Բառի մոգականությունը (հատվածներ գրքից)
Տերմինը` որպես բառերի բառ, որպես սեղմված բառ, որպես բառի ամենաէական խտացված հյութ, առավելապես հոգեկան կյանքի այդպիսի մի տեսակ խտացուցիչ է: Բառի իմաստույթի մասին վերը ասվածը առավել սաստկությամբ հարկ է կրկնել տերմինի վերաբերյալ: Դրանից զատ, հարկ է այստեղ հավելել այն պատկերացումը, որ կամքի ինքնակենտրոնացումը տեղի է ունենում ոչ միայն նրա հաջորդական խտացումով, այլև ընդհատաբար, նրա կյանքի այլ հարթությունների անցումով, որակապես տարբեր բնույթ ունեցող անկումներով ու թռիչքներով: Այդ պատճառով բնավ հնարավոր չէ հասնել մոգության որոշ ներգործությունների` սովորական բառեր գործածելով, ինչպիսին էլ որ լինի այդ պարագայում կենտրոնացմանն ուղղված անձնական ջանքը. կամային սևեռման պահանջվող աստիճանն այստեղ մեկ այլ «աճման տեսակի» է, քան այն, որ մենք ունենում ենք սովորական բառեր գործածելով, ու թեև մեր կողմից հնարավոր է զորացման ինչ¬որ աստիճան` ցանկացած տրվածություն գերազանցող, բայց այնուամենայնիվ, զորացումների ուղին ինքը շատ ավելի վար է մնում նրանից, որով ձեռք է բերվում որոնելի ներգործությունը: Միայն կենտրոնացած, ավելի բարձր կարգի համադրվածության բառով կարելի է անգամ անձնական ջանքերի, առանց ճիգի, դյուրին և նույնիսկ անփութորեն ստանալ կենտրոնացման պահանջվող աստիճանը. որքան էլ փչես ածուխը` թող որ իր ողջ զանգվածով, ասենք, եռման ջրում տաքացրած, այն չի այրվի, և վառարանը չվառված կմնա, բայց, եթե նույն այդ ածուխը վառված է թեկուզ մի կետում, ապա թեթև փչելով էլ նրա ողջ կույտը կվառվի, և վառարանը կտաքանա, ճաշը կեփվի, ածուխն էլ ածխաթթվի ու մոխրի կվերածվի: Այդպես էլ որոշ աստիճանի մոգական գործողություն բնավ տեղի չի ունենա, քանի դեռ թեկուզ և մեծ քանակով առկա էներգիան դրա մակարդակը հայտնի աստիճանի հասցնող որոշակի եղանակով կազմակերպված չէ. իսկ այդժամ, թեթևորեն ու առանց ջանքի այն իր կարիքն ունեցող դաշտերը կհորդի և ինքնըստինքյան, «ասես խաղալով ու խայտալով», մոգական մարգագետիններ կաճեցնի: Եվ եթե բոլոր բառերի մեջ համադրվածության առավել բարձր աստիճան ունեն անունները` անձնանունները, ապա բնական է մտածել, որ մոգական հզորության հաջորդ աստիճանին, տերմիններից ու բանաձևերից հետո (իսկ բանաձևը, հիշեցնեմ, այլ բան չէ, քան նույն այդ տերմինը, բայց ծավալված տեսքով) գտնվում են անձնանունները: Անուններն իրոք որ միշտ և ամենուր մոգության առավել նշանակալից միջոցն են կազմել, և չկան մոգական գործողություններ, թերևս ամենանախնականներից բացի, որ հնարավոր լինեին առանց անձնանունների: Այս պարագայում մենք կարիք չունենք վեճի մտնելու, թե բուն անուններն են արդյոք իրենց ներգործությունն ստեղծում` in abstracto առնված, թե ներգործման ուղիներն այստեղ ավելի բարդ են և բառերի միջոցով են միայն իրենց ավարտին հասցնում այն: Այս հարցն ինքը նման երկընտրանքայնությամբ սխալ դրված կլիներ, քանզի բառն ասված կամ գրված պիտի լինի, իսկ դա անհնար է առանց հասարակական միջավայրի:
Ահա ինչու անունների ու դրանք կրողների համապատասխանության ընդունումը իբրև փաստ շտապեմ հանգստացնել չափազանց վախվորածներին, դեռևս այդպիսով անունների մետաֆիզիկական բացարձակ բնության ընդունում չէ: Անունների` որպես մարմնի և հոգու անհատական շինվածքի տեսակների մասին խոսելու համար կարիք չկա անունների մեջ անպայմանորեն մետաֆիզիկական էություններ տեսնել, քանզի բավական է ընդունել այն, որ նրանք պահում են իրենց որպես էություններ: Կարելի է նույնիսկ ընդհանրապես ժխտել անուններն իբրև ինքնու- րույն էներգիաներ և դրանով իսկ վճռաբար մերժել անուններն իբրև էություններ (քանզի, ըստ Ս. Հայրերի խոսքի. «միայն չգոյությունը չունի էներգիա»), կարելի է ամենաանզուսպ նոմինալիստական տեսակետին լինել, կարելի է ընդհանրապես ոչ մի մետաֆիզիկա չընդունել, և այնուամենայնիվ, անվանաբանության հիմնական դրույթներն իբրև իրականության ճշմարիտ ընդհանրացումներ ընդունել: Եվ սակայն, ինչպես անունների` որպես մետաֆիզիկական էությունների ընդունման դեպքում է նրանց բնության մետաֆիզիկական ու իմացաբանական պարզաբանում պահանջվում, ճիշտ այդպես էլ անունների մետաֆիզիկական բնույթի ժխտման դեպքում պահանջվում է բացատրել, թե ինչպես է տեղի ունենում այն, որ անուններն ասես ունեն իրենց էներգիան և ասես գոյաբանական են. «ասես» ունենալ և «ասես» լինել` նշանակում է «չունենալ» և «չլինել»: Էմպիրիկ բացատրության խնդիրն է ի հայտ բերել, թե հատկապես այդ ինչ եղանակով են անունները էներգիա ունեցող ու գոյաբանորեն գոյող պատկերանում:
Ակնհայտ է, որ իրենց էներգիան չունենալով` նրանք պիտի ընկալվեն որպես ինչ-որ այլ էներգիաների կեղծ աճպարարություններ, և, իրենց էությունը չունենալով` որպես ինչ¬որ այլ էությունների հայելային արտացոլանք: Եվ քանի որ սոցիոլոգիական երևույթների էմպիրիկ ուսումնասիրության համար (որի մեջ են մտնում նաև անվանաբանական երևույթները) միակ ռեալությունը համարվում է հասարակական միջավայրը, իսկ միակ էներգիան` այդ միջավայրի էներգիաները, ուստի և ողջ խնդիրն այն բանի բացատրությանն է հանգում, թե այդ ի՛նչ եղանակով են հասարակական միջավայրի էներգիաները «անուններ» կոչվող կեղծ աճպարարությունների մեջ կուտակվում, և ինչու են այդ աճպարարությունները, կեղծ լինելով հանդերձ, ռեալություններ թվում:
– Անունները ռեալություններ չեն, – պնդում է էմպիրիկը:
– Թո՛ղ որ այդպես, բայց մարդկությունը այդպիսին է համարում դրանք:
Անուններն էներգիա չունեն, – շարունակում է էմպիրիկը:
– Թո՛ղ որ այդպես, բայց մարդկությունը որպես այն ունեցող է ընդունում դրանք:
Հետևաբար անունները անձի ստեղծագործ բանաձևը չեն կարող լինել, – իր նախադրյալներից եզրակացություններ անելով` դատում է էմպիրիկը:
– Ճիշտ հակառակը. ժողովրդական համոզմունքները բավական են, որ անուններն անձի ստեղծագործ կազմավորման օջախներ դարձնեն: Իրականում, մարդկությունը մտածում է անուններն իբրև սուբստանցական ձևեր, իբրև իրենց կրողներին` ինքնին որակազուրկ սուբյեկտներին կազմավորող էություններ: Դրանք կեցության կատեգորիաներ են: Բայց եթե հասարակական միջավայրը դրանք կատեգորիաներ է համարում, ապա դա արդեն բավական է, որ անունները հասարակական իմպերատիվներ դառնան: Իսկ միջավայրի կողմից անհատին ասված իմպերատիվն արդեն իսկ ստեղծագործ խոսք է: Անուններն, այսպիսով, ստեղծագործ «եղիցի» են դառնում` հասարակության մեջ նրա անդամներին կաղապարող: Անուններն, ուրեմն, նորմատիվ նշանակություն ունեն, և այն ամենը, ինչ չափազանց կարծր է անունների դրոշմին ենթարկվելու համար, կա՛մ հասարակությունից դուրս է նետվում ու ոչնչանում, կա՛մ ինքն է նոր, ավելի կոշտ կլիշեների սկիզբ դառնում հաջորդ սերունդների համար: Եթե մանկիկը, օրինակ, Նապոլեոն է անվանակոչված, ապա մանկությունից սկսած նրանից ինչ-որ նապոլեոնյան բան կսպասվի և ամեն դեպքում կժխտվի նրա անձով նապոլեոնության ուղղակի ժխտումը: «Նապոլեոնի նմանությամբ» մանկան պիտակավորումը տեղի է ունենում ամեն ժամ, ամեն րոպե ու ամեն տեղ, բոլորի կողմից, ժողովրդի հավաքական կամքով, ինչպես զանգվածային հիպնոս, այնպես որ չի կարող նրա վրա չանդրադառնալ ու նրա մեջ ինչ-որ նապոլեոնություն չմշակել: Վարք սրբոցը` վերին բևեռի մոտ, և չարաբանությունները` ստորինի, հեքիաթի, առածի ու ասացվածքի տեսակները, գրական տեսակները, կենցաղային դիտարկումները և այլն, և այլն, – այս ամենը որոշակիություն է տալիս ժողովրդական պատկերացմանը այս կամ այն անվան բնույթի վերաբերյալ: Անուններն իրենց ներսում որոշակի են ու ավարտուն. յուրաքանչյուր անուն իր առանձնահատուկ, ինքնապարփակ աշխարհն է: Սա մարդկության առաջին նախադրյալն է: Իսկ երկրորդն ասում է, որ անունը որպես այդպիսին, այսինքն ցանկացած անուն, անպայմանորեն գործուն է, իր կրողի վրա առանց ներգործության մնալ չի կարող: Այստեղից, ինչպես ասվեց, բխում է իմպերատիվը` եթե անուններն ընդհանրապես գործուն են, եթե Իվանները, Պավելներն ու Ալեքսանդրները այսպիսին ու այսպիսին պիտի լինեն, ապա յուրաքանչյուր Իվան, Պավել, Ալեքսանդր և այլն չեն կարող յուրաքանչյուրն իր անվան հետ համապատասխանության մեջ չլինել: