Հայկական հակաժողովրդական հեքիաթներ
– Բռնա քու մոտ, հընչի ես փոշի թափիմ իգամ:
Հուլունքն այնքան խորոտիկ է լինում, որ աղջիկն
ափսոսում է ձեռքում պահել, դնում է բերանը: Հուլունքը բերանի մեջ հալվում է: Կմնա ամիս մ՛էրկուս, աղջիկ կէրկուհոգովնա, մամ գինա, թե աղջիկ սիրողութին է էնի: Գցում են խեղճ աղջկան մի սենյակում փակում, օրը մի կտոր հաց են տալիս:
Բազրկանն իր բազրկնությունից վերադառնում է, ոչ ոք ընդառաջ չի ելնում, մտածում է.
«Մըր տուն մարդ ա մեռե», բայց գալիս տեսնում է` չէ, ամենքը ողջ են, հարցնում է.
– Իմ աղջիկ հ՛ո՞ւր ա: Կնիկն ասում է.
– Ջայնամն ա: Քու աղջիկ սիրողութեն էնի խըլխի հետ, էրկուհոգովցեր է, հանդ է պատուկ էնա տեղ:
Բազրկանը գնում է սենյակի դռան մոտ, ասում.
– Ախչի, ախչի, դուռ բաց:
Աղջկա միտքն է ընկնում իր կուլ տված հուլունքը, դռան հետևից ասում է.
– Բազրկա՛ն, կա՛նի, էրկու խոսք կզրուցիմ քու հետ ու նոր զդուռ կբանամ:
Եվ հիշեցնում է գանգի մասին ու պատմում է թոնրի և հուլունքի հանգամանքը և ասում.
– Հըլուն ես դրեցի իմ բերան, հըլուն իմ բերնի մեջ հալավ, էդ հըլնան ա իմ փոր ուռե:
Բազրկանը հասկանում է, որ աղջիկը ճիշտ է ասում, հուլունքի շառն ա, աղջկան դնում են փափուկ անկողինների մեջ ու խնամում, ինն ամիսը լրանալուց հետո մի տղա է բերում: Տղի հերկնութեն թիզ մը կեղնի, մորուք էրկու թիզ: Հ՛իրիկուն օր բազրկան կիգա, տղեն կասա. – Ափո, բարով էկար:
Բազրկան կասա. – Բարու մեջ մնաս:
Իհարկե չի զարմանում, որ նորածինը խոսում է ու քաղաքավարի ողջունում. ո՞նց կարող է երկթզանոց մորուքով անձնավորությունը խոսք ու բարևի քաղաքավարություն չիմանալ. շատ էլ թե ինքը մի թիզ է: Հին մարդ է այս նորածինը, մորուքավոր մարդ է: Եվ նկատենք, որ բազրկանի կինն ու աղջիկն այլես հեքիաթում չեն երևում, չկան, դեր չունեն:
Լուսուն բազրկանը ելնում գնում է իր գործին` շուկա: Իսկ շուկայում մունետիկը գոռում է ու ազդարարում, թե գողերը տարել են թագավորի գանձարանը, թագավորն էլ ուխտ է արել, որ եթե գողը գա ու ներկայանա, իր աղջկան կտա նրան: Երեկոյան բազրկանը գալիս է տուն, պզտիկ տղեն ասում է.
– Բարով էկար, ափո: Իսկի շուկեն ի՞նչ կեր, ի՞նչ չկեր:
Բազրկանն ասում է.
– Լա՛ո, վալլա սաղութեն, բան չկեր:
Բայց պստիկ մորուքավորը կշտամբում է ու ասում.
– Ափո, ընչի՞ սուտ կէնիս, չէ՞ դալալ կբոռեր թա` գողեր մտած ա թագավորի խզինեն, ինչ գախ են գող իգա, իմ ախչիկ կիտամ ուրին:
Իսկ բազրկանն ամենևին ցանկություն չուներ զբաղեցնելու իրեն թագավորական գանձարանի հոգսով և ասում է.
– Չէ՛, լաո, իսկի էմալ բան չըն ասի շուկեն:
Պստիկը սակայն ուշք չի դարձնում նրա խուսափուկ անտեսումներին, այլ լրջորեն պատվիրում է բազրկանին, որ մյուս օրը, երբ մունետիկը կրկին կազդարարի, թե թագավորի գանձարանը կողոպտել են, մոտենա նրան ու ասի. «Պզտիկ տղե մի կա մըր տուն, առեք զէնի տարեք, էնի գինա զձեր գող»:
Բազրկան լուսուն կէրթա շուկեն, դալալ էմէլ կբոռա, բազրկան չիշխնու մոտենա, կըխորհի. «Վախենամ ասիմ` տղեն տանին, չգինա` տանին զիսսպանին»:
Հասկանալի մտահոգություն: Ի՞նչ գործ ունես թագավորի գանձարանի հետ: Կամ` տանը նստած փոքրիկն ի՞նչ կարող է իմանալ գողերի մասին: Պատասխանատվությունն էլ, անշուշտ, նորածնի վրա չի ընկնի` թեկուզև մորուքավոր, այլ կծանրանա իր վրա` չափահաս մարդու: Ցերեկային սթափ դատողություն: Բայց երեկոյան գալիս է տուն և.
– Ափո՛, բարով էկար, – ասում է պզտիկ տղեն, – ի՞նչ կա շուկեն:
– Լաո՛, բան չկա, – ասում է բազրկանը:
– Ափո՛, դու հ՛օրի՞ սուտ կընես, – ասում է փոքրիկը:
– Չէ՞ դալալ կբոռեր, թե թագավորի գող հ՛ո՛ւր ա, թ՛իգա իմ աղջիկ կիտամ ուրին: Լուսուն օր գացիր մայեամ` անպայման ասիս, թե. «Պզտիկ տղե մը կա մըր տուն, արեք տարեք, ընի գինա ձըր գող»:
Լուսուն բազրկանը գնում է շուկա, մունետիկը կրկին գոռում է իր ազդարարությունը, բազրկանն էլ մոտենում ու վերջապես ասում է պատվիրածը: Մունետիկը վազ է տալիս թագավորի մոտ, թե` բազրկանի տուն պզտիկ տղե մը կա, ընի գինա զմըր գող:
Թագավոր մարդ ճամբցոց, զտղեն դրեցին բամբկի մեջ, մոմեր վառեցին կշտներ, առան եկան թագավորի մոտ:
Ասացողը, եթե անգամ կարող է այդ անել, չի մեկնաբանում այս արարողության իմաստը: Հալալ է նրան, ով կհասկանա, թե ինչու են տղուն թագավորի մոտ տանում բամբակի մեջ դնելով և մոմավառությամբ: Տարան, թագավորը տեսավ, ասաց.
– Իդա՞ ի իմ գող գինա:
Իսկ տղեն նրա զարմանքին ի պատասխան ասաց.
– Քու գող քու զաբո՛ւթն ա, օնբաշի՛ն ա, քու խազի՛ն ա:
Այսինքն` ոստիկանապետը, զորապետը, դատախազը: Եվ այսպես թվարկելով քառասուն մարդու անուն տվեց և ասաց.
– Թը չըս ավտընա, քելե էրթանք քո աղջկա հ՛օդեն:
Գնացին թագավորի աղջկա ննջարանն, ասաց.
– Իշկե՛ք աղջկա տեղի տակ:
Նայեցին ու տեսան, որ աղջկա մահճակալի տակ փոս կա փորված, որը թունելով գնում հասնում է դատախազի տանը: Թագավորը քառասուն դավադիրներին էլ ժողովում է բերում, տղեն դառնում է կացնավոր դահիճ` կէղնի բալթաջի մը, զքառասուն մարդ լե ուր ձեռնով կսպանա, զաղջիկ լե կսպանա, տղեն կհամբարձի:
Ուղղահայաց կտրուկ վերջաբան: Կհամբարձի:
Այս հեքիաթի մեկ այլ հաղորդմամբ, որտեղ խոխը հնչում է կողկ, գանգը գտնում է ոչ թե վաճառականությամբ շրջագայող բազրկանը, այլ թագավորի տղեն, որը որսորդության սիրահար էր, որսի հետևից կզվռնար: Մի օր էլ ողջ օրը ձեռնունայն զվռնալուց հետո կիգա գետի մը վրեն կողկ մը կտեսի, օր ջրու էրեսի վրեն կիգա: Տրեխները հանում է, մտնում է ջուրը, ձեռքը պարզում ու ջրի երեսից գանգը վերցնում: Կողկ կասա.
– Վերուս լէ վա~յ ես, չը վերուս լէ վա~յ ես:
Տղեն բարկացած կողկը զարկում է, կոտրում: Ցան է ժողովում, փուռ սարքում, գանգոսկրերն այրում: Նույն ալքիմիական գործողությունն է, այս անգամ ոչ թե թոնրի մեջ, այլ գետեզրին վառած խարույկի բոցում: Մոխրափոշու մեջ, իհարկե, մի հուլունք է երևում: Տղեն վերցնում է, դնում գրպանը: Մի քանի օր հետո քույրն ասում է. – Ախպեր, քու շորեր խանա վլամ:
Լվացք անելիս հուլունքը գրպանից գտնում է, գցում է բերանը, թե` «Վլացք պռծիմ, տանիմ կութին դնիմ», բայց հուլունքը զարդատուփ չի հասնում, այլ դարձյալ ալքիմիական գործողությամբ հալվում է (մի հնոց էլ մարդու բերանն է, չէ՞). ախչկա բերան կխալի, փոր կէրթա:
Մի էրկու-իրեք ամիս կմնա, ախչկա փոր կուռի: Կնկտիք կասեն թե` «Թագավորի ախչիկ ճժով ա» Թագավորը քուր ու ախպորը տանից դուրս է անում, սրանք գնում առանձին են ապրում, և իր ժամանակին ծնվում է փոքրիկ Ճուկոն, որը երկթիզ մորուք չունի, բայց նույնպես ծնվելուն հետ խոսում է, դառնում յոթ տարեկանի չափ ու արտում վար անող քեռուն հաց է տանում: Այս մի կենսուրախ տարբերակում Ճուկոն տրիքստեր է` ճարպիկ խաբեբա, երազ մեկնելով մերկացնում է թագավորի կնկա ծպտված սիրեկանին ու յոթ ջորաբեռ ոսկի ստանում, խորոված սագ ու գառ է գողանում քաղաքի դատավորներից ու հղիացնում է նրանց աղջիկներին, հետո էլ պսակվում է հետներն ու յոթ օր, յոթ գիշեր հարսանիք անում: Համբարձվելու մասին այստեղ խոսք չկա, և վերջում էլ խնձորներն ընկնում են: