Ռուբիկոն

Բառի մոգականությունը (հատվածներ գրքից)

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Այսպիսով, բառը ֆիզիկական առումով մնացյալ բնությունից տարանջատված հնչյունական պրոցես է, որ հյուսվածաբանական, օդային-հյուսվածաբանական նրբագույն կառուցվածք ունի, որը, սկզբունքորեն, աչքով էլ կարելի է տեսնել, նման այն բանին, թե ինչպես Տեպլերի հայտնագործած և Դվորժակի, Մախի և այլոց մշակած տեղաշարժման մեթոդով ձայնային ալիքներն ենք աչքով տեսնում. մի խոսքով` կարելի է տեսնել յուրահատուկ կազմակերպվածությամբ ինքնապարփակ փոքրիկ մի աշխարհ: Եվ հնչյունական էներգիաների այս միահյուսումը միայն այդպիսին չի մնում անշուշտ, այլ անհրաժեշտության դեպքում իր մեջ ամենաբազմազան պրոցեսներն է զարգացնում` էլեկտրական, մագնիսական, ջերմային, քիմիական, մոլեկուլյար ու ուլտրա-մոլեկուլյար տարբեր փոփոխություններ: Հետաքրքրական կլիներ թերևս փորձել ավելի կոնկրետ գծել այն անհունորեն բարդ պատկերը, որն անհնար է ըստ ժամանակակից գիտության հայացքների հեռացնել բառի ֆիզիկական սուբստրատից: Բայց մենք ժամանակ չունենք զբաղվելու ըստ էության մեզ ոչ անհրաժեշտ այդ հարցով. այդ պատկերի կառուցվածքի նրբության սկզբունքային հաստատումից հետո մեզ համար կարևորն այն չէ, թե հատկապես ինչպիսի՛ն է նա, այլ այն, որ խոսքային այդ անհատը իբրև մեկ ամբողջություն շարժվում է տարածության մեջ և շարժվելով ամբողջ ժամանակ տանում է իր հետ իր իմաստը: Բառի այս իմաստին էլ ահա մենք այժմ պիտի անդրադառնանք, որպեսզի քննենք այն մոգական ազդեցության հարթության մեջ:

V.

Ո՞րն է ուրեմն բառի իմաստի մոգական ֆունկցիան: Բառի իմաստը բառի իմաստույթով է որոշվում, և հարցադրման պատասխանը հարկավոր է որոնել իմաստույթի գոյացման կերպի մեջ: Իսկ իմաստույթի այդ շերտերը, նրա հաջորդական թաղանթները, նրա համակենտրոն պատիճայնությունները գոյանում են ստեղծագործական հատուկ ակտերով, որոնցից յուրաքանչյուրով ավարտունության է հասցվում ոգու որոշ աճ` երբեմն միանգամայն տևական և, ընդհանրապես ասած, ողջ ժողովրդի կողմից ապրվող: Այո, իմաստույթի յուրաքանչյուր շերտը ոգեղեն պրոցեսի նստումն է բառի վրա, ոգու խտացումը իր այդ կենտրոնացման մեջ`առաջին անգամ, տվյալ առումով, ենթա- և կիսա-գիտակցականությունից գիտակցություն անցնող, ուստի և իմաստույթագոյացման պրոցեսում ինքն իր մեջ հավաքվող: Իմաստույթի նոր շերտի գոյացումը հետևաբար ուշադրության մեծագույն կենտրոնացում է մեկ կետի, մեկ սայրի վրա, այլ կերպ ասած, մոնոիդեիզմ է: Սակայն մոնոիդեիզմն էլ հենց մոգական ազդեցության կարևորագույն պայմանն է: Իմաստույթի ստեղծարարությունը անհրաժեշտորեն մոգական է, եթե միայն մոգական գործողություններ առհասարակ ընդունվում են: Եթե մոգական ինչ-որ բան գոյություն ունի, ապա ամենից առաջ և ամենից առավել դա իմաստույթն է` in statu nascendi, քանզի նրա գոյացման մեջ գերագույն լարում, ուշադրության առավելագույն կենտրոնացում է դրսևորվում: Սակայն իմաստույթի կուտակված շերտերը բառի մեջ անգործուն չեն մնում, այլ ավելի շուտ հիշեցնում են առանց ջրի չորացող ու հետո, հեղուկի խոնավությունն առնելուն պես, վերստին ուռճացող ու վերակենդանացող բույսերի խուրձ. այդպես էլ ահա իմաստույթը, մի ողջ ժողովրդի բազմաթիվ սերունդների մասնակցությամբ ստեղծված լինելով, ասես մեռած է մնում, քանի դեռ բառը չի գործածվում, բայց հենց որ այն ընկնում է կենդանի խոսքի հոսքի մեջ է` նրա իմաստույթը վերակենդանանում է և ահա ներքին ուժով ու նշանակությամբ է լի: Այստեղ էլ հենց ի հայտ է գալիս բառի անտինոմիական բնույթը. իմ` դրսից ստացած, ժողովրդական լեզվի գանձարանից վերցրած օտար մի ստեղծագործություն իմ գործածության միջոցով վերստին ստեղծվում է իմ կողմից` նորից ու նորից in statu nascendi դրվելով, ամեն անգամ ավելի նոր ու համալրված: Կիսագիտակցորեն, արագ մի ակնարկ նետելով իմաստույթի շերտերին` ես ինքս եմ ստեղծագործաբար կենտրոնացնում իմ ուշադրությունը, և իմ ուշադրությունը դառնում է ոչ թե իմը, այլ համաժողովրդական, վերանձնային, ճիշտ ինչպես որ համաժողովրդական ուշադրությունն ինքը, որ առանձնացնում ու կուտակում է իմաստույթի շերտերը, տվյալ բառի` իմ մեջ ընդունումով, իմ կողմից յուրացվելով դառնում է իմ ուշադրությունը: Բառի մեջ ես անցնում եմ իմ սահմանափակության սահմանները և միաձուլվում իմ սեփականը անհունորեն գերազանցող ողջ ժողովրդի կամքի հետ, ընդ որում` ոչ միայն տվյալ պատմական պահին, այլ անսահմանորեն ավելի խորն ու համադրորեն` ժողովրդի պատմականորեն դրսևորված կամքի հետ, որ տվյալ բառի հատկապես այդպիսի իմաստույթի գոյացումով է իրեն հավաքականորեն դրոշմել: Բառը սինէրգետիկ է. էներգիա: Իմ ուշադրությունը ասես պտուտակի պարույրներով իմաստույթի մեջ ներպտուտակվում է ըստ նրա շերտերի և դրանով կենտրոնանում այնպես, ինչպես անհատական և ոչ մի ջանքով կենտրոնանալ չէր կարող: Բառը մեթոդ է, կենտրոնացման մեթոդ: Բառում ես իմ տրամադրության տակ ողջ ժողովրդի պատմական կամքը ունեմ` մեկ կիզակետում հավաքված, և խնդիրը ոչ թե ուժը, այլ այն ինձ հարկավոր ուղղությամբ ուղղորդելու կարողությունն է լոկ: Իմ արտասանած բառի հետ միասին առաջ է ընթանում ու տարածություն է ներխուժում նաև իմ կենտրոնացած կամքը, իմ սևեռված ուշադրության ուժը: Եվ հարաբերվելով որևէ օբյեկտի հետ, որ ընդունակ է կամքից խթանվելու, բառը նրա մեջ առաջ է բերում ա՛յն փոփոխությունը, որ ընդունակ է ստանալու տվյալ օբյեկտը, և օբյեկտի մեջ ներպտուտակվում է բոլոր պարույրներով այն կամքի, որ ծագել է այդ բառը իմաստույթի համապատասխան պարույրներով ասողի մեջ: Իսկ եթե մեր բառի օբյեկտը մարդ է եղել կամ մեկ այլ բանական, կամ գոնե գիտակից էակ, ապա ասված բառը, մնացյալ ազդեցությունից զատ, հոգեկան աշխարհ է ներխուժում և ողջ ժողովրդի մեծ կամքի այդ թափով այստեղ ճնշում է առաջացնում, որը ստիպում է բառի իմաստույթի հաջորդական շերտերը վերապրել, վերզգալ ու մտածել` ուշադրությամբ նրա նշած ուղղությամբ ընթանալով ու կամքի համապատասխան արտահայտություն ստեղծելով: Ներգործման էությունն այն է, որ իմաստույթի շերտերը բառում կուտակվում են ոչ թե կամայականորեն, այլ ինչ-որ առավել, քան սոսկ տրամաբանորեն կապակցված կարգով, ուստի և, բավական է բռնել ժողովրդի հզոր կամքով ու լայնորեն ընդգրկուն բանականությամբ կծիկ արված թելի ծայրը, և անխուսափելի հաջորդականությունը անհատական ոգուն կառաջնորդի այդ ամբողջ թելի երկայնքով, որքան էլ որ այն լինի երկար, և իր համար աննկատ կերպով այդ ոգին կհայտնվի թելի մյուս ծայրում, ամբողջ կծիկի բուն կենտրոնում, այնպիսի հասկացությունների, զգացումների ու կամեցումների դիմաց, որոնց նա բոլորովին միտք չուներ տրվելու: Բառի ներգործության ուժը իմաստույթի առումով նրա կառուցվածքի պարուրաձևության մեջ է, ինչի միջոցով և բառը ներքաշում, ներծծում է իր մեջ և ապա իրեն է ենթարկում: Բառը կամքի խտացուցիչ է, ուշադրության խտացուցիչ, հոգեկան ողջ կյանքի խտացուցիչ. նա խտացնում է այն, մոտավորապես ինչպես ծակոտկեն լուսնոսկին է իր ծակոտիկներում թթվածին խտացնում, ինչով և չափազանց մեծ ազդեցություն է ձեռք բերում իր վրա բաց թողնված ջրածնի շիթի վրա, որն այրվում է այդ խտացած թթվածնով. այդպես էլ ահա բառն է սաստկացած իշխանությամբ ներգործում հոգեկան կյանքի վրա` նախ նրա, ով արտասանում է այդ բառը, ապա խոսողի մեջ բառին առնչվելուց ու բառի մեջ հոգուն առնչվելուց ծագած էներգիայով` նաև այն օբյեկտի, որին ուղղված է արտասանվող բառը: Ճիշտ է ասել Վիտրուվիուսը, որ բառը բնորոշել է որպես «հոսող ոգի և օդի հարվածով զգայելի լսողություն – vox est spiritus fluens et aeris ictu sensibilis auditus»:

Կարդալ նաև

Փիլիսոփայություն Երկու խոսք Մաքս Պիկարդի դիմագիտական տեսողության մասին (վարիացիա) Սերգեյ Ստեփանյան «Երիտասարդ տարիներին լույս տեսած իր գրքում («Կործանված և անկործան աշխարհը») նա ներկայացնում է շրջապտույտի մի տեսակ, որն ասես լանդշաֆտի դիմագիտություն լինի: Նա կարդում է մի երկրի, ավելի ճիշտ Իտալիայի դեմքը, ինչպես մարդկային դեմքը, այդ… Փիլիսոփայություն Homo Trickster կամ էսթետիզմի ծուղակները Աշոտ Ոսկանյան Քանի որ էսթետիզմը, վերջին հաշվով, միայն սեփական ուժերին ապավինել է նշանակում… ՄՈՒՏՔԻ ՓՈԽԱՐԵՆ Այն, ինչ փորձում եմ անել այժմ, պարաբոլ պետք է կոչվեր, եթե մնայի մյութոսի տարածքում, ընտրածս ժանրի կանոնները պահպանելով և էսթետիկի ինքնագոհությամբ… Փիլիսոփայություն Հերմենևտիկայի ծագումը Վիլհելմ Դիլթայ Ավելի վաղ գրված մի աշխատության մեջ ես քննարկել եմ անհատականացման կերպավորումը մարդկային աշխարհում իր այն ձևով, որով այն իրագործվում է արվեստում, հատկապես պոեզիայում: Այժմ առաջ է գալիս առանձին անձնավորությունների, դրանով իսկ‚ ընդհանրապես…