Հերմենևտիկայի ծագումը
Գրականության անգնահատելի նշանակությունը հոգևոր կյանքի և պատմության մեր հասկացման համար այն է, որ մարդու ներքինն իր լիակատար, սպառիչ և օբյեկտիվորեն հասկանալի արտահայտությունը գտնում է միայն լեզվի մեջ: Այսպիսով, հասկացման արվեստն իր միջուկին է հասնում գրի մեջ մարդկային կեցության պահպանված մնացուկի մեկնությամբ կամ մեկնաբանությամբ:
Սրա շնորհիվ այդ մնացուկի մեկնությունը և դրա հետ անքակտելիորեն կապված քննադատական գործառումը բանասիրության ելակետն են: Վերջինս, իր խորքի մեջ վերցրած, գրի միջոցով արձանագրվածի հետ նույն կերպով գործառելու անհատական արվեստ է և հմտություն (Virtuosität). հուշարձանների կամ պատմականորեն ավանդված գործողությունների ամեն մի այլ մեկնաբանություն կարող է հաջողության հասնել միայն այդ արվեստի և նրա արդյունքների հետ փոխկապակցված: Մենք կարող ենք սխալվել պատմության մեջ գործող անձանց արարքների շարժառիթների վերաբերյալ, գործող անձինք իրենք կարող են խաբուսիկ լույս տարածել իրենց շուրջը: Սակայն մեծ բանաստեղծի կամ գիտնականի, կրոնական հանճարի կամ փիլիսոփայի երկն ամեն պարագայում կարող է միայն նրա հոգևոր կյանքի ճշմարիտ արտահայտությունը լինել. կեղծիքով լեցուն մարդկային այս հասարակության մեջ այդպիսի երկը միշտ էլ ճշմարիտ է և ի տարբերություն նշանների միջոցով արձանագրված որևէ այլ արտահայտության, ինքնաբավ` լիակատար և օբյեկտիվ մեկնաբանության համար. քանզի նախ և առաջ ինքն է լույս սփռում ժամանակի այլ գեղարվեստական հուշարձանների և ժամանակակիցների պատմական գործողությունների վրա:
Մեկնաբանության այս արվեստը զարգացել է նույնքան աստիճանաբար, օրինաչափ և դանդաղորեն, որքան բնության քննությունը փորձի միջոցով: Նա առաջացել և պահպանվել է բանասերի անհատական հանճարեղ հմտության մեջ: Այսպիսով, բնական է, որ այն գերազանցապես մեկնության մեծահմուտների և նրանց գործերի հետ անհատական շփման միջոցով փոխանցվել է ուրիշներին: Միևնույն ժամանակ, սակայն, ամեն արվեստ գործում է կանոնների համաձայն: Դրանք ուսուցանում են հաղթահարել դժվարությունները: Նրանք մեզ են հասցնում անհատական արվեստում նվաճվածը: Այդ պատճառով էլ մեկնության արվեստից վաղուց ի վեր առաջ է եկել նրա կանոններինկարագրությունը: Եվ այս կանոնների բախումից, կենսականորեն կարևոր երկերի մեկնության վերաբերյալ եղած տարբեր ուղղությունների պայքարից և, դրանով պայմանավորված, կանոնները հիմնավորելու պահանջմունքից առաջացել է հերմենևտիկական գիտությունը: Այն ուսմունք է գրական հուշարձանների մեկնության արվեստի մասին:
Հանրանշանակ մեկնության այս հնարավորությունը, հասկացման վերլուծությամբ պայմանավորված լինելով, մոտենում է ի վերջո այն առավել ընդհանուր հիմնահարցի հանգուցալուծմանը, որից և ծայր է առել ներկա քննությունը. ներքին փորձի վերլուծության կողքին երևան է գալիս հասկացման վերլուծությունը, և երկուսը միասին ոգու մասին գիտություններին ցուցադրում են նրանցում համընդհանուր նշանակալի իմացության հնարավորությունն ու սահմանները, որքանով որ այդ իմացությունը պայմանավորված է այն նախասկզբնական եղանակով, որով մեզ տրված են հոգեբանական փաստերը:
Այժմ ես կցանկանայի ցուցադրել օրինաչափ այդ ընթացքը հերմենևտիկայի պատմության մեջ: Թե ինչպես խորը և համընդհանուր նշանակալի հասկացման կարիքից առաջացավ բանասիրական հմտությունը, որից իրենց հերթին ծագեցին կանոնների առաջադրումը, դրանց կարգավորումը որոշակի նպատակի ներքո, որը տվյալ ժամանակի գիտության վիճակով պայմանավորված` հետագա ճշգրտումներ ապրեց, մինչ վերջապես կանոնների առաջադրման ապահով ելակետ գտավ հասկացման վերլուծության մեջ:
1.
Բանաստեղծների արվեստավարժ մեկնությունը (ἐρμηνεἰα) զարգացել է Հունաստանում` դասավանդման կարիքներից: Հոմերոսի և այլ բանաստեղծների մեկնությանն ու քննադատությանն աղերսված շռայլ հոգևոր խաղը հունական լուսավորչության դարաշրջանում սիրված էր ամենուրեք, որտեղ հունարեն էին խոսում: Ավելի ամուր հիմք առաջացավ այն ժամանակ, երբ այդ մեկնությունը սոփեստների մոտ և հռետորների դպրոցներում առնչության մեջ մտավ հռետորականության հետ: Քանզի սրանում,– խոսակցականության նկատմամբ կիրառված,– թաքնված էր առավել ընդհանուր ուսմունքը գրական կոմպոզիցիայի մասին: Արիստոտելը` օրգանական աշխարհի, պետական կառույցների և գրական ստեղծագործությունների այդ մեծագույն համակարգողն ու դասակարգողը` իր ճարտասանության մեջ սովորեցնում էր մասերի բաժանել գրական արտադրանքի ամբողջականությունը, տարբերակել ոճաձևերը, ճանաչել ռիթմի, պարբերության, փոխաբերության ազդեցությունը: Էլ ավելի պարզորոշ, կողք կողքի, խոսքի ներգործության տարրերը բնորոշող հասկացությունների սահմանումները ներկայանում էին Ալեքսանդրի համար նախատեսված ճարտասանության մեջ. սրանք վերաբերվում էին օրինակին, էնթիմեմին, ասույթին, հեգնանքին, փոխաբերությանը, հակաթեզին: Իսկ արիստոտելյան պոետիկան, միանգամայն ակնհայտ, իր ուսումնասիրության առարկան դարձրեց միևնույն երևույթի ներքին և արտաքին այն ձևերն ու ներգործության այն տարրերը, որոնք արտածելի էին պոեզիայի և նրա տեսակների էության և նպատակի բնորոշումից:
Մեկնաբանության արվեստի և նրա կանոնների հաստատման երկրորդ կարևոր քայլը կատարվեց ալեքսանդրյան բանասիրության մեջ: Հունաստանի գրական ժառանգությունը կուտակվեց գրադարաններում, տեքստերի գրախոսականներ պատրաստվեցին և կատարված քննադատական աշխատանքի արդյունքներն արձանագրվեցին քննադատական նշանների վարպետորեն մշակված համակարգի միջոցով: Ոչ հավաստի ձեռագրերն անջատվեցին, պատրաստվեցին առկա ողջ գրակազմի ցանկերը: Եվ ահա գործի անցավ բանասիրությունը` որպես անմիջական լեզվական հասկացման վրա հիմնված տեքստի գրախոսության արվեստ, բարձրագույն քննադատություն, մեկնություն և արժեքի սահմանում, որպես հունական ոգու վերջին և ամենահարազատ կերտվածքներից մեկը. չէ՞ որ հրճվանքը մարդկային խոսքի նկատմամբ նրա զորեղ շարժիչ ուժն է եղել Հոմերոսից ի վեր: Ալեքսանդրյան մեծ բանասերները սկսեցին նաև գիտակցել այն կանոնները, որոնք պարունակում էր իրենց կիրառած հանճարեղ հմտությունը: Արդեն Արիստարքեսը գիտակցաբար էր գործում` Հոմերոսի բառօգտագործումը խստիվ և ամբողջական ձևով արձանագրելու և բացատրությունն ու տեքստի սահմանումը դրանով հիմնավորելու սկզբունքին համաձայն: Հիպարքոսը գրական-պատմական հետազոտությունը լիովին գիտակցված կառուցում էր առարկայական մեկնաբանության վրա, երբ ցույց էր տալիս Արաթոսի «Ֆենոմենների» աղբյուրները և մեկնաբանում էր այդ բանաստեղծությունը դրանցից ելնելով: Եվ եթե Հեսիոդոսին ավանդաբար վերագրվող բանաստեղծություններից որևէ մեկը կեղծ էր ճանաչվում, Հոմերոսի պոեմներից տողերի մի պատկառելի քանակ էր անջատվում, հայտարարարվում էր, որ «Իլիականի» վերջին երգը և, առավել միաձայնությամբ, նախավերջին երգի մի մասն ու «Ոդիսականի» վերջին երգն ամբողջությամբ ավելի վաղ ծագում ունեն, ապա այդ ամենը տեղի էր ունենում զուգորդության սկզբունքի մեծարվեստ կիրառության շնորհիվ, որից ելնելով էլ միաժամանակ արձանագրվում էին տվյալ բանաստեղծության բառօգտագործման կանոնը, պատկերացումների շրջանակը, ներքին համաչափությունն ու գեղագիտական արժեքը, իսկ այն ամենը, որ հակասում էր դրան, մի կողմ էր դրվում: Չէ՞ որ բարքերի մեջ գեղագիտականին վերաբերող նույնանման կանոնի կիրառությունը Զենոդոտոսի և Արիստարքեսի կողմից ակնհայտորեն ծագում է աթեթեզերի (Atethesen) հիմնավորման նրանց եղանակից, որն էր «δια το ἀπρεπεζ», այն է` quid heroum vel deorum gravitatem minus decere videbatur. Արիստարքեսը նաև վկայակոչել է Արիստոտելին: