Հայկական հակաժողովրդական հեքիաթներ
Ասեցին. – Գացեք մեկ բեռ բերեք` վառենք: Էրթանք քաղաք էրկու բեռ տանք:
Տղեն էլ ասեց. – Էրկու բեռ չենք ուզե, ինչ աթար տամ, էն աթարից տան, միայն գացեք պայմանը գրեք բերեք:
Պայման գրեցին, կնքեցին: Հաջորդ առավոտ Խելքից շատը հապաղեց ու ծառաներին ասեց. – Մի բառնեք, թող ըտոնք հ՛առէջ էրթան:
Վաճառականները հասան քաղաք ու լուր տարան, թե տղեն քառասուն բեռ գոմաղբ է բերել:
Բազրկյանբաշի աներն ասաց. – Օր քաղաք մտեր ա, գլոխ կիտամ զարկել:
Եվ համապատասխան նամակ գրեց Խելքից շատին: Սա էլ մի գիշեր իջևանելու իրավունք խնդրեց: Թույլ տվեցին, թե. – Թող էրթա ֆըլան ղազանոց սըթըրվի: Խելքից շատը գնաց այդ կիսավեր թռչնանոցում իջավ, հրաշալի սուփրեն բացեց, իր ծառաների հետ կերավ, խմեց ու քեֆ արեց: Իսկ բազրկյան բաշու գեղեցկուհի աղջիկը շատ խնդրեց մորն, ասեց. – Մի էրկու հաց տուր տանիմ Խելքից շատին, ճամփուց է էկե, անոթի կէղնի, մեկ էլ երեսը տեսնիմ…
Չարսավը քաշեց գլխուն, գնաց, գնաց հասավ ղազանոցի մոտը, տեսավ օր շատ զարմանալի լուս կերևեր ղազանոցից: Գնաց փանջարից իշկեց, տեսավ Խելքից շատը մեկ սուփրա ա փռե, օր էտոր դեմ հեչ բան չարժենա ուր հոր կարողութեն, բիրադի անգին քարից, չամ չրաղից, ակունքներուց:
Ախչիկ դարձավ էկավ տուն, մորն ասեց. – Ես գինամ օր իմ Խելքից շատ էն տղեքներուց չէ…
Եվ պատմեց հրաշալի սփռոցի մասին: Մերն էլ գնաց հորը պատմեց, բազրկյանբաշին ելավ ծանր-ծանր վազեց հասավ ղազանոց, օր տեսավ սուփրի կարողութեն, խելքը գլխուց գնաց: Ուշքի բերին, ասեց. – Լա՛վ, հ՛ելի բարձի էրթանք, մարդ չտեսնի մեզի:
Տղեն ասեց. – Չէ, արևը պըտի էրկու բոյ էլնի, նոր բառնամ գամ:
Լուսն օր բացվավ, արևն առավ, մեր խելքից շատ բարձավ բեռներն ու գնաց: Բազրկյանները հ՛ըմմեն տեղ ասեցին, թե աթար ա բերի: Սաղ քաղքըցիք ժողվան էկան, հա՛ էրեցին, հո՛ւռա էրեցին, ծիծաղեցին: Քշեց բեռները, բերեց բազրկյանբաշու դուռը թափեց: Բազրկյանն ասեց. – Որդի՛, թող ծառաները տեղավորին, դու քրտնած ես, ներս արի:
– Չէ, – ասեց, – չէղած բան ա: Քանի օր իմ մեկ բեռ դուրս ա, ես ներս պիտի չիգամ: – Քաշեց բեռները էն լավ օթախի մեջ, նոր էկավ, բազրկյանբաշու մոտ նստավ:
Վերջաբանը թագավորի պալատում է: Շրջագայությունից վերադարձած երեսունինը վաճառական թագավորին իրենց ընծաներն են բերել, Խելքից շատն էլ մի սկուտեղ է մատուցում, վրայի քողը քաշում են, չորս աղյուսաձև կտոր գոմաղբ է մեջը: Թագավորը հերսոտավ, ասեց. – Ընձի ի՞նչ համարեցիր, օր էտ աթարը բերեցիր, թե հայվան կը համարեր, խոտ դարման բերեր:
Խելքից շատ խնդրվավ, ասեց. – Իրավունք տուր ջարդեմ էս աթարները:
Ջարդեց, ամեն մեկու մեջեն չորս հատ անգին քար հանեց, սրբեց, դրեց վար: Թագավորի գլուխը ուռավ, փափախը գլխուց ընկավ, թե. – Ես թագավոր իմ, էտ մեկ քարի կարողութեն չունիմ, էտմալ էլ հարստութեն կէղնի՞:
Բազրկյաններ օր էտ քարերը տեսան, մռթները ճղավ, արուն թափավ: Պայմանագրում էլ դրոշմված ու կնքված է. «Ինչ աթար առնինք, էն աթարից տանք»: Դե՛, տվեք:
Ամենանաշատն աներն էր խանդավառվել, բայց տղեն ի վերջո նրա եռքը մեղմեց, մեկուսի ասեց. – Բազրկյան բաշի, մի՛ շատ բարկանա, էտ աթարից չեմ տվե, խամ աթար եմ տվե:
Ասեց. – Բա ի՞նչ էնինք:
Ասեց. – Օր շատ ոտքդ ձեռքդ գըյնին, բախշա: Թագավոր, նազիր վեզիրով ընկան մեջ բարիշութեն էցկեցին մեջներ, շատ օր ոտ ընկան, բազրկյանբաշին բաշխեց: Պայմանը տվեցին ճղեցին: Հարսնիք բռնեցին, յոթն օր յոթը գիշեր հարսնիք էրեցին. էն հասավ ուր մուրազին, դուն էլ հասնիս քու մուրազին: Աստծուց իրեք խնձոր իջավ, մեկը ասողին, մեկը լսողին, մեկն էլ ականջ էնողին:
Հիմա լսելով ու ականջ դնելով կարող ենք նաև տեսնել ու հասկանալ, որ այս պատմությունները` սխեմատիկ թվացյալ ընդհանրությամբ հանդերձ, իրական ոչ մի կապ ու առնչություն չունեն ամերիկյան առասպելի հետ կոշիկ մաքրող տղայի մասին, որը նույնպես խելք ուներ ու փող չուներ և իր ուշիմության ու աշխատասիրության շնորհիվ դարձավ միլիոնատեր մագնատ ու կապիտալիզմի շնաձուկ: Ոչ մի զուգահեռ չկա, որովհետև այս հեքիաթների հերոսները գործարար նպատակահարմարության տեսանկյունից անում են պարզապես անհեթեթ ախմախություններ, փողը վառում են ու ջուրն են գցում, ինչը ոչ մի Հենրի Ֆորդ, օրինակ, իրեն թույլ չէր տա: Մեկը հարյուրավոր ոսկիների արժողությամբ ծղոտ է վառում ու մոխիր շինում, որ տանի ծովի մյուս կողմն ու թոզ փչի կատաղի գազանների աչքին, մյուսն իր ունեցվածքը վաճառում ու հաց է առնում, որ մանրելով լցնի ջուրն ու կերակրի ձկներին: Դարեր շարունակ սա ասողներն ու լսողները չգիտեի՞ն, որ նման ճանապարհով չեն հարստանում: Գիտեին, իհարկե, բայց գիտեին նաև, որ ասում ու լսում են ոչ թե որևէ Ռոտշիլդի կենսագրությունը, այլ հեքիաթ, իսկ հեքիաթն աշխարհիկ խելքի ու նրա հարստության և թշվառության մասին չէ, հեքիաթը, չհոգնենք կրկնելուց, «ներքին մարդու» արկածների մասին է: Այս «ներքին մարդն» է արտաքին մարդուն անընդհատ հուշում, որ «Խելք շատ կա»: Ինչո՞ւ է մարդկանցից յուրաքանչյուրը համոզված, որ ինքը, ճիշտ է, այս չունի, այն չունի, որոշակի գիտելիքներ չունի, նկատելի ունակություններ, թվարկելի հատկություններ, գուցե` ուժ, հնարավոր է` գեղեցկություն, փող չունի վերջապես, բայց խելք, անկասկած, ունի: Որովհետև դա իրոք այդպես է: Որովհետև հոգի ունի, իսկ հոգին հազվադեպ է հիմար լինում, եթե առհասարակ թույլատրելի է մարդկային հոգու մասին նման չափանիշով դատելը: Արտաքին մարդը կարող է այնքան հիմար լինել, որ ոչինչ չիմանա իր հոգու մասին, ինչպես ժամանակակից հոգեբաններն ու հոգեվերլուծողները, որոնք նույնիսկ կոմպյուտերային տոմոգրաֆիայով հոգու տեղը չեն գտնում և անկարող են այն հերձելով բացահայտել մարդու «չափազանցված ինքնագնահատականի» արմատները: Հեքիաթը նույնպես որևէ բան չի բացատրում, այլ նկարագրելով պատմում է տղերքի մասին, որոնք քաղաքի փողոցներում շրջելով ձայնում են այն, ինչը հոգեհարազատ է լսողին ու ականջ դնողին. «Խելք կա, փող չկա», այսինքն` հոգին այս աշխարհում դրսևորվելու ձևը չի գտնում:
Ըստ Թովմասի ավետարանի` «Հիսուսն ասաց. Հոր Արքայությունը նման է ապրանքներ ունեցող վաճառականի, որը մի մարգարիտ գտավ: Այդ վաճառականն իմաստուն էր. նա ծախեց ապրանքները և գնեց իրեն համար այդ մի մարգարիտը»:
Առաջին տարբերակի հերոսը վառում, մոխիր է դարձնում իր «նախնական կապիտալը» և փչում է այդ մոխրափոշին գազանների աչքին: Չորս մշակների օգնությամբ, որոնք կարող էին նաև հինգ լինել` զգայարանների թվով, բայց հինգերորդն ինքն է: Գազանները ոռնալով իրենց նետում են ծովը, և կղզու մարգարիտները դառնում են մատչելի: Արևելքի աշխարհագրության մեջ դրախտը չորս գետերի ակունքին չէ, այլ հեռավոր ծովի կղզում, բայց այստեղ պարտեզներ ու գոհարակուռ ապարանքներ չկան և ութ անմահ դաոսներն ու այլ երանելիներ չեն երևում, ամայի է կղզին. դու ես, ջանավարներն ու անգին քարերը: Եթե ջանավարներին կարողացար քշել, քարերը քոնն են:
Շատ խորհրդավոր բան է կատարվում Խելքից շատի հետ: Քաղաքում սով է, և բարեգործ հերոսն իր ունեցվածքը վաճառում ու հաց է առնում սովյալների համար: Նաև ծովի ձկներին է կերակրում, որովհետև սրանք էլ, պարզվում է, լկլկում են անոթությունից: «Քանզի գիտենք, որ ամենայն արարածներն են հեծեծում», ինչպես գրում է հռոմեացիներին Պողոս առաքյալը, «Զի արարածոց ակնկալությունն Աստուծո որդիների հայտնությանն է սպասում»: Խելքից շատի գթասրտությունն այսպիսով մարդկային հասարակության շրջանակներից դուրս է գալիս ու ողջ տիեզերքն է ընդգրկում, որովհետև մարդն, այո, նաև ծովի ձկներին ու երկնի թռչուններին պետք է խնամի ու փրկի: Եվ ի՞նչ է լինում: Սովամահությունից ազատված քաղաքացիները Խելքից շատին շնորհակալություն են հայտնում, ինչն անշուշտ նույնպես անարժեք բան չէ, բայց ձկները նրան մարգարիտներ են նվիրում, որոնցից յուրաքանչյուրը մի թագավորություն արժե: Երանի ականջ ունենայինք լսելու այն, ինչ ասում են:
Եվ ի՞նչ, մի՞թե այնքան միամիտ ենք, որ համարենք, թե հեքիաթներն ասողներն ու լսողներն իրենց հեքիաթասացությունը պսակում էին տարատեսակ մեկնություններով: Իհարկե, ոչ: Եվ դրանց կարիքն ամենևին չկար էլ: Որովհետև սյուժեները պահպանելով տարածում էր գիտակցությունը, որը «փարա չուներ» և «մալ չուներ», իսկ իմաստությունը պահպանելով հաղորդում էր հոգին, որը գիտեր` «Խելք կա՛»: