Մաքս Պիկարդ . Լռության աշխարհը (հատվածներ գրքից)
Լռությունը, ասես նախաժամանակային ինչ-որ բան, ներս է խուժում այսօրվա աշխարհի աղմուկի մեջ: Ոչ իբրև մեռյալ, այլ որպես կենդանի նախագազան այն պառկում է այստեղ: Մենք դեռ տեսնում ենք լռության լայն թիկունքը, սակայն ողջ նախագազանը ավելի ու ավելի է խորն է սուզվում այսօրվա աղմուկի համատարած մացառուտի մեջ: Նախագազանը ասես հետզհետե սուզվում է իր սեփական լռության խորքը: Հակառակ դրան այսօրվա ամեն աղմուկ երևան է գալիս ինչպես միջատների բզզոց նախագազանի` լռության լայն մեջքի վրա:
Բառի գոյացումը լռությունից
1
Բառը գալիս է լռությունից, լռության լիությունից: Լիությունն ինքն իրեն կպայթեր, եթե չթափվեր բառի մեջ:
Բառը, որը գոյանում է լռությունից, այստեղ է ասես հանձնարարությամբ, այն օրինականանում է շնորհիվ իրեն նախորդած լռության: Իհարկե ոգին է, որ բառին օրինականություն է տալիս, բայց լռությունը, որ նախորդել է, նշան է այն բանի, որ ոգին այստեղ գործում է ստեղծագործաբար, ոգին հղի լռությունից հանում է բառը:
Եվ միշտ, երբ մարդը սկսում է խոսել, բառը վերստին գոյանում է լռությունից:
Բառն այսպես գոյանում է լռությունից հասկանալիորեն և բնականորեն, ինչպես եթե լիներ շրջված լռություն, լռության հակառակը: Բառը լռության հակառակ կողմն է, ինչպես լռությունը` բառի հակառակ կողմը:
Ամեն բառի մեջ լռող ինչ-որ բան կա, որպես նշան այն բանի, թե որտեղից է գալիս բառը. ամեն լռության մեջ խոսող ինչ-որ բան կա, որպես նշան այն բանի, որ լռությունից է գոյանում խոսքը: Հետևաբար բառը էականորեն կապված է լռությանը: Միայն ուրիշի հետ խոսելիս է մարդը իմանում, որ բառն այլևս պատկանում է ոչ թե լռությանը, այլ մարդուն, նա իմանում է դա մյուս մարդու Դու-ի միջոցով: Դու-ի միջոցով է նախ բառն ամբողջությամբ պատկանում մարդուն և այլևս ոչ լռությանը: Սակայն եթե երկու մարդ խոսում են միմյանց հետ, միշտ առկա է երրորդը` լռությունը, այն պատկանում է այդ խոսքին: Լռությունն է շարունակում զրույցը, որպեսզի բառերը շարժվեն ոչ թե խոսողների նեղ տարածության մեջ, այլ գան հեռվից, այնտեղից, ուր լռությունն է լսում, այդկերպ են դրանք լցվում: Բայց միայն դա չէ. բառերը խոսվում են այստեղ ասես լռության կողմից, այդ երրորդի կողմից, այն ավելի շուտ տրվում է ունկնդրին, քան գալիս է հենց խոսողից: Հետևաբար երրորդ խոսողն այսպիսի զրույցի մեջ լռությունն է: Պլատոնյան դիալոգի վերջում ամեն անգամ կարծես խոսում է ինքը լռությունը, մարդիկ որոնք խոսել են, դարձել են լռության ունկնդիրներ:
2
Արարման սկզբում, պատմվում է մեզ, Աստված ինքն էր խոսում մարդու հետ: Մարդն ասես չէր համարձակվում բառ ասել, նա դեռ չէր վստահում իրեն բառ ունենալու, և Աստված խոսելով մարդու հետ` ասես ընտելացնում էր նրան բառին:
«Եթե պատկերացնենք լեզվի գեղեցկությունը, զորությունը և բազմազանությունը, որ տարածվում են ողջ երկրով, մեզ այն կերևա գրեթե վերմարդկային, հազիվ թե մարդուց ելնող, ավելի շուտ նրա ձեռքում այստեղ ու այնտեղ փչացած և իր կատարելության մեջ անձեռնմխելի մի բան» (Յակոբ Գրիմմ): Լեզվի ծագումը անթափանցելի է մնում, ինչպես և ցանկացած արարածի ծագումը, քանի որ ծագումը գալիս է Արարչի կատարյալ սիրուց: Միայն լիակատար սիրո մեջ տևականորեն ապրելու դեպքում մարդը կարող է ճանաչել լեզվի և արարվածի ծագումը:
3
Լռության անորոշ, հեռուներում թափառող, նախաաշխարհային էության մեջ է գոյանում որոշակի, սահմանագծված, լրիվ առկա բառը:
Լռությունը ներկայանում է հազարավոր անարտահայտելի ձևերով` անձայն լուսածագի մեջ, առ երկինք ծառերի մունջ ձգվելու մեջ, գիշերվա ասես ծածուկ նվագով վրա հասնելու մեջ, տարվա եղանակների լուռ փոխհաջորդման մեջ, լուսնի լույսի ընկնելու մեջ, որն ինչպես լռության անձրև թափվում է գիշերվա մեջ, ամենից առաջ, սակայն, ներքին լռության մեջ. լռության այս ձևերը անուն չունեն: Եվ այնքան ավելի որոշակի և հստակ է բառը, որ դուրս է գալիս այս անանունից` որպես իր հակադրությունից:
Չկա ավելի մեծ բնաշխարհ, քան լռության բնաշխարհը, ավելի մեծ ոգեաշխարհ, քան լեզվի ոգեաշ- խարհը, որ ձևավորվում է լռության բնաշխարհի մեջ:
Լռությունը կանգնած է ասես մի աշխարհ, և լռության աշխարհայնության մեջ է բառը սովորում ձևավորել իրեն իբրև աշխարհ: Լռության աշխարհը և բառի աշխարհը կանգնած են միմյանց դեմ:
Այսպիսով, բառը հակադրված է լռությանը, սակայն ոչ թշնամաբար. այն ընդամենը լռության մյուս կողմն է: Մենք լսում ենք լռությունը բառի միջոցով, բուն բառը ոչ այլ ինչ է, քան լռության ռեզոնանս:
5
Արդ, լեզուն աշխարհ է, ոչ աշխարհի կցորդ: Այն ունի լիություն, որը դուրս է անցնում ամեն նպատակայինի սահմաններից. նրա մեջ կա ավելին, քան անհրաժեշտ կլիներ հաղորդակցության համար: Թեպետ լեզուն պատկանում է մարդուն, այն պատկանում է նաև ինքն իրեն, նրա մեջ ավելի ցավ, ուրախություն և վիշտ կա, քան մարդը կարող է վերցնել նրանից իր համար. լեզուն ասես ինքն իր համար, անկախ մարդուց ունի ցավ, վիշտ, ուրախություն և ցնծություն…
8
Մարդը երբեք չէր կարողանա լռությունից բառ ստեղծել: Բառը լռությունից այնքան տարբեր բան է, որ մարդը երբեք չէր կարողանա լռությունից թռիչք գործել դեպի բառ:
Նաև. այն, որ երկու այդքան հակադիր ֆենոմեններ, ինչպես լռությունը և բառը կապված են միմյանց, ասես պատկանում են իրար, չի կարող ստեղծված լինել մարդու կողմից, այլ միայն` աստվածային ակտի: Լռությունը և բառը իրար կողք, – սա հետքն է աստվածային այն վիճակի, որում բառը և լռությունը մեկ են:
Այլ կերպ չէր կարող լինել, քան որ բառը ելներ լռությունից: Իսկապես, որ աստվածային Բանն ինքը` Քրիստոսը, մարդու մոտ իջավ Աստծու մոտից` «ճախրող լռությունից» (Մարտին Բուբեր), բոլոր ժամանակներում նշվել է որպես լռության վերածում բառի: Բանը, որ երևան եկավ երկու հազար տարի առաջ, ժամանակների սկզբից ճանապարհին է դեպի մարդը, և այդ պատճառով ամենասկզբից ճեղքվածք է տվել իր և լռության միջև: Երկու հազար տարի առաջ տեղի ունեցածն այնքան զարհուրելի էր, որ դրանից շատ ավելի վաղ արդեն լռությունն անջատվել էր բառից: Լռությունը նախօրոք դողդողում էր և տրոհվեց:
Լռություն, բառ և ճշմարտություն
Բառն ավելին է, քան լռությունը, ընդ որում, որովհետև նրանում դրսևորվում է ճշմարտությունը: Լռության մեջ նույնպես ճշմարտություն կա, սակայն լռությանը այնքան բնութագրական չէ, որ նրանում ճշմարտություն լինի, որքան բառին: Լռության մեջ ճշմարտությունն այնքանով է, որքանով ինքը հաղորդակից է ճշմարտությանը, որն ընդհանրապես առկա է կեցության կարգի մեջ: Լռության մեջ ճշմարտությունը պասսիվ է, այն քնած է նրանում, իսկ բառի մեջ այն արթուն է, բառի մեջ ճշմարտությունը և սուտը որոշվում են ակտիվորեն: Ինքնին, per naturam բառը կարճ է, այն ասես կտրված է լռության մեջ: Այն տևողություն է ստանում նախ և առաջ ճշմարտության շնորհիվ, ճշմարտության միջոցով դառնում է ինքն ըստ ինքյան աշխարհ, և քանի որ ճշմարտության շնորհիվ բառի մեջ մտնում է տևողություն, բառը չի կորչում: Լռությունը, որից դուրս է եկել բառը, վերածվել է գաղտնիքի, որը վերաբերում է ճշմարտությանը: