Ռուբիկոն

Երեք արքայությունները Աշխարհի ֆիզիոգնոմիկ (դիմագիտական) պատկերի փորձ

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Եթե այդ հոգեբանությունը թերևս պատրվակ է բերում, թե իբր իր արդյունքներով ծառայում է ճշմարտությանը, որը նա իր կողմից վերջապես գտնված և ամենալայն տեսանելիությունից պաշտպանված է ներկայացնում, ապա այդ ճշմարտության վերաբերյալ վճռապես պետք է պնդել, որ այն բնավ ուժ և կարողություն, նույնիսկ հանճար չունի կապելու (Հորը Որդուն և այլն): Դեռ պատասխան չկա այն հարցին` արդյո՞ք ճշմարտությունը առանց կապելու կարողության, արդյո՞ք ճշմարտությունն առանց տեսիլքի (դեմքի) (Vision und Visage) ավելին է, քան տրուիզմը (Truism) կամ բանալությունն ու ինքնըստինքյան հասկանալիությունը: Ընդ որում մենք անմիջապես խոստովանում ենք, որ դրանով բնավ չենք ուզում նսեմացնել պրագմատիզմն իր պրակտիկ և օգտակար ճշմարտություններով, չնայած որ այն մեզ ներկայանում է իբրև երկչափ, խորության չափողությունից զերծ աշխարհի փիլիսոփայության և ճշմարտության ձևով: Ոչ, մեր դիմագիտության խորագույն ուսմունքը ոչ այլ ինչ է, քան այն, որ աշխարհն, ինչպիսին որ է, չի կարող հավասարման (a=a) վրա կառուցվել և որ այն լոկ այն պատճառով է եկել իր Ես-ը գիտակցող մարդու, ինքն իրեն տեսնող մարդու արարմանը, որովհետև այսպես կոչված ճշմարտությունը միաժամանակ օրենք կամ հրաման, կամ ընդհանրապես միայն սկիզբ (Prinzipium) կամ որ նույնն է, որովհետև բառը մարմին է դարձել: Այլ կերպ ասած`ճշմարտությունն առանց վեհության չի լինում կամ անիմաստ է առանց վեհության կամ ինքն իրենով վերանում է առանց վեհության: Ինձ կառարկեն, որ դիմագիտությունն այդպիսով չի սովորեցնում ոչ այլ ինչ, քան հին հռետորություն: Ընդունենք, որ այդպես է, սակայն չպետք է աչքաթող անել այն տարբերությունը, որ հռետորությունը դիմագիտություն է իրերի չափ հանդիսացող մարդով հոգեբանությունից առաջ, իսկ դիմագիտությունը` հռետորություն հոգեբանությունից հետո:

Վերադառնալով ետ` մենք պնդում ենք, որ հոգեբանությունն իր Հայր և Որդի մոտիվով, հայրական կոմպլեքսով և այլն, փակուղում է հայտնվել, ավելի շուտ մարդուն է մտցրել այդտեղ և որ դիմագիտության կամ այն բանի, ինչ մենք այդպես ենք կոչում, խնդիրն է այդտեղից նրան դուրս բերել ու դրանով ոչ միայն Որդուն, այլև Հորը փրկել: Կերպարի կամ սուրբ, անձեռնմխելի համանմանություն կոչված դեմքի վերջին նպատակը ո՛չ Հայրն է և ո՛չ էլ Որդին, այլ մարդը կամ որ նույնն է` Հայրը Որդու մեջ, իսկ Որդին` Հոր: Հարվածելով այդ դեմքին կամ նմանությանը` մենք չենք հասնում ո՛չ Հոր, ո՛չ էլ Որդու առեղծվածին, այլ բաժանում ենք նրանց միմյանցից, Որդուն` Հորից, Հորը` Որդուց` սպանելով մարդուն, ո՛չ, ոչ թե մարդուն, այլ նրա գաղափարը: Այս կարգի մտքերը արթնացել են մեզանում հոգեվերլուծաբան Կ.Գ. Յունգի նշանակալից մի դասախոսության շնորհիվ, որից ընկալելի էր այն դրույթը, թե Սավուղը քրիստոնեաների դեմ պայքարելու համար Դամասկոս գնալիս ըստ էության, իսկ ավելի ճիշտ` ենթագիտակցության մեջ, արդեն այն էր, ինչ նա դարձավ դեռ Դամասկոս չհասած Քրիստոսի տեսիլքի շնորհիվ, այն է` բարեկամը Քրիստոսի, քրիստոնյա, Պողոս: Իհարկե այդպես է, սակայն ենթագիտակցության մեջ` որպես հոգի, որպես հոգեմարմին, հոգեմարդ կամ էլ որպես Որդի կամ գալիք որդիների հայր, բայց ոչ որպես մարդ: Որպես մարդ` մեր կողմից վերը նշված իմաստով, որի համար ճշմարտությունը լոկ նշանակություն ունի կամ ճշմարտություն է, երբ այն պատվիրան է դառնում. որպես մարդ, որին լեզու էր շնորհված և որին Աստված դրախտում իշխանություն էր տվել կենդանիների վրա ու դրանց անունները սովորեցրել: Այստեղից էլ անվանափոխությունը Սավուղից Պողոսի, այստեղից էլ` առհասարակ անունների կարևորությունը, սրբությունը, մոգությունն ու սիմվոլիկան: Խորագույնը փորփրելի չէ ոչ մի տեղ և հատակին չէ, ինչպես խեցին ծովում. խորագույնը մաշկի վրա է և մակերեսին, հենց անուններին, բառին կապված: Այստեղից էլ դարձը կամ մարմնավորումը բառի, կամ այն փաստը, որ դարձը կենտրոնով է անցնում այն աշխարհում, որում բառն այլևս բառ չէ, այլ մարմին, որում ճշմարտությունն այլևս սոսկ ճշմարտություն չէ, այլ վեհություն կամ խորություն, կամ էլ կարծրություն է դարձել:

Հավերժ հղի, թաքուցյալ, հետազոտող հոգու համար կա միայն անցյալ կամ ապագա, իսկ ողջ ներկան նրա համար փոխակերպվում է անցյալի կամ ապագայի: Այդպես հոգին հոգի է, այդպես որդին որդի է, հայրը` հայր: Այստեղից էլ ճնշումը, շտապեցնելը, շտապողականությունն ու վախը նրանց մոտ, ովքեր թաքնված ու քողարկված են և ծեծում են զնդանի խուցն ու պատը: Իսկ իբրև գաղափար վերցրած մարդու համար կամ սուրբ դեմքի, կամ հավերժ մեկնող և հավերժ ներկա, կենտրոնից բարձրացված կերպարի, նմանակի համար նույնքան շատ անցյալ, որքան և ապագա կա: Իրականում պետք է այսպես ասել` որ այդ մարդը կամ մարդու այդ տեսիլքը (դեմքը) ամեն պահ հավասարակշռության մեջ է անցյալի և ապագայի միջև, այսինքն` թեթև է ու առանց ճնշման: Այդպես նա կերպար է և կենտրոն (առանց չափ լինելու), այդպես նա կառուցող է կամ կամուրջ, այդպես նա ամենից առաջ ինքն իրեն հայելի է և այդպես էլ արտացոլվում է հանուն մարդու, որպես Portentum (հրաշք) վերցրած, Հայրը` Որդու մեջ, կամ Որդին` Հոր:

Այստեղ էլ ընկած է ակնթարթի և երևակայության կարևորությունը: Առանց ակնթարթի` ոչ մի երևակայություն: (Արիստոտելի և չափի աշխարհում բացակա է ակնթարթը, հետևաբար նաև երևակայությունը, այստեղից էլ` գործողության, որպես այդպիսինի, արտակարգ նշանակությունը անտիկ աշխարհում: Ակնթարթն այնտեղ գործողություն է և հետևաբար նաև նշանակությունն է չափի): Սոսկ որովհետև Սավուղը երևակայություն ուներ կամ որքանով որ ուներ, նա պետք է կամ կարող էր դարձի գալ, կամ էլ պետք է այն, ինչ մինչ այդ թաքնված էր անցյալում կամ ապագայում, մոր մարմնում երեխայի նման, բացահայտեր իրեն և ներկա դառնար: Այդպես մարմինն ու հոգին երևակայության միջոցով կապվում են իրար, և մեկը երևակայվում է մյուսով բառի բուն իմաստով կամ էլ մենք, կարճ ասած, երբեք ի վիճակի չենք առանց երևակայության օգնության որևէ տեսիլք (դեմք) մեկնել: Ժամանակակից գրքերում շատ է խոսվում հակադրությունների, ռիթմի, ճակատագրի միասնությունից: Հակադրությունների միասնությունը ոչ թե մարդն է, այլ կերպարը կամ մարդը, որքանով նա կերպար է և ունի երևակայություն (Պասկալի կամ մեկ ուրիշի իմաստով): Եվ լոկ անցյալի ու ապագայի ճիշտ մեջտեղի չլսված դիրքում գտնվող մարդու, սուրբ դեմքի մարդու կամ տեսիլքների (դեմքերի) մարդու, կառուցողի համար է ժամանակը ռիթմ, կամ ինչպես որ մենք ռիթմը մեկ այլ տեղում ենք սահմանել, սկիզբը` վերջում իսկ վերջը` սկզբում, կամ էլ մարդու հատկությունն ու յուրահատկությունը` ճակատագիր, կամ յուրաքանչյուր հատկություն` լայնական կտրվածք ճակատագրի գծով:

*Խոստովանությունն այսօր իմաստ ունի միայն Աստծո առջև: Իսկ դա միշտ փոխակերպում է: Այդպես են հարաբերվում փոխակերպումն ուխոստովանությունը:

** «Գործողության» (=կամքի պրիմատ) գերակշռող նշանակությունը Եվրոպայում հանգում է «չափի» հետ գործողության հենց այդ կապին, իսկ Ասիան, հատկապես Հնդկաստանը, ո՛չ սա, ո՛չ էլ մյուսը այս իմաստով չի գերագնահատել: Չափն ու գործողությունն այստեղ ուղղորդվում ենկաստայով և կարգավորվում դրանով, իսկ կաստան ավելի մոտ է չափի նշված մոգական ակունքին:

***Խիլիազմ – հավատ առ Աստծո և սրբերի հազարամյա երկրային արքայության:

(1929)

Գերմաներենից թարգմանությունը` Արա Գուրզադյանի

«Buch der Erinnerung»

Կարդալ նաև

Փիլիսոփայություն Մաքս Պիկարդ . Լռության աշխարհը (հատվածներ գրքից) Մաքս Պիկարդ Ներածություն Լռությունը սոսկ այն չէ, որ մարդը դադարում է խոսել: Լռությունն ավելին է, քան լոկ հրաժարում բառից, այն ավելին է, քան սոսկ վիճակ, որի մեջ մարդը կարող է տեղափոխվել, եթե դա իրեն հարմար է: Այնտեղ, որտեղ բառն ընդհատվում է, սկսվում է… Փիլիսոփայություն Պասկալ Մաքս Պիկարդ Մաքս Պիկարդը (Max Picard) XX դարի ամենազարմանալի ու գաղտնի մտածողներից մեկն է: Այսօր գրեթե մոռացության տրված նրա գրական ժառանգությունը Կենտրոնական Եվրոպայի ոգեղենության ամենանրբագույն գոյացություններից է: Ծնվել է 1888-ին Շոփֆհայմում (Բադեն), ապրել… Փիլիսոփայություն Մտքեր Պասկալ 1 Սաղմոսներ էր երգում արար աշխարհ: Ո՞վ է վկայություն տալիս Մուհամմեդի մասին. հենց ինքը: Հիսուս Քրիստոսն ուզում է, որ իր վկայությունը ոչինչ չնշանակի: Վկայությունների արժանիքն այն է, որ դրանք լինեն միշտ և ամենուր, իսկ նա` այս խեղճը, մենակ է: 10 Կարգ:…