Բառի մոգականությունը (հատվածներ գրքից)
Եթե որևէ առանձին դեպքում այդ համապատասխանությունը չլիներ, ապա նման մարդիկ որպես այլանդակներ, որպես հասարակության թափթփուկներ կդիտվեին ու հասարակության մեջ գրեթե անհանդուրժելի կլինեին: Ուստի և` յուրաքանչյուրն աչքի առջև ունի պատվիրանը, թե «ըստ անունի լինի և վարքը», որպեսզի անվան համանունություն լինի: Եթե բնավորության մեջ նման բան չլինի անգամ, ապա անգիտակցական հարմարումով կձգտեն թվալ այնպիսին, ինչպիսին նրանցից պահանջում է լինել անունը. և դիմակը, մանկությունից դեմքին դրված, այդպես էլ կսերտաճի դեմքին հասուն տարիքում: Այսպիսին է սխեմատիկ բացատրությունը, թե ինչու անուններն իսկապես իրագործում են իրենց որպես բարձրագույն համադրումներ և հանդիսանում են պատմագիտության հիմնական բովանդակությունը: Այս բացատրությունը մի օրինակ է, թե հատկապես ինչպես կարելի է խոսել մոգության մասին` մի կողմ թողնելով մետաֆիզիկան: Անձամբ ինձ մետաֆիզիկայից վախենալը օգտակար չի թվում, ուստի և նման բացատրությունը մոգական գործունության բոլոր կողմերն արտահայտող համարել չեմ կարող:
VII.
Եվ ամենից առաջ չպարզված է մնում բառի հնչույթի ու իմաստույթի միջև եղած այն կապը, որով էլ ըստ էության պահվում է բառն իբրև ամբողջություն: Այդ կապը լեզվաբանական հարթությունում բառի ձևույթն է, քանզի այն որոշում է` մի կողմից` հնչույթի հնչյունները, իսկ մյուս կողմից` բառի նախնական նշանակությունից, որ նույն այդ ձևույթով է տրվում դարձյալ, աճում է իմաստույթի շերտերի ողջ լիությունը: Բնական է, այսուհետ, բառի մոգական կիզակետը որոնել նրա նույն համակենտրոնում, որում գտանք լեզվաբանական կիզակետը: Ու եթե ձևույթով, որ նախահնչյունի ու նախիմաստի երկմիություն է ներկայացնում, բառում միավորվում է հնչյունն ու իմաստը, ապա, հարկ է ենթադրել, որ մոգականության առումով ևս ձևույթն իր մեջ միավորում է հնչույթի ուլտրաֆիզիկական ներգործությունն ու իմաստույթի ինֆրա- հոգեկան ներգործությունը` ինքը թե՛ այսպես, թե՛ այնպես գործուն լինելով կամ, ավելի ճիշտ, այնպիսի ներգործություն առաջացնելով, որ պարզապես ֆիզիկականի ու պարզապես հոգեկանի միջև է գտնվում, այսինքն, բառի ավելի ստույգ իմաստով` օկկուլտային ոլորտին է վերաբերում: Այլ կերպ ասած, բառը, այն բանի անհատական որոշակիությամբ, ինչը նրանում կոչվում է ձև, այն ծնող օրգանների կողմից յուրահատուկ մի էներգիայով է լիցքավորվում. իսկ թե մենք այն նյարդային, օդ, աստրալ, հոգեհոսանքներ, կենդանական մագնիսականություն, թե նման կարգի մեկ այլ կերպ կանվանենք, այս պահին կարևոր չէ, քանի որ դրա հատկությունները շատ քիչ ենք ճանաչում և այդ պատճառով հակված ենք իրար խառնելու միանգամայն տարբեր էներգիաներ: Մեր տգիտությունը հիշելով, այդ էներգիան կամ էներգիաները դեռևս կանվանենք ինչպես պատահի` նկատի ունենալով դրանց այն հիմնական հատկությունը միայն, որ դրանք չտարբերակված նույնականության մեջ պարունակում են գծեր` նման հոգեկան և ֆիզիկական գծերին:
Բայց, նախ և առաջ, գոյություն ունե՞ն արդյոք նման էներգիաներ, և անջատվո՞ւմ են դրանք արդյոք մարդկային օրգանիզմի կողմից: Կարծում եմ, ներկայումս, մարմնից բխող էներգիաների այս խմբի վրա կատարվող ամեն կարգի փորձերից հետո, դրանց լուսանկարումից, լուսաֆիլտրների միջով աչքով զննելուց, նրանց կողմից կշիռ ունեցող զանգվածների ձգումների ու վանումների ուսումնասիրությունից և նման այլ բաներից հետո հարցադրումները բացասական պատասխան ունենալ չեն կարող: Շատ չընդարձակվելու համար հիշենք միայն Պոլ Ժուարի փորձերը իր իսկ անվանած ստենոմետր սարքով, որ ապակե կափարիչի տակ սուր ծայրի կամ բոժոժի թելի վրա թեթևորեն պտտվող մի սլաքից է կազմված, ընդ որում, աստիճանների բաժանված թվատախտակը թույլ է տալիս որոշել աստիճանների այն քանակը, որով խոտորվել է ստենոմետրի սլաքը: Խոտորումների մեծությունը անհատական է և կախված է նյարդային ուժ կրող փորձարկվողի առկա վիճակից, ընդ որում առողջ մարդու մոտ աջ ձեռքը միշտ փոքր-ինչ ավելի գործուն է ձախից, այն դեպքում, երբ ջղագարները ձախ ձեռքով ընդունակ են ստենոմետրի սլաքն ավելի շատ խոտորելու, քան աջով, իսկ տագնապից հետո սլաքը խոտորող հիստերիկների ուժը բոլորովին կորչում է: Ժուարը մի ավելորդ անգամ ևս ապացուցեց նյարդային էներգիայի փոխանցման ու տարբեր նյութերում դրա պահպանման հնարավորությունը, ընդ որում, նրանց մի մասը էներգիան լավ է կուտակում, իսկ մյուսները` վատ: Ժուարի ուսումնասիրած ուժի չափերը խիստ չնչին են, բայց խնդիրը ոչ թե մեծությունն է, այլ բուն ուժի սկզբունքային ընդունումը: Եթե նկարագրվող փորձերում այն չնչին է եղել, ապա կասկած չկա, որ այդ ուժի անջատումը այս կամ այն միջոցներով կարող է բարձրացվել, և դրա պաշարները այս կամ այն եղանակով անսահ մանափակ դարձվել: Ուժ կրող հարկավոր անձանց ընտրությունը, նրանց` արտազատման համար ավելի բարենպաստ պայմանների մեջ դնելը` նարկոզով, հիպնոսով, երաժշտությամբ, բուրավետ ծխանյութերով, ծաղիկներով և այլն, նման արտազատիչներից շղթաներ կազմելը և այլն, և այլն, – այս ամենը, նյարդային համակարգի, ավելի ճիշտ, դրա հետ կապված օդյան արտազատման օրգանների վրա ներգործելով, դրանով իսկ կփոխի օդի արտազատումը: Եթե միայն ընդունված է իր սահմաններից մարդու դուրս գալու թող որ ամենափոքր չափը, ապա բացվել են և ուղիները ցանկացած չափի ներգործության ընդունման համար. մեդիումային երևույթների օրինակը, որտեղ խոսքն արդեն ոչ թե ստենոմետրի թեթև սլաքի տասը-քսան աստիճան պտույտի, այլ համերգային դաշնամուրների ու ծանր սեղանների տեղափոխության և նույնիսկ մի քանի մետր բարձրացման մասին է, կպարզի միտքս:
VIII.
Օդն անջատվում է մարմնի մակերևույթի առավելապես այն հատվածներից, որոնցում ինչ-ինչ կարևոր նյարդերի վերջավորություններ կան: Սակայն ձայնային օրգանների նրբագույն նյարդավորման համար պահանջվում է առանձնահատուկ կերպով բարձր զարգացած նյարդային համակարգ: Այնուհետև, խոսքի, նույնիսկ ամենասովորական խոսքի ակտը որոշակի պրոցեսի ներքին ողջ հասունացման ավարտումն է, սուբյեկ- տիվության վերջին և օբյեկտիվության առաջին աստիճանը: Խոսքի արտաբերումը նման է այն պահին, երբ օդակայանում սավառնակն իր առաջամասով արդեն պոկվել է գետնից, իսկ հետևամասով դեռ դիպչում է նրան: Խելացի է խոսքը թե հիմար, խորունկ է թե ծանծաղ, բայց այն առավելագույնն է, որ տվյալ անձը տվյալ առումով կարող էր տալ. դա այն ամբողջն է, որին այդ պահին հասել է ներքին կյանքը: Ինչ-որ բան հասունացել, ուռճացել է մարդու մեջ և չի կարող չարտազատվել, կամ այլկերպ ներզատվել և իր ներգործող ուժը ուղղել ոչ ըստ նշանակության, այսինքն` կործանարար կերպով:
Սիրո խոսքերը` իմ կողմից չասված, Վառվում են իմ հոգում ու ինձ այրում…
Հենց այսպես. վառվում ու այրում են բառերը, քանզի չեն կարողացել ասված լինել, երբ հասունացել են, այն դեպքում, երբ բառերի ֆունկցիան հենց ասված լինելն է և, ուրիշի հոգու մեջ ընկնելով ու արմատավորվելով այնտեղ, իր ներգործությունն առաջ բերելը: Այսպիսով, բառը ամբողջական մարդու կենսագործունեության բարձրագույն դրսևորումն է, նրա բոլոր գործունեությունների ու հակազդումների համադրությունը, մակարդակով բարձրացող ներքին կյանքի պարպումը, երևան եկած աֆեկտը. սկզբնապես, երբ խոսքին ավելի վատ էին տիրապետում, իսկ ներքին կյանքն ավելի մեծ թափով էր ճեղքում առօրյա գիտակցության առավել բարակ շերտը, կամ, երբ մարդիկ ավելի մոտ էին դրախտային համընդհանուր էքստազայնության ակունքներին, խոսքն այդժամ, նորագույն լեզվաբանների խոստովանությամբ, չի ասվել, այլ պոռթկացել է վերգիտակցական ապրումներով հորդող կրծքից, եղել է ամբողջովին ստեղծագործ խոսք` էքստազայնորեն աշխարհ խուժող: Եվ խոսքը չասված ժամանակ իսկապես որ կրծել ու բզկտել է դրա բեռը կրող կուրծքը: Վերջապես, հարկ է հիշեցնել և այն, որ սկզբնապես խոսքը կազմավորող օդեղեն զանգվածը բխում է մեր մարմնի բուն կենտրոններից և, հետևաբար, հագենում, ներծծվում ու ներթափանցվում է օդով, որքանով որ դա հնարավոր է տվյալ օրգանիզմի համար նրա ներքին կյանքի առավելագույն վերելքի տվյալ վիճակում: