Ռուբիկոն

ՈՒԽՏԻ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ, կամ կոլեկտիվ ներկայության պարադոքսները

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Երբ դիսկուրսը դառնում է անհնարին, սկսվում է էսթետիզացումը: Պատահական չէ, որ հետարդիական շրջանում ցեղասպանության մասին սկսել են խոսել էսթետիկական կատեգորիաներով` օգնության կանչելով կանտյան գեղագիտության մեջ մշակված վսեմի հասկացությունը: Նկատի է առնվում, որ Կանտը վսեմի զգացումը կապել է այնպիսի իրադրությունների հետ, երբ ընկալվող առարկայի ահռելիությունն անհնարին է դարձնում դրա զգայական պատկերի ձևավորումը: Բանականությամբ մտածելի, բայց իր սահմռկեցուցիչ բացարձակության  պատճառով  անպատկերացնելի առարկան երևակայության միջոցով ներկայացնել չկարողանալը ներքին անհանգստության (տհաճության, տառապանքի, Unlust) զգացողություն է առաջացնում, որն ըստ Կանտի, այնուամենայնիվ, հավասարակշռվում է նյութը որպես գաղափար ըմբռնած լինելու գիտակցությունից ծնվող բավարարությամբ:71 Վսեմն, այսպիսով, այն գեղագիտական ոլորտն է, որում փորձ է կատարվում ներկայացնել ցեղասպանության աղետն իր ողջ անպատկերելի ահռելիությամբ:

Հրեական Շոայի կապակցությամբ հետմոդեռնի տեսաբանների առաջադրած այդ խնդրին անծանոթ չէ նաև հայ քննադատական միտքը: Ժ. Ֆ. Լիոտարի կենտրոնական երկերի հրապարակումից մի քանի տարի անց, 1988-ին, թեմային անդրադարձել է Գրիգոր Պըլտեանը` դիտարկելով «վսեմացումը» որպես հայոց Մեծ Եղեռնի ողբերգությունն անմիջականորեն ապրած և բանաստեղծորեն վերարտադրած Դ. Վարուժանի ստեղծագործության հիմնարար սկզբունքներից մեկը:72

«Աչքէն ականջը անցումը կոչ մըն է դէպի խօսքը, դէպի երգը, բանաստեղծութիւնը, որ ըմբռնէ առանց տեսնելու, որ երեւակայութիւնը արձակէ ազատօրեն իր կրկէսներուն մէջ, գիտնալով հանդերձ որ եղեռնը կը մնայ անպատկերելի, անըմբռնելի: Ըմբռնում առանց ըմբռնումի կամ պատկեր առանց պատկերի:»73

Անպատկերելին պատկերելու խնդիրը Եղեռնի բացարձակ իրադարձության առաջ բերած միակ դժվարությունը չէ: Տառապանքի և բավականության միացումից սերող էսթետիկական հղացքի կիրառությունը ցեղասպանության նկատմամբ ինքնին երկիմաստ է դարձնում վերջինիս մասին խոսելու կերպը: Լիոտարն արձանագրել է, որ սուբյեկտի մտածելու և պատկերելու կարողությունների միջև ի հայտ եկող հակասության մեջ ոմանք նեվրոզ կամ մազոխիզմ են տեսնում:74 Ինքը` Լիոտարը, գերադասել է վսեմի զգացողությունում առկա հաճույքի և տառապանքի տարօրինակ միավորումը դիտարկել որպես «սպազմ»` ջղաձգում, որն առաջանում է միևնույն երևույթի նկատմամբ ձգող և վանող մղումների համատեղումից և բախումից:75

Նկարագրված նեվրոտիկ վիճակին մոտենում է, թեև չի նույնանում դրա հետ, հիվանդագին ապրումի մեկ այլ հայտնի կերպ, ressentiment-ի զգացողությունը: Այդ յուրահատուկ «հոգեկան ինքնաթունավորման» մասին դասական հետազոտության հեղինակ Մաքս Շելերը պեղել է դրա ծագումը անզորության զգացումից ու վրեժի ազդակից և արձանագրել, որ «վրեժի զգացողությունն այնքան ավելի հեշտ է վերաճում Ressentiment-ի, որքան ավելի է այն վերածվում տևական, շարունակաբար որպես «զրկված» ընկալվող և զրկողի իշխանությունը մերժող մի հոգեվիճակի, որքան ավելի է զրկվածությունը որպես «ճակատագիր» ընկալվում»:76

«Ressentiment»-ը, ոչ որպես Նիցշեի ներմուծած և Շելերի զարգացրած տեսական կոնցեպտ, այլ որպես անմիջական ապրում քաջ ծանոթ է «հայոց ճակատագրի» պատմական վերհուշով ծանրաբեռնված ամեն մի հայի: Դրա առանձնահատուկ փորձառությունն ունենք նաև մենք` վաթսունականների վերջին, յոթանասնականների սկզբին Երևանում բնակված հայաստանցիներս, այդ տարիներին Ծիծեռնակաբերդ կատարվող մեր ապրիլքսանչորսյան ուխտագնացությունների շնորհիվ: Դա մի ժամանակ էր, երբ համալիրն արդեն կար, բայց այն այցելելու կերպը դեռևս ծիսականացված չէր պետական արարողակարգի խիստ կանոններով: Այնպես որ, մենք էլ ենք մասնակից եղել հավերժական կրակի մոտ ճզմվելու չափ միմյանց սեղմված քրտնաթոր մարդկանց աստիճանական ինքնագրգռմանն ու էքզալտացմանը, մենք էլ ենք լսել դարավոր ոսոխի «թանգարանում մեկ հայ թողնելու» մտադրության մասին պատմող սևակյան տողերի սրտաճմլիկ դեկլամացիան և լռելայն ըմբոշխնել ազգի հոգսին անմնացորդ նվիրված լինելու շոյիչ գիտակցությունից առաջ եկող ծածուկ հաճույքը:

Բնական է, որ Շիրազի և Սևակի պոեզիան այդ ժամանակի ծնունդն էր լինելու և ներկայանալու էր որպես Աղետի էսթետիզացում, ինչպես վսեմացման, այնպես էլ կուտակված ressentiment-ի արտաբերման իմաստով:

Միայն տարիներ հետո էր լսվելու Հրանտ Մաթևոսյանի կիսաձայն խոսքն այն մասին, որ Եղեռնին նվիրված լավ գեղարվեստական գործ գրելն անհնար է: Ի պատասխան լրագրողի` սևակյան պոեմի վերաբերյալ ճշգրտում կատարելու կամ գուցե, բացառությո՞ւն անելու սպասելի խնդրանքին, իրեն «…իգական, մայրական…»77 ստեղծագործական սկզբունքի ջատագով համարող վարպետն անդրդվելի առնականությամբ մրմնջալու էր. «Ես վստահ չեմ, որ «Զանգակատունը» գեղարվեստական առումով հաջողված է»:

Դրվագ Բ. Ճանաչումը որպես ad hoc ընթացակարգ

Մենք նման ենք հայերին, որ ուժասպառ են լինում` ապացուցելու համար, որ եղերաբար սպանվել են 1915-ին: Ժ. Բոդրիար

Եթե ցեղասպանությունը որպես բացարձակ իրողություն անձեռնմխելի է, ապա դրա մասին արտահայտվելու համար շրջանցող ուղիներ են հարկավոր: Իմ ընտրած զարտուղի ճանապարհնայն է լինելու, որ անդրադառնամ ո՛չ թե ցեղասպանության իրողությանը, այլ ցեղասպանության ճանաչման մասին խոսելու կերպին: Խոսքիս սկզբնական մղում տալու համար կօգտագործեմ ոչ շատ հայտնի մի գաղափար, որ ժամանակին ասպարեզ է բերել խնդրի անկասկած գիտակ Ժ. Լիպարիտյանը:

Որքան ավելի ուժեղ և դաժան է լինում պետական բռնության       դրսևորումը            պատմության մեջ, գտնում է քաղաքագետը, այնքան ավելի բարձր է հավանականությունը, որ այն հիշատակություն կգտնի պատմագրության ոլորտում: Հայերից այս առումով աչքի է ընկել միայն Տիգրան Մեծը, որն այդպիսով հնարավորություն է նվաճել ընդգրկվելու համաշխարհային պատմության մեջ:

«Տեղյակ լինելով այդ հանգամանքին, հայերը փորձում են, հետնամուտքից` այնուամենայնիվ տեղ գտնել աշխարհի գիտակցության մեջ` որպեսպետական բռնության ամենադաժան դրսևորման զոհեր` որպես ցեղասպանության զոհեր»:78

Դառն հեգնանքով արված այս դիտողությունն, ըստ ամենայնի, արդար չէ: Բայց այն մտածել է տալիս, քանի որ բացորոշում է ցեղասպանության ճանաչման յուրահատուկ խնդրի և ժողովրդի ինքնահաստատման շատ ավելի ընդհանուր պրոբլեմի միջև առկա ակնհայտ կապը: Առաջինը, փաստորեն, ներկայացվում է որպես միջոց, որով համաշխարհային հանրության առջև պահանջ է դրվում ճանաչելու ազգային կոլեկտիվը որպես պատմության մեջ գործող ինքնուրույն սուբյեկտ (Շմիտը կասեր, քաղաքական միավոր): Կոլեկտիվի «եղելության» և նրա, որպես սուբյեկտի, ճանաչման մակարդակների նույնացումը մեզ նորից վերադարձնում է ճանաչման հեգելյան մոդելին:

Որքանո՞վ է այն կիրառելի Մեծ Եղեռնի պարագայում: Ուղիղ իմաստով, հազիվ թե, քանի որ ցեղասպանության դեպքում, ի տարբերություն Վարդանանց պատմության, բացակայում է սխեմայի լարումն ապահովող հիմնական գործոնը` կյանքն ազատ ընտրության հիման վրա մահացու վտանգի ենթարկելու հանգամանքը: Եղեռնի ժամանակ սպանվել է լերկ կյանքը, ֆիզիկական ոչնչացման է ենթարկվել ժողովրդական մարմինը, որը սեփական ճակատագիրն ազատորեն ընտրելու հնարավորություն չի ունեցել: Հետևաբար «Մահ գիտակցված…» բանաձևն այստեղ չի գործում:

Կարդալ նաև

Պատմություն Մովսես Խորենացու «Պատմութիւն Հայոց»-ը և Պատմության գոյավորության առանձնահատկությունները1 Ռոմիկ Քոչարյան «Եւ հասարակաց յոյսն մի շահ է. զի առաջինքն ուրախ լինին ի վերջնոցն բարեգործութիւնս. եւ վերջինքս հաստատին յառաջնոցն կատարելութիւն յուսոյն: Եւ առաքինութիւնք առաջնոցն ժառանգութիւն առնի վերջնոցս. զի մնացուածք բարի գործոց առաջնոցն առնու լրումն՝ ի… Պատմություն Պատմության մեկնողականությունը եվ Մովսես Խորենացու «Պատմութիւն Հայոց» աշխատության իմաստասիրող առանձնահատկությունը1 Ռոմիկ Քոչարյան «Ճշմարտութիւն հաւատոյ լոյս է աչաց մտացն, շարժմանցն խորհրդոց, յիշատակացն զգացեալ զլոյսն գիտութեան եւ զիմաստութեան շնորհաց Հոգւոյն Սրբոյ»: /Ս. Գրիգոր Լուսավորիչ «Յաճախապատում»/ «Պատմական անցեալն իւրաքանչիւր ազգի վեհագոյն հարստութիւնն է, իսկ… Պատմություն Մեկ ժամ Ժակ Լը Գոֆֆի հետ Շուշան Մակարյան – Բարև Ձեզ, պարոն Լը Գոֆֆ: – Բարև ձեզ, տիկնայք: Համեցե՛ք: Եթե դեմ չեք, կզրուցենք իմ աշխատասենյակում: Գրքեր, ամենուր գրքեր. պատերին` հատակից մինչև առաստաղ, սեղանին, սեղանի տակ, պատուհանի գոգին, անկյուններում, անկանոն, խիտ շարքերով կամ իրար վրա…