Երեք արքայությունները Աշխարհի ֆիզիոգնոմիկ (դիմագիտական) պատկերի փորձ
Մենք նոր ձևակերպում ենք տալիս այստեղ Համամիասնության մեր ՙհայեցված՚ աշխարհի համար`փոխակերպում: Իսկ փոխակերպումը դրամա է և հակառակը: Դրանով մենք «դրամատիկականի» ահռելի մի ընդլայնում ենք ձեռնարկել, իսկ հին դրամայի, ողբերգության հասկացությունը պետք է պայթեցնենք:
Հոր կամ սկզբի աշխարհը համաձայնեցում է մարդու և գործի, մարդու և բառի միջև: Դրանում է ճանաչվում Հայրը կամ ավելի շուտ` դրանով է Որդին ճանաչում Հորը, քանզի Որդու աշխարհում այդ համաձայնությունը սկզբում չի իշխում: Դա կազմում է Որդու տառապանքն ու պառակտումը, դա այն բանի ծնունդն է, որով տառապանքն է սկսվում: Եվ այնուամենայնիվ համաձայնության ու ներդաշնակության գալու կամ պառակտումը կամրջելու համար Որդին կարիք ունի մի բանի, որի կարիքն ունի թերևս նաև Հայրը, բայց ուրիշ նպատակների համար` երևակայության: Այն պետք է ցանկալի համաձայնության մեջ պարունակված կամ ինտեգրված լինի, քանզի միայն այդ դեպքում կարող է գալ այն բանին, ինչը մենք մարմնավորում, վերածնություն, փոխակերպում կամ նոր տեսակ ենք անվանում:
Հոր երևակայությունը և Որդու երևակայությունը երկու տարբեր բաներ են: Հորինը երկուսն են` ինչպես մոգությունը, այնպես էլ հայտնագործությունը: Մոգության ու հայտնագործության կապը պետք է դեռ հասկացվի. այստեղ մենք կարող ենք դա միայն նշել: Նաև այն, ինչը ներկայանում է որպես փոխակերպում հայրական աշխարհի ներսում, մոգություն է, դեռ մոգություն է, այսինքն` փոխակերպում առանց Ես-ի մի աշխարհում կամ փոխակերպում Ես-ի և ինքության (Selbst)` մարդու տրոհումից առաջ, Աստծո փոխակերպում կենդանու: Որդու փոխակերպումը ոչ թե մոգություն է, այլ խոստովանության վերջին ակտը, ավելի շուտ` դրա հաղթահարումը, սուբյեկտիվիզմի հաղթահարումը: Խոստովանությունը Որդու համար, որպես այդպիսին, տիպիկ է: Դրանով նա անջատվում է Հոր աշխարհից: Յուրաքանչյուր խոստովանության մեջ, ինչ-որ բան կա խռովությունից: Բայց խռովությունն այստեղ մասն է, ոչ թե ամբողջը: Փոխակերպումն ավելին է. փոխակերպումով Որդին գտնում է ուղին` ետ, դեպի Հայրը: Նրա համար, ով փոխակերպվում է, և ոչ թե նրա, ով սոսկ խոստովանում է, երևակայությունը կեցության ակտ է: Այսպես ասենք` անհնար է որոշել երբ կամ որտեղ է խոստովանությունը ստում կամ թե խոստովանությամբ արդյո՞ք սուտը սոսկ չի կոծկվում: Փոխակերպությամբ, սակայն, սուտը հանվում է (և ոչ թե սոսկ կոծկվում): Այսպես նորից փոխակերպումը հարաբերվում է խոստովանությանը: Դրա համար էլ խոստովանությունը որպես այդպիսին, ասենք` այդպիսին Աստծո առջև, ստեղծագործական ակտ չէ: Կամ դրա համար էլ միայն փոխակերպության և ոչ թե խոստովանության մեջ է բառը մարմին դառնում: Մի բան էլ` Որդու հայտնագործությունը ավելի չնչին է, քան Հորինը, և հենց ճիշտ այն բանի պատճառով, ինչը մենք խոստովանանք ենք անվանում: Արդյո՞ք դրա համար է, որ երկու ճշմարտություն կա` նախ Հորինը, որն առկա է յուրաքանչյուր բանաստեղծությունից առաջ, իսկ հետո Որդունը, որն ամեն մի հնարավոր բանաստեղծություն իր մեջ է ներառել ու կուլ տվել: (Այսպես կոչված իդեալիզմը խոսում է օբյեկտիվ ու սուբյեկտիվ ճշմարտությունից, իսկ մենք գիտակցում ենք մեզ արտահայտության և կերպավորման աշխարհում, և դրանց փոխարեն ասում` Հայրական աշխարհ և Որդու աշխարհ):
Կամ ավելի շուտ արդյո՞ք առանց սրբերի ճշմարտության Աստծո ճշմարտությունը նշանակություն չունի, կամ Աստված առանց սրբերի սոսկ նույնություն (ես Ես եմ կամ a=a), ֆետիշ, ճիչ պիտի դառնա, իսկ մարմնավորման մասին խոսք անգամ չի կարող լինել: Այլ կերպ ասած` ռանգին, տեսակին, կաստային, դասին Հոր աշխարհում համապատասխանում է երևակայությունը Որդու աշխարհում, ազատության աշխարհում: Դա Որդու շրջադարձն է դեպի Հայրը, նախասկիզբը: Առանց երևակայության Որդին երբեք չի կարող նախասկզբնական լինել: Հոր նախասկզբնականությունը նրա սկզբունքն է, օրենքը, որն արտահայտվում է մարգարեության, հաճախ` հայտնագործության մեջ, իսկ խոստովանության մեջ` երբեք: Էսթետիկայում ուշադրություն է պետք դարձնել հայտնագործության հարաբերությանը ՙմեծ ձևին՚: Խոստովանությունը որպես այդպիսին պետք է որ քանդեր մեծ ձևը: Կամ` խոստովանության վերելքով մեծ ձևն սկսեց դատարկվել: 17-ից 18-րդ դար Ֆրանսիայի անցած ուղին:
Այսպես է, ուրեմն, Հոր աշխարհը հարաբերվում է Որդու աշխարհին, որ առաջինում տեսնելն ու գործելը համատեղվեն կամ որպեսզի մարդն առանց նպատակի չլինի և շրջվի ինքն իր դեմ, անհրաժեշտ է երրորդ բանը` չափը: Հենց այն իմաստով, որ տվել է Արիստոտելն այդ հասկացությանը ողջ Հին աշխարհի և այնուհետև արևմուտքի համար, որքանով որ վերջինս հարաբերվել է Հին աշխարհին: Մենք շատ կշեղվեինք, եթե ցանկանայինք բացել չափի այդ հասկացության ծագումն ու պատմությունը, հավանաբար բավարար կլինի մատնանշել, որ այն ի վերջո հանգում է մոգական մարդուն, որում մտածողությունն ու կեցությունը մի բան են, որ այդ չափը, այսպես ասած, սոսկ ավելի քան մաշկն է կամ էմբլեմը, կամ մոգական մարդու վերջին աբստրակցիան: Եթե վեդայում ասվում է, որ Բրահմայի գլխից բրահմաններն են ձևավորվել, Աստծո ձեռքերից` զինվորները, ազդրերից` վաճառականները, ապա Բրահման հենց մոգական էակն է, որում կեցությունն ու մտածողությունը, կեցությունն ու պատկերը, տեսողությունն ու գործողությունը մեկ են, ապա նա նախաէակն է առանց հայելու կամ որ նույնն է` այն նախաէակը, որն արարում է աշխարհը արտացոլվելով: Այդ նախաէակի մաշկը, սակայն, չափն է, կամ նախաէակը շարունակում է ապրել այդ չափի մեջ, ինչպես որ շարունակում է ապրել կենդանական աստվածների աշխարհը Արիստոտելի դիմագիտությունում, որից մենք սկզբում ցիտեցինք որոշ օրինակներ:
Դրա համար էլ շատերը հավանաբար չափի հասկացության մեջ տեսնեն տափակացումն այն աշխարհի, որը ժամանակին շատ էութենական էր ու լի: Իսկ ով, մեզ նման, խորության հասկացությունը համատեղել է շարժման հասկացության հետ, նա տափակությունից կխոսի հազվադեպ ու չուզելով, այսինքն` իրականում միայն այն դեպքում, երբ ծաղրանկարի հետ գործ ունի: Վերջինս իրոք տափակ է, կամ էլ խորությունն այստեղ էապես տափակ է, այսինքն` երկչափ է դարձել: Արիստոտելի չափը մենք կարող ենք ճիշտ հասկանալ և գնահատել միայն այն դեպքում, եթե այն համատեղենք հենց նրա, մեկ այլ, շատ կարևոր հասկացության` գործելու հասկացության հետ**:
Մի հասկացությունը առաջ է քաշում մյուսին, և երկուսն էլ ցուցանում են առանց հայելու մարդուն կամ ավելի ճիշտ մարդուն, որի Ես-ն ու հայելին պետությունն է կամ հասարակությունը, մարդուն առանց երևակայության, մարդուն, որը առաքինությունն ու երջանկությունը փորձելով համատեղել` իր սեփական կյանքի իմաստը ի վիճակի է տեսնել միայն պետության կամ հասարակության մեջ:
Այդ չափն էլ հենց բացակայում է Որդու աշխարհում, և ուրեմն տեսնելն ու գործելը նրա համար նույն բանն են: Եվ լոկ այդպես, մինչև տեսնողի և տեսիլքի տեսածի միացմանը տանող աճի մեջ նա` Որդին, ունի չափը, ավելի շուտ իր չափը: Դրա համար էլ Որդին միշտ գաղտնի կամ բացահայտ դեմ է պետությանը Արիստոտելի իմաստով: Եվ անիմաստ է այդ փաստը թաքցնելը կամ գեղեցկացնելը: Երկուսն էլ արբեցում են. Հոր և Որդու: Հոր արբեցման մեջ թերևս ավելի շատ է երջանկությունը, իսկ Որդու արբեցման մեջ` երևակայությունը: Ու նորից այսպես են հարաբերվում Հայրը` Որդուն և Որդին` Հորը: