Ռուբիկոն

ՈՒԽՏԻ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ, կամ կոլեկտիվ ներկայության պարադոքսները

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Եղերական մահն անմահություն չէ, այն ոչ թե ինքնահաստատում է, այլ` պարզ ջնջում, էլիմինացում, որն ազգին նորից դուրս է շպրտում «պատմականի» շրջանակներից: Ցեղասպանության բանաձևը հայտնի է. խնդիրն այն չէ, որ չկաս, այլ այն, որ չես էլ եղել: Ճանաչումը պահանջվում է պատմականի ոլորտը վերադառնալու համար: Սակայն ի՞նչն է ենթակա ճանաչման: Հեգելի մոտ ճանաչվում էր սեփական ինքնագիտակցությունը մահացու վտանգի ենթարկելիս մինչև վերջ գնալու պատրաստակամությունը: Այստեղ պետք է ճանաչվի ինքը` մահը: Դժվարությունն ակնհայտ է: Հեգելն այն նույնիսկ կանխատեսել է, հիշեցնելով, որ որևէ «ինքն-իր-համար գոյություն» ճանաչում կարող է ստանալ միայն այն դեպքում, եթե մյուսը` հակառակորդը, ընկրկի կենդանի մնալով: Այլապես, ո՞վ պետք է լինի ճանաչողը: Մեր դեպքում հարցը շրջված է. եթե ցեղասպանություն է տեղի ունեցել, ապա հայցվորը սպանված է: Ուրեմն, ո՞վ պետք է լինի մահվան փաստի ճանաչում հայցողը:

Այստեղ նորից ստիպված ենք անդրադառնալ անհատական և կոլեկտիվ ինքնությունների տարբերակման հետ կապված դժվարություններին: Չէ՞ որ Մեծ Եղեռնի ժամանակ բոլոր հայերը չեն սպանվել:

Թե՞, այնուամենայնիվ, բոլորն էին: Ժան Բոդրիարն իր «Նեկրոհայացք» (Necrospective) խտացման մեջ արձանագրել է պոստմոդեռն մասխարայությամբ.

«Մենք փորձում ենք ապացուցել, որ մեռել ենք 1940-ի և 1945-ի միջև` Աուշվիցում կամ Հիրոսիմայում, դա առնվազն ուժեղ է դարձնում մերպատմությունը: Մենք նման ենք հայերին, որ ուժասպառ են լինում, ապացուցելու համար, որ եղերաբար սպանվել են 1915-ին:»79

Ընդունենք, որ այդ «հետմահու ճշմարտություն» որոնող հայերն այնուամենայնիվ իրավացի են: Կոլեկտիվ սպանության էքզիստենցիալ հանգամանքները վերաբերում են ողջ կոլեկտիվին, հետևաբար, որոշակի առումով, սպանված են բոլորը: Եվ եթե բոլորը սպանված են, ապա ի՞նչ են պահանջում այդ սպանվածները: Մահվան պաշտոնական վկայակա՞ն, որ կարձանագրեր նրանց երբևէ կենդանի եղած լինելու (ավելի ճշգրիտ,գոյություն ունեցած լինելու) հանգամանքը: Թե՞, բացի այդ նաև, իրենց սպանված լինելու վաստակի գնահատանք: Ընդ որում, ինչպես տեսանք, վաստակն այս պարագայում ոչ թե կյանքը գիտակցաբար մահացու վտանգի ենթարկելն է, այլ միամիտ սպանված լինելու փաստը որպես այդպիսին:

Խոսքն, ուրեմն, չգիտակցված մահվան ճանաչման պահանջի մասին է:

Քանի որ լերկ կյանքն արտակարգ դրության պայմաններում հնարավորություն չի ունեցել ճանաչումը նվաճել կենաց և մահու պայքարի մեջ մտնելով, այժմ ճանաչման հավակնության իրականացումը հնարավոր է միայն հետին թվով, որպես ad hoc ընթացակարգ: Մահացու պայքարը փոխարինվել է իրավաբանական գործընթացով, որն իրականացվելու է միջազգայնորեն վավեր իրավական դիսկուրսի շրջանակներում:

Որևէ երևույթի ճանաչում երկու կողմ ունի: Նախ, այն պետք է իր սեփական անունով կոչվի: Հայերը սպանվել են «Մեծ Եղեռնի» ժամանակ, նահատակներից շատերի գերեզմանը «Դեր-Զորի» անապատն է դարձել: Այդ հատուկ անուններն այսօր պետք է ինքնին հասկանալի լինեն նույն կերպ, ինչպես հասկանալի են «Շոան» և «Աուշվիցը»: Քանի դեռ միջազգային հանրության մեջ Մեծ Եղեռնը և Դեր-Զորը «հայկական Շոա կամ Աուշվից» են հորջորջվում, հայոց ցեղասպանությունն իր ամբողջությամբ ճանաչված չէ:

Երկրորդ կողմը Մեծ Եղեռնի եզակի իրադարձության և միջազգայնորեն ընդունված դիսկուրսի միջև համատեղելիության ապահովումն է: Դա նշանակում է, որ Մեծ Եղեռնը պետք է որակվի որպես «ցեղասպանություն» և այդ անվան տակ գրանցվի համաշխարհային պատմության աննալներում:

Գիտենք, որ հայկական Աղետը նկարագրելիս «պոգրոմ», «ջարդ», «սպանություն», «հանցագործություն», «ողբերգություն» և այլ նման արտահայտություններն օգտագործվում են ազատորեն, առանց որևէ սահմանափակության. միայն «ցեղասպանություն» եզրն է, որ համարյա բոլոր երկրներում Հայոց Մեծ Եղեռնի նկատմամբ կիրառվելու համար խորհրդարանական կամ կառավարական որոշումների կարիք ունի:

Աչքի զարնողն այստեղ միայն որոշ միջազգայինատյանների համառությունը չէ: Պարադոքսալ է թվում նաև պահանջը` 1915-ի ոճիրը նկարագրել մի հասկացության միջոցով, որ շատ ավելի ուշ է արմատավորվել միջազգային իրավունքի մեջ, քան եղելությունն ինքը: Ոչ միայն միջազգային հանրությունը, իրենք հայերը չեն ունեցել և առավել ևս չեն կիրառել այդ սահմանումը, որ Ռաֆաել Լեմկինի ջանքերով ստեղծվել է հայոց Աղետից տասնամյակներ անց, Նյուրնբերգյան դատավարության առնչությամբ և միջազգային իրավունքում վերջնականապես հաստատվել 1948-ին: Ինչո՞ւ է, ուրեմն, հենց այդ որակումը կողմերին բացարձակ անհրաժեշտ և անխուսափելի ներկայանում:

Պատասխանն այն է, որ հայերը ցանկանում են իրենց լիիրավ տեղը գտնել միջազգային դիսկուրսում: Նրանք ուզում են ընդունել տալ, որ աշխարհում ներկա են եղել ոչ միայն որպես սփռյալ բեկորներ, որպես հավերժական դիասպորա, հերթական ջարդից խույս տվող հավերժական զոհեր: Խնդիրն է արձանագրել, որ հայերը որոշակի կոլեկտիվ ներկայություն են ունեցել պատմության մեջ, կա՛ն և շարունակելու են իրենց տեղն ունենալ ազգերի հանրության մեջ որպես հենց այդ ճակատագիրն ապրած անշփոթելի կոլեկտիվ ներկայություն:

Ինքնին հասկանալի է, որ հայկական աղետի վերջնական միջազգային ճանաչումը կախված է Թուրքիայի դիրքորոշումից: Բայց վերջինս ինքն իրեն փակուղի է մղել: Մի կողմից` թուրքական պետությունը ցանկանում է ներգրավվել եվրոպական ժողովուրդների ընտանիքի մեջ, և դա նշանակում է ենթարկվել Եվրոպական Միության սկզբունքներին: Մյուս կողմից` նա ցանկանում է հայոց ցեղասպանության ցավոտ, առանձին վերցրած հարցում մշտական բացառություն պահպանել: Այդ արտակարգ վիճակի ներմուծմամբ եվրոպական իրավունքը նորից առկախվում է, և նորից բացվում է լերկ կյանքի համար նախատեսված վիրտուալ ճամբարը: Դրանով ոճրագործ պատմությամբ ծանրաբեռնված հանրությունն իր համար բացառության վիճակ է ստեղծում, և ինքն էլ չի կարող ճանաչվել եվրոպական հանրության լիիրավ անդամ:

Մյուս կողմից` պետք է նաև պարզ լինի, որ ճանաչման ընթացակարգի հաջողությունը միայն ոճրագործ կոլեկտիվի հետնորդներից և դիվանագետների կարողություններից չէ կախված: Ոչ պակաս կարևոր է այսօրվա հայերի ինքնագիտակցությունը:

Գերազանցապես սեփական ես-ի վրա կենտրոնացած կեցվածքը` անկախ նրանից, թե այդ ես-ը բռնության մեքենայի զոհ դարձած լերկ կյանքի ձևո՞վ է հանդես գալիս, թե՞ համասեռ կոլեկտիվի, որը միջազգային ատյանից առանձին ընտրված դեպքում միահամուռ վճռականությամբ առանձին ընտրված ընթացակարգի հետևողական իրականացում է պահանջում, արդյունավետ լինել չի կարող: Երկու ֆիգուրներն էլ տոտալիտար են:

Քանի ազգը կազմավորում է իրեն որպես ինքնաբավ քաղաքական միավորում (վճռական մենա՞կ), նրա սեփական կամքը (der eigene Sinn) միայն «կամակորություն է (Eigensinn), ազատություն, որ շարունակում է մնալ ստրկության շրջանակներում» (ՈՖ, 155): Եվ մեզանում որպես գերագույն առաքինություն դիտվող հնարամտությունն էլ, որի օգնությամբ հույս ունենք կողմնորոշվելու հետարդիական աշխարհում, հեգելյան դիալեկտիկայի համատեքստում դիտված, 

Կարդալ նաև

Պատմություն Մովսես Խորենացու «Պատմութիւն Հայոց»-ը և Պատմության գոյավորության առանձնահատկությունները1 Ռոմիկ Քոչարյան «Եւ հասարակաց յոյսն մի շահ է. զի առաջինքն ուրախ լինին ի վերջնոցն բարեգործութիւնս. եւ վերջինքս հաստատին յառաջնոցն կատարելութիւն յուսոյն: Եւ առաքինութիւնք առաջնոցն ժառանգութիւն առնի վերջնոցս. զի մնացուածք բարի գործոց առաջնոցն առնու լրումն՝ ի… Պատմություն Պատմության մեկնողականությունը եվ Մովսես Խորենացու «Պատմութիւն Հայոց» աշխատության իմաստասիրող առանձնահատկությունը1 Ռոմիկ Քոչարյան «Ճշմարտութիւն հաւատոյ լոյս է աչաց մտացն, շարժմանցն խորհրդոց, յիշատակացն զգացեալ զլոյսն գիտութեան եւ զիմաստութեան շնորհաց Հոգւոյն Սրբոյ»: /Ս. Գրիգոր Լուսավորիչ «Յաճախապատում»/ «Պատմական անցեալն իւրաքանչիւր ազգի վեհագոյն հարստութիւնն է, իսկ… Պատմություն Մեկ ժամ Ժակ Լը Գոֆֆի հետ Շուշան Մակարյան – Բարև Ձեզ, պարոն Լը Գոֆֆ: – Բարև ձեզ, տիկնայք: Համեցե՛ք: Եթե դեմ չեք, կզրուցենք իմ աշխատասենյակում: Գրքեր, ամենուր գրքեր. պատերին` հատակից մինչև առաստաղ, սեղանին, սեղանի տակ, պատուհանի գոգին, անկյուններում, անկանոն, խիտ շարքերով կամ իրար վրա…