Ռուբիկոն

Հայկական հակաժողովրդական հեքիաթներ

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Մի օր սրան մի հարուստ վաճառական` թուճար հ՛ըռաստ կիգա, կասե. – Ջանը՛մ, քու խելքն ի՞նչ է օր կպոռաս «Խելք կա, փարա չկա», ասե տեսնամ:

Էդ մարդն է, կասե. – Ես չըմ կռնա ասիմ իմ խելք, տո՛ւր զփարեն, հանտե կտեսնաս իմ խելք ի՞նչ է: Թուճար կհանե հինգ հարիր օսկի կիտա, կասե. – Հա՛ն զքզիկ փարա, զքու խելք ցուցու ընծիկ:

Մարդն այս ողջ փողով ծղոտե խսիրներ է առնում, մի մեկուսի տեղ կրակ տալիս, սարքում մոխիր: Թուճարին լուր են տալիս, թե փողդ վառեց, արեց փոշի, դրեց գետին: Սա շուկայի լայնք ու երկայնքով վազվզում է, գտնում, ասում. – Էկո՛, տեսնամ ինչ իս էրի, քու խելքն օր կասեր է՞դ էր:

Մարդն կասե. – Իմ խելքն էդ է, կհավնիս, տուր զքու փարեն, չըս հավնի` դու քզիկ, ես` ընծիկ:

Թուճարն է, հինգ հարիր օսկու կսկծուն, հինգ հարիր լէ կհանի կիտա, կասե. «Տեսնամ էդորնէ ի՞նչ կէլնի»: Մարդն այս ողջ փողով պարկ ու ջվալ է առնում, խսիրների մոխիրը լցնում է դրանց մեջ ու կրկին կէլնի կընկնի շուկի մեջ, կօլըրդի ու կասե. «Խելք կա, փարա չկա, խելք կա, փարա չկա՚ ու կէրթա շուկի լենք ու հ՛էրկենք կիգա:

Թուճարը, բնականաբար, կրկին հաշվետվություն է պահանջում, բայց մարդն իր հեռանկարային ծրագիրն ավարտին հասցնելու համար իր հերթին պահանջում է արդեն հազար ոսկի, որպեսզի ներդնողը «բալքիմ զըմեն բիրտան առնե», և (անքննելի են վարկատու հոգիները) թուճրի ճար կկտրի, հազար օսկի լէ կհանե կիտա:

«Խելք կա, փարա չկա» ասող մարդը մի նավ է գնում, չորս մշակ է վարձում, մոխրով լեցուն պարկերը բարձում է նավն ու ճամփա ընկնում:

Չորսամսյա նավարկությունից հետո, որի ընթացքում «իսկի շենլիկ հ՛ըռաստ չիգա, տակ ուրանց ջուր, վերև ուրանց հ՛երկինք մինակ կժանգռտա»,հասնում են մի լեռնոտ կղզի, որտեղ բնավորված տարբեր գազաններ են վխտում: Մշակներին իրենց անելիքը սովորեցնելուց հետո մարդը մի երկար փայտ է առնում, ափ է ելնում ու սկսում է փայտով գազանների որջերը խթել, ու բզբզել: «Ջանավարներ կօռնան ու կփախնին ծովու դին»: Մշակները բաց են անում պարկերն ու մոխրափոշին լցնում նրանց վրա: Գազանները կուրանում են և, իհարկե, լցվում են ծովն ու խեղդվում: Այս հաջող գործողությունից հետո մարդն առնում է մշակներին, պարկերն ու գնում է կղզու խորքը: Դու մի ասի` ծովու միջի էդ սար անգին քարերի սարն է էղի: Հինգ հարյուր պարկերը լցնում են անգին քարերով: Այստեղ սինդբադությունն ավարտվում է և սկսվում է պիկարոյական վեպը:

Տունդարձի նավարկության ճամփին մշակները նենգամտում են ու խորհում գանձին տիրանալ` գանձատիրոջն սպանելով, բայց սա խորաթափանց է և կանխում է ոճիրն ու առաջարկում գանձն իրենց միջև հինգ տեղ բաժանել. – Ախպրտա՛նք, էդա անգին քար մենք հ՛ո՞րի տանինք անդատել ու անբանել թուճրի հետ կիսինք. հինգ հարիր ջվալ չէ՞, հարիր` քզիկ, հարիր` քզիկ, հարիր` մեկ ախպոր, հարիր` մեկէլ ախպոր, հարիր լէ` ընծիկ: 

Համաձայնվում են, բայց երբ հասնում են նավահանգիստ, մարդը մշակների կռներից բռնում` նավից դուրս է շպրտում. – Դուք ի՞նչ շուն իք օր ձզիկ բան տամ, իմ խելք չէղներ` ձըր բերա՞ն պիտի բերեր, ձըր հախ առեր իք, թողեք գացեք:

Մշակները ծոծրակները քորելով փոռ ու փոշման թողնում գնում են: Խելոքն ավետիս է ուղարկում ներդնողին, սա գալիս է պարկերն ուրախ-ուրախ տանում պահեստավորում, հետո իր հերթին նենգամտում է ու խորհում. «Քանի սաղ իմ, հերիք է ընծիկ, վալա~յի, էդ մարդուն քարըմ չպիտի իտամ խոթե ուր աչք»: Եվ բռնում է խելոքի ձեռքից ու դուրս շպրտում: Սա էլ ձեռքը ծոցում, ականջակոթը քորելով գնում է ու գտնում իր բախտակիցներին: Միասին մտածում են, թե ինչ անեն: Մշակներն առաջարկում են կողոպուտ, խելոքը նախընտրում է գողությունը, ի վերջո կանգ են առնում առևանգման վրա:

Դարանակալում են թուճարի զբոսանքի ճամփին, բամփում են գլխին, տանում նավ ու ծով դուրս գալիս: Առևանգվածն, ուշքի գալով, իհարկե առաջարկում է. «Զիս տարեք քաղաք, ինչ կուզիք, կիտամ»: Բայց խելոքն էլ, իհարկե, ծաղրում է նրա խորամանկությունն ու մահվան սպառնալիքով հրամայում, որ նամակ գրի իր որդուն: Սա ճարահատյալ գրում է. «Տղա, էն հինգ հարիր ջվալ անգին քար օր դրուկ է ֆըլան տեղ, էդա մարդիկ օր կիգան հ՛ուզին, տվեք թըղ առնին էրթան»: Երբ գրում է պրծնում, ՙԽելք կա՚ ասողը դիմում է ընկերներին. – Ձզիկ տեսնամ, բռնեք զթուճրի օտք ու ձեռք, լոռտեք ծովու մեջ, հեղըմ լէ էդ տեսակ ճըլաքութին չէնե: Մեկ լէ, օր սաղ մնա, մզիկ լազաթ չպիտի տա:

Կվերցուն ու չըրո~մփ, ծովու մեջ: Թուճարն կխեղդվի: Զկյամու գլուխ կթորկին, կիգան, կբերին թուղթ կիտան թուճրի տղին, կառնին զհինգ ջվալ անգին քարն, կտանին կիսին վիրարու, նոր կփթնին, կազատին:

Իսկ հասկանալու համար, թե ինչի՞ց են վերջապես փրթնելով ազատվում, խելք է պետք: Բայց դա էլ հո փո՞ղ չէ, որ չլինի: Այն էլ մեր կողմերում, որտեղ բոլորն էլ խելոք են: Բայց փող չունեն: Ահավասիկ մի գայթակղություն, որը դրդում է հեքիաթից շեղվելով գայթել այնպիսի մի բանի վրա, ինչպիսին փողն է: Հարցահունչ ամերիկյան տխմարաբանությունը` «Եթե այդքան խելոք ես, ինչո՞ւ այդքան հարուստ չես», վաղուց դուրս է ծավալվել անգլոսաքս մտածողության շրջանակներից ու տարածվել աշխարհի մի մեծ մասում և հիմա մեզ է նաև որոշակիորեն առնչվում ե՛ւ անհատապես, ե՛ւ ազգովին: Ինչո՞ւ: Չլինի՞ թե իրոք մարդու աշխարհիկ կեցությունն է որոշում նրա գիտակցությունը: Ոչ հեքիաթային, իհարկե: Իսկ ինչո՞ւ չենք կարող յանկիական այդ տխմարությանը դիմադարձել թեկուզև համեստ հպարտությամբ, թե` ի՞նչ կապ ունի իմ ծով խելքը հարստության մասին քո ճղճիմ պատկերացումների հետ: Երևի կարող ենք, բայց չենք կարողանում, որովհետև… կապ ունի: Կամ` սկսել է ունենալ, և հնարավոր չէ անտեսել հաճախակիացող զարմանքը, թե ինչո՞ւ ենք այսքան աղքատ, երբ այդքան խելոք ենք: Թե՞ խելոք չենք:

Միմյանց հանդիպելիս գոյաբանական կենսորոշուների տարբերությունը հաճախ զավեշտական կերպավորումներ է ստանում, երբ, օրինակ, Հայաստան է գալիս որևէ «արևմտյան փորձագետ», որին որպես բարբաջանքի ժամավճար հենց հայերին տրված վարկից են փող վճարում, իրար գլուխ է հավաքում մի երկու տասնյակ վճարողների և իր կամ թարգմանչի կոտրած լեզվով սկսում է բանախոսել: Հայերն էշի քաղաքավարությամբ լսում են ու զարմացած մտածում, թե ինչու է այս ապուշն իրենց ինքնըստինքյան հասկանալի բաներ բացատրում: Եթե հոգեբանական պատնեշները հանկարծ հաղթահարվեն և անհեթեթությունն ի հայտ գա, փորձագետը ոչ թե կշփոթվի, թե ինչ է անում այստեղ, այլ կտարակուսի. եթե այս հիմարներն այդքան հիմար չեն, ինչո՞ւ են հապա այդքան աղքատ: Սա նրանց գլուխը չի մտնում: Մերը, երևի, նույնպես:

Անհաշիվ կարողության տեր նաբոբն Արևելքում երբեք էլ ավելի իմաստուն չի դիտվել, քան կիսամերկ որևէ դերվիշ կամ յոգ, և մեր հոգեկերտվածքին նույնպես խորթ է մտայնությունը, թե հարուստն անպայման խելոք է, իսկ աղքատն` անպատճառ հիմար: Հաճախ միանգամայն հակառակ պատկերացումն է առկա ստոր շահամոլի և վեհանձն ու լոթի մարդու մասին, որը թքած ունի ե՛ւ աղքատության վրա, ե՛ւ հարստության: Այս վերջին ծայրահեղությունն, ասենք, շվեյցարացու կամ նույն ամերիկացու աչքում ոչ թե սոսկ ախմախություն է, այլ գրեթե սրբապղծություն, բայց բնավ հարկ չկա պարծենալով հակադրվելու, թե մենք անկախ ամեն ինչից ահավասիկ հոգևոր ենք, իսկ նրանք` ընդամենը նյութապաշտ` թող որ պաշտամունքի այդ նյութը փայլուն է փաթեթավորված: Այդքան էլ պարզ չէ ամեն ինչ: Կալվինիստական աշխարհընկալմամբ, որը մեկուկես կամ երկու տասնյակ սերնդի ընթացքում տասնյակ միլիոնավոր մարդկանց համար միս ու արյուն է դարձել (շրջանցելով հաճախ միտքն ու հոգին), մարդը միայն համառ աշխատասիրությամբ ձեռքբերած բարեկեցիկ հարստությամբ կարող է հավաստիանալ, թե գուցե (!) այլևս պիղծ ու մեղավոր չէ Աստծու աչքում, թե գուցեև մաքրվել է նախածին մեղքից և արժանի դարձել երկնային արքայությանը, որի նախանշանակները երկրային կյանքում իր հաջողություններն են, կանոնավոր կյանքն ու տքնությամբ վաստակած հարստությունը: Աղքատն ու թշվառը հայտնապես դատապարտված է դժոխքի, քանի որ նրա նախածին մեղքին հավելվում են արդեն իսկ այս կյանքում Աստծո անբարեհաճության վկայությունները: Այդ գաղափարախոսությունն, իհարկե, քրիստոնեության հետ ոչ մի եզր չունի, և հետաքրքիր է, որ Հին Կտակարանը, հրեական միջավայրից բացի, ոչ մի տեղ այնպիսի ջանադրությամբ չի ընթերցվել, որքան նահապետական Ամերիկայում (թվացյալ անհեթեթությամբ հանդերձ այս բառակապակցությունն այնուամենայնիվ գոյության իրավունք ունի, բայց այս ո՞ւր ենք հասել), որտեղ կալվինիզմը` մեծ տարածքների արկածախնդրության և հրեական գործարարության համադրմամբ իրոք բոլորովին նոր աշխարհի մի աշխարհընկալում ձևավորեց, և այսօր իրեն բապտիստ, մեթոդիստ, աթեիստ թե բուդդիստ անվանող ամերիկացու զարմանքը բնավ չարախնդությունից չէ, այլ անկեղծ տարակուսանքից. եթե դու այդքան խելոք ես, ինչո՞ւ այդքան հարուստ չես:

Կարդալ նաև

Գրականություն Ռայներ Մարիա Ռիլկե, Նրա ծննդյան վաթսունամյակի կապակցությամբ, 4.XII.1935 Ռուդոլֆ Կասսներ Մի քանի շաբաթից կլրանա ինը տարին, երբ ես նրա մահվան անմիջական ազդեցության տակ հրապարակեցի իմ հիշողությունները նրա մասին, որոնցում փորձ էր արվում նաև, նման պարագաներում հնարավոր հակիրճությամբ, վեր հանել նրա անձնավորության և ստեղծագործության… Գրականություն Հիշողություններ Ռայներ Մարիա Ռիլկեի մասին (1926) Ռուդոլֆ Կասսներ Հունիս 1914: Մենք երկուսով հյուր էինք Դուինոյում, Ադրիատիկ ծովի ափին գտնվող այն ամրոցում, որտեղ Ռիլկեն երեք տարի առաջ գրել էր իր առաջին «Դուինյան էլեգիաները»: Այդ ընթացքում ամրոցն ավերվել էր իտալական նռնակներից և նորից վերակառուցվել… Գրականություն Վարիացիա ըստ մի «Մտքի»* Պոլ Վալերի Անհուն տարածությունների հավիտենական լռությունը սարսափեցնում է ինձ: – Ի՜նչ մեղմանուշ ու զորեղ հնչյուններ, – դիմում է Էվստաթիոսը Պյութագորասին, – և արտասովոր մաքրության ի~նչ ներդաշնակություն, որ ականջիս է կարծես հասնում մեզ շրջապատող գիշերվա…