Հերմենևտիկայի ծագումը
Մեկնաբանության ճիշտ ընթացակերպի վերաբերյալ մեթոդական գիտակցությունը ալեքսանդրյան դպրոցում է՛լ ավելի ուժեղացավ պերգամենյան բանասիրությանը հակադրվելու շնորհիվ: Հերմենևտիկական ուղղությունների մի հակադրություն, որ համաշխարհային պատմական նշանակություն ուներ: Քանզի քրիստոնեական աստվածաբանության մեջ, նոր իրավիճակում, այն նորից է առաջ եկել, և բանաստեղծների ու կրոնական գրողների մասին երկու մեծ պատմական տեսակետները պայմանավորված են եղել նրանով:
Ստոիկյան դպրոցից Կրատես Մալոսցին պերգամենյան բանասիրության մեջ ներմուծեց այլաբանական մեկնաբանության սկզբունքը: Այս մեկնակերպի տևական իշխանությունը նախ և առաջ պայմանավորված էր նրանով, որ հավասարակշռում էր կրոնական նախավկայությունների և զտված-մշակված աշխարհայացքի միջև եղած հակասությունը: Դրա շնորհիվ այն հավասարապես անհարաժեշտ է եղել Վեդաների, Հոմերոսի, Աստվածաշնչի և Ղուրանի մեկնիչներին` նույնքան անքակտելի, որքան և անօգտագործելի մի արվեստ: Բայց այդ գործելակերպի հիմքում ընկած էր բանաստեղծական և կրոնական արտադրունակության խորը մի հայեցակետ: Հոմերոսը պայծառատես է, և նրա խորունկ թափանցումների և կոպիտ զգայական պատկերացումների միջև եղած հակասությունը կարող է բացատրվել միայն, եթե վերջիններս ըմբռնվեն որպես զուտ բանաստեղծական պատկերման միջոցներ: Եվ քանի որ այդ կապը հասկացվում էր որպես պնևմատիկ իմաստի դիտավորյալ քողարկում պատկերների միջոցով, առաջացավ այլաբանական մեկնաբանությունը:
2.
Եթե չեմ սխալվում, այդ հակասությունն իր վերադարձն է ապրում փոփոխված պայմաններում‚ ալեքսանդրյան և անտիոքյան աստվածաբանական դպրոցների պայքարում: Նրանց ընդհանուր հիմնադրույթն իհարկե այն էր, որ մարգարեության և կատարման ներքին մի փոխկապակցություն միավորում է հին և նոր կտակարանները: Չէ՞ որ այդ կապը հաստատվում է Նոր կտակարանում մարգարեությունների և նախապատկերների օգտագործման շնորհիվ: Քրիստոնեական եկեղեցին, որ ելնում էր այդ կանխադրույթից, հայտնվեց հակառակորդների հանդեպ բարդ մի իրավիճակում` իր սուրբ գրոց մեկնության հետ կապված: Հրեաների հանդեպ նա կարիք ուներ այլաբանական մեկնության` Բանի աստվածաբանությունը (Logos-Theologie) Հին կտակարան ներմուծելու համար. գնոստիկների պարագայում, ընդհակառակը, նա պետք է պաշտպանվեր այլաբանական մեթոդի չափազանց հեռու գնացող կիրառությունից: Փիլոնին հետևելով, Հուստինուսն ու Իրենեուսը փորձեցին կանոններ մշակել այլաբանական մեթոդի սահմանազատման և օգտագործման համար: Հրեաների և գնոստիկների հետ միևնույն պայքարում Տերտուլիանուսը փոխ առավ Հուստինուսի և Իրենեուսի գործելակերպը, իր հերթին զարգացնելով ավելի կատարյալ մեկնարվեստի արդյունավետ կանոններ, որոնց ինքն էլ, իհարկե, միշտ չէ, որ հավատարիմ էր մնում: Հունական եկեղեցում բանը հասավ հակասության սկզբունքային ըմբռնմանը:
Անտիոքյան դպրոցն իր տեքստերը բացատրում էր միայն քերականական-պատմական հիմքերից ելնելով: Այսպես օրինակ, Թեոդորոս Անտիոքցին Երգ Երգոցում տեսնում էր միայն հարսանեկան երգ: Հիոբը նրա համար միայն պատմական ավանդության բանաստեղծական մի պատկերում էր: Նա մի կողմ դրեց սաղմոսների վերնագրերը և մերժեց մարգարեական պատգամախոսությունների զգալի մասի ուղղակի առնչությունը Քրիստոսին: Նա չէր ընդունում, որ տեքստերը կրկնակի իմաստ ունեն, այլ ճանաչում էր միայն եղելությունների բարձրագույն փոխկապակցությունը: Դրան հակառակ, Փիլոնը, Կլեմենսը և Օրիգենեսը բուն տեքստերի մեջ տարբերակում էին պնևմատիկ իմաստը իրականից:
Եվ այն հանգամանքը, որ այդ պայքարից են առաջացել կիրառություն ստացած առաջին հերմենևտիկական տեսությունները, որոնց մասին տեղեկությունը մեզ է հասել, ուրվագծում է ևս մեկ քայլ մեկնության արվեստից դեպի հերմենևտիկա շարժման այն ընթացքում, որում այդ արվեստը գիտական գիտակցության մակարդակի է բարձրացվել: Արդեն Փիլոնի համաձայն գոյություն ունեն «κανονεζ» և «νομοι τεζ αλληγοριαζ», որ կիրառված են Հին կտակարանում և որոնց մասին գիտելիքն այդ իսկ պատճառով պետք է դրվի նրա մեկնաբանության հիմքում: Սրա վրա են հիմնել իրենց համակարգված հերմենևտիկական տեսությունը Օրիգենեսը` «Περι αρχων» աշխատության չորրորդ գրքում և Ավգուստինուսը`ՙDe doctrina christiana՚-ի երրորդ գրքում: Դրանց իրենց հերթին հակադրվում են անտիոքյան դպրոցի երկու, ցավոք կորուսյալ,` աշխատություն. Դիոդորոս`«Τιζ διαφορἀ θεωῤιαζ και αλληγορἰαζ» և Թեոդորոս` «De allegoria et historia contra Origenem».
3.
Մեկնաբանությունը և նրա կանոնների հաստատումը նոր փուլ են մտնում Վերածննդից սկսյալ: Լեզվի, կյանքի պայմանների և ազգության բերումով մարդ անջատված էր դասական և քրիստոնեական հնադարից: Դրան համապատասխան, մեկնաբանությունն այստեղ դառնում է, ի հակադրություն ժամանակին Հռոմում եղածի, թափանցում օտար հոգևոր կյանքի մեջ` քերականական, առարկայական և պատմական ուսումնասիրությունների միջոցով: Եվ այդ նոր բանասիրությունը, բազմաբանությունն (Polymathie) ու քննադատությունը ամենազանազան առումներով ստիպված էր միայն հետին թվով ստացված տեղեկությունների և բեկորների հետ աշխատել: Ուրեմն նա պետք է նոր ձևով լիներ ստեղծագործական և կառուցողական: Սրա շնորհիվ բանասիրությունը, հերմենևտիկան և քննադատությունը ավելի բարձր մի աստիճանի բարձրացան: Հաջորդ չորս դարերից առկա է հարուստ հերմենևտիկական գրականություն: Այն երկու տարբեր հոսանք է կազմում, քանզի դասական և աստվածաշնչային գրերն էին այն մեծ ուժերը, որ մարդ ձգտում էր յուրացնել: Դասական-բանասիրական կանոնների հաստատումը ներկայանում էր որպես ars critica. Նման երկերը, որոնցում առանձնանում էին Սկիոպիուսի, Կլերիկուսի և Վալեսիուսի անավարտ գործերը, իրենց առաջին մասում հերմենևտիկական արվեստի ուսմունքն էին մատուցում: Անհամար հոդվածներում և առաջաբաններում խոսքը վերաբերում էր de interpretatione-ին. Սակայն հերմենևտիկայի վերջնական կազմավորումը մենք պարտական ենք աստվածաշնչյան մեկնաբանությանը: Այդ գրվածքներից առաջին նշանակալիցը և երևի առավել խորազնինը Ֆլացիուսի «Clavis»-ն էր (1567):
Մինչ այդ գտնված մեկնության կանոնների բովանդակությունը նրանցում առաջին անգամ միացվեց ուսուցողական կառույցի հետ` շնորհիվ կանխադրույթի, որն այդ կանոնների հիման վրա իրականացված մեծարվեստ ընթացակարգի պարագայում հանրանշանակ հասկացումը հասանելի էր համարում: Այս սկզբունքային տեսակետը, որ փաստորեն կառավարում է հերմենևտիկան, գիտակցվել է Ֆլացիուսի կողմից 16-րդ դարում մղվող պայքարի ընթացքում: Ֆլացիուսը ստիպված էր երկու ճակատով պայքարել: Ինչպես վերամկրտողները, այնպես էլ վերանորոգված կաթոլիցիզմը պնդում էին Սուրբ Գրքի մութ լինելը: Սրան հակադրվելով` Ֆլացիուսը դասեր է առնում մանավանդ Կալվինի աստվածաշնչյան մեկնությունից (Exegese), որը բազմաթիվ առումներով անդրադարձել է նույն` Սուրբ Գրքի հիմնադրույթներին: Այն օրերի լութերականի ամենից հրատապ խնդիրը ավանդույթի մասին կաթոլիկական ուսմունքի հերքումն էր, որ հենց այդ ժամանակ ստացել էր նոր ձևակերպում: Ավանդույթի` գրի մեկնությունն իրենով պայմանավորելու իրավունքը մեկնության բողոքական սկզբունքի դեմ ընթացող բանավեճում կարող էր հիմնավորվել միայն այն դեպքում, եթե ընդունվեր, որ աստվածաշնչ յան գրերից ինքնին բավարար և հանրանշանակ մեկնություն արտածվել չի կարող: Թրիդենտյան ժողովը, որ աշխատեց 1545-1563 թվերին, այդ հարցերը քննարկել է իր չորրորդ նստաշրջանից սկսյալ. 1564-ին լույս է տեսել դեկրետների առաջին բնագրային հրատարակությունը: Քիչ ավելի ուշ Բելարմինն էր, թրիդենտյան կաթոլիցիզմի այդ ներկայացուցիչը, որ Ֆլացիուսի աշխատասիրությունից որոշ ժամանակ անց, 1581 թվի իր բանավիճային գրության մեջ մերժում էր Աստվածաշնչի հասկանալիությունը և դրա միջոցով փորձում էր ապացուցել ավանդույթի միջոցով այն լրացնելու անհրաժեշտությունը: Այդ պայքարի առնչությամբ Ֆլացիուսը վճռում է ցույց տալ հանրանշանակ մեկնաբանության հնարավորությունը հերմենևտիկական եղանակով: Եվ այդ հանձնառության իրականացմանն ուղղված իր մաքառումի ընթացքում նա այնպիսի միջոցների և կանոնների իմաստավորմանն է հանգում, որ ավելի վաղ գոյություն ունեցած հերմենևտիկաներից ոչ մեկը երբևէ չէր ստեղծել: