Մաքս Պիկարդ . Լռության աշխարհը (հատվածներ գրքից)
Դրախտային միասնությունն այստեղ մի պահ, բառային պահ, վերականգնվում է:
Չմասնատված ժամանակի մեջ ոգին կարիք չունի իրեն փնտրելու կոտրված ժամանակի մասերի մեջ, նա իրեն ունի ամբողջովին: Ժամանակն ինքն է ձգտում դեպի այս ամբողջական ոգին, ժամանակը լցվում է նրա մեջ: Այդժամ է միայն ժամանակը լցված: Մարդն ապրում է` հեռանալով չմասնատված ժամանակից և մոտենալով դրան: Նա կենտրոնադրված է չմասնատված ժամանակի մեջ: Մասնատված ժամանակը, ժամացույցի ժամանակը, ինչպես ժամացույցի սլաքը, շրջանաձև շարժվում է չմասնատված ժամանակի շուրջ:
Չմասնատված ժամանակը ներքին ժամանակի մեջ է, այն ժամացույցի հոսող ժամանակի հակառակն է: Ժամացույցի հակառակը ամբողջական, լցված, չմասնատված ժամանակի սպասումն է: Ժամացույցի ժամանակի մեջ կորած մարդը մասնատում և չափում է այն սպասողի նման: Ժամանակի չափումը հիմնականում ամբողջական ժամանակից հեռացման չափումն է` չդադարող, անօգուտ: Ժամացուցի ժամանակն այսօր. այն շտապում է ավարտվել, ասես ինքն է ցանկանում հասնել իր ավարտին:
Սերը դուրս է մասնատված հոսող ժամանակից, ահա ինչու սիրահարները չեն նկատում, որ ժամանակն անցնում է: Սիրելով նրանք ժամանակ են սերում, քանի որ սիրո չմասնատված ժամանակի մեջ ավելի շատ ժամանակ կա, քան նրանք կարող են սպառել:
2
Բառը, որի մեջ ոգի կա, սերում է նաև տարածություն. հեռուն, անվերջը կտրվում են բառի միջոցով, սահմանագծվում: Եվ այնպես, ինչպես գոյություն ունի ներքին ժամանակ, այնպես էլ գոյություն ունի նաև ներքին տարածություն: Նրանում հեռուն և մոտը, այստեղը և այնտեղը մեկ են: Մարդը նրա մեջ է, բայց նաև ամենուր: Սիրողները ապրում են այդ ներքին տարածության մեջ, նրանք մոտ են միմյանց, բայց երբեք ոչ բավարար չափով մոտ լինելով` նրանք դեռ հեռու են, յուրաքանչյուրը մոտի մեջ իր հետ ունի նաև հեռուն:
Բանաստեղծը հորինում է այս ներքին տարածությունը, բանաստեղծությունը յուրաքանչյուր ակնթարթ մոտի մեջ է պահում հեռուն և միաժամանակ թողնում է, որ մոտը ճախրի հեռվի մեջ:
Բանաստեղծությունն ասես երգում է ոչ թե այստեղ, մեկի առաջ, այլ ամենուր, այն այստեղ է և երգվում է միաժամանակ ամեն տեղից:
Ցրված բառը, որն ազատվել է ոգուց, բառային աղմուկը, այլևս չի կարող սահմանագծել տարածությունը, այն նաև չի ցանկանում անել դա, վերջինս ամենուր է, այն բազմանում է բոլոր ուղղություններով իր զանգվածի զուտ կուտակման շնորհիվ: Սակայն իսկական բառը առկա է ոգու շնորհիվ և ոգու միջոցով է միաժամանակ ինքն իրենից վեր և ամենուր: Բառային աղմուկը ոգու ամենուրության դիվային ընդօրինակումն է, ահա ինչու բառային աղմուկի մեջ չկա ներկա, անցյալ և ապագա, երեքն էլ միասնության մեջ չեն, այլ` խառնիխուռն, միմյանց կողքի: Ժամանակը դուրս է մղված, արգելակված է բառային աղմուկից, ճզմված է նրանում, ամեն բան սոսկ տարածություն է, ամբողջովին լցված բառային աղմուկով, սա նշանակում է, որ դա այլևս տարածություն չէ, այլ անորոշ մի բան. բառային աղմուկը լցնում է այդ անորոշ բանը, որ պիտի տարածություն լիներ: Ժամանակը դուրս է մղված, սերը դուրս է մղված: Ժամանակը և սերը պատկանում են միմյանց: Բառը պետք է ընդգրկի օբյեկտը, ինքն իրեն ժամանակ տա այդ օբյեկտն ընդգրկելու համար, միայն այդ դեպքում է նաև տեսանելի դառնում ժամանակը, որի մեջ կայացած է և դեռ կա օբյեկտը, միայն այդ դեպքում է օբյեկտը հանգում ինքն իրեն, պատկանում իրեն և դառնում առկա: Որևէ օբյեկտի ժամանակ տալ նշանակում է էություն, սեր տալ նրան: Եթե սեր չկա, չկան նաև օբյեկտներ: Ժամանակը արտաքսված է լեզվից, որպեսզի չհիշեցնի մարդուն սիրո մասին: Մարդն այլևս չունի սեր, ահա ինչու է ժամանակը արտաքսվել լեզվից:
Աշխարհն առանց սիրո ստեղծում է լեզու առանց ժամանակի:
Գերմաներենից թարգմանությունը`
Սերգեյ Ստեփանյանի