Ստեղծագործություն և ճշմարտություն
Իր տեղում կանգնած տաճարը բացում է մի աշխարհ և վերստին դնում երկրի վրա, որն այդպիսով առաջին անգամ դուրս է ելնում որպես հայրենի հիմք: Սակայն մարդիկ ու գազանները, բույսերն ու իրերը երբեք առկա և հայտնի չեն լինում իբրև անփոփոխ առարկաներ, որպեսզի այնուհետև հընթացս հարմար միջավայր ծառայեն տաճարի համար, որը մեկ օր նույնպես կմիանա ամբողջ ներկա եղածին: Մենք ավելի շուտ կմոտենանք ամբողջ ներկա եղածին: Մենք ավելի շուտ կմոտենանք նրան, ինչը կա, եթե ամեն բան մտածենք հակառակը, իհարկե պայմանով, որ նախապես պատկերացնենք, թե ինչպես այդ ամենը կշրջվի մեր նկատմամբ: Քանզի սոսկ շրջումը, ինքնին վերցված, ոչինչ չի տալիս:
Իր տեղում կանգնած տաճարն առաջին անգամ իրերին տալիս է տեսք, իսկ մարդկանց` առաջին անգամ հայացք իրենց իսկ հանդեպ: Եվ այդ տեսքն ու հայացքը բաց են մնում այնքան ժամանակ, քանի դեռ ստեղծագործությունը ստեղծագործություն է և Աստված չի լքել այն: Նույնն է նաև Աստծո քանդակի դեպքում, որը Աստծուն է նվիրաբերում մրցամարտում հաղթողը: Դա արտապատկերում չէ, որով կարելի է ավելի հեշտ իմանալ, թե ինչպիսի տեսք ուներ նա. դա ստեղծագործություն է, որ առկայացնում է Աստծուն և այդկերպ Աստված է ինքը: Նույնն է նաև բանաստեղծման դեպքում: Ողբերգության մեջ ոչինչ դուրս չի հանվում և չի ցուցադրվում, այլ տեղի է ունենում նոր աստվածների ճակատամարտ ընդդեմ հների: Բանաստեղծումը, որ ծագում է ժողովրդական ասքից, ոչ թե պատմում է այդ ճակատամարտի մասին, այլ այնպես է ձևափոխում ժողովրդական ասքը, որ յուրաքանչյուր էական բառ այժմ կռվում է այս ճակատամարտում և ընտրության առաջ կանգնեցնում. ի՞նչն է սրբազան, ի՞նչն է հոռի, ի՞նչ է մեծ, ի՞նչն է փոքր, ի՞նչն է հերոսական, ի՞նչն է ճղճիմ, ի՞նչն է ազնիվ, ի՞նչն է անտոկուն, ի՞նչն է տեր և ի՞նչն է ծառա (հմմ. Հերակլիտես, դրվագ 53): Ո՞րն է, ուրեմն, ստեղծագործության ստեղծագործություն լինելը: Շարունակ նկատի առնելով մինչ այժմ անմշակ ձևով ասվածը, պարզաբանենք ստեղծագործության երկու էական գծերը: Մենք կելնենք ստեղծագործության կեցության վաղուց հայտնի առջևի պլանից` իրեղենությունից, որի վրա հիմնվում է ստեղծագործության հանդեպ մեր սովորական վերաբերմունքը:
Երբ ստեղծագործությունը ներկայացվում է որևէ հավաքածուում կամ ցուցահանդեսում, ասում են, որ այն ցուցադրված է: Բայց այս ցուցադրումը էականորեն տարբերվում է կանգնեցումից, երբ արձան կամ շինություն են կանգնեցնում, կամ ողբերգություն բեմադրում տոնակատարության ժամանակ: Այսպիսի կանգնեցումը հաստատում է օծման և փառավորման իմաստով: Կանգնեցումն այստեղ այլևս սոսկ տեղադրում չէ: Օծել նշանակում է սրբագործել այն իմաստով, որ ստեղծագործական կանգնեցման մեջ սրբազանը բացվում է որպես սրբազան, և Աստված ներս է հրավիրվում իր առկայության ընդարձակության մեջ: Օծմանն է պատկանում փառավորումը որպես Աստծո արժանիք և փայլի մեծարում: Արժանիքը և փայլը հատկություններ չեն, որոնց կողքին և որոնց ետևում կանգնած է Աստված, նա գոյում է արժանիքի և փայլի մեջ: Այդ փայլի արտացոլման մեջ փայլում է, այսինքն` լուսավորվում է այն, ինչը մենք աշխարհ կոչեցինք: Կանգնեցնել նշանակում է բանալ իրավը որպես չափանիշ, որի իմաստով իշխում է էականը: Սակայն ինչո՞ւ է ստեղծագործության բարձրացումը օծող-փառավորող կանգնեցում: Որովհետև դա է պահանջում ստեղծագործությունը իր ստեղծագործություն լինելու մեջ: […] Բայց ի՞նչն է բարձրացնում ստեղծագործությունը որպես ստեղծագործություն: Ինքն իր մեջ խոյանալով ստեղծագործությունը բացում է մի աշխարհ և պահում է այն տիրապետող պահպանման մեջ:
Լինել ստեղծագործություն նշանակում է բարձրացնել աշխարհ: Բայց ի՞նչ է այդ աշխարհը: Տաճարի օրինակով ցույց տրվեց այդ աշխարհը: Այն ճանապարհին, որով պիտի անցնենք այստեղ, միշտ կարելի է հեռավոր ծանուցում տալ այդ աշխարհի էության մասին: Այդ ծանուցումը մինչև իսկ սահմանափակվում է այն ամենի հեռացմամբ, ինչը կարող է մոլորեցնել այդ աշխարհի վրա նետված էական հայացքը: Աշխարհը առկա հաշվելի և անհաշվելի, հայտնի և անհայտ իրերի սովորական կուտակում չէ: Բայց աշխարհը նաև երևակայական, առկայի գումարին ավելացվող շրջանակ չէ: Աշխարհը գոյում է և ավելի գոյող է, քան շոշափելին և լսելին, որ մենք հարազատ ենք համարում: Աշխարհը երբեք առարկա չէ, որ կանգնած է մեր առջև և կարող է հայվել: Աշխարհը միշտ այն անառարկայականն է, որին մենք ենթարկված ենք, քանի դեռ ծննդի և մահվան, օրհնման և անեծքի շրջապտույտները վերադարձնում են մեզ կեցություն: Այնտեղ, ուր կայացվում են մեր պատմության կարևոր վճիռները, որոնց մենք հետևում ենք, կամ որոնցից խուսափում ենք, ճանաչում և դարձյալ հարցնում, գոյում է աշխարհը: Քարը աշխարհազուրկ է: Բույսը և կենդանին նույնպես չունեն աշխարհ, սակայն դրանք պատկանում են իրենց միջավայրի թաքնված ճնշմանը, միջավայր, որի մեջ մխրճված են: Սրան հակառակ գեղջկուհին ունի աշխարհ, քանի որ վերջինս գտնվում է գոյի բացության մեջ: Որևէ գործիք (Zeug) իր վստահելիությամբ այս աշխարհին տալիս է անհրաժեշտություն և մերձություն: Հենց որ աշխարհը բացվում է, բոլոր իրերը ստանում են իրենց երկարությունն ու կարճությունը, հեռավորությունն ու մերձությունը, նեղությունն ու լայնությունը: Աշխարհի գոյության մեջ հավաքված է այն տարողունակությունը, որտեղից տրվում է կամ մերժվում է աստվածների պահպանող ողորմածությունը: Աստվածների բացակայության չար խաղն էլ աշխարհի գոյության եղանակ է:
Լինելով ստեղծագործություն, ստեղծագործությունը ընդունում է այդ տարողունակությունը: Ընդունել այստեղ նշանակում է ազատություն տալ բացության ազատությանը և կառուցել այդ ազատությունը իր հոդավորման մեջ: Այդպիսի կառուցումը գոյում է վերը հիշատակված բարձրացման հիման վրա: Որպես ստեղծագործություն` ստեղծագործությունը կանգնեցնում է իր աշխարհը: Ստեղծագործությունն է բաց պահում աշխարհի բացությունը: Սակայն աշխարհի կանգնեցումն այստեղ ստեղծագործության լինելիության միայն մեկ էական գիծն է: Մեկ ուրիշ գիծ, որը նույնպես պատկանում է ստեղծագործությանը, մենք կփորձենք տեսանելի դարձնել նման եղանակով` ելնելով ստեղծագործության առջևի պլանից:
Երբ ստեղծագործությունը կերտվում է որևէ նութից` քարից, փայտից, երկաթից, ներկից, լեզվից, հնչ յունից, ասում են նաև, որ այն կազմված է դրանից: Բայց ինչպես ստեղծագործությունը պահանջում է իր կանգնեցումը սրբագործող-փառաբանող բարձրացման իմաստով, քանի որ ստեղծագործության ստեղծագործություն լինելը աշխարհի բարձրացման մեջ է, այնպես էլ անհրաժեշտ է կազմումը, որովհետև ստեղծագործության լինելիությունն ինքը կազմության բնույթ ունի: Իր էության մեջ ստեղծագործությունը կազմող է: Բայց ի՞նչ է այն կազմում: Մենք կհասկանանք դա լոկ այնժամ, երբ կհետազոտենք ստեղծագործության առջևի պլանի և սովորաբար այդպես կոչվող կազմումը:
Ստեղծագործության կեցությանը պատկանում է աշխարհի բարձրացումը: Ինչպիսի՞ն է ստեղծագործության նյութ կոչվածի էությունը այդպիսի որոշարկման շրջանակներում: Գործիքը, որոշարկվելով ծառայելիությամբ և օգտագործելիությամբ, ծառայության է վերցնում այն, ինչից կազմված է` նյութը: Որևէ գործիք պատրաստելիս, ասենք` կացին, օգտագործում և սպառում են քար: Քարը անհետանում է իր ծառայության մեջ: Նյութը այնքանով է լավ յուրացված, որքանով ավելի անխոնջ է վերանում գործիք լինելու մեջ: Մինչդեռ տաճարի ստեղծագործության մեջ, որը բարձրացնում է աշխարհը, նյութը չի անհետանում, այլ առաջին անգամ ոտք է դնում ստեղծագործության աշխարհի բացության մեջ: Ժայռը գալիս է իր հիմքայնությանը և իր անդորրին ու այդկերպ առաջին անգամ դառնում ժայռ: Մետաղները սկսում են կայծկլտալ, գույները` լուսավառվել, ձայները` հնչել, բառը` ասվել: Այս ամենը երևան է գալիս, հենց որ ստեղծագործությունը վերադառնում է քարի ծավալայնության և ծանրակշռության, փայտի ամրության և ճկունության, մետաղի կարծրության և փայլի, գույների պայծառության և խամրության, ձայնի հնչման և բառի անվանողունակության մեջ: Այն, ինչին վերադառնում է բառը և այն, ինչը երևան է գալիս այդ ինքնավերադարձի մեջ, մենք անվանեցինք երկիր: Երկիրը երևան ելնողն է և թաքցնողը: Երկիրը ոչ մի բանի չմղված անջանք-ջանադիրն է: Երկրի վրա է պատմական մարդը հիմնում իր կացարանը աշխարհում: Կազմումն այստեղ պետք է հասկանալ բառիս նեղ իմաստով: Ստեղծագործությունը ներմուծում է երկիրը աշխարհի բացության մեջ և պահում այնտեղ: Ստեղծագործությունը թույլ է տալիս երկրին երկիրլինել: