Ստեղծագործություն և ճշմարտություն
Այժմ ճշմարտության էությունը որոշ առումներով ավելի հստակ է ըմբռնված: Ըստ այդմ, ավելի պարզ է դարձել, թե ինչ է ստեղծվում ստեղծագործության մեջ: Բայց այժմ ստեղծագործության տեսանելի ստեղծագործություն լինելը ոչինչ չի ասում մեզ ստեղծագործության ամենամոտ և պարտադրվող իրականության մասին, ստեղծագործության իրեղենության մասին: Կարող է թվալ, թե հենց ստեղծագործության ինքնակայությունը հնարավորինս զուտ կերպով ըմբռնելու մեր բացառիկ մտադրության մեջ մենք բոլորովին անտեսել ենք, որ ստեղծագործությունը միշտ ստեղծագործություն է` ստեղծված է: Եթե մի բան տարբերում է ստեղծագործությունը, որպես ստեղծագործություն, ապա դա վերջինիս ստեղծված լինելն է: Եթե ստեղծագործությունը ստեղծվում է, իսկ ստեղծելը կարիք ունի միջնորդի, որից և որի մեջ այն ստեղծվում է, ապա ստեղծագործության մեջ մտնում է նաև իրեղենը: Սա անվիճելի է: Սակայն դեռ հարց է մնում, թե ինչպես է ստեղծված լինելը պատկանում ստեղծագործությանը: Այս հարցը կարելի է լուսաբանել, եթե լուսաբանվեն հետևյալ երկուսը.
1. Ի՞նչ է նշանակում այստեղ ստեղծված լինել և ստեղծել ի տարբերություն պատրաստվածության և պատրաստված լինելուն:
2. Ինչպիսի՞ն է հենց ստեղծագործության ներքին էությունը, որով միայն և կարելի է չափել, թե որչափ է ստեղծվածությունը պատկանում ստեղծագործությանը և որչափ է որոշարկում ստեղծագործության ստեղծագործություն լինելը:
Ստեղծելն այստեղ միշտ մտածվում է ստեղծագործության հետ իր կապի մեջ: Ստեղծագործության էությանը հատուկ է ճշմարտության կատարումը: Ստեղծագործության էությունը մենք որոշարկում ենք նախապես ճշմարտության էության, որպես գոյի, անթաքուցության հետ իր կապի հիման վրա: Ստեղծվածության պատկանելիությունը ստեղծագործությանը կարող է լուսաբանվել միայն ճշմարտության էությունը նախապես լուսաբանելուց հետո: Դարձյալ գոյանում է ճշմարտության և դրա էության հարցը:
Մենք պետք է մեկ անգամ էլ բարձրացնենք այն, եթե չենք ցանկանում, որ ճշմարտությունը ստեղծվում է ստեղծագործության մեջ դրույթը մնա մերկ պնդում: Մենք պետք է ավելի էականորեն հարց տանք. որչա՞փ է ճշմարտության էության մեջ մղում դրված դեպի ստեղծագործության նման մի բան: Ինչպիսի՞ն է ճշմարտության էությունը, եթե այն կարելի է, իսկ որոշ պայմանների առկայությամբ նույնիսկ պետք է դնել ստեղծագործության մեջ, որպեսզի այն ստեղծագործություն լինի: Ճշմարտության ստեղծագործության մեջ դնելը մենք որոշարկեցինք որպես արվեստի էություն: Ահա ինչու վերջին հարցը կհնչի այսպես.
Ի՞նչ է ճշմարտությունը, որ կարող է կամ նույնիսկ պետք է տեղի ունենա որպես արվեստ: Որչա՞փ կա արվեստը:
Գերմաներենից թարգմանությունը`
Սերգեյ Ստեփանյանի
«Der Ursprung des Kunstwerkes»
«Das Werk and die Wahrheit»