Երեք արքայությունները Աշխարհի ֆիզիոգնոմիկ (դիմագիտական) պատկերի փորձ
Անտիկ տարածական մարդն առկա է առավելապես ներկայիս և երբևէ ապրած ֆրանսիացու մեջ, քան գերմանացու, որը մնում է էապես ժամանակային և շարունակաբար ժամանակի էության, պատմության իմաստի հարցից անհանգիստ մարդ: Արդյո՞ք ֆրանսիացին առավելապես աչքի մարդ չէ, իսկ գերմանացին` ականջի: Դրա համար էլ ոչ ոք ինքն իրեն այդքան մոտ չէ, որքան առաջինը, և ոչ ոք չի կարող ինքն իրենից այդքան հեռու լինել, որքան վերջինը: Ֆրանսիական ռացիոնալիզմում չափազանց շատ է դիցաբանական – ռոմանտիկականը, իսկ ֆրանսիական ռոմանտիզմն իր հերթին հաճախ թվում է սոսկ որպես շրջված ռացիոնալիզմ: Ռացիոնալիզմի և գերմանական ռոմանտիզմի միջև կանգնած են Հերդերը, Կանտը, Գյոթեն: Եթե մեզ կարելի է այստեղ որոշ չափով դիմագիտություն բանեցնել, ապա ոչ մի դեմք այդքան միասնական չէ, որքան ֆրանսիականը, իսկ այդ միավորումը կամ միասնությունն առկա է առավելապես ճակատի և քթի, ոգեկանի և բնազդայինի միջև, և այդտեղ էլ` անմիջականորեն ընկալելի: Գերմանական դեմքում իրեն ավելի քիչ է մատնում տրոհվածությունը, որը միշտ հանգում է կրքոտության, և հաճախ ի հայտ է գալիս ռուսական դեմքում որպես անմիասնականություն, որպես առանձին արքայությունների, ընդունակությունների և զորությունների հստակ հակադիր ձգտում: Տարածության և ժամանակային մարդու վերաբերյալ ավելացնենք նաև այն, որ գերմանացին հաճախ մեղադրվում է ավանդույթի պակասի մեջ: Դա փաստացիորեն նշանակում է, որ ավանդույթը գերմանացու մոտ կտրվում է ավելի հեշտորեն, քան ֆրանսիացու, որն ամբողջովին ավանդույթում է ապրում: Գերմանական պատմությունը ավանդույթի շարունակական կոտրում է: Բայց դիմագիտորեն տեսնողը պետք է ասի, որ գերմանացին կենդանի և ապրված ավանդույթի փոխարեն մեկ այլ բան ունի, հենց այն, ինչ Կանտն անվանում է փորձ, բառ, որ իր գերմանական իմաստի պատճառով դժվար թարգմանելի է: Եվ այդ փորձն էլ գերմանացի փիլիսոփայի իմաստով ժամանակային մարդու առաքինությունն է, իսկ ավանդույթն, ընդհակառակը, ավելի շուտ բնորոշում է տարածության մարդուն: Մեզ հայտնի առաջին դիմագիտությունը վերագրվում է Արիստոտելին: Բարակ մազը, ըստ դրա, վախկոտ մարդու նշան է, քանզի եղջերուն կամ նապաստակը բարակ մազ ունեն, իսկ կոշտը` արի մարդու, քանզի առյուծն ու վարազը կոշտ մազ ունեն: Ճակատից կեռացող քթով մարդիկ հանդուգն են, որովհետև ագռավինն էլ է այդպիսին. հաստ վզով մարդիկ բարկացկոտ են, ցլի նման, բարակ վզովները` վախկոտ` եղջերուի պես, կարճ վզովները` նենգ, գայլի նման:
Այս փոքրաթիվ օրինակներից ակներև է դառնում ողջ գրքի ոգին` դեմքի, կերպարի, կարճ ասած`արտաքինի այս կամ այն գիծը նշանակում է ներքինի այս կամ այն հատկություն: Tertium comparationis է կենդանին, քանզի կենդանու մոտ տեսակն է որոշիչը, իսկ արտաքինն ու ներքինը տեսակի մեջ, որպես այդպիսին ծածկում են իրար:
Արիստոտելի դիմագիտությունն իշխում է դարերով, որտեղ էլ որ հանդես գալու լինի, այն դեռ շոշափելի է Լաֆատերի, Հերդերի, Շոպենհաուերի, Կարուսի մոտ: Եվ լոկ դիմագիտությանը վերաբերող արտակարգ այն դրվագներում, որ մենք ունենք Գյոթեից, երևում է ռացիոնալ կամ ստատիկ ուղուց շրջադարձը այն ուղուն, որը մենք դինամիկ ենք անվանում, շարժուն մարդու այն դիմագիտությանը, որ ներկայացնում ենք մեր գրքերում:
Արիստոտելի դիմագիտությունը դեռ գիտություն էր և պետք է այդպիսին լիներ: Այն գիտություն էր հունական իմաստով, գիտության տրամաբանություն մի աշխարհում, որում բառն ու իրը համաչափ են իրար: Բառն այդտեղ ավելի շատ պիտակ է քան լեզու: Կամ` լեզուն ոչ այդքան արտահայտությունն է կենդանի և շարժուն էության, որքան նշան է պատկանելության: Այլ կերպ ասած` այստեղ մենք գործ ունենք նախևառաջ տիպերի աշխարհի հետ և ոչ թե արարածի, որպես այդպիսինի: Դա նշանակում է. որ Աստված, ավելի շուտ դեմիուրգը, շնչող արարածից առաջ ստեղծել է տիպերը, այսինքն` եթե վերադառնանք մեր դիմագիտական օրինակներին, ոչ թե սկզբում ագռավին, ձիուն, եղջերուին և ցլին է ստեղծել, այլ` հանդուգն ագռավին, երկչոտ ձիուն, վախկոտ եղջերուին, բարկացկոտ ցուլին: (Ինչպես որ դրանք առկա են նկարչության պրիմիտիվ վարպետների նկարներում): Իսկ առաջին մարդը, Աստծո ստեղծարար ձեռքից ծնվելով, օրինակ պիտի լիներ եկողների համար, նա մարդ էր մարդկային բոլոր հատկություններով, մարդ, որքանով որ բաղկացած և կազմված է դրանցից: Պարզ է, որ դեմիուրգի աշխարհում բանը նախնականության, մեր ուշ, ռոմանտիկական իմաստով, բնության, բնականության մեջ չէ, քանզի ողջ, սոսկ հնարավոր նախնականությունն ընկած է հենց առաջին պատճառի մեջ, prima causa-ի, primo amore-ի, այսինքն` Աստծո մեջ, որն իրերի հետ մեկտեղ ստեղծել է հասկացություններ կամ ինչպես Գիրք ծննդոցում է գրված` առաջին մարդուն կենդանիների` ագռավի, ձիու, եղջերուի, ցլի և այլ անուններն է սովորեցրել:
Այդ աշխարհը մենք ուզում ենք Հոր աշխարհ կոչել: Այն ծագել է մոգականից և պատկանում է մարդկային գիտակցության սոսկ ավելի բարձր աստիճանին: Գենեզիսի (ծննդոց) մոգական Աստվածը գիտեր իրերի անունները, դեմիուրգը գիտի հասկացությունները: Այդ երկու աշխարհները միասին կազմում են այն, ինչը մենք վերը տարածության աշխարհ անվանեցինք: Դիմագիտորեն տեսնել նշանակում է էթիկականն ու էսթետիկականը ամեն ակնթարթ տեսնել միասին: Դիմագետի համար չկա էթիկա առանց դրան պատկանող էսթետիկայի և հակառակը: Մենք ուզում ենք նույնիսկ պնդել, որ նա չնչին իսկ ձգտում կամ ըմբռնում չի ցուցաբերում էթիկականը էսթետիկականից պաշտպանելու համար, ինչպես դա միշտ ցույց է տվել պլատոնականների և փրկության ուսուցիչների կամ ճշմարտության առաքյալների` Ռուսսոյի կամ Տոլստոյի տիպի պահանջմունքը: Այդ իսկ պատճառով մենք անմիջապես ամրագրում ենք, որ Հոր այդ աշխարհի առաջին խտացումը կամ ցոլքը հակված ենք վերագտնել մարդկության մեծ էպոսներում` Հոմերոսում, Դանտեում, Արիոստոյում կամ այնպիսի զուտ էպիկական բանաստեղծներում, ինչպիսին Լաֆոնտենն է: Հայրական աշխարհում իշխում է էպոսը. դրանում պատմվում, բավականացնում է պատմվածքը: Ով չի կրում իր մեջ Հոր աշխարհը, նա չի տնօրինում պատմողական արվեստին կամ տեղյակ չէ դրա դժվարությանն ու սքանչանքին:
Այն ունի սկիզբ ու վերջ, իսկ արանքում` երկարաձգում (Retardation), հենց միայն այն բանի համար, որ սկիզբ ու վերջ ունի: Որդու աշխարհում, դրամայում, քանզի Որդին դրամա է, նշանակություն ունի ոչ թե երկարաձգումը, այլ արագացումը, քանզի Որդին որպես մարդ ոչ սկիզբ ունի, ոչ վերջ: Հոր աշխարհում նշանակություն ունի միայն սկիզբը և ոչ թե նախնականությունը: Որդին նախնական է և պետք է լինի այդպիսին, դրա համար էլ իրեն զգում է դժբախտ, եթե այդպիսին չէ: Հոր պարագայում ո՞վ կմտածի նախնականության մասին կամ այն մասին, թե արդյո՞ք ագռավը, ձին կամ ցուլն են նախնական, թե՞ դրանց երկչոտությունը, հանդըգնությունը կամ վախկոտությունն են եղել նախնականություն: Ո՛չ, ո՛չ, Հայրը սկիզբ է, զորություն և ակունք, որից ողջ իրողությունը ինչպես լավ պատմվածքում հոսում է և պետք է հոսի: Եվ որքան ավելի մեծ ու երկար է հոսքը, այդքան ավելի լավ: Բոլոր այն դեպքերում, երբ մենք դատում ենք, այսինքն` որևէ էակից կամ իրից ինչ-որ հատկություն ենք առանձնացնում, մենք տնօրինում ենք երևույթին նկարագրության, սահմանափակման կամ ներառնման միջոցով: Ավելի որոշակիորեն` մենք դա չենք տեսնում, կամ այն, ինչն առանձնացրել ենք որպես հատկություն, կերպար չէ կամ դեռ չէ: Այսպես, մեր օրինակների պարագայում ագռավի հանդգնությունը կամ եղջերուի վախկոտությունը կերպար չեն կամ կերպարից, որպես այդպիսինից, առանց այլևայլության ընթեռնելի չեն, քանզի մեր տեսածը, միշտ սոսկ կերպար է, ոչ թե հատկություն, իսկ կերպարն, այդուհետ, շարժում է: Այսինքն` մեր աչքը չի կարդում, չի բացում կամ ծածկում, չի շաղափում ու քողազերծում: Կամ, ինչը նույնն է, մենք տեսնում ենք, եթե տեսնում ենք, ոչ թե պատճառ ու նպատակ, սկիզբ ու վերջ, և դա լոկ այն պատճառով, որ տեսողությունը միշտ հարաբերվում կամ կարող է հարաբերվել շարժուն մի աշխարհի, շարժման մեջ գտնվող մի աշխարհի և երբեք` անմիջականորեն իր հատկություններում ու դրանցով սահմանափակված, դրանցից հավաքագրված աշխարհի հետ: Այսինքն` մենք կտեսնենք նախ ագռավին և ոչ թե նրա հանդգնությունը: Ինչու՞: Որովհետև, եթե մենք տեսնեինք հանդգնությունը, երկչոտությունը կամ արիությունը և այլն, աշխարհը կանգ կառներ և նրա ընթացքը կընդհատվեր: