Բառի մոգականությունը (հատվածներ գրքից)
Բայց, ինչ էլ որ առարկեն սերմի կաթիլի դեմ ու ինչքան էլ որ այն «ուղղակի» հեղուկ համարեն, ընդ որում` քանակապես չնչին, այն, այդուամենայնիվ, հղիացում է առաջ բերում և մարդ է ծնվում: Խոսքը ևս, որքան էլ որ այն անուժ են համարում, գործում է աշխարհում` արարելով իր նմանին: Եվ ինչպես հղիացումը կարող է անձնական-գիտակցական մասնակցություն չպահանջել, այնպես էլ բառով բեղմնավորումը գիտակցության անպայման պարզություն չի ենթադրում, եթե բառն արդեն հասարակական միջավայրում ծնունդ է առել արարիչ բառից կամ, ավելի ճիշտ, նախկինում եղած սնուցիչ բառից: Ահա ինչու մոգականորեն հզոր բառը, մոգության գեթ ցածր աստիճաններում, անպայմանորեն կամքի անհատական-անձնական լարում, կամ նույնիսկ դրա իմաստի պարզ գիտակցում չի պահանջում: Նա ինքն է կուտակում ոգու էներգիան, ասես հագենում է նրանով, եթե միայն հաճություն կա այն արտաբերելու, այսինքն, նվազագույն ներքին ինքնագործունեություն, և, այդտեղ ուժ հավաքելով կամ, առավել ճշգրիտ, իր կամեությամբ, իր ինտենցիայով նրան իրեն մոտ թողնող ոգու առնչությամբ իր ներուժերը զարգացնելով, բառն այնուհետև ուղղվում է այնտեղ, ուր այն ուղղված է ինտենցիայի ակտով իսկ: Հեքիմը, որ կախարդություններ կամ հմայական խոսքեր է շշնջում, որոնց ճշգրիտ իմաստը ինքը չի հասկանում, կամ հոգևորականը, որ աղոթքներ է ասում, որոնցում ինչ- որ բան իր համար էլ պարզ չէ, բոլորովին էլ անհեթեթ երևույթներ չեն, ինչպես թվում է առաջին հայացքից. հմայախոսությունը, որ արտաբերվում է, դրանով իսկ բացահայտվում է, դրանով իսկ հաստատվում է և համապատասխան ինտենցիայի` դրանք արտաբերելու մտադրության առկայությունը: Իսկ սրանով հաստատված է անձի հետ բառի կոնտակտը, ու հիմնական գործը կատարված. մնացածն արդեն ինքն իրեն կգնա շնորհիվ այն բանի, որ բառն ինքը արդեն իսկ կենդանի օրգանիզմ է` իր կառուցվածքն ու էներգիաներն ունեցող: Առավել լավ ըմբռնումը, առավել ներզգացողությունն ու պրկված կամեցողությունը բառի այս բացահայտման համար, տվյալ դեպքում բարենպաստ գործոններ կլինեին, անշուշտ. սակայն այդ գործոնն ավելի շուտ բառի խցանված անցուղիներն է մաքրում, քան թե ստեղծում է բուն ներգործություն և, դրան հասնելու մի որոշ նվազագույնից հետո այլևս անպայ- մանորեն անհրաժեշտ չէ:
Ռուսերենից թարգմանությունը` Նաիրա Հարությունյանի