Հերմենևտիկայի ծագումը
Սակայն այդ ձևով դրված պրոբլեմի լուծումը պահանջում էր նոր հոգեբանական-պատմական աշխարհայացք: Մենք հետևել ենք խնդրո առարկա հարաբերությանը` սկսյալ այն կապից, որ գոյություն է ունեցել հունական մեկնության և որպես գրական արտադրության որոշակի ձևին վերաբերող արվեստակերպ ուսմունք հասկացված հռետորականության միջև: Բայց այդ երկու պրոցեսների ըմբռնումը միշտ տրամաբանական-հռետորական է մնացել: Կատեգորիաները, որոնց միջոցով այն իրականացվել է, մշտապես առնչվել են սարքի բերելու (Machen), տրամաբանական փոխկապակցության, տրամաբանական կարգի և, այնուհետև, այս տրամաբանական արդյունքները ոճի, խոսքի ֆիգուրների և պատկերների միջոցով զարդարելու հետ: Սակայն հիմա գրական արտադրանքը հասկանալու համար կիրառվում են բոլորովին նոր հասկացություններ: Այժմ կա միասնական և ստեղծագործ մի ունակություն, որն ինքն իր ազդելուն ու կազմավորելուն անգիտակ, հանձն է առնում ստեղծագործություն երկնելու առաջին գրգիռները և պատկեր տալիս նրանց: Ընկալումը և ինքնուրույն պատկերումն այստեղ անբաժանելի են: Անհատականությունը մինչ մատների ծայրերն ու առանձին բառերն է թափանցում: Նրա բարձրագույն արտահայտությունն է գրական երկի արտաքին և ներքին ձևը: Եվ ահա այդ երկը հանդիպում է սեփական անհատականությունն ուրիշի գործի հայեցողությամբ լրացնելու չհագեցող մի պահանջի: Հասկանալն ու մեկնաբանելը կյանքում իսկ միշտ առկա են և հրապուրիչ. իրենց ամբողջացումը նրանք գտնում են կյանքով լեցուն երկերի և նրանց` հեղինակների ոգու հետ ունեցած փոխադարձ կապի արվեստահմուտ մեկնաբանության մեջ: Սա էր նոր աշխարհայացքի այն առանձնահատուկ ձևը, որ նա ընդունել էր Շլայերմախերի ոգում:
Եվ դա ստեղծեց ևս մեկ պայման ընդհանուր հերմենևտիկայի այն մեծ շարժի համար, որում Շլայերմախերի ընկերները և ինքը` Շլայերմախերը նոր հոգեբանական-պատմական աշխարհայացքը մեկնաբանության բանասիրական արվեստի վերածեցին: Հենց այդ ժամանակ էր, որ գերմանական ոգին, ի դեմս Շիլլերի, Վիլհելմ ֆոն Հումբոլդտի, Շլեգել եղբայրների, շրջադարձ էր կատարել բանաստեղծական արտադրությունից դեպի պատմական աշխարհի հետադարձ հասկացում: Դա հզոր շարժում էր. նրան են պարտական էն Բյոքլը, Դիսսենը, Վելքերը, Հեգելը, Ռանկեն, Սավինյին: Ֆրիդրիխ Շլեգելը Շլայերմախերին դեպի բանասիրական արվեստ առաջնորդեց: Հասկացությունները, որ նրա փայլուն աշխատանքներում ճանապարհ էին հարթում դեպի հունական պոեզիա, Գյոթե կամ Բոկաչո, վերաբերում էին ստեղծագործության ներքին ձևին, գրողի զարգացման պատմությանը և գրականության` ներքին տրոհումներ պարունակող ամբողջին: Եվ վերակազմող բանասիրական արվեստի առանձին այդ նվաճումների հետևում նա տեսնում էր քննադատության գիտության նախագիծը` ars critica, որ պետք է հիմնվեր արտադրողական գրական ունակության տեսության վրա: Որքան մոտ էր այդ նախագիծը Շլայերմախերի «Հերմենևտիկային և քննադատությանը»:
Շլեգելին էր պատկանում նաև Պլատոնի թարգմանության նախագիծը: Սրա վրա մշակվեց նոր մեկնաբանության տեխնիկան, որ Բյոքն ու Դիսսենը հետո կիրառեցին Պինդարեսի նկատմամբ: Պլատոնը պետք է որպես փիլիսոփայող արվեստագետ հասկացվեր: Մեկնաբանության նպատակն էր փիլիսոփայելու պլատոնյան եղանակի և Պլատոնի գործերի գեղարվեստական ձևի միջև եղած միասնությունը: Փիլիսոփայությունն այստեղ դեռևս կյանքն ինքն է`զրույցի հետ սերտաճած. նրա գրավոր ներկայացումը միայն հիշողության համար կատարված արձանագրություն է: Այնպես որ, այն պետք է տրամախոսություն լիներ, այն էլ այնպիսի գեղարվեստական ձևով, որ նրա վերարտադրելն ինքնին մտքերի կենդանի փոխկապակցման կարիք ունենար: Միևնույն ժամանակ սակայն, պլատոնյան այդ մտածողության խստիվ միասնության համաձայն, յուրաքանչյուր տրամախոսություն պետք է շարունակի նախորդը, նախապատրաստի հաջորդը և առաջ ընթանա` միմյանց հյուսելով փիլիսոփայության տարբեր մասերի թելերը: Տրամախոսությունների այդ առնչություններին հետամուտ լինելու դեպքում, առաջանում է հիմնական գործերի մի փոխկապակցություն, որ բացահայտում է Պլատոնի ամենախորունկ միտումները: Միայն արվեստի կանոններով հյուսված այդ փոխկապակցության ամբողջացմամբ է ի հայտ գալիս, Շլայերմախերի կարծիքով, Պլատոնի իսկական հասկացումը. սրա համեմատությամբ նրա գործերի ժամանակագրական հերթականության արձանագրությունը նվազ էական է, թեև այն իհարկե բազմաթիվ առումներով համընկնում է այդ փոխկապակցության հետ: Բյոքն իր հռչակավոր գրախոսականում հիմք ուներ ասելու, որ այս վարպետ աշխատանքը նոր է բացահայտել Պլատոնին բանասիրական գիտության համար:
Նման բանասիրական մեծահմտությունը, սակայն, առաջին անգամ Շլայերմախերի ոգու մեջ էր կապվում հանճարեղ փիլիսոփայական ունակության հետ: Եվ այն էլ` մարզված տրանսցենդենտալ փիլիսոփայության բովում, որը, հերմենևտիկական հիմնախնդրի ընդհանուր ըմբռնման և լուծման համար առաջին անգամը լինելով, բավարար միջոցներ էր առաջարկում. այդպես առաջացավ մեկնության ընդհանուր գիտությունն ու արվեստավարժության ուսմունքը:
Նրա առաջին նախագիծը Շլայերմախերը մշակեց 1804-ի աշնանը Էռնեստիի «Մեկնությունների» ընթերցման հիման վրա, քանզի դրանով էր մտադրված բացել իր էքզեգետիկ դասընթացը Հալլեում: Այդկերպ առաջացած հերմենևտիկան մեզ հասել է բոլորովին ոչ ազդու ձևի մեջ: Նա կրեց նախ և առաջ Շլայերմախերի հալլեյան ժամանակի աշակերտ Բյոքի ազդեցությունը փիլիսոփայական հանրագիտարանի մասին իր դասախոսությունների հոյակապ հատվածում: Շլայերմախերի հերմենևտիկայից ես առանձնացնում եմ այն դրույթները, որոնցից, ըստ իս, կախված է հետագա զարգացումը:
Գրավոր երկերի ամեն մի մեկնություն իրենից ներկայացնում է միայն հասկացման ընթացքի արվեստավարժ արտահայտություն, որ տարածվում է ողջ կյանքի վրա և առնչվում խոսքի և գրի ամեն մի տեսակի: Այսպիսով հասկացման վերլուծությունը հանդես է գալիս որպես հիմք մեկնության կանոնների հաստատման համար: Վերջինս, սակայն, կարող է իրականացվել միայն գրական երկերի արտադրության վերլուծության հետ ունեցած իր կապի մեջ: Միայն հասկացման և արտադրության հարաբերության վրա կարող է հիմնվել կանոնների այն կապակցությունը, որ սահմանում է մեկնության միջոցներն ու սահմանները:
Հանրանշանակ մեկնաբանության հնարավորությունը կարող է մակաբերվել հասկացման բնույթից: Մեկնիչի և հեղինակի անհատականությունները նրանում չեն հակադրվում որպես երկու անհամեմատելի փաստ. երկուսն էլ առաջացել են մարդու համընդհանուր բնույթի հիման վրա, և դրանով իսկ հնարավոր է դարձել մարդկանց փոխադարձ հանրայնությունը (Gemeinschaftlichkeit) խոսքի և գրի առումով: Շլայերմախերի սեղմ բանաձևված արտահայտություններն այստեղ կարող են իրենց հետագա հոգեբանական պարզաբանումը ստանալ: Անհատական ողջ զանազանությունն ի վերջո պայմանավորված է ոչ թե անձանց որակական տարբերություններով, այլ նրանցում ընթացող հոգեկան շարժերի աստիճանների տարբերությամբ: Երբ մեկնիչը, նաև սեփական կենսականությունը հավասարապես փորձարկելով, մտովի որևէ պատմական միջավայր է տեղափոխվում, նա կարողանում է այդ տեսանկյունից ելնելով և այդ պահին որոշ հոգեկան ընթացքներ շեշտադրել և ուժեղացնել, մյուսները հետին պլան մղել և, այսպիսով, օտար կյանքի վերաստեղծված պատկեր առաջ բերել իր մեջ: