Բառի մոգականությունը (հատվածներ գրքից)
Բայց ի՞նչ է բառը մեծամասնության կարծիքով: Հաջող կամ անհաջող մշակված որոշակի իմաստ, ճշգրիտ կամ տարտամ ձևակերպված ինչ-որ հասկացություն, որ արտաքին և հասկացության հետ արտաքնապես կապված ազդանշանի, իր նշանակած իմաստի հետ միանգամայն պայմանականորեն միացած հնչյունական նշանի միջոցով է փոխանցվում ուրիշին, թեև այդ պարագայում բացարձակապես անհասկանալի է մնում, թե այդ ինչպե՛ս կարող է նույնիսկ պայմանականորեն կապակցելի լինել այն, ինչը ներքնապես ոչ մի կապ չունի. և հետևաբար շնորհիվ այն բանի, որ պայմանն ինքը կա՛մ այս, կա՛մ այն կողմից` կա՛մ նյութապես-մեխանիկորեն, կա՛մ ռացիոնալ-տրամաբանորեն պետք է դրվի, ամուր միացություն կազմել չի կարող: Այս տեսակետից ըստ էության ճիշտ կլիներ պարզապես ժխտել հենց բառի գոյությունը, ինչպես որ կարտեզիականության մեջ առավել հետևողական կլիներ պարզապես չընդունել մարդուն. սակայն թե՛ մեկ, թե՛ մյուս դեպքում իրականությունն իր մասին չափից ավելի հարկադրիչ կերպով է վկայում կամ եթե կուզեք, չափից ավելի դժվար կլիներ համամարդկային հայեցակերպին չենթարկվել, և փոխզիջումային կերպով բառի գոյությունը, ինչպես և մարդու գոյությունը, չի ժխտվում, թեև լռության է մատնվում այդ գոյության անըմբռնելիությունը և դեռ ավելին, դրա անընդունելիությունը դուալիզմի շրջանակներում: Բառն այս դեպքում, իբրև հասկացություն, ինչ-որ բան է` անելանելիորեն փակված անուժ ու անիրական մի սուբյեկտիվության սահմաններում, որը, եթե մինչև վերջ արտահայտենք այս միտքը, տեղ չունի կեցության մեջ: Իսկ մյուս կողմից, իբրև ազդանշան բառը ֆիզիկական բնույթի որոշակի նվազագույն էներգիա է` ձայնային էներգիա, և առհասարակ ամենանվազ գործունը, տվյալ դեպքում այնքան փոքր, որ նրա իբրև արտաքին աշխարհի ուժի հետ թերևս հաշվի նստել իսկ չարժե: Հանուն մեծահոգության մեր կողմից հուշենք նաև այդ էներգիայի չնչինության ճշգրիտ հաշվարկը. 50 գր. ծանրությունը 1 մետր ուղղահայաց իջնելիս, այնքան էներգիա է զարգացնում, որ կբավականացներ սովորական ձայնով հնչյունի արտաբերմանը տասը հազար տարի անընդմեջ. այլ կերպ ասած, եթե սովորական գլխարկը սեղանից գետին ընկներ, ապա, անկման էներգիան օգտագործելով ու ձայնագրի նման ինչ-որ սարքի օգնությամբ այն փոխակերպելով, կարելի կլիներ այդ սարքին ստիպել նշված իրադարձության մասին պատմել տասը հազար տարի առանց լռելու: Ուստի և, կշտապեն եզրակացնել մեր հակառակորդները, ուստի և բառն իսկապես էլ իբրև արտաքին ուժ ավելին չէ, քան «սոսկ բառ», դատարկ բառ, flatus vocis – ձայնի շունչ, միջնադարյան նոմինալիստների բնորոշմամբ nihil audibile – ոչինչ, թեև լսելի` լսելիությունից զատ, սակայն, խոսողի սուբյեկտիվության սահմաններից անցնող որևէ այլ հետևանք իհարկե չունեցող: Չնայած ֆիզիկական իր չնչին հավելուկին, բառը չի կարող իսկական ռեալություն համարվել և վերացականորեն առնված իմաստ է միայն:
III.
Բերված առարկությունների դեմ անձամբ ինձ համար ես չէի էլ պաշտպանի բառի ֆիզիկական գործունությունը, քանզի իմ աշխարհայացքում ֆիզիկականը որպես այդպիսին, այսինքն`ոգեղեն ու օկկուլտ էներգիաներով չներթափանցված, ընդհանրապես գոյություն չունի, և կարծում եմ, որ ոչ թե մոգականն է հարկավոր ֆիզիկական պատճառներով բացատրել, այլ ընդհակառակը, այսպես կոչված կամ պրոֆաններին այդպիսին թվացող ֆիզիկականն է ենթակա բացատրվելու մոգական ուժերի միջոցով: Բայց, քանի որ խնդիրն այստեղ սիմվոլիկ կենսաըմբռնման ուղուն է վերաբերում, անօգուտ չէ շարադրանքի կարգով դիալեկտիկորեն հաղթահարել բառի դեմ վերը բերված նախապաշարումը: Իրականում չի՞ մեղանչում արդյոք այն, ինչպես և մեր ժամանակակիցների ողջ աշխարհայացքը, ոչ թե ընդդեմ ֆիզիկայի ընդհանրապես, այլ թերմոդինամիկայի երկրորդ օրենքի` մասնավորապես որակի և բնույթի կամ, եթե կուզեք, ձևի կատեգորիաների հանդեպ կոպիտ քամահրանքով: Կարծես թե բնության տնտեսության մեջ ամբողջ հարցը էներգիայի քանակն է սոսկ` որակից, բնույթից, ձևից կախում չունեցող, այն դեպքում, երբ թերմոդինամիկայի երկրորդ օրենքի ողջ իմաստը հենց այն բանի առաջնային կարևորության սահմանումն է, թե հատկապես ինչ տեսքով է ներկայացված էներգիայի տվյալ քանակը: Նույնիսկ հազարավոր քառակուսի կիլոմետրերով մակերևույթից հարյուրավոր տարիներ ստացվող արևի ջերմությունն անկարող է վառոդի մեկ փշրահատիկ անգամ բոցավառել, այն դեպքում, երբ թեկուզ տասը քառակուսի սանտիմետր մակերևույթից
արևի ճառագայթման էներգիան հավաքած ուռուցիկ խոշորացույցը մի քանի վայրկյանում կարող է վառոդի պահեստներ պայթեցնել ու մի ողջ քաղաք ոչնչացնել: Մի՞թե դժվար կլիներ ստեղծել այնպիսի սարք, որը որոշակի բարձրության ամենաթույլ ձայնին արձագանքեր և անվրդով հանգստի վիճակում մնար զենքի որոտման ժամանակ: Բանալիով գրեթե առանց ջանքի է բացվում չհրկիզվող պահարանը, կացնի հասցրած ամենածանր հարվածները, սակայն, մատչելի չեն դարձնի պահարանի պարունակությունը: Կարիք կա՞ արդյոք միլիոն- մեկերորդ անգամ հիշեցնելու, որ «Մոսկվան կոպեկանոց մոմից հրդեհվեց», այն դեպքում, երբ դոմնային վառարանների կրակն իսկ նրա անխաթարությանը չի վնասի: Դեռ ավելին, կարելի է էներգետիկայի մեջ ուղղորդիչ ուժերի մասին հասկացություն ներմուծելով` էներգիայի նույնիսկ նվազագույն քանակներ պատկերացնել, որ հզորագույն գործողություններ են առաջ բերում. Կլերկ Մաքսվելի բաշխիչ¬դևերի, այսինքն` մոլեկուլների միջև շարժվող մոլեկուլյար փոքր էակների գունդը, նույնիսկ առանց էներգիայի որևէ ծախսի, ոչ անգամ նվազագույն ծախսով կարող է մոլեկուլների կինետիկ էներգիան վերաբաշխել այնպես, որ նյութական միջավայրի ցանկացած կետում ջերմաստիճանի ցանկացած բարձրացում կամ իջեցում, քիմիական կազմի փոփոխություն, ընդհանրապես ֆիզիկական ողջ պատկերի փոփոխություն առաջ բերի այդ դևերին հաղորդված ուղղությամբ: Բավական էր հրամայել այդպիսի էակներին կատարել ցանկացած պոզիտիվիստի կողմից միանգամայն ընդունելի մի շարք զուտ ֆիզիկական գործողություններ և արդյունքում կստացվեր ինչ-որ, այդպես այն կգնահատվեր, անշուշտ մոգական բան: Ուրեմն ինչո՞ւ ժխտել այն միտքը, որ էներգիան` բառի ձայնային էներգիան, կարող է հենց որոշակի ազդեցության ուղղված լինել և իրագործել այն, չնայած իր քանակական չնչինությանը, թեև հարկ է ավելացնել և այն, որ նշանակալիության կամ չնչինության մասին հասկացությունն ինքը պայմանական է: Մինչդեռ ձայնային առումով, բառը ոչ թե ընդհանրապես ձայն է, ոչ թե ինչ-որ ձայնային էներգիա, այլ ընդհակառակը, չափազանց մշակված ձայն է, միանգամայն նրբորեն կազմակերպված, որոշակի ու խիստ տարբերացված կառուցվածքով և, հետևաբար, եթե Օստվալդի հետ միասին խոսենք «ձևի էներգիայի» մասին, ապա, այդ իմաստով մեծ ինտենսիվությամբ օժտված ձայնային էներգիա:
Բառը, առերևույթ ամենապարզը, ինչպես արդեն տեսանք. հնչյունների բարդ ու հարուստ մի աշխարհ է, սակայն այդ աշխարհը մեր կողմից որպես անհունորեն ավելի լեցուն ու բազմակերպ կգնահատվեր, եթե մեր լսողությունը այսքան քիչ սովորած չլիներ տարբերելու ձայնային փոքր միջակայքերը: