Ռուբիկոն

Հերմենևտիկայի ծագումը

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Եթե մարդ աչքի առաջ ունենա այդ պրոցեսի տրամաբանական կողմը, ապա նրանում կարող է առանձին, միայն հարաբերականորեն որոշարկված նշանների հիման վրա ճանաչել այն փոխկապակցությունը, որն առաջանում է քերականական, տրամաբանական և պատմական առկա գիտելիքների մշտական փոխազդեցությունից: Մեզանում ընդունված տրամաբանական տերմիններով արտահայտելու պարագայում հասկացման այդ տրամաբանական կողմը ներկայանում է որպես ինդուկցիայի, ընդհանուր ճշմարտություններն առանձին դեպքի նկատմամբ կիրառելու և համեմատական մոտեցման փոխազդեցություն: Հաջորդ խնդիրը կլիներ այն առանձնահատուկ ձևերի արձանագրումը, որ այստեղ ձեռք են բերում նշյալ տրամաբանական գործողություններն ու նրանց կապակցությունները:

Այստեղ երևան է գալիս այն կենտրոնական դժվարությունը, որ հատուկ է ողջ մեկնարվեստին: Առանձին բառերից և նրանց կապակցություններից պետք է հասկացվի երկի ամբողջությունը, այն դեպքում, երբ եզակիի լրիվ հասկացումն արդեն իսկ ամբողջի հասկացում է ենթադրում: Այս շրջանը կրկնվում է առանձին երկի, նրա հեղինակի ոգու կերտվածքի և զարգացման նկատմամբ ունեցած հարաբերությունում, և նորից է վերադառնում առանձին երկի` գրական տեսակի հետ ունեցած առնչության մեջ: Այդ դժվարությունը Շլայերմախերը լուծել է գործնականորեն` ամենագեղեցիկ ձևով պլատոնյան ՙՊետության՚ իր ներածության մեջ. նույն գործելակերպի այլ օրինակներ են ինձ տալիս նրա էքզեգետիկ դասախոսությունների ձեռագրերը: [Նա սկսել է ներքին բաժանմանը նետված ընդհանուր մի հայացքով, որ կարող էր թռուցիկ ընթերցման հետ համեմատվել, մասերին դիպչելով ընդգրկել ողջ փոխկապակցությունը, լուսաբանել դժվարությունները. այդ ամենի ընթացքում նա պահպանել է կոմպոզիցիան ապահովող տեղերի նկատմամբ իր խոհական կենտրոնացումը: Միայն դրանից հետո է սկսվել բուն մեկնաբանությունը:] Տեսականորեն այստեղ մարդ հասնում է ցանկացած մեկնության սահմանին` այն իր առաջադրանքը միշտ էլ մինչև որոշակի սահման է կատարում. այսպես ամեն մի հասկացում միշտ էլ մնում է միայն հարաբերական և երբեք չի կարող իր ավարտին հասցվել: Individuum est ineffabile.

Մեկնության պրոցեսի տրոհումը քերականական, պատմական, գեղագիտական և առարկայական մեկնաբանությունների, որ Շլայերմախերին էր հասել իր նախորդներից, նա մի կողմ դրեց: Այդ տարբերությունները ցույց են տալիս միայն, որ քերականական, պատմական, առարկայական և գեղագիտական գիտելիքները պետք է առկա լինեն, երբ սկսվում է մեկնությունը, և կարողանան իրենց ազդեցությունն ունենալ նրա յուրաքանչյուր ակտի վրա: Բայց մեկնության ընթացքն ինքնին հնարավոր է բաժանել միայն երկու մասի, որոնք պարունակվում են հոգևոր ստեղծագործության` լեզվական նշանների հիման վրա իրականացվող ճանաչողության մեջ: Քերականական մեկնությունը տեքստում հանգույցից հանգույց է գնում, հասնելով ամբողջական երկի բարձրագույն կապակցություններին: Հոգեբանական մեկնության ելակետը ներքին ստեղծագործական ընթացքի մեջ թափանցելն է, նա առաջ է շարժվում դեպի երկի արտաքին և ներքին ձևը, այստեղից էլ, սակայն, շարունակում է իր ընթացքը դեպի երկի միասնության ըմբռնում` այն երկնողի հոգեկան կերտվածքի և զարգացման հետ:

Դրանով իսկ նվաճվում է այն կետը, որից ելնելով Շլայերմախերը վարպետորեն զարգացնում է մեկնարվեստի կանոնները: Հիմնարար նշանակություն ունի նրա ուսմունքը արտաքին և ներքին ձևի մասին, մանավանդ խորազնին են գրական արտադրության ընդհանուր տեսության ուղղությամբ արված փորձերը. սա պարունակելու էր գրականության պատմության օրգանոնը:

Հերմենևտիկական մեթոդի վերջնական նպատակն է, հեղինակին ավելի լավ հասկանալ, քան նա ինքն է իրեն հասկացել: Մի դրույթ, որ ներկայանում է որպես չգիտակցված ստեղծագործության մասին ուսմունքից արված անհրաժեշտ հետևություն:

5.

Բերենք հանրագումարի: Հասկացումը միայն գրավոր հուշարձանների դեպքում է վերածվում մեկնության, որ հասնում է համընդհանուր նշանակալիության: Թեև բանասիրական մեկնաբանությունը հերմենևտիկայի մեջ իր մեթոդի և իրավական հիմքերի գիտակցման է գալիս, ի վերջո արդարացված է նաև այն, որ Ֆր. Ա. Վոլֆը այդ դիսցիպլինի գործնական օգտագործելիությունը կենդանի վարժությունից շատ բարձր չի դասում: Բայց ինձ թվում է, որ մեկնության ձեռնարկը որպես այդպիսին, գործնական օգտագործելիությունից անդին իր երկրորդ` գխավոր խնդիրն ունի. նա պետք է պատմության բնագավառն անընդհատ ներխուժող ռոմանտիկական կամայականությանը և սկեպտիկական սուբյեկտիվիզմին ընդդեմ տեսականորեն հիմնավորի մեկնաբանության համընդհանուր նշանակալիությունը, որով հաստված է պատմության ողջ վստահելիությունը: Իմացության տեսության, տրամաբանության և ոգու մասին գիտությունների մեթոդաբանության փոխկապակցության մեջ ներառվելով, մեկնաբանության այդ ուսմունքը վերածվում է փիլիսոփայությունը և պատմական գիտությունները միմյանց կապող կարևոր օղակի` հանդես գալով որպես ոգու մասին գիտությունների կառույցի հիմնական բաղադրամասերից մեկը:

Գերմաներենից թարգմանությունը`

Աշոտ Ոսկանյանի

 Die Entstehung der Hermeneutik, Wilhelm Dilthey

Կարդալ նաև

Փիլիսոփայություն Միշել Ֆուկո Զրույց Մադլեն Շապսալի հետ – Դուք երեսունութ տարեկան եք: Դուք այս սերնդի ամենաերիտասարդ փիլիսոփաներից մեկն եք: Ձեր վերջին գիրքը` «Բառերը և իրերը», փորձում է քննել այն, ինչ քսան տարի ի վեր ամբողջապես փոխվել է մտածողության բնագավառում: Այսպես օրինակ, Ձեր… Փիլիսոփայություն Homo Trickster կամ էսթետիզմի ծուղակները Աշոտ Ոսկանյան Քանի որ էսթետիզմը, վերջին հաշվով, միայն սեփական ուժերին ապավինել է նշանակում… ՄՈՒՏՔԻ ՓՈԽԱՐԵՆ Այն, ինչ փորձում եմ անել այժմ, պարաբոլ պետք է կոչվեր, եթե մնայի մյութոսի տարածքում, ընտրածս ժանրի կանոնները պահպանելով և էսթետիկի ինքնագոհությամբ… Փիլիսոփայություն Բառի մոգականությունը (հատվածներ գրքից) Պավել Ֆլորենսկի I. Մենք վարժվել ենք բառը դիտել իբրև իմաստի դրսևորում և այն ճշտորեն նույնացնում ենք իմաստի հետ: Սակայն միաժամանակ հաճախ մոռանում ենք բառի` հենց իբրև իմաստի դրսևորման մասին, մինչդեռ վերը նշված նույնացմանը զուգահեռ հնարավոր է և մեկ այլ…