Ստեղծագործություն և ճշմարտություն
Մարտին Հայդեգգեր
Հատված «Գեղարվեստական ստեղծագործության ակունքը» գրքից
Գեղարվեստական ստեղծագործության ակունքը արվեստն է: Բայց ի՞նչ է արվեստը: Այն իրական է ստեղծագործության մեջ: Ահա ինչու մենք նախ և առաջ փնտրում ենք ստեղծագործության իրականությունը: Ո՞րն է այն: Գեղարվեստական ստեղծագործությունները մշտապես, թեև տարբեր կերպ, իրեղեն են: Ստեղծագործության այս իրեղեն բնույթը իրերի մասին սովորական հասկացություններով ըմբռնելու փորձը անհաջողության մատնվեց: Ոչ միայն այն պատճառով, որ իրերի մասին այդ հասկացողությունները չեն ըմբռնում իրեղենը, այլ որովհետև ստեղծագործության իրեղեն ենթակառույցի մասին հարցով ստեղծագործությանը պարտադրում ենք կանխակալություն (Vorgriff), որով արգելում ենք մեր մոտենալը ստեղծագործության ստեղծագործություն լինելուն: Ստեղծագործության մեջ եղած իրեղենի մասին չի կարելի դատել, քանի դեռ պարզորոշ չի երևացել ստեղծագործության ինքնակայությունը (Insichstehen):
Իսկ արդյո՞ք ստեղծագործությունն ինքնին մատչելի է: Որպեսզի դա հաջողվեր, անհրաժեշտ կլիներ ազատել ստեղծագործությունը բոլոր կապերից նրա հետ, ինչը տարբեր է իրենից` ինքն իր համար և իր մեջ հանգչել թողնելու համար: Բայց չէ՞ որ արվեստագետի ամենախորին ձգտումն արդեն ուղղված է դրան: Ստեղծագործությունը նրա միջոցով արձակվում է իր զուտ ինքնակայության մեջ: Հենց մեծ արվեստի մեջ, իսկ խոսքն այստեղ միայն դրա մասին է, արվեստագետը անտարբեր ինչ-որ բան է մնում ստեղծագործության համեմատ, գրեթե ինչպես արարման մեջ ոչնչացող մի անցում` ստեղծագործության առաջխաղացման համար:
Այսպես, ստեղծագործությունները դասավորված և կախված են հավաքածուներում ու ցուցահանդեսներում: Բայց մի՞թե ինքնին, որպես ստեղծագործություններ, որպես այն, ինչ կան, թե՞ ավելի շուտ որպես արվեստի բնագավառի: Ստեղծագործությունները մատչելի են դառնում հասարակական և անհատական վայելքին: Ադմինիստրատիվ մարմինները ստանձնում են ստեղծագործությունների խնամքն ու պահպանությունը: Արվեստի գիտակներն ու քննադատները զբաղվում են դրանցով: Արվեստի առևտուրը հոգ է տանում շուկայի մասին: Արվեստաբանությունը գիտության առարկա է դարձնում դրանք: Բայց մի՞թե իրենք ստեղծագործություններն այդ բազմազան շրջապտույտի մեջ հանդիպում են մեզ: Մյունխենի հավաքածոյի էգինյան մարմարները, Սոփոկլեսի «Անտիգոնեի» լավագույն քննական հրատարակությունը, որպես ստեղծագործություն, դուրս են մղված իրենց բնորոշ գոյության տարածությունից: Որքան էլ մեծ լինի դրանց արժեքն ու տպավորչական ուժը, որքան էլ լավ պահպանված լինեն, որքան էլ ճշմարիտ լինի դրանց մեկնաբանությունը, հավաքածոյի մեջ տեղափոխվելը դուրս է մղել դրանք իրենց աշխարհից: Եվ անգամ, եթե փորձենք հաղթահարել կամ շրջանցել նման տեղափոխությունը, այցելելով, օրինակ` Պեստումի կամ Բամբերգի տաճարը, որ կանգնած են իրենց տեղում, առկա կերտվածքների աշխարհն արդեն փլուզվել է:
Աշխարհի զրկվելն ու աշխարհի փլուզումը երբևէ անշրջելի են: Ու թեև դրանք հանդիպում են մեզ, սակայն միայն որպես եղած: Որպես եղած դրանք հառնում են մեր առջև ավանդույթի և պահպանման բնագավառում: Այսուհետ դրանք մնում են այդպիսի առարկաներ: Դրանց դիմակայությունը սոսկ իրենց մեջ իրենց նախկին ինքնակայության արդյունք է, բայց դա այլևս ինքնակայություն չէ: Վերջինս լքել է նրանց: Արվեստասիրական եռուզեռը, որքան էլ հագեցած լինի և որքան էլ ձգտի ամեն բան անել հօգուտ հենց ստեղծագործությունների, մշտապես հասնում է միայն դրանց առարկայնությանը: Բայց դա չի կազմում նրանց ստեղծագործություն լինելը:
Մի՞թե ստեղծագործությունը ստեղծագործություն է մնում, եթե դուրս է կանգնած ամեն հարաբերությունից: Մի՞թե ստեղծագործություն լինելը չի նշանակում հարաբերության մեջ գտնվել: Իհարկե, միայն թե մնում է հարցնել, թե ինչ հարաբերություններ են դրանք:
Ինչի՞ն է պատկանում ստեղծագործությունը: Որպես այդպիսին պատկանում է այն բնագավառին, որը բացվում է այդ ստեղծագործության միջոցով: Չէ՞ որ ստեղծագործության ստեղծագործություն լինելը առկա է միայն նման բացման մեջ: Մենք ասացինք, որ ստեղծագործության մեջ է տեղի ունենում ճշմարտությունը: Վան Գոգի նկարի հիշատակումը այդ իրադարձությունը անվանելու փորձ էր: Այդ իրադարձությանը հայացք նետելիս հարց ծնվեց. ի՞նչ է ճշմարտությունը և ինչպե՞ս կարող է տեղի ունենալ: Այժմ մենք հարցնում ենք ճշմարտության մասին աչքի առաջ ունենալով ստեղծագործությունը: Սակայն այդ հարցի մեջ բովանդակվածին մերձենալու համար անհաժեշտ է դարձյալ տեսանելի դարձնել ստեղծագործության մեջ ճշմարտության իրողությունը: Նման փորձի համար մենք դիտավորյալ ընտրել ենք մի ստեղծագործություն, որը չի դասվում պատկերող արվեստին:
Ճարտարապետական շինությունը` հունական որևէ տաճար, ոչինչ չի արտապատկերում: Այն պարզապես կանգնած է կիրճերով ակոսված հովտի մեջտեղում: Այն ամփոփում է Աստծո պատկերը և այդ թաքնվածության մեջ թույլ է տալիս, որ Աստծո պատկերը բաց սյունաշարի միջով դուրս գա սրբազան շրջակայք: Տաճարի միջոցով Աստված առկա է տաճարում: Աստծո այս առկայությունն այդ սրբազան շրջակայքի ինքնին տարածումն է ու սահմանագծումը: Տաճարը և իր շրջակայքը, սակայն, չեն կորչում անորոշի մեջ: Տաճարի ստեղծագործությունը միացնում և միաժամանակ հավաքում է ուղիների և հարաբերությունների միասնությունը, որոնցում ծնունդը և մահը, անեծքը և օրհնությունը, հաղթանակը և պարտությունը, տոկունությունը և անկումը ճակատագրի պատկեր են ստեղծում մարդկային գոյության համար: Այս բաց կապերի տիրական ընդարձակությունը պատմական այդ ժողովրդի աշխարհն է: Այդ ընդարձակությունից և նրա մեջ է առաջին անգամ ժողովուրդը վերադառնում ինքն իր մոտ` իրագործելու համար իր կոչումը:
Իր տեղում կանգնած` ճարտարապետական շինությունը հանգրվանում է ժայռահիմքի վրա: Ստեղծագործության այս հանգրվանումը քաղում է ժայռից վերջինիս մութ, ոչնչի չհակված հիմքայնությունը: Իր տեղում կանգնած` ճարտարապետական շինությունը դիմակայում է փոթորկին և այդկերպ ցույց տալիս փոթորիկը իրեն ենթարկված: Քարերի փայլն ու ցոլքը կարծես արեգակի շնորհով միայն երևեցնում են օրվա լույսը, երկնքի հեռուն և գիշերվա խավարը: Վստահ խոյացումը տեսանելի է դարձնում անտեսանելի օդային տարածությունը: Ստեղծագործության անսասանությունը բախվում է մակընթացության ալեկոծությանը և իր անդորրից երևեցնում ծովի մոլեգնությունը: Ծառը և խոտը, արծիվն ու ցուլը, օձը և ծղրիդը նախ ընդունում են իրենց հատուկ տեսքը, իսկ այնուհետև երևան հանում իրենց:
Այս դուրս գալն ու բացվելը ամբողջությամբ վերցված հույները կոչում էին φὐςιζ: Վերջինս միաժամանակ լուսավորում է այն ամենը, ինչի վրա մարդը հիմնում է իր կացարանը: Մենք անվանում ենք դա երկիր: Պետք է չշփոթել այս բառի նշանակությունը հողի պատկերացման, ինչպես նաև մոլորակների աստղագիտական պատկերացման հետ: Երկիրը այն է, ինչի մեջ բացվելը թաքցնում է ամենայն բացվողին որպես այդպիսինի: Բացվողի մեջ երկիրը գոյում է որպես թաքցնող: