ՈՒԽՏԻ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ, կամ կոլեկտիվ ներկայության պարադոքսները
Այն որ Կարլ Շմիտը, ինչպես վերը տեսանք, հրաժարվում է անհատ մարդու և պետության միջև հնարավոր վեճի լուծումը հիմնել որոշակի նորմատիվ չափանիշների վրա, անհրաժեշտորեն բխում է սուվերենի նրա սահմանումից, որն ըստ Շմիտի, նա է, ով վճիռ է ընդունում արտակարգ վիճակի վերաբերյալ:
Սահմանման յուրահատկությունն այն է, որ սուվերենության` ինքնիշխանության, խնդիրը կապի մեջ է դրվում ոչ թե բնականոն, այլ արտակարգ` սահմանային, վիճակների հետ: Երբ հասարակական օրգանիզմի առօրյա ընթացքն առանց ակնառու դժվարությունների կարգավորվում է սահմանադրությամբ և օրենքներով, ինքնիշխանության հարցը մեծ հետաքրքրություն չի ներկայացնում: Խնդիրը կարևոր է դառնում, երբ առաջանում են սահմանադրությամբ չնախատեսված, հետևաբար օրենքով չկարգավորվող վիճակներ: Այդ ժամանակ առավել ակնհայտությամբ է երևում, որ իրական իրավակարգը հենվում է ոչ թե նորմերի, այլ որոշումների վրա: Դրա համար էլ Շմիտի տեսությունը բնորոշվում է որպես դեցիզիոնիստական:
Պետությունը, օգտագործելով վճիռներ ընդունելու իր մենաշնորհը, իրավունք ունի առկախելու գործող օրենքը, հայտարարելու արտակարգ վիճակ և, որպես միակ ինքնիշխան, որոշելու, թե ինչ չափանիշների հիման վրա պետք է սահմանվեն այդ ընթացքում հասարակության և երկրի անվտանգության համար անհրաժեշտ կարգուկանոնը:
Արտակարգ վիճակն, իր հերթին, ձևավորում է այն տարածությունը, որում պետական բռնության մեխանիզմներն առանց որևէ սահմանափակման կարող են կիրառվել անհատի նկատմամբ:
Արտակարգ վիճակի պայմաններում գործող բռնության մեքենային դեմ հանդիման գտնվող մարդուն սպասող հեռանկարը հետևողականարեն բացորոշել է իտալացի փիլիսոփա Ջորջիո Ագամբենը, մեկը նրանցից, որոնց մտքի համար Հայդեգերին անձամբ աշակերտած լինելը ուղենիշ դեր է կատարել:66 Ագամբենը ցույց է տվել, որ «սուվերենն» արդի քաղաքականության մեջ նշանակում է մի ոլորտ, «ուր կարելի է սպանել, առանց մարդասպանություն կատարելու», և որ այդ ոլորտում շրջափակված ու բոլոր սոցիալական առնչություններից դուրս դրված «լերկ կյանքն» ընկալվում է որպես «սպանելի», այսինքն` այնպիսի մի արարած, որի սպանությունը որևէ իրավական հետևանքներ չի առաջացնում:67
Այսպիսով, «սուվերենը» և «լերկ կյանքը» ասպարեզ են մտնում որպես նոր իրողություններ, որոնցով վերջին հարյուրամյակի ընթացքում փոխարինվել են ՙտիրապետության՚ և «ճորտության» դասական հարաբերությունները:
Եթե մենք չենք հրաժարվել, Հայդեգերին հետևելով, ժողովրդի բախտը որպես պատմական ժառանգությունից ելնող կրկնություն դիտարկելու գաղափարից, պետք է պատրաստ լինենք այդ յուրահատուկ հասկացությունները հին առասպելի նկատմամբ կիրառելուց բխող հետևանքներին և ընդունենք, որ Վարդանանց ռոմանտիկական պատմությունն այս նոր լույսի ներքո հանդես է գալիս որպես տոտալ մոբիլիզացման առասպելական նախապատկեր: Այդ մոբիլիզացումն առկա է արդեն Հայաստանի քրիստոնեացման պատմական իրողության մեջ, որն իրականացվել է պետական ճանաչման ակտի ձևով որպես սուվերենի` Տրդատ արքայի միանձնյա վճիռ: Հարատև մոնոլիտի տեսքով հանդես եկող «միաբանության ուխտի» մերձավոր ուսումնասիրությունը բազմաթիվ ճեղքեր և փլուզումներ է ի հայտ բերում, հանգամանք, որ միանգամայն բնական է ամեն մի պատմականորեն ձևավորված սոցիալական կոլեկտիվի համար:
Որպես ազգային կենսաշխարհի մշակութային բաղադրամաս հնադարյան նառատիվն, իհարկե, նաև այսօր պահպանում է իր վավերականությունը: Բայց մի բան պարզ է.
Կոլեկտիվ խաչելությունը, որպես Վարդանանց եղելության պատմական ժառանգությունից եկող ճակատագրական կրկնություն, արդիականքաղաքական հարաբերությունների պայմաններում կարող է հնարավոր դառնալ միայն հասարակության տոտալիտար կառուցվածքիդեպքում:
Այդպիսի կառուցվածքները սովորաբար երկու ձևով են երևան գալիս` արտաքինից և ներսից: Արտաքինից դրանք հավերժական թշնամու դեմ կոլեկտիվ պայքարի պատկեր են ընդունում: Հանուն այդ պայքարի կոլեկտիվը բռնությամբ վերաձևվում է հոծ և համասեռ մի ամբողջության: Ներսից դրանք գործում են որպես քաղաքական ոչնչացման մեքենաներ, որոնց նպատակն է սեփական սոցիումում բացահայտել և ոչնչացնել օտար տարրը, ուրիշին, այսինքն` հավերժական թշնամուն:
Երկու գործելակերպն էլ հնարավոր են դառնում իրավունքի առկախման և արտակարգ վիճակի ազդարարման պայմաններում: Երբ արտակարգ դրությունը անհրաժեշտ կարճատև միջոցից տևական իրավիճակի է վերաճում և «նորմն իրենով փոխարինելու միտում է դրսևորում»68, առաջանում է ճամբարը.
«Ճամբարը տարածություն է, որ բացվում է, երբ արտակարգ վիճակն սկսում է կանոն դառնալ»:69
Մասն 3. ԿՐԿՆՈՒԹՅՈԻՆ` ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԻՑ
Դրվագ Ա. Աղետի էսթետիզացումը
Միակ բանը, որ ես կարող եմ անել, պատմելն է, որ ես այլևս չեմ կարող պատմել այդ պատմությունը: Եվ դա պետք է որ բավական լինի: Ժ.Ֆ. Լիոտար
Վերջին հարյուրամյակի փորձառությունը «ճամբար» բառը կայուն զուգորդությունների շերտով է շղարշել, նացիստական մահվան ճամբարներից մինչև Գուանտանամո: Բայց բնական է, որ հայի հայացքի առջև նախ և առաջ 1915-ի Մեծ Եղեռնի պատկերներն են հառնում: Արևմտահայության կոլեկտիվ մահն իրականացվել է արտակարգ դրության պայմաններում, պետականորեն կազմակերպված բռնության մեքենայի միջոցով, որում իրավական և ռազմական բաղադրամասերի հավասարակշռությունը կատարելության էր հասցված: Օսմանյան պետությունն իրեն իրավունք էր վերապահել սպանել իր հայ հպատակներին «առանց մարդասպանություն կատարելու», քանի որ սեփական տարածքը հայերի համար վերածել էր այնպիսի մի «ճամբարի», որի սահմաններում ժամանակն առկախված էր և այդ սպանելի արարածների ոչնչացումը որևէ իրավական հետևանքներ չպետք է առաջացներ:
Որ Մեծ Եղեռնի ցնցումն արմատապես խեղել է հայերիս բնականոն պատմական զարգացումը և զգալիորեն կերպափոխել ժողովրդի աշխարհընկալումը, ակնհայտ է: Անվիճելի է նաև, որ Աղետի մասին պատմող գրավոր և բանավոր ավանդությունը հայոց կենսաշխարհի կարևոր բաղկացուցիչ մասն է կազմել և կարող է դիտարկվել որպես ազգային ինքնությունը ձևավորող և սոցիալական վարքի մոդելները լեգիտիմացնող կենտրոնական պատմություններից մեկը: Բայց կարևոր է արձանագրել, որ ցեղասպանության դիսկուրսը սկզբունքորեն տարբերվում է բոլոր այն լեգիտիմացնող պատմություններից, որոնց մասին խոսել ենք սույն երկասիրության ներածությունում: Այսպես, Վարդանանց պատմությունը որպես ազգային վարքի օրինակելի մոդել պահպանում է իր ազդեցությունը, անկախ նրանից, թե որքանով հավաստի են ընկալվում այնտեղ շարադրված անցքերն այսօրվա պատմական հեռանկարից: Այնինչ ամենաչնչին կասկածը Մեծ Եղեռնի պատմական եղելության վերաբերյալ հoդս կցնդեցներ ցեղասպանության դիսկուրսի նշանակությունը հայոց կենսաշխարհում: Ցեղասպանությունն, այսպիսով, բացարձակ իրողություն է: Այն դուրս է բերված օրինաչափության ոլորտից: Նրա լեգիտիմացնող ուժը կրկնելիության մեջ չէ, այլ իր եզակիության: Ցեղասպանությունը նույնքան եզակի է, որքան Խաչելությունը, և ինքն էլ փաստորեն հանդես է գալիս որպես կոլեկտիվ խաչելություն:70 Այստեղ է, որ երևան է գալիս Եղեռնի մասին խոսելու դժվարությունը, եթե ոչ անհնարինությունը: Իսկապես, ի՞նչ լեզվով կարելի է արտահայտել ամեն երևակայություն գերազանցող բացարձակ մի իրադարձություն, այն էլ այն դեպքում, երբ ինքը` պատմությունը, գոյություն չունի այլևս: