Ռուբիկոն

Ստեղծագործություն և ճշմարտություն

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Միայն ստեղծագործության այս հանդարտությունից մենք կարող ենք տեսնել` ինչն է ստեղծագործության ստեղծագործությունը: Մինչ այժմ պնդումը, որ գեղարվեստական ստեղծագործությունում ճշմարտությունը դրվում է ստեղծագործության մեջ, միշտ եղել է կանխարկող պնդում: Որքանո՞վ է ստեղծագործության ստեղծագործություն լինելու մեջ, այսինքն, այժմ կարող ենք ասել, աշխարհի և երկրի վեճի մեջ տեղի ունենում ճշմարտությունը: Ի՞նչ է ճշմարտությունը:

Թե որքան քիչ և աղոտ է ճշմարտության էության մասին մեր գիտելիքը, երևում է անփութությունից, որով կիրառում ենք այս հիմնաբառը: Ճշմարտության տակ մենք հասկանում ենք այս կամ այն ճշմարտությունը: Դա նշանակում է ճշմարիտ ինչ-որ բան: Դա կարող է լինել ճանաչողություն, որ արտահայտվում է որևէ դրույթով: Սակայն մենք ճշմարիտ ենք անվանում ոչ միայն դրույթը, այլև իրը, իսկական ոսկին ի տարբերություն թերթոսկու: Ճշմարիտը նշանակում է բուն, իրական ոսկի: Իսկ ի՞նչ է նշանակում իրականը: Իրականը մեզ համար ճշմարտապես գոյություն ունեցողն է: Ճշմարիտ է այն, ինչը համապատասխանում է իրական մի բանի, իսկ իրական է այն, ինչը ճշմարտապես կա: Շրջանը դարձյալ փակվեց:

Ի՞նչ է նշանակում «ճշմարտապես»: Ճշմարտությունը ճշմարիտի էությունն է: Իսկ ի՞նչ ենք մտածում`էություն ասելով: Սովորաբար էություն է համարվում այն ընդհանուրը, ինչում համաձայնության է գալիս ամեն ճշմարիտ բան: Էությունը դրսևորվում է սեռի հասկացության և համընդհանուր հասկացության մեջ, որը ներկայացնում է այն մեկը, որ համազոր է բազումի համար: Բայց այս համազոր էությունը (էությունը essentia-ի իմաստով) սոսկ անէական էություն է: Ինչո՞ւմ է կայանում ինչ-որ բանի էական էությունը: Հավանաբար այն հանգչում է նրանում, ինչը ճշմարտապես գոյն է: Որևէ իրի ճշմարիտ էությունը որոշարկում է ինքն իրեն ճշմարիտ կեցությամբ, իր ճշմարտությամբ: Բայց հիմա մենք որոնում ենք ոչ թե էության ճշմարտությունը, այլ ճշմարտության էությունը: Ստացվում է ուշագրավ խճողում: Արդյո՞ք սա միայն ուշագրավություն է կամ հասկացությունների խաղի դատարկ խորամանկություն, թե՞ անդունդ:

Ճշմարտությունը ենթադրում է ճշմարիտի էություն: Մենք մտածում ենք ճշմարտությունը հունական բառի հիշողությամբ: Αλἠθεια նշանակում է գոյի անթաքուցություն: Բայց որոշարկո՞ւմ է սա արդյոք ճշմարտության էությունը: Չե՞նք հրամցնում արդյոք մենք բառագործածության սովորական փոփոխությունը` անթաքուցությունը, ճշմարտության տեղ, որպես խնդրի նշանակում: Իհարկե, անվան փոփոխությունը այդպես էլ մնում է, քանի դեռ մենք չենք հասկացել, թե ինչ պետք է կատարվի, որպեսզի ստիպված լինենք ճշմարտության էությունը արտահայտել «անթաքուքուցություն» բառով:

Անհրաժե՞շտ է արդյոք դրա համար հունական փիլիսոփայության նորոգումը: Նորոգումը, եթե անգամ անհնարը հնարավոր դառնար, մեզ չէր օգնի, քանի որ հունական փիլիսոփայության թաքուցյալ պատմությունը հենց սկզբից այն է, որ վերջինս չի համապատասխանում αλἠθεια բառի մեջ լուսավառվող ճշմարտության էությանը, իսկ իր գիտելիքն ու խոսքը ճշմարտության էության մասին հետզհետե ստիպված է վերածել ճշմարտության ածանցյալ էության մասին մեկնաբանության: Ճշմարտության էությունը որպես αλἠθεια չմտածված է մնում հունական մտքի և առավել ևս հետագա փիլիսոփայության մեջ: Անթաքուցությունը հունական կեցության մեջ մտածողության համար ամենաթաքուցյալն է, բայց դրա հետ մեկտեղ` ամենասկզբից ամեն առկայի առկայության որոշարկողը: Բայց ինչո՞ւ չսահմանափակվենք ճշմարտության էությամբ, որն արդեն դարեր շարունակ սովորական է մեզ համար: Այսօր էլ, և արդեն երկար ժամանակ, ճշմարտություն նշանակում է իմացության համապատասխանություն իր առարկային: Բայց չէ՞ որ առարկան որպես այդպիսին պիտի ցույց տա իրեն, որպեսզի իմացությունը և դրույթը, որ ձևավորում և արտահայտում է այդ իմացությունը, կարողանա համապատասխանել առարկային և որպեսզի առարկան պարտադիր լինի դրույթի համար: Ինչպե՞ս կարող է առարկան ցույց տալ իրեն, եթե ինքը չի կարող դուրս ելնել թաքուցության միջից, եթե ինքը ոտք չի դնում անթաքույցի մեջ: Դրույթը ճշմարիտ է, եթե այն ուղղորդվում է ըստ անթաքույցի, այսինքն` ըստ ճշմարտի: Դրույթի ճշմարտությունը մշտապես այս ճշտությունն է: Ճշմարտության քննադատական հասկացությունները, որոնք Դեկարտից ի վեր ելնում են հավաստիությունից, որպես ճշմարտությունից, սոսկ ճշմարտությունը որպես ճշտություն որոշարկելու փոխակերպումներ են: Ճշմարտության մեզ համար այս սովորական էությունը` պատկերացնելու ճշտությունը, ամբողջությամբ կախված է ճշմարտությունից որպես գոյի անթաքուցությունից: 

Եթե մենք այժմ ընդհանրապես հասկանում ենք ճշմարտությունն իբրև անթաքուցություն, ապա չենք սահմանափակվում միայն հունական բառի բառացի թարգմանությամբ: Մենք խորհում ենք այն չճանաչվածի և չմտածվածի մասին, որն ընկած է ճշմարտության էության, որպես ճշտության, մեզ համար սովորական և այդ պատճառով սպառված ըմբռնման հիմքում: Երբեմն հարմարվում են խոստովանությանը, որ ասույթի ճշտությունը (ճշմարտությունը) հաստատելու և հասկանալու համար պետք է դիմել նրան, ինչն արդեն ակնհայտ է: Այս ենթադրությունն իսկապես հնարավոր չէ շրջանցել: Քանի դեռ մենք այսպես ենք խոսում և մտածում, ճշմարտությունը հասկանում ենք որպես ճշտություն, որն իհարկե կարիք ունի նախադրյալի, սակայն երկնքին է հայտնի, թե ինչու և ինչպես:

Սակայն մենք չենք ենթադրում գոյի անթաքուցությունը, ինքը գոյի (կեցության) անթաքացությունը տեղափոխում է մեզ այնպիսի էության մեջ, որ մենք այն պատկերացնելով մշտապես դրված ենք անթաքուցության մեջ և կախված ենք վերջինից: Այսպես թե այնպես, անթաքույց պիտի լինի ոչ միայն մեր ճանաչողությունն ուղղորդողը, այլ ողջ բնագավառը, որում «ճանաչողության այս ուղորդումը», ինչպես նաև ճանաչողությունը, որի համար ակնհայտ է դառնում դրույթի համակերպումը առարկայի հետ, պետք է ամբողջապես անհրաժեշտաբար խաղարկվի անթաքուցության մեջ: Մեր բոլոր ճիշտ պատկերացումներով հանդերձ մենք երբեք չենք կարող ենթադրել, որ կա մի բան, որի նկատմամբ ուղղորդվում ենք, եթե գոյի անթաքուցությունը մեզ արդեն դուրս չի բերել լուսավորություն, որի մեջ ոտք է դնում և որից հեռանում է գոյը:

Բայց ինչպե՞ս է դա տեղի ունենում: Ինչպե՞ս է տեղի ունենում ճշմարտությունը որպես անթաքուցություն: Նախ պետք է ավելի հստակորեն ասել, թե ինչ է այդ անթաքուցությունը:

Իրերը կան, մարդիկ նույնպես, ընծաները և զոհաբերությունները կան, կենդանիները և բույսերը կան, գործիքները և ստեղծագործությունները կան: Գոյը կանգնած է կեցության մեջ: Կեցության միջով անցնում է գաղտնի վարագույր, որ անցնում է աստվածայինի և հակաստվածայինի միջև: Գոյի մեջ առկա շատ բաների մարդը չի կարող տիրել: Միայն փոքր մասն է ճանաչվում նրա կողմից: Հայտնին հայտնի է մնում մոտավոր կերպով, իսկ տիրածը` անապահով: Գոյը երբեք չի կարող լինել, ինչպես կարող է թվալ, մեր սարքածը, կամ առավել ևս մեր պատկերացումը: Եթե մտածենք այդ ամբողջը որպես մեկ բան, ապա, ինչպես թվում է, հասու ենք դառում ամենին, որ առհասարակ կա, որքան էլ կոպտորեն հասու լինենք:

Կարդալ նաև

Փիլիսոփայություն Նյութեր «Ideas and Opinions» գրքից Ալբերտ Այնշտայն Այս տարի լրանում է մեր ժամանակների մեծագույն մտածող, ֆիզիկոս Ալբերտ Այնշտայնի մահվան 50 տարին և նրա գլուխգործոցներից մեկի՝ հարաբերա­կանության հատուկ տեսության ստեղծման 100 տարին։ Այդ կապակցությամբ այս տարին հայտարար­ված է Ֆիզիկայի տարի։… Փիլիսոփայություն Վաղ Վիտգենշտայնը և իր «Տրակտատը» Սերգեյ Ստեփանյան Լյուդվիգ Վիտգենշտայնը (1889-1951թթ.) XX դարի ամենաազդեցիկ և ամենախորհրդավոր մտածողներից է: Կենսագրական վայրիվերումները, գրվածքների խիստ գիտականից մինչև միստիկական հասնող ձևակերպումները, վաղ և ուշ շրջանի հակասականորեն միավորվող կոնցեպցիաները և… Փիլիսոփայություն Միշել Ֆուկո Զրույց Մադլեն Շապսալի հետ – Դուք երեսունութ տարեկան եք: Դուք այս սերնդի ամենաերիտասարդ փիլիսոփաներից մեկն եք: Ձեր վերջին գիրքը` «Բառերը և իրերը», փորձում է քննել այն, ինչ քսան տարի ի վեր ամբողջապես փոխվել է մտածողության բնագավառում: Այսպես օրինակ, Ձեր…