Բառի մոգականությունը (հատվածներ գրքից)
Պավել Ֆլորենսկի
I.
Մենք վարժվել ենք բառը դիտել իբրև իմաստի դրսևորում և այն ճշտորեն նույնացնում ենք իմաստի հետ: Սակայն միաժամանակ հաճախ մոռանում ենք բառի` հենց իբրև իմաստի դրսևորման մասին, մինչդեռ վերը նշված նույնացմանը զուգահեռ հնարավոր է և մեկ այլ նույնացում` բառի և դրսևորման: Չէ՞ որ բառը նույնքան մեր ներսում է, որքան և մեզնից դուրս, և եթե մենք իրավացի ենք` բառը մեր ծածուկ կյանքի իրողությունը համարելով, ապա հարկ է չմոռանալ, որ այն մեր իշխանության տակ լինելուց այլևս դադարած ու բնության մեջ մեր կամքից անջատ առկա մի բան է: Քանի դեռ մենք իշխում ենք խոսքի վրա, այն չկա, բայց հենց որ այն հայտնվեց, մենք կորցնում ենք մեր անկախությունը:
«Խոսքը, ոնց թռչնակը. դուրս թռավ, էլ չես բռնի», – ուսուցանում է ժողովրդական իմաստությունը: Այնինչ, խոսքի այս հարկադիր կողմի մասին մշտապես մոռացվում է, հատկապես գիտությանն առնչվող մարդկանց կողմից, թեև դրա մասին չի մոռանում ժողովուրդն իբրև ամբողջություն. իսկ նման կարգի մոռացումը չի կարող անպատիժ անցնել` նկատի ունենալով խոսքի ուժն ու զորությունը, ինչն էլ իր հերթին տանում է ոչ միայն տեսական սխալների, այլև հասարակական ու անձնական զանցանքների, որոնք երբեմն չեն կարող կոչվել այլ կերպ, քան հանցանքներ:
Բանն այն է, որ բառը` իբրև միջնորդ ներքին աշխարհի և արտաքին աշխարհի միջև, այսինքն, լինելով երկկենցաղ` որ ապրում է և՛ այստեղ, և՛ այնտեղ, ըստ երևույթի, յուրատեսակ թելեր է անցկացնում մեկ ու մյուս աշխարհի միջև, և այդ թելերը, որքան էլ դրանք լինեն քիչ նկատելի պոզիտիվիստի հայացքի համար, այնուամենայնիվ, այն են, հանուն ինչի գոյություն ունի բառն ինքը, կամ ծայրահեղ դեպքում բառի հետագա բոլոր ֆունկցիաների նախահիմքն են: Այդ նախահիմքն, ըստ երևույթին, երկկողմանի ուղղվածություն ունի, նախ` խոսողից դեպի դուրս` որպես գործունեություն` խոսողից արտաքին աշխարհ խուժող, և երկրորդ` արտաքին աշխարհից դեպի խոսողը, նրա ներսը` որպես խոսողի կողմից ստացվող ընկալում: Այլ կերպ ասած, բառով է կյանքը փոխակերպվում և բառով էլ կյանքը պատվաստվում է ոգուն: Կամ, դարձյալ այլ կերպ ասած, բառը մոգական է և միստիկական: Քննել, թե որն է բառի մոգականությունը, նշանակում է հասկանալ, թե այդ ինչպե՛ս և ինչու՛ ենք մենք կարողանում բառով ներգործել աշխարհի վրա: Քննել, թե այդ ինչպե՛ս և ինչո՛ւ է բառը միստիկական, նշանակում է մեզ համար պարզել, թե որն է իմաստն այն ուսմունքի, ըստ որի` բառը իրենով նշանակվող ռեալությունն է: Հասկանալի է սակայն, որ մեր խնդիրը չի կարող լինել այն ամենի ապացուցումը, ինչը մեզ հետաքրքրող առումներով ուսուցանում են մոգությունն ու միստիկան. ապացուցել դա, այսինքն` պոզիտիվ գիտության կողմից, կնշանակեր, նախ` դատել այլ գիտությունները` դրանց ըստ էության խորթ և նախօրոք արդեն դրանց հնարավորությունը ժխտող մեթոդներով ու եղանակներով, և երկրորդ` քամահրել ուղղակի փորձը, որի վրա հենվում են այդ գիտությունները և որի առանձ- նահատկությունից ելնում են նրանք: Նման ապացույցն ուղղակի փորձով, փորձական ուսումնասիրությամբ միայն կարող էր տրված լինել, եթե կասկած է ծագել մոգության ու միստիկայի վկայությունների արժանահավատության նկատմամբ: Բայց դա մեր խնդիրը չէ, քանզի մեզ առավել զբաղեցնում են աշխարհընկալման առանձին թելերի թնջուկները` ենթագիտակցականության խավարից գիտակցության շեմն անցնելու դրանց ելքի շրջաններին մերձ: Ուստի և մեր խնդրո առարկան պետք է ավելի շուտ լինի բառի մոգական ու միստիկական կողմերի հնարավորության հիմնավորումը, քան դրանց առկայության ապացուցումը, գեթ հույսով, որ երբ դրանց անհնարինության մասին եղած կեղծ համոզմունքը մտքից հանված լինի, այնժամ որևէ մեկի համար դժվար չի լինի վերհիշել անձնական փորձը ու մտովի մասնատել սեփական ապրումները, որոնք իրենց ձևակերպող սխեմաների անբավարարության պատճառով և մտքում առկա այլ սխեմաներով արգելակվելով` մինչ այդ պահը մնում էին հալածված, գիտակցության մթին խորշերը քշված և հավաստվում էին իբրև գոյություն չունեցող կամ իբրև չգիտես որտեղից հայտնված թյուր պատահականություն:
II.
Եվ այսպես, մենք պետք է ցույց տանք բառի մոգական ներգործության հնարավորությունը և նույնիսկ հավանականությունը, որպեսզի հետո նույնն անենք նրա միստիկական կողմի վերաբերմամբ: Սակայն խոսքի մոգական ուժի հանդեպ ունեցած համոզմունքը ամենատարբեր ժողովուրդների համընդհանուր սեփականությունն է դարերի ու հազարամյակների ընթացքում, և հազիվ թե կարելի լինի մատնացույց անել գեթ մի ժողովուրդ և այն էլ` իր պատմական զարգացման գեթ մի շրջանում, որ ամենակենդանի հավատ չունենար խոսքի մոգական զորության հանդեպ: Թե՛ անցյալում, թե՛ այժմ այդ հավատն այնքան է տարածված, որ ժողովուրդների մասին խոսելիս ստիպված ենք անքակտելի համարել այն խոսքի բուն գործածությունից ու լեզվի բուն կյանքում անհրաժեշտ պահ տեսնել նրանում: Հետևաբար, մեր շարադրանքն առավել բնական կլինի, եթե մենք, կյանքի համաժողովրդական ըմբռնմանը, համամարդկային բանականությանը ընդհանրապես հարելով, առաջադրված հարցում ևս խոսքի հանդեպ որպես հիմք ընդունենք ոչ թե պոզիտիվիզմի ժխտական հայացքը, այլ ողջ մարդկության դրական հայացքը և ապացուցման ծանրությունը դնենք նրանց վրա, ովքեր, ողջ մարդկությունից զատվելով, պատմական ընդհանուր ավանդմանը հակառակ պնդում են խոսքի անզորությունն ու դատարկությունը:
Մեր ժամանակակիցների մեծամասնությունը, անհավատալիորեն ճնշող մեծամասնությունը, եթե նրանք ճաշակել են այն, ինչը «գիտական աշխարհայացք» է կոչվում, խիստ համոզված է, որ բառը, եթե ի զորու է ներգործելու, ապա սոսկ որպես ռացիոնալ իմաստ, ընդ որում, գրեթե չի մտածվում ո՛չ այդ իմաստի մի գիտակցությունից մյուսին փոխանցման եղանակների, ո՛չ այն ներքին պրոցեսների մասին, որոնցով գիտակցության մեջ հնա- րավոր է լինում իմաստի բացահայտումը: Հարցի այս ծայրահեղ պարզեցման թաքնված ելակետը ընդհանուր աշխարհընկալման կարտեզյան դուալիզմն է, որից, բնականաբար, չի կարող խուսափել և մասնավորը` բառի խնդիրը: Մարդը կազմված է նյութից, որ զուտ մեխանիկական բնույթ ունի, և հոգուց, որի էությունը նրա գիտակցականությունն է սոսկ: Միմյանց հետ անհամեմատելի երկու սուբստանցիաները, Դեկարտի res extensa-ն ու res cogitans-ը, թեկուզ և իրենց հստակությունը կորցրած, այնուհանդերձ մինչ օրս տիրապետող են մտավորականության լայն շրջանակների աշխարհընկալման մեջ, և այդպիսիներին ներկայանում է որպես ինքնին ակնհայտ ճշմարտություն, որ նյութական իրականության պրոցեսների և իմաստի միջև, որ բացահայտվում է գիտակցության մեջ, ոչ մի ընդհանուր բան, ըստ էության, լինել չի կարող: Բայց եթե հոգու և մարմնի միջև ոչ մի ընդհանուր բան չկա, ապա առավել ևս ոչ մի ընդհանուր բան չկա նաև մեկի ու մյուսի ստեղծագործությունների միջև: Եթե մարդն ինքը բուն իմաստով մեկ ամբողջ չէ, ապա առավել պակաս ամբողջություն կլինի նրա խոսքը: Ահա բառի ոչ-ամբողջականության, նրա` իբրև օրգանապես չկապված արտաքին թաղանթից ու ներքին բովանդակությունից կազմված մի բան լինելու այս ընկալման մեջ է գլխավոր արգելքը` հասկանալու բառի մոգականությունն ու նրա ազդման առավել քան սոսկ ռացիոնալ կերպը` գիտակցության, հոգու, մարմնի ապա և արտամարդկային բնության վրա: