Ստեղծագործություն և ճշմարտություն
Այդուհանդերձ տեղի է ունենում նաև մեկ այլ բան`գոյի վրա և նրանից վեր, բայց ոչ նրանից այն կողմ, այլ նրանից առաջ: Գոյի մեջտեղում կա կատարելապես բաց տեղ: Դա լուսավորությունն է: Եթե մտածենք այն ելնելով գոյից, ապա վեջինս ավելի գոյող է, քան ողջ գոյը: Այս բաց միջատեղը շրջապատված չէ գոյով, այլ ինքն է շրջապատում գոյին ինչպես ոչինչը, որը մենք գրեթե չենք ճանաչում: Գոյը կարող է գոյ լինել միայն այն դեպքում, եթե մտնում է այդ լուսանցի լույսի մեջ և դուրս է գալիս նրանից: Միայն այս լուսանցն է մեզ` մարդկանցս, տալիս և ապահովում ելք դեպի գոյը, որը այն չէ, ինչ մենք ենք, և դեպի գոյը, որը հենց մենք ենք: Այդ լուսանցի շնորհիվ գոյը հայտնի և տարբեր չափով անթաքույց է: Բայց անգամ թաքուցյալ գոյը կարող է լինել միայն լուսավորվածի տարածքում: Յուրաքանչյուր գոյ պահպանում է առկայության այդ յուրահատուկ հակընդդեմությունը` միաժամանակ պահելով իրեն թաքուցյալ: Լուսանցը, ուր մուտք է գործում գոյը, ինքն իր մեջ միաժամանակ թաքուստ է (Verbergung): Թաքուստը իշխում է գոյի շրջանում երկակի ձևով: Գոյը մերժում է իրեն մեզ համար բացառությամբ մեկ և ըստ երևույթին չնչին մի բանի դեպքում, որին մենք ավելի շուտ բախվում ենք, երբ կարողանում ենք գոյի մասին ասել լոկ այն, որ վերջինս կա: Թաքուստը որպես մերժում ոչ միայն ճանաչողության երբեմնի սահմանն է, այլև լուսավորվածի լուսավորման սկիզբը: Սակայն թաքուստը միաժամանակ նաև ուրիշ եղանակով լուսավորվածի ներսում է: Գոյը փակում է գոյին, մեկը ստվերում է մյուսին, մեկը մթնեցնում է մյուսին, քիչը ծածկում է շատին, առանձինը ժխտում է ամենին: Այստեղ թաքուստը սովորական մերժում չէ, գոյը թեև հայտնվում է, սակայն իրեն դրսևորում է այլ կերպ, քան կա:
Այս թաքուստը աղավաղում է: Եթե գոյը չաղավաղեր գոյին, մենք չէինք կարող աչքաթող անել նրան, մոլորվել և առավել ևս մոռացության մեջ ընկնել: Որ գոյը կարող է իբրև պատրանք խաբել, այն բանի պայմանն է, որ մենք կարող ենք խաբվել, բայց ոչ հակառակը:
Թաքուստը կարող է լինել մերժում կամ ընդամենը աղավաղում: Մենք երբեք հավաստիորեն չգիտենք, թե այդ երկուսից որն է: Դա նշանակում է. բաց տեղը` լուսանցը, գոյի մեջտեղում երբեք մշտապես բաց վարագույրով քարացած բեմ չէ, որի վրա խաղարկվում է գոյի դրաման: Ավելի շուտ լուսանցում է տեղի ունենում միայն որպես այդպիսի երկակի թաքուստ:
Գոյի անթաքուցությունը ոչ թե առկա վիճակ է, այլ պատահում: Անթաքուցությունը (ճշմարտությունը) ո՛չ իրի (գոյի իմաստով) հատկություն է, ո՛չ էլ դատողության հատկություն:
Գոյի ամենամոտ շրջապատի մեջ մենք մեզ զգում ենք տանը: Գոյն այստեղ սովորական է, ապահով, ընտելացած: Եվ այդուհանդերձ լուսանցի միջով ձգվում է մշտական մերժման և աղավաղման երկակի պատկերով թաքուստը:
Ընտելացածը իր հիմքում ընտելացած չէ, այլ սոսկալի: Ճշմարտության էությունը, այսինքն` անթաքուցությունը, կառավարվում է մերժմամբ: Այս մերժումը ո՛չ բաց է, ո՛չ էլ վրիպում, ինչպես կլիներ, եթե ճշմարտությունը լիներ ամեն թաքուցյալը թոթափած անթաքուցություն: Եթե ճշմարտությունն ի վիճակի լինի այդպիսին դառնալ, ապա այլևս ինքը չի լինի: Ճշմարտության, որպես անթաքուցության էության, այս մերժումը հատուկ է երկակի թաքուստի ձևով: Իր էության մեջ ճշմարտությունը ան-ճշմարտություն է: Պետք է ասել, ընդ որում հատուկ շեշտակիությամբ, որ անթաքուցությանը, որպես լուսանցի, պատկանում է թաքուստի ձևով մերժումը: Դրույթը, ըստ որի ճշմարտության էությունը ոչ-ճշմարտությունն է, բնավ չի ասում, որ ճշմարտությունն իր հիմքում կեղծիք է: Այս դրույթը չի ասում նաև, որ ճշմարտությունը երբեք ինքը չէ, իսկ դիալեկտիկորեն ներկայացված` մշտապես նաև իր հակառակն է: Ճշմարտությունը գոյում է որպես ինքը, քանի դեռ թաքցնող մերժումը սահմանում է ամեն լուսանցի մշտական ակունքը, իսկ աղավաղումը` ամեն լուսանցի մոլորության չբթացող սրությունը: Թաքցնող մերժում այստեղ անվանում ենք այն հակամետը, որ կա լուսանցի և թաքուստի միջև ճշմարտության էության մեջ: Այդ հակընդմետը նախնական վեճի ընդդիմությունն է: Ճշմարտության էությունն ինքն իր մեջ նախնական վեճ է, որում վիճարկվում է բաց միջատեղը, ուր մուտք է գործում և որտեղից դուրս գալով ինքն իր մեջ է վերադառնում գոյը:
Այս բացությունը տեղ է գտնում գոյի մեջ: Նրան հատուկ է էական մի գիծ, որն արդեն նշեցինք: Բացությանը պատկանում են աշխարհն ու երկիրը: Բայց աշխարհը պարզապես բացություն չէ, որ համապատասխանում է լուսանցին, երկիրը փակություն չէ, որ համապատասխանում է թաքուստին: Աշխարհն ավելի շուտ էական կանոնների ուղիների լուսանցն է, կանոններ, որոնց ենթարկվում է ամեն վճիռ: Իսկ ամեն վճիռ հիմնվում է ինչ-որ չհաղթահարված, թաքնված, մոլորեցնող բառի վրա, այլապես չէր լինի վճիռ: Երկիրը պարզապես փակություն չէ, այլ մի բան, որը լինելով ինքն իրեն փակող, բացվում է:
Աշխարհն ու երկիրը ինքնին, իրենց էությամբ վիճող և վիճարկվող են: Միայն այդպես են վերջիններս մտնում լուսացին և թաքուստի վեճի մեջ: Միայն աշխարհի միջով է թափանցում երկիրը, աշխարհը հիմնվում է միայն երկրի վրա, որքանով ճշմարտությունը տեղի է ունենում որպես լուսավորության և թաքուստի նախնական վեճ: Բայց ինչպե՞ս է տեղի ունենում ճշմարտությունը: Մենք պատասխանում ենք. այն տեղի է ուենում էական սակավ եղանակներով: Այդ եղանակներից մեկը ստեղծագործության ստեղծագործություն լինելն է: Կանգնեցնելով աշխարհը և կազմելով երկիրը` ստեղծագործությունը վարում է այդ վեճը, վեճ, որում առարկա է գոյի անթաքուցությունն ամբողջությամբ` ճշմարտությունը:
Տաճարը կանգնած է իր տեղում, – սրանում է տեղի ունենում ճշմարտությունը: Սա չի նշանակում, որ ինչ-որ բան ճիշտ է ներկայացվում և վերարտադրվում, այլ` գոյը ամբողջությամբ հանգեցվում է անթաքուցության և պահվում է նրա մեջ: Պահել նշանակում է պահպանել: Վան Գոգի նկարում տեղի է ունենում ճշմարտությունը: Սա չի նշանակում, թե այստեղ ճշգրիտ կերպով արտանկարվել է առարկան, այլ բացվում է ոտնամանների, որպես արգասիքի, կեցությունը և գոյն ամբողջությամբ, աշխարհն ու երկիրը իրենց դիմակայության մեջ հասնում են անթաքուցության:
Ստեղծագործության մեջ է ստեղծագործության ճշմարտությունը և ոչ ընդամենը որևէ ճշմարիտը: Գյուղացու ոտնամանները պատկերող նկարը, հռոմեական ցայտաղբյուրը երգող բանաստեղծությունը, ոչ միայն տեղեկացնում են (իհարկե, եթե տեղեկացնում են), թե ինչ է առանձին գոյը որպես այդպիսին, այլ թույլ են տալիս անթաքուցությանը որպես այդպիսին տեղի ունենալ ամբողջությամբ գոյի հարաբերությամբ: Որքան ավելի պարզ և էականորեն կբացվեն իրենց էության մեջ ոտնամանները, որքան ավելի մաքուր և անխառն է իր էության մեջ բացվում ցայտաղբյուրը, այնքան ավելի անմիջական և գրավիչ է դառնում գոյը և առավել գոյեղ: Այդկերպ լուսավորվում է ինքն իրեն թաքցնող կեցությունը: Այդպիսի լույսը ներմուծում է ստեղծագործության մեջ իր փայլը: Այդ ներմուծված փայլը գեղեցիկն է: Գեղեցկությունը այն եղանակն է, որով գոյում է ճշմարտությունը որպեսանթաքուցություն: