դեպքում:

Կարդալ նաև

Փիլիսոփայություն Երեք արքայությունները Աշխարհի ֆիզիոգնոմիկ (դիմագիտական) պատկերի փորձ Ռուդոլֆ Կասսներ Նախևառաջ պետք է ֆիքսել, որ ֆիզիոգնոմիկան (դիմագիտությունը) մեր ըմբռնմամբ գիտություն չէ և այդպիսին չի էլ կարող լինել կամ չպետք է լինի: Բացատրել ցանկացող յուրաքանչյուր գիտություն գործում է հասկացություններով: Ֆիզիոգնոմիկան (դիմագիտությունը) ոչ… Փիլիսոփայություն Պասկալ Մաքս Պիկարդ Մաքս Պիկարդը (Max Picard) XX դարի ամենազարմանալի ու գաղտնի մտածողներից մեկն է: Այսօր գրեթե մոռացության տրված նրա գրական ժառանգությունը Կենտրոնական Եվրոպայի ոգեղենության ամենանրբագույն գոյացություններից է: Ծնվել է 1888-ին Շոփֆհայմում (Բադեն), ապրել… Փիլիսոփայություն Մտքեր Պասկալ 1 Սաղմոսներ էր երգում արար աշխարհ: Ո՞վ է վկայություն տալիս Մուհամմեդի մասին. հենց ինքը: Հիսուս Քրիստոսն ուզում է, որ իր վկայությունը ոչինչ չնշանակի: Վկայությունների արժանիքն այն է, որ դրանք լինեն միշտ և ամենուր, իսկ նա` այս խեղճը, մենակ է: 10 Կարգ:…