Ստեղծագործություն և ճշմարտություն
Բայց ինչո՞ւ պետք է երկրի այս կազմումը տեղի ունենա այնպես, որ ստեղծագործությունը իրեն վերադարձնի երկիր: Այդ ի՞նչ է երկիրը, որ հենց այսկերպ է հայտնվում անթաքույցի մեջ: Քարը ճնշում է և ազդարարում իր ծանրության մասին: Սակայն պառկած լինելով մեր առջև, այն թույլ չի տալիս մեզ թափանցել իր ծանրության մեջ: Եթե մենք փորձենք կոտրել ժայռը, վերջինս իր բեկորների մեջ մեզ ցույց չի տա իր ներսն ու բացությունը: Քարն իսկույն կվերադառնա իր ծանրության անձկության և իր բեկորների զագվածայնության մեջ: Իսկ եթե մենք փորձենք ըմբռնել դա այլ ճանապարհով` դնելով քարը կշեռքի վրա, ապա ծանրությունը կվերածենք կշռի չափման: Քարի այսպիսի գուցե շատ ճշգրիտ որոշարկումը կմնա թիվ, իսկ նրա հանգչող ծանրությունը կկորչի մեզ համար: Գույնը լուսավառվում է, և միայն այդքանը: Եթե մենք բանականորեն չափենք նրա տատանումների քանակը, այն արդեն չքանում է: Գույնը ցույց է տալիս իրեն, քանի դեռ լուծված և բացատրված չէ: Յուրաքանչյուր թափանցում երկրի մեջ կոտրվում է նրա վրա: Ամեն սոսկ հաշվողական թափանցում իր մեջ վերջինս վերածում է ավերման: Չնայած բնության տեխնիկա-գիտական առարկայացման տեսքով ներկայացվող իշխանության ու առաջընթացի պատրանքին, այդ իշխանությունը մնում է սոսկ անզոր ցանկություն: Իր բաց լուսավորվածության մեջ երկիրը որպես այդպիսին երևում է միայն այն ժամանակ, երբ ընդունվում և պահվում է որպես էապես չբացվող, որը նահանջում է ամեն բացման առջև, այսինքն` մշտապես պահում է իրեն փակ: Երկրային բոլոր իրերը, ինքը երկիրն ամբողջությամբ ներհոսում են մեկ փոփոխական միահունչության մեջ: Բայց ներհոսումը միախառնություն չէ: Այստեղ հոսում է ինքն իր մեջ հանգչող սահմանազատման հոսանքը, ամեն առկա բան վերջինս դնում է դրա առկայության սահմանների մեջ: Եվ այսպես ամեն ինքնապարփակ իրի մեջ գոյություն ունի միևնույն ինքնաչիմացությունը: Երկիրն էապես ինքն իրեն փակողն է: Կազմել երկիր նշանակում է բերել այն բացության, որպես փակություն:
Ստեղծագործությունը իրագործում է այս կազմումը, քանզի իրեն ետ է վերադարձնում երկիր: Սակայն երկրի ինքնապարփակումը միաձև ու անշարժ քողարկում չէ, այն ծավալվում է պարզ եղանակների ու ձևերի անսպառ լիությամբ: Բայց քանդակագործը օգտագործում է քարը ճիշտ այնպես, ինչպես այն յուրովի օգտագործում է քարտաշը: Սակայն նա չի սպառում քարը: Դա ինչ-որ չափով տեղի է ունենում, երբ քանդակը չի հաջողվում: Ճիշտ է, նկարիչն էլ ներկ է օգտագործում, բայց այնպես, որ ներկը չի ծախսվում, այլ առաջին անգամ սկսում է լուսավառվել: Ճիշտ է, բանաստեղծը օգտագործում է բառը, սակայն ոչ այնպես, ինչպես սովորաբար խոսողներն ու գրողները, որոնք պիտի բառեր ծախսեն, այլ այնպես, որ բառն առաջին անգամ դառնում է բառ և մնում է այդպիսին:
Ստեղծագործության մեջ նյութ չկա: Նույնիսկ կասկածելի է, որ գործիքի էական որոշակումը ըմբռնում է գործիքը իր գործածելիության մեջ, երբ նշում է նյութ բառով այն, ինչից վերջինս բաղկացած է: Աշխարհի բարձրացումը և երկրի կազմումը երկու էական գծեր են ստեղծագործության ստեղծագործություն լինելու մեջ: Ստեղծագործության կեցության միասնության մեջ, սակայն, դրանք պատկանում են միմյանց: Այդ միասնությունն ենք փնտրում մենք, երբ մտածում ենք ստեղծագործության ինքնակայությունը` փորձելով արտահայտել դրա փակ ինքնահանգրվանումը:
Սակայն նշելով այդ էական գծերը մենք, եթե անգամ ինչ-որ բան ավելի հստակ դարձրինք, ապա ոչ թե ստեղծագործության հանդարտությունը, այլ կատարումը: Ի վերջո ի՞նչ է հանդարտությունը, եթե ոչ շարժման հակառակը: Իհարկե, հակառակն է ոչ այն իմաստով, որ բացառում է շարժումը, այլ` ներառում: Միայն շարժումը կարող է հանդարտվել: Եվ ինչպիսին որ շարժումն է, այնպիսին էլ հանդարտությունն է: Մարմնի շարժման մեջ, որպես սոսկ տեղափոխության, հանդարտությունը լոկ շարժման սահմանային դեպքն է: Եթե հանդարտությունը ներառում է շարժումը, կարող է լինել այնպիսի հանդարտություն, որը կլինի շարժման ներքին կուտակում, այսինքն` բարձրագույն շարժունություն, պայմանով, որ շարժման տեսակը պահանջում է այսպիսի հանդարտություն: Այսպիսին է ինքն իր մեջ հանգրվանող ստեղծագործության հանդարտությունը: Այդ պատճառով մենք ավելի կմոտենանք այդ հանդարտությանը, եթե մեզ հաջողվի միասնաբար ըմբռնել կատարման շարժունությունը ստեղծագործության կեցության մեջ: Մենք կհարցնենք` ինչպիսի՞ կապ են դրսևորում ստեղծագործության մեջ աշխարհի բարձրացումը և երկրի կազմումը:
Աշխարհը պատմական ժողովրդի ճակատագրի մեջ պարզ և էական վճիռների լայն ճանապարհների ինքն իրեն բացող բացությունն է: Երկիրը մշտապես իրեն քողարկող, այդկերպ թաքցնող և ոչ մի բանի չմղված երևան գալն է: Աշխարհն ու երկիրը էապես իրարից տարբեր են, բայց երբեք անջատ չեն: Աշխարհը հիմնվում է երկրի վրա, իսկ երկիրը թափանցում է նրա միջով: Սակայն աշխարհի և երկրի հարաբերությունը բնավ չի տկարանում միմյանց հետ կապ չունեցող հակադրությունների դատարկ միասնության մեջ: Աշխարհը, որ հանգրվանում է երկրի վրա, ջանում է վեր բարձրացնել այն: Որպես ինքն իրեն բացող, աշխարհը չի հանդուրժում ոչ մի փակ բան: Իսկ երկիրը, որպես ծածկող, հակված է իր մեջ առնել և պահել աշխարհը:
Աշխարհի և երկրի դիմակայությունը վեճ է: Շատ հեշտ է խեղաթյուրել վեճի էությունը, շփոթելով այն գժտության ու բանակռվի հետ և հասկանալ սոսկ իբրև խախտում և ավերում: Էական վեճի մեջ վիճողները վերհանում են միմյանց առ սեփական էության ինքնահաստատում: Իսկ էության ինքնահաստատումը չի համառում մեկ պատահական վիճակում, այլ հանձնում է իրեն իր կեցություն ակունքի թաքուցյալ նախնականությանը: Վեճի մեջ մեկը իրենից վեր է բարձրացնում մյուսին: Այսպես, վեճը միշտ ավելի սուր ու ավելի իսկական է դառնում: Եվ որքան ավելի է վեճը գերազանցում իրեն, այնքան ավելի անզիջում են վիճողները մղվում իրենց պարզ փոխպատկանելիության մտերմության մեջ: Երկիրը չի կարող յոլա գնալ առանց աշխարհի բացության, հակառակ դեպքում չի կարողանա հանդես գալ որպես երկիր իր փակության ազատագրված ճնշման մեջ: Աշխարհը նույնպես չի կարող անջատվել երկրից, հակառակ դեպքում, որպես ամեն գոյութենական ճակատագրի իշխող ընդարձակություն և ուղի, ինչպե՞ս կարող է հիմնվել վճռվածի վրա:
Բարձրացնելով աշխարհը և կազմելով երկիրը, ստեղծագործությունը հիմնում է այս վեճը: Սակայն դա տեղի է ունենում ոչ թե վեճը համաձայնության պատրանքով ճնշելու, այլ վեճը վեճ թողնելու համար: Բարձրացնելով աշխարհը և կազմելով երկիրը, ստեղծագործությունը իրագործում է այդ վեճը: Ստեղծագործության ստեղծագործություն լինելը աշխարհի և երկրի միջև վեճն է: Իսկ քանի որ վեճը իր բարձրակետին է հասնում մտերմության պարզության մեջ, վեճի մեջ է տեղի ունենում ստեղծագործության միասնությունը: Վիճելը ստեղծագործության շարժունության ինքն իրեն գերազանցող կուտակումն է: Վեճի մտերմության մեջ է իր մեջ հանգչող ստեղծագործության հանդարտության էությունը: