Մաքս Պիկարդ . Լռության աշխարհը (հատվածներ գրքից)
2
Մարդն ապրում է լռության աշխարհի, որից նա գալիս է, և մեկ ուրիշ լռության աշխարհի` մահվան աշխարհի, ուր նա գնում է, մեջտեղում: Լռության այս երկու աշխարհների միջև է ապրում նաև մարդու բառը և պահվում դրանց կողմից: Ահա ինչու բառը կրկնակի արձագանք ունի` այնտեղ, որտեղից գալիս է, և այնտեղ, ուր մահն է:
Անմեղություն, միամտություն և սկզբնականություն բառը ստանում է լռությունից, որից գալիս է, մինչդեռ նվազագույն տևողությունը, ցրվածությունը, կոտրտվածությունը և այն, որ բառը երբեք չի համապատասխանում իր անվանած իրին, նա ստանում է մահվանից…
Այսօր բառը հեռու է լռության երկու աշխարհներից, այն գոյանում է աղմուկից և անհետանում է աղմուկի մեջ: Լռությունն այսօր այլևս ինքնին աշխարհ չէ, այն մի աշխարհ է, ուր դեռ չի թափանցել աղմուկը, այն սոսկ աղմուկի ընդմիջումն է: Աղմուկ հանող սարքը մի պահ չի գործում, – սա է այսօր լռությունը` աղմուկ, որը չի գործում: Այլևս այսպես չէ` այստեղ բառ, այնտեղ լռություն, այլ այսպես`այստեղ բառեր, որ խոսվում են, իսկ այնտեղ, որ դեռ չեն խոսվել, սակայն դրանք նույնպես այստեղ են, դրանք կանգնած են ինչպես չօգտագործվող գործիքներ. սպառնալի և ձանձրալի դրանք կանգնած են այստեղ:
Լեզվի մեջ պակասում է նաև մեկ այլ լռություն` այն, որ գալիս է մահվանից: Այսօր չկա իսկական մահ, մահն այսօր այլևս ինքնին աշխարհ չէ, այն սոսկ նեգատիվ բան է, – դադար և ծայրագույն վերջն այն բանի, որ կյանք է կոչվում, սա է այսօր մահը: Սա մահ է, որն, այսպիսով, ինքն է սպանվել:
Այսօրվա մահը հեռու է մահվանից, որի մասին ասվել է. «Մարդն իր կյանքում մեկ անգամ է մահանում, և քանի որ փորձը նրան չի բավականացնում, մահը վրիպում է նրանից: Որպեսզի մահը հասնի նրան, նա պետք է սովորի մահանալ փորձառու մարդկանց ղեկավարությամբ, որոնք արդեն եղել են մահացող: Մահվան այդ փորձը տալիս է ասկեզան» (Ֆլորենսկի):
Եթե բառն այլևս կապված չէ լռության հետ, այն այլևս չի կարող վերածնել, այն կորցնում է իր սուբստանցից ինչ-որ բան: Լեզուն այսօր ասես ինքն իրեն խոսող լինի, ինքն իրեն ցանող, ինքն իրեն պարպող, թվում է` այն ընդառաջ է գնում ինչ-որ ավարտի: Կարծր, համառ ինչ-որ բան կա այսօրվա լեզվում: Լեզուն ասես լարում է իրեն իր դատարկությանը հակառակ պահպանվելու համար: Կա նրա մեջ նաև հուսահատություն, ասես նա սպասում է, որ դատարկությունն այնուամենայնիվ կհանգեցնի իրեն ավարտի, և համառության ու հուսահատության այս փոփոխությունը անհանգիստ է դարձնում նրան: Մարդը որբ է թողել լեզուն, քանի որ հեռացրել է լռությունից: Լեզուն այլևս մայրենի չէ, այլ սոսկ որբի լեզու է: Հաճախ այնպես է, ասես մարդը ամաչում է լեզվից, որին անջատել է իր ծագումից: Մարդն այլևս չի համարձակվում մի բառը շարժել դեպի մյուսը, նա ավելի շատ խոսում է ինքն իր հետ, ինքն իր մեջ, ասես ուզում է ճզմել բառը, ոչնչացնել, հեռացնել, իսկ բառերը, որոնք սոսկ ավերակներ են, ներս գցել սեփական ներքինի դատարկության մեջ:
3
Բառը դարձյալ սուզվում է լռության մեջ, այն կարող է մոռացվել: Մոռացումը, – այդպես է թվում, – բառի հետ է, որպեսզի բառը չափազանց ծանր չլինի:
Գերակայությունը, որ բառն ունի լռության նկատմամբ, այդկերպ մեղմվում է:
Բառերի սուզվելը մոռացման մեջ ասես նշան է այն բանի, որ իրերը որևէ մեկին պատկանում են միայն ժամանակավորապես, մինչև վերադարձվելը: Բառը սուզվում է լռության մեջ, այն մոռացվում է: Մոռացումը նախապատրաստում է ներում: Սա նշան է այն բանի, որ սերը ներհյուսված է լեզվի կառուցվածքի մեջ. բառը սուզվում է մարդու մոռացության մեջ, որպեսզի ների նաև մոռացության մեջ:
Բառի անհետացումը, մոռացությունը, նաև նախապատրաստում է մահվան. ինչպես անհետանում է բառը, որի միջոցով մարդը մարդ է դառնում, այնպես էլ անհետանում, կորչում է նաև ինքը մարդը, – մահը նույնպես ներհյուսված է լեզվի կառուցվածքի մեջ:
Այսօր մոռացումը կարծես գողացվել է բառից. յուրաքանչյուր բառ համընդհանուր բառային աղմուկի մեջ է, որը շրջապատում է մարդուն, դա նշանակում է, որ ամեն ինչ շարունակ թաթախվում է համընդհանուր բառային աղմուկի մեջ և շարունակ անհետանում դրա մեջ, ամեն ինչ բառային աղմուկի մեջ միաժամանակ և՛ այստեղ է, և՛ այստեղ չէ, չկա ո՛չ բառի ներկայություն, ո՛չ էլ մոռացում: Այստեղ այլևս չկա մոռացություն մարդու կողմից. մոռացությունը կարծես տեղի է ունենում մարդուց դուրս` համընդհանուր բառային աղմուկի մեջ: Բայց դա մոռացում չէ, այլ անհետացում բառային աղմուկի մեջ, ահա ինչու այստեղ չկա նաև ոչ մի ներում, քանի որ անհետացածը դարձյալ դուրս է ելնում բառային աղմուկից: Մարդն այստեղ երբեք չի ազատվում որևէ իրից կամ որևէ բառից և ոչ էլ ունի որևէ իր կամ բառ. այստեղից է գալիս այսօրվա մարդու նյարդայնությունը:
4
Մենք ասացինք, որ բառը ելնում է լռությունից և դարձյալ վերադառնում նրա մեջ:
Լռության ետևում ասես բացարձակ բառ կա, դեպի որը այդ լռության միջով շարժվում է մարդու բառը: Մարդկային բառն ասես պահվում է այդ բացարձակ բառի կողմից: Մարդկային բառը չի մասնատվում, որովհետև կա բացարձակ բառը: Մարդը մշտապես հարկադրված կլիներ նորից նվաճել բառը, եթե այն ապահովված չլիներ բացարձակ բառի մեջ: Մարդու բոլոր բառերը ասես պտտվում են այդ բառի շուրջ: Լռությունն ասես խորհրդածություն լինի այդ բառի մասին: Տարբեր լեզուներն ասես բացարձակ բառը գտնելու տարբեր փորձեր լինեն: Բառերը կարծես պայմանավորվել են բաժանվել տարբեր լեզուների` տարբեր կողմերից բացարձակ բառին հաս- նելու համար: Լեզուներն ասես արշավանքներ լինեն ի խույզ բացարձակ բառի:
Եթե լիներ միայն մեկ լեզու, ապա այդ լեզուն լռության հանդիման կկանգներ որպես հաղթանակած: Լեզուն չափից շատ հաղթած, նվաճած կերևար, իսկ լռությունը` չափից շատ հաղթված, մարդը դրանից ամբարտավան կդառնար, ամբարտավան կդառնար նաև նրանից, որ բոլոր մարդկանց հետ ունի մեկ լեզու: «Սրանք մեկ ժողովուրդ են, ունեն մեկ լեզու և սկսել են այդ գործն անել: Արդ, ոչինչ չի խանգարում նրանց, որ կառուցեն այն, ինչ կամենում են» (Գիրք Ծննդոց):
Բայց քանի որ բազում լեզուներ կան և մի լեզուն հարաբերվում է մյուսին, ոչ մի լեզու բացառիկ չէ, յուրաքանչյուրը մեկն է բազումներից:
Արտակարգն այլևս այն չէ, որ մեկ ու միակ լեզու գոյություն ունի, այլ այն, որ ճշմարտությունը միջնորդավորված է լեզուներով: Այժմ կա լեզուների միասնություն, որը գոյանում է այն բանի շնորհիվ, որ բոլոր լեզուներով ասվում է մեկ ճշմարտություն:
Մարդը լռության և բառի միջև
1
Այն պահին, երբ մարդը դեռ չի խոսել, բառը կախված է լռության վերևում, որը և լքում է, նա կախված է լռության և բառի միջև: Բառը դեռ անհայտի մեջ է, որին դիմում է. վերադառնա՞ արդյոք դեպի լռություն, ահնետանա՞ նրա մեջ, թե՞ բացահայտորեն հեռանա լռությունից` դառնալով հնչյուն: Մարդու ազատությունն է որոշում, թե ուր կուղևորվի բառը: Խոսված բառը, հակառակ լռության միջի բառի, սոսկ հաղորդում չէ մեկ ուրիշին: Այն որակապես տարբեր է նրանից: Հնչյունի միջոցով բառը ոչ միայն դուրս է բերվում լռությունից և հաղորդվում ուրիշին, այն դուրս է բերվում և դրվում այն բառերի դիմաց, որոնք դեռ լռության մեջ են: Ասված բառը մեկուսացնում է հասկացությունն ավելի, քան այդ հասկացությունը մեկուսացված էր լռության մեջ: