Ռուբիկոն

Բառի մոգականությունը (հատվածներ գրքից)

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Ի մի բերենք ողջ ասվածը: Այն ամենն, ինչ բառի մասին հայտնի է մեզ, մղում է հաստատելու նրա լիցքավորվածության բարձր աստիճանը մեր էության օկկուլտային էներգիաներով` բառի մեջ պահեստավորվող ու նրա յուրաքանչյուր գործածման հետ կուտակվող: Բառի իմաստույթի շերտավորման մեջ էներգիաների անհատնում հանքեր են պահվում` դարերով այնտեղ կուտակված ու միլիոնավոր շուրթերից առհոսած: Բառի իմաստի հարստացման մյուս կողմը բառի իմաստույթի օկկուլտային էներգիայի մակարդակի բարձրացումն է ու բառի` ամբողջի, օկկուլտային բազմազանության հարստացումը: Բառը «վերասվում է», ինչպես վերանվագվում է ջութակը և նմանվում է մեղրի կաթիլի` ամենատարբեր բույսերի ամենատարբեր հյութերն իր մեջ միախառնած: Չափազանց սեղմված ու նրբորեն տարբերացված օդյան խտացուկ է դառնում բառը` իր օկկուլտային անհատականությամբ դարերի ընթացքում կայունություն պահպանող, և ընդհանրապես ասած, մեկընդմիշտ ընդունված ուղղությամբ աճող, թեև առանձին դեպքերում և՛ քայքայվող, և՛ մեռնող ներքին կամ արտաքին պատճառներից:

IX. 

Մենք հպանցիկ ակնարկով քննեցինք բառի բոլոր երեք համակենտրոնները կամ բոլոր երեք պահերը, և ըստ յուրաքանչյուրի` գտանք, որ բառը ինքնապարփակ փոքրիկ մի աշխարհ է, նուրբ կառուցվածք ու բարդ, կուռ միահյուսված հորինվածք ունեցող մի օրգանիզմ: Եվ այժմ, եթե մենք համարձակություն ունեցանք ըստ երեք պահերից յուրաքանչյուրի` բառը օրգանիզմ անվանելու, ապա էլ ավելի շատ են հիմքերը` բառն այդպես անվանելու իբրև ամբողջություն: Այն իր մեջ ունի ֆիզիկաքիմիական պահ` մարմնին համապատասխանող, հոգեբանական պահ` հոգուն համապատասխանող և օդյան կամ ընդհանրապես օկկուլտային պահ`աստրալ մարմնին համապատասխանող: Այլ կերպ ասած, բառը, ծնունդը մեր ողջ էության` իր ամբողջության մեջ, իսկապես որ մարդու արտացոլանքն է, և եթե ժողովրդական էության և, դեռ ավելին, ողջ մարդկության էության արտացոլանքն է կազմավորում բառի հիմքը, ապա, ըստ բառի ավելի վաղ բացատրված անտինոմիականության, մարդկության հենց այդ արտացոլանքն էլ իմ, հենց իմ անհատականության արտացոլանքն է դառնում` նույնիսկ տվյալ պահին ու այդ անհատականության տվյալ վիճակի մեջ: Իսկ իմ միջով բառն արտացոլում ու տանում է իր հետ ազդեցություններ` իմ մեջ առհոսած նրանցից, ովքեր կազմավորել են իմ անձը` «անձ» բառը հասկանալով ոչ թե միայն հոգեբանական առումով, այլ առավել ամբողջականորեն, այսինքն, ինչպես Ս. Հայրերի` գոյառում տերմինը, հոգուն, մարմնին ու աստրալին հղելով այն` նրանց անհատական միասնության մեջ: Կարելի է ասել, որ բառի մեջ են ինձնից սկիզբ առնում իմ անձի գեները, գեներն այն անձնական ծագումնաբանության, որին պատկանում եմ ես: Ուստի և իմ բառով այլ անձի մեջ մտնելով` նրանում ես անձնական նոր պրոցես եմ սկսում: Ընկնելով միջավայր, ուր բառը միանում է հանդիպակաց բառին` իր ձևավորման համար ընդունման ամենով նրան սպասող`բառը ենթարկվում է մի պրոցեսի, որ դժվար է չկոչել կարիոկինեզիս` բառի` որպես անձի նախաբջջի բջջային բազմացում, քանզի անձն ինքն էլ այլ բան չէ, քան բառերի ագրեգատ` բառերի բառի`անվան մեջ համադրված: Իրոք որ, այլ անձի մեջ, հենց ընկավ նրա մեջ ու նրանից ընդունվեց, այսինքն` իգական լրացում ստացավ, բառը ենթակայի ու ստորոգյալի է բաժանվում` կազմելով նախադասություն. այս վերջինի մեջ ինչպես ենթական, այնպես էլ ստորոգյալը, իրենց հերթին, նույնպես կիսվում են` կազմելով նոր նախադասություններ, և բազմացման պրոցեսն ավելի ու ավելի հեռուն է գնում` ընդարձակելով բառը, ի հայտ բերելով ու մարմնավորելով նրանում թաքնված պոտենցիալները և անձի մեջ առաջացնելով նոր հյուսվածքներ, որոնք իրենք կսկսեն պտղաբերել, հենց որ բավականաչափ տարածվեն, կամ, այլ կերպ ասած, հենց որ հասունանա իրենց հիմքում ընկած, անձի մեջ ներդրված բառը, ինչպես իրենց նախահայրը:

X.

Այսպիսով, բառը մենք զուգադրում ենք սերմի հետ, խոսքը` սեռի, խոսելը` արական սեռի սկզբի հետ, իսկ լսելը` իգական, անձի վրա ներգործությունը` բեղմնավորման պրոցեսի հետ: Նոր չէ այս զուգադրությունը, և հազիվ թե գտնվի մտքի միստիկական ուղղության մի հին գրող, որին խորթ լինեն բերված համաբանական համեմատությունները: Հիշենք Պլատոնին, որ Սոկրատեսի հետևողությամբ, համառորեն ու ջանադրաբար զարգացնում էր իմացության էրոտիկ լինելու տեսությունը. իմացության ձգտումը սիրային տոչորում է, դեռ չհասունացած իմացության չասվածությունը` հղիություն, ասելուն օգնելը` մանկաբարձական արվեստ, իմացություն հաղորդելը` բեղմնավորում, ուսուցչությունը` հոգիներում ծնունդ տալու ձգտում և այլն, և այլն, ահա թե ինչ ենք լսում Սոկրատեսից ու Պլատոնից ամեն քայլափոխի: Իսկ եթե հիշենք, որ Ակադեմիան ինքը կառուցված է եղել էրոտիկական գնոզիսի հիմքի վրա, ապա դժվար չի լինի նաև թափանցել այն մտքի խորքը, որ Պլատոնի ասույթները ոչ թե պարզ փոխաբերություններ, մակերեսային համաբանություններ, այլ խնդրի էության արտահայտությունն են. Հիրավի Պլատոն էլ սերմնայնություն էր տեսնում բառի մեջ: Մյուս կողմից էլ`Ավետարանը. սերմնացանի առակի «սերմը» «խոսքն է»` ըստ Փրկչի մեկնության: Այս համեմատությանը կարող ենք հանդիպել ամենատարբեր գրողների մոտ անհամար տեղերում: Այստեղ, սակայն, մենք չենք սկսի հավաքել այդ ասույթները, այլ, ավելի լավ է, ըստ էության խորանանք քննարկվող համեմատության մնացած մոտիվների մեջ: Մարդը բևեռայնորեն է բարդ, և նրա օրգանիզմի վերին հատվածը թե՛ անատոմիականորեն, թե՛ ֆունկցիոնալ առումով ճշգրտորեն համապատասխանում է ստորին հատվածին: Վերին բևեռը համատիպ է ստորին բևեռին: Ընդ որում, ստորին բևեռի միզասեռական օրգանների ու ֆունկցիաների համակարգին ճշգրտորեն համապատասխանում է վերին բևեռի շնչառական-ձայնային օրգանների ու ֆունկցիաների համակարգը: Ապա և` սեռական համակարգն ու գործունեությունը իր բևեռային ճշգրիտ արտացոլումն է գտնում ձայնական համակարգի ու գործունեության մեջ: Հարկ չկա նաև այդ երկուսի ուղղակի, միանգամայն սերտ կապը մատնանշելու: Որպես ամփոփում սակայն, նշենք միայն, որ սեռական արտազատումները համատիպ են խոսքային արտազատումներին, որոնք հասունանում են առաջինների պես ու դուրս են գալիս բեղմնավորելու: Այս համատիպության որոշ պարադոքսալությունը կհարթվի, եթե ուշադրության առնենք, որ սերմը, որ հեղուկի ինչ-որ կաթիլ է թվում միայն, իրականում վերին աստիճանի խորհրդավոր էություն է, հների խոսքով` խելամիտ էություն, քանզի իր հետ բերում է կենդանի էակի ձևն ու գաղափարը, շատ ավելի խելոք մի բան, քան ամենից խելացին կարող է մտածել, թե՛ օրգանիզմի օբյեկտիվ բանականությունը բերում է իր հետ, թե՛ նրա մտքի սուբյեկտիվ բանականությունը, սրանից զատ, լիցքավորված է օկկուլտային էներգիաներով, որոնց փոխանակումն էլ հենց սեռական շփման առանցքն է կազմում: Այլ կերպ ասած, սերմի մեջ կա թե՛ իր ձևույթը, թե՛ իր հնչույթը, թե՛ իր իմաստույթը. այն բառն է` առավելապես մարդկային ուսիայի կողմից` ծագումնաբանական կապակցվածություն հաստատող: Իսկ այն ամենն, ինչ սովորաբար առարկում են խոսքային բառի, նրա` իբրև թե չնչինության դեմ, միանգամայն կիրառելի է սերմի նկատմամբ, այն տարբերությամբ միայն, որ այստեղ շեշտը կարելի է դնել ոչ այնքան սերմի այդ կաթիլի նյութական չնչինության, այլ գերազանցապես նրա անկառուցվածքայնության ու իմաստից զուրկ լինելու վրա, այն դեպքում, երբ բառի դեմ առարկություններ բերելիս գլխավոր շեշտադրումը բառի աննյութականության վրա է արվում:

Կարդալ նաև

Փիլիսոփայություն Երկու խոսք Մաքս Պիկարդի դիմագիտական տեսողության մասին (վարիացիա) Սերգեյ Ստեփանյան «Երիտասարդ տարիներին լույս տեսած իր գրքում («Կործանված և անկործան աշխարհը») նա ներկայացնում է շրջապտույտի մի տեսակ, որն ասես լանդշաֆտի դիմագիտություն լինի: Նա կարդում է մի երկրի, ավելի ճիշտ Իտալիայի դեմքը, ինչպես մարդկային դեմքը, այդ… Փիլիսոփայություն Homo Trickster կամ էսթետիզմի ծուղակները Աշոտ Ոսկանյան Քանի որ էսթետիզմը, վերջին հաշվով, միայն սեփական ուժերին ապավինել է նշանակում… ՄՈՒՏՔԻ ՓՈԽԱՐԵՆ Այն, ինչ փորձում եմ անել այժմ, պարաբոլ պետք է կոչվեր, եթե մնայի մյութոսի տարածքում, ընտրածս ժանրի կանոնները պահպանելով և էսթետիկի ինքնագոհությամբ… Փիլիսոփայություն Հերմենևտիկայի ծագումը Վիլհելմ Դիլթայ Ավելի վաղ գրված մի աշխատության մեջ ես քննարկել եմ անհատականացման կերպավորումը մարդկային աշխարհում իր այն ձևով, որով այն իրագործվում է արվեստում, հատկապես պոեզիայում: Այժմ առաջ է գալիս առանձին անձնավորությունների, դրանով իսկ‚ ընդհանրապես…