Ռուբիկոն

Հերմենևտիկայի ծագումը

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Եթե մեկնիչն իր տեքստի հետ կապված դժվարությունների է հանդիպում, ապա առկա է դրանք լուծելու մի շատ նուրբ օժանդակ միջոց. Սուրբ գրոց փոխկապակցվածությունը` կենդանի քրիստոնեական հավատքի մեջ տրված: Այս դրույթը դոգմատիկական մտածելակերպից մերը թարգմանելով տեսնում ենք, որ կրոնական փորձառության այս հերմենևտիկական արժեքը միայն առանձին դեպքն է մի սկզբունքի, որի համաձայն մեկնաբանության ամեն պրոցես իր մեջ, որպես գործոն պարունակում է առարկայական փոխկապակցությունների վրա հենված մեկնություն: Սակայն մեկնության այդ կրոնական սկզբունքի կողքին ներկա են նաև դատողականության վրա հիմնվածները: Դրանցից մերձավորը քերականական մեկնաբանությունն է: Բայց Ֆլացիուսը դրա հետ միասին առաջինն է ըմբռնում մեկնության հոգեբանական կամ տեխնիկական սկզբունքի նշանակությունը, որի համաձայն առանձին հատվածը պետք է մեկնաբանվի ամբողջական երկի նպատակից և կառույցից ելնելով: Եվ այդ տեխնիկական մեկնաբանության համար նա առաջինն է մեթոդաբար օգտագործում հռետորության մեջ նվաճված գիտելիքները գրական ստեղծագործության ներքին փոխկապակցության, նրա կառուցվածքի և նրա ներգործող տարրերի դեպքում: Մինչ այդ խնդիրն արդեն նախապատրաստված էր արիստոտելյան հռետորականության այն փոխակերպմամբ, որ իրականացրել էր Մելանխթոնը: Ֆլացիուսը գիտակցում է, որ առաջինն ինքն է մեթոդաբար կիրառել առանձին հատվածների միանաշանակ սահմանաման համար անհրաժեշտ օժանդակ այն միջոցը, որ տալիս են գործի համատեքստը, նպատակը, համամասնությունը, առանձին մասերի և բաղկացուցիչների համասեռությունը (Kongruenz): Դրա հերմենևտիկական արժեքը նա ստորադասում է մեթոդի մասին ուսմունքի ընդհանուր հայեցակետին: «Չէ՞ որ բոլոր դեպքերում և ամենուրեք որևէ ամբողջի առանձին մասերը այդ ամբողջի և նրա մյուս մասերի նկատմամբ ունեցած իրենց հարաբերության շնորհիվ են հասկանալի մնում»: Նա հետամուտ է լինում ստեղծագործության այդ ներքին ձևին և առանձին ներգործող տարրերին և արդեն նախանշում է պաուլինյան և հովհաննիսյան ոճերի խորազնին բնութագրությունները: Դա մի մեծ առաջընթաց էր` իհարկե, հռետորական ըմբռնման սահմաններում: Ի վերջո, Մելանխթոնի և Ֆլացիուսի համար ամեն գրվածք ստեղծված է կանոնների համաձայն, ինչպես որ հասկացվում է կանոնների համաձայն: Այն նման է տրամաբանական ավտոմատի` որ զգեստավորված է ոճի, նկարների և խոսքի ֆիգուրների միջոցով:

Նրա գործի ձևական թերությունները հաղթահարվեցին Բաումգարտենի հերմենևտիկայի մեջ: Բայց սրանում միևնույն ժամանակ իր նշանակալիությունը հավաստեց երկրորդ մեծ աստվածաբանականհերմենևտիկական շարժումը: Բաումգարտենի` Հալլեի մի գրադարանից վարվող գրագրության շնորհիվ հոլանդական մեկնիչների հետ մեկտեղ գերմանացիների տեսադաշտ սկսեցին մուտք գործել անգլիացի ազատախոհներն ու Հին կտակարանի լուսաբանմամբ զբաղվող ազգագրագետները: Զեմլերը և Միխաելիսը ձևավորվեցին նրա հետ շփման և նրա աշխատանքներին մասնակցության շնորհիվ: Միխաելիսն առաջինը կիրառեց լեզվի, պատմության, բնության և իրավունքի միասնական հայեցակերպ` Հին կտակարանի մեկնաբանության համար: Զեմլերը` մեծն Քրիստիան Բաուրի նախորդը, ջարդեց նորկտակարանային կանոնի միասնությունը, ճշգրիտ խնդիր առաջադրեց ամեն մի առանձին գրվածք իր տեղական բնույթից ըմբռնելու վերաբերյալ, հետո այդ գրությունները ժողովեց մի նոր միասնության մեջ, որ մակաբերված էր եբրայական քրիստոնեության և ազատ կարգի քրիստոնյաների միջև մղված վաղքրիստոնեական պայքարի կենդանի պատմական ըմբռնումից. աստվածաբանական հերմենևտիկայի համար կատարած իր նախապատրաստության ընթացքում նա խոժոռ վճռականությամբ ողջ այդ գիտությունը հանգեցրեց երկու հիմնամասի` լեզվի օգտագործման և պատմական հանգամանքների հիման վրա կատարվող մեկնաբանությունների: Դրանով ամբողջացավ մեկնության ազատագրումը դոգմայից, հիմնադրվեց քերականականպատմական դպրոցը: Այնուհետև Էռնեստիի նրբազգաց և զգուշավոր ոգին երկնեց նոր հերմենևտիկայի դասական գրվածքը` ի դեմս «Interpres»-ի: Այն կարդալով` դեռ Շլայերմախերն է իր սեփական հերմենևտիկան զարգացրել: Իհարկե, այդ առաջընթացը նույնպես իրականանում էր խիստ սահմաններում: Այդ մեկնիչների ձեռքի տակ որևէ դարաշրջանի որևէ գրվածքի կառուցվածքն ու գաղափարական հյուսվածքը տարալուծվում էին միևնույն կերպ` տեղով և ժամանակով պայմանավորված պատկերացումների շրջանակում: Պատմության այդ պրագմատիկական ըմբռնման համաձայն կրոնական և բարոյական տեսակետից   նույնակերպ    մարդկային բնությունը սահմանափակված է միայն արտաքին` տեղի և ժամանակի հանգամանքներով: Այն պատմական չէ:

Մինչ այդ պահը դասական և աստվածաշնչյան հերմենևտիկան զուգահեռ ընթացքի մեջ էին: Պետք չէ՞ր արդյոք այդ երկուսը որպես մեկ ընդհանուրի կիրառություն հասկանալ: Վոլֆական Մայերն այդ քայլն արեց մեկնության ընդհանրական արվեստ ստեղծելու իր փորձով` 1757-ին: Նա իր գիտության հասկացությունն իսկապես հնարավորին չափ ընդհանուր էր ըմբռնում` այն պետք է այնպիսի կանոններ նախանշեր, որ դիտարկելի են նշանների ամեն մի մեկնության ժամանակ: Բայց գիրքը մի անգամ ևս ցույց տվեց, որ կառուցիկության և համաչափության տեսանկյունից ելնելով նոր գիտություն չես հայտնաբերի: Այդպես միայն կեղծ պատուհաններ են գոյանում, որոնց միջով ոչ ոք նայել չի կարող: Ազդեցիկ հերմենևտիկան կարող էր առաջանալ միայն այնպիսի գլխում, որում բանասիրական մեկնաբանության մեծահմտությունը միանում էր իսկական փիլիսոփայական ունակության հետ: Նման մեկն էր Շլայերմախերը:

4.

Ահա պայմանների շրջանակը, որում նա աշխատում էր. Վինկելմանի` գեղարվեստական երկերի մեկնաբանությունը, Հերդերի` դարաշրջանների և ժողովուրդների հոգու մեջ համահանճար թափանցումը, նաև նոր գեղագիտական հայեցակետից ելնող բանասիրությունը` ներկայացված Հայնեի, Ֆրիդրիխ Ավգուստ Վոլֆի և նրա աշակերտների անուններով, որոնցից Հայնդորֆը, պլատոնյան ուսումնասիրություններում համատեղ ներգրավվածության շնորհիվ, սերտորեն կապված էր Շլայերմախերի հետ. այս ամենը նրանում կապվում էր գերմանական դասական փիլիսոփայության մեթոդին, որը գիտակցության մեջ տրվածից այն կողմ անցնելով, հասնում էր ստեղծագործական այն ունակությանը, որ որպես միասնություն գործելով, անգիտակցաբար, մեզ է հասցնում աշխարհի ամբողջական ձևը: Հենց այս երկու պահերի միակցումից էլ առաջացան նրա յուրահատուկ մեկնության արվեստը և գիտական հերմենևտիկայի սահմանող հիմնավորումը:

 Հերմենևտիկան մինչ այդ լավագույն դեպքում կանոնների մի կառույց էր, որի մասերը` առանձին կանոնները, համընդհանուր նշանակալի մեկնաբանության նպատակի շնորհիվ էին միասնություն կազմում: Նա սահմանազատել էր մեկնաբանության այդ ընթացակարգի ժամանակ փոխազդող գործառույթները որպես քերականական, պատմական, գեղագիտական-հռետորական և առարկայական մեկնություններ: Բազում դարերի բանասիրական մեծահմտությունից նա գիտակցությանն էր հասցրել այն կանոնները, որոնց համաձայն պետք է ազդեին այդ գործառույթները: Եվ ահա Շլայերմախերն այդ կանոններից այն կողմ է անցնում` դեպի հասկացման վերլուծություն` դեպի նպատակային գործողության ճանաչումն ինքնին, և այդ ճանաչումից էլ մակաբերում է հանրանշանակ մեկնության հնարավորությունը, նրա օժանդակ միջոցները, սահմանները և կանոնները: Բայց հասկացումը որպես վերապատկերում, որպես վերաստեղծում նա կարող էր վերլուծել միայն գրական արտադրության ընթացքի նկատմամբ իր կենդանի հարաբերության մեջ: Ստեղծագործական ընթացքի կենդանի հայեցողությունում, ուր առաջանում է կենսունակ գրական երկը, նա ճանաչեց մեկ այլ պրոցեսի ճանաչման պայմանը` այն պրոցեսի, որը գրի նշաններից հասկանում է երկի ամբողջությունը, իսկ սրանից` նրա հեղինակի մտադրությունը և ոգու կերպը:

Կարդալ նաև

Փիլիսոփայություն Միշել Ֆուկո Զրույց Մադլեն Շապսալի հետ – Դուք երեսունութ տարեկան եք: Դուք այս սերնդի ամենաերիտասարդ փիլիսոփաներից մեկն եք: Ձեր վերջին գիրքը` «Բառերը և իրերը», փորձում է քննել այն, ինչ քսան տարի ի վեր ամբողջապես փոխվել է մտածողության բնագավառում: Այսպես օրինակ, Ձեր… Փիլիսոփայություն Homo Trickster կամ էսթետիզմի ծուղակները Աշոտ Ոսկանյան Քանի որ էսթետիզմը, վերջին հաշվով, միայն սեփական ուժերին ապավինել է նշանակում… ՄՈՒՏՔԻ ՓՈԽԱՐԵՆ Այն, ինչ փորձում եմ անել այժմ, պարաբոլ պետք է կոչվեր, եթե մնայի մյութոսի տարածքում, ընտրածս ժանրի կանոնները պահպանելով և էսթետիկի ինքնագոհությամբ… Փիլիսոփայություն Բառի մոգականությունը (հատվածներ գրքից) Պավել Ֆլորենսկի I. Մենք վարժվել ենք բառը դիտել իբրև իմաստի դրսևորում և այն ճշտորեն նույնացնում ենք իմաստի հետ: Սակայն միաժամանակ հաճախ մոռանում ենք բառի` հենց իբրև իմաստի դրսևորման մասին, մինչդեռ վերը նշված նույնացմանը զուգահեռ հնարավոր է և մեկ այլ…