Բառի մոգականությունը (հատվածներ գրքից)
Եթե մենք, օրինակ, կարողանայինք տարբերել գոնե քառորդ տոները, ինչպես դա սովորական է իրենց լսողությունը արևելյան գամմայով դաստիարակածների համար, ապա այդժամ իսկ բառի ելևէջումները մեր կողմից կընկալվեին որպես երաժշտական բարդ ստեղծագործություններ, որ իրենց կարճատևությամբ են միայն թվում մանրանկարային, բայց որ ժամանակի երկարաձգման դեպքում, ինչպես օրինակ, հաշիշի ընդունումով, ներկայացնում են բարդագույն մի ամբողջություն` հնչյունների ինչ-որ սիմֆոնիա: Հնչյունների ողջ այս միահյուսման ավարտուն կազմակերպվածությունը, նրա հստակ գծագրված անհատականությունը, ամենափոքր մանրամասներում իսկ նրա ոչ-պատահականությունը երևում են, ի դեպ, նրանից, որ հնչյունների ամբողջական համալիրի ամենափոքր փոփոխությունն իսկ, այն փոփոխությունը, որ ֆիզիկական անալիզի միջոցներով հազիվ թե հաշվի առնվի, իսկույն ընկալվում է ականջով. աղմուկի, ճիչերի ու բազմաթիվ ձայների մեջ մեզ համար դժվար չէ որոշակի, մեզ ծանոթ ձայնի հետևել, և նրա երանգի ամենափոքր փոփոխություններն իսկ` օրինակ խռպոտումից, բերանի փակ լինելուց, այլայլումից կամ ուրախությունից, ու ձայնի ամենանուրբ, երբեմն ջանադրաբար թաքցվող հնչերանգները հաշվի են առնվում, չնայած մեզ շրջապատող հնչյունների ալեկոծվող ծովին: Կասկածից դուրս է, որ հնչյունը այս կամ այն կերպ, բայց հասնում է մեր ականջին և մեր գիտակցությանն է հանգում որպես անհատական մի ամբողջություն, եթե միայն առաջ է եկել որպես այդպիսին: Մեր «լսողական ապարատի» վերլուծական գործունեության մասին հելմհոլցյան ուսմունքը, այսինքն` ուսմունքն այն մասին, որ ցանկացած բարդ հնչյուն կորտյան օրգանին հասնելով, իբրև թե տարրական տատանումների է տարբաղադրվում այնպես, որ երբ բազմաթիվ հնչյուններ են արձակվում, ապա նրանցից յուրաքանչյուրի տարրական բաղադրիչները կենտրոնական նյարդային համակարգ են թափանցում չտարանջատված, միագումար կերպով, որպես անհատականորեն որոշյալ տարբեր հնչյուններից առաջ եկող նույնասեռ տարրական տատանումների կուտակում, – այս ուսմունքը կատարելապես անհասկանալի է դարձնում, թե այդ ինչպես ենք մենք, հնչյունի այդ տարբաղադրումից ու անհատական ձևի լրիվ ջնջումից հետո այնուամենայնիվ շարունակում միահյուսվող հնչյունների քաոսը իրենց մեջ ներփակ անհատականությունների բաժանել, ընդ որում, դրանք ընկալում ենք մեծագույն որոշակիությամբ` չխառնելով դրանք իրար հետ ու չջնջելով դրանց սահմանները: Մինչդեռ եթե նույնիսկ հնչյունային անթիվ անհատականություններից յուրաքանչյուրի հոգեբանական վերակառուցման միանգամայն անհավանական ընդունմանը դիմեինք, ապա նման ընդունումով իսկ ոչնչի հասած չէինք լինի, քանզի եթե հնչյունական ձևը կենտրոնական նյարդային համակարգին իսկապես բոլորովին չի հասնում (իսկ ըստ Հելմհոլցի`հենց այդպես էլ պետք է մտածել), ապա հնարավոր չէ նաև հնչյունային սինթեզը` որպես միանգամայն կամայական, ոչ մի առումով իր համար որևէ օբյեկտիվ տվյալ չունեցող և, հետևաբար, ամբողջովին սուբյեկտիվ քմահաճույքի, կամայականության ու պատահականության վրա հենվող, իսկ ավելի ստույգ` ընդհանրապես անհնարին. կառուցել, թող որ կամայականորեն, իրականում կարելի է միայն այն դեպքում, երբ կառուցումների համար մի որևէ օրինակ ունենք, թեկուզ ոչ տրված, այլ սոսկ նույն կարգի: Բայց, եթե իրականությունը իսկապես չի տալիս նման ոչ մի բան, եթե ընկալման մեջ հնչյունական ձևի նշույլ իսկ չկա, ապա անհասկանալի է դառնում, թե նման բանի մասին միտքն ինքը ինչու և ինչպես կարող է ծագել: Այլ կերպ ասած, կա անհատական հնչյունական ձև` որպես ինչ-որ օբյեկտիվ ուժ, որպես այն գլխավորը, որ լսողական ընկալում է տալիս, որ կազմակերպում է հնչյունը և հնչյունական տարրերը, ինչ էլ որ դրանք լինեն, մեկ միասնական ամբողջության մեջ համախմբում, և այդ ամբողջությունը մեկ անգամ առաջ եկած լինելով` կայուն կերպով ապրում է աշխարհում որպես ինչ-որ անհատ, որպես մի օրգանիզմ:
IV.
Պատահական չէ, որ «օրգանիզմ» բառը դուրս թռավ իմ բերանից: Բառի ռեալության ընդունելը կամ չընդունելը հարցադրման սրությամբ վերջին հաշվով ուղղակի այն հարցին է հանգեցնում, թե բառը օրգանիզմ է, քանզի հակառակ դեպքում, եթե մենք չընդունեինք այն որպես այդպիսին, այսինքն, նրանում ամբողջականություն չտեսնեինք, ստիպված պիտի լինեինք ճանաչել այն իբրև արտաքին էներգիաների միացություն, ուստի և պատահական ու որևէ կայունությունից զուրկ: Բառի` որպես օրգանիզմի մասին հարցադրումն իր երկար պատմությունն ունի դեռ հին ժամանակներում և աշխույժ քննարկումների առարկա է եղել հենց «մարմնականություն» տերմինի հետ միասին: Մարմնակա՞ն է արդյոք ձայնը, մարմնակա՞ն է արդյոք բառը` հարցնում էին հները` ցանկանալով դրանով մեր լեզվով ասել, թե ունի բառն արդյոք իր մարմինը, այսինքն, կազմում է բառն արդյոք աշխարհում ինչ-որ կայուն բան, թե ոչ:
Եվ այս հարցին նույնիսկ Լուկրեցիուս Կարուսը պատասխանել է. «Corpoream quoque enim vocem constare fatendum est- հարկ է ընդունել, որ նույնպես և ձայնը մարմնական գոյություն ունի»: Մինչդեռ բառի այս մարմնականությունը մտավորականների մեծ մասը չի տեսնում, և նրանց թվում է, թե բառը, ֆիզիկական առումով, չափազանց ցայտուն կերպով միմիայն պրոցես է, այլ ոչ թե կայուն գոյացություն: Ձայնային ալիքներից հյուսված օդեղեն մարմինը երազ է թվում: Բայց եթե կայունության ընդունման համար նման ժխտողներին անպայմանորեն նյութական նույնականութուն, այսինքն, ստեղծված մարմնի կազմի մեջ մտնող նյութական մոլեկուլների կարգահամարային ինքնանույնություն է անհրաժեշտ, ապա ստիպված չպիտի՞ լինեին արդյոք նույն այն հիմքի վրա, որից ելնելով նրանք ժխտում են բառի օրգանականությունը, ժխտելու նաև իրենց սեփական գոյությունը` որպես օրգանիզմ, քանզի իրենց սեփական մարմինը ևս, չխոսելով արդեն հոգու բաղադրության մասին, անընդհատ հոսում է ու անընդմեջ ծորում` փոխարենը մշտապես ստանալով նորանոր պարունակություն- ներ: Մեր մարմինն իսկ հուսալիորեն կայուն այդ ի՛նչ մի բան է, – թերևս, եթե անընդհատ նորացման պրոցես է միայն, – որ իբրև հարաբերակցությունների ու ֆունկցիաների ինչ-որ ինվարիանտ, այսինքն` ըստ ֆիզիկա-քիմիական պրոցեսները կազմակերպող կերպի է ինքն իրեն նույնական մնում, բայց ոչ երբեք իր տարրերի կարգահամարային նույնականության իմաստով. և այն էլ, թե ինչ է նյութականի կարգահամարային նույնականությունը, դեռ պարզաբանման շատ ու շատ կարիք ունի, առավել ևս, որ պարզապես ժխտվում է էներգաբանների կողմից: Իսկ այժմ խիտ նյութի այս հոսքը մեր մարմնի միջով համեմատաբար դանդաղ է կատարվում (մարմնի լրիվ նորացումը յոթնամյա ժամկետում է տեղի ունենում), այն դեպքում, երբ կիսահեղուկ, ընդ որում` փոքր չափերի մարմնով օրգանիզմներում այն անհամեմատ ավելի կարճ ժամանակահատվածում է հոսում, թեև դրանից այդ օրգանիզմները չեն դադարում ներքին, ինվարիանտային կառուցվածք ունեցող օրգանիզմներ լինել: Բայց և այնպես, կասեն մեզ, այդ օրգանիզմները բաղկացած են կոլոիդային նյութերից ու հեղուկներից, այն դեպքում, երբ նրանց բաղադրության մեջ մտնող գազերը տվյալ օրգանիզմին հատուկ որևէ կառուցվածք չունեն: Այս վերջինը կարելի է կասկածի տակ առնել. բայց, այս հարցի վերաբերյալ վեճի մեջ չմտնելով` մենք կկասեցնենք հարվածն այն պատկերացմամբ, որ եթե դա այդպես է, ապա այն պատճառով, որ օրգանիզմի գազերում տեղի ունեցող պրոցեսները բավականաչափ ինտենսիվ չեն, որպեսզի դրանց կառուցվածք հաղորդվի: Ահա, օրինակի համար, չէ որ կառուցվածք, կայունություն ու ձև ունի, ասենք, ծխամոլի բերանից բաց թողնված հողմապտուտաձև գալարքը և կարող է գոյություն ունենալ ինչպես հեղուկի, այնպես էլ գազի մեջ. իսկ ինչո՞ւ սկզբունքորեն նման հողմապտույտ գոյացությունը չէր կարող ինչ-որ կենդանի օրգանիզմի մարմինը լինել: Ինչո՞ւ է նախապես բացառված այդ կամ նման գազային, գոլորշային կամ ծխային էակի լինելու հնարավորության դեպքը: Եթե կան թզուկներ ու հավերժահարսեր, ինչո՞ւ ուրեմն չընդունել սիլֆերին ու սալամանդրերին: Իսկ որ գազային էակներ իրոք կան, արդեն նշվել է բոցի առնչությամբ. բոցն իր կառուցվածքն ունի, բոցում ջերմության անջատման պրոցես է տեղի ունենում և մի շարք ուրիշ բարդ պրոցեսներ, այն այրվող նյութով է սնվում, այն շնչում է` թթվածնով այրելով այդ նյութը, այն իր համար որոշ պաշտպանություն է պահանջում, ինչպես ասենք տնակը, այն բազմանում է և այլն, և այլն: Վերջապես, անցկացրեք ձեր մատը բոցի միջով, և թեթև դիմադրություն կզգաք, ասես ինչ-որ առաձիգ պատյան կամ թաղանթ եք ճեղքում, որ գրկում է բոցը մի տեսակ մաշկի պես և վերստին աճում` դրա միջով մեր մատն անցնելուն պես: Մեր սեփական օրգանիզմը հազվադեպ չէ, որ համեմատվել է բոցի հետ, սակայն այդ ընթացքում մոռացվել է, որ հետևաբար նաև հակառակն է, կարելի է բոցը համեմատել մեր էության հետ, որ ներքուստ, այլ ոչ թե սոսկ արտաքին դրսևորումներով է մեզ հայտնի: Այժմ այդ համեմատությունը կատարվում է, իսկ մենք նոր օժանդակ միջոց ենք ստանում բառի մեջ տեսնելու օրգանիզմ, առավել ճշգրիտ` մեր ձայնական օրգաններից անջատվող, ձայնախոռոչներում ծնվող կենդանի էակ: Այդժամ, սակայն, կասեն` հապա մյուս ձայնե՞րը: Թե՞ նրանք նույնպես իբրև կենդանի էակներ պիտի դիտարկելի լինեն: Իսկ թե այդպես է, որո՞նք են այդ դեպքում կյանքի սահմանները, և դրանով իսկ չի՞ ոչնչացվում արդյոք կենդանի էակի հասկացությունը: Չգիտեմ, և ինչ վերաբերում է ինձ, ապա ես ոչ մի նման բան չեմ ասել, և դեռ խիստ հարց է` կասե՞մ արդյոք. ամեն դեպքում, այժմ դրա համար տվյալներ չունեմ: Ինչ վերաբերում է ինձ, ապա ես ամենից առաջ պնդում եմ բառի յուրահատկությունը. այն ընդհանրապես ձայներից մեկը չէ, ընդհանրապես ձայն չէ` բնության մյուս ձայների մեջ, այն անգամ տարերայնորեն արձակվող ճիչ չէ, այլ կատարելապես որոշակիորեն հոդաբաշխ ձայն է` կենդանի ու բանական-գիտակից էակի կողմից արտաբերվող: Կրկնում եմ, բառը արձակվում է կենդանի մարդու ձայնային օրգանից է արձակվում: Ինչպե՛ս թե` կհարցնեն. չէ՞ որ կարող է և խոսքի մեխանիկական առաջբերում լինել ձայնարկիչով: Այո, բայց այն դեպքերում, երբ խոսքը սարքով, օրինակ, ձայնարկիչով է առաջ բերվում, վերջին հաշվով, այնուամենայնիվ կենդանի շուրթերից է բխում` միայն թե անորոշ ժամանակով ձայնարկիչի մեջ այսպես ասած հապաղած, և այդ հապաղումը սկզբունքորեն քիչ բանով է տարբերվում նման մեկ ուրիշից, երբ մենք խոսում ենք էլեկտրական հեռախոսով կամ ռադիո-հեռախոսով, կամ, սովորական հաղորդակցությանը ավելի մոտենալով, գծային հեռախոսով, կամ, ավելի մոտ` խողովակով օդային հեռախոսով, կամ, էլ ավելի մոտ` խոսափողով ու լսափողով և, վերջապես, օդային տարածության միջով, երբ խոսքը դարձյալ մեր լսողությանը չի հասնում ակնթարթորեն, այլ անցնում է հենց միջանկյալ միջավայրով: Ակուստիկ բոլոր սարքերն ավելին չեն, քան միջանկյալ միջավայր խոսողի ու լսողի` երկու կենդանի էակների միջև: Բայց, չնայած ձայնարկիչի խոսքից մինչև սովորական խոսքն ընկած հիշյալ սկզբունքային անընդհատականությանը, այսքանից անդին պնդելու հիմքեր ես չունեմ, եթե որևէ մեկն սկսի այս կամ այն միջոցներով անցած խոսքի մոգական գործունության առավել էական աստիճանավորում պահանջել. միանգամայն հավանական եմ համարում նման աստիճանավորման առկայությունը, չգիտեմ սակայն, թե որքան ամբողջական է այն ուսումնասիրված (հեռախոսով ներազդումը փոխանցելու փորձեր կան): Անկասկած է, որ մոգական առնվազն ցածր կարգի ազդեցությունների համար հեռավորությունների պարզ փոփոխումն անգամ աննկատ չի մնում: