Հայկական հակաժողովրդական հեքիաթներ
Մե գեղի մեջ մե մարդ ու կնիկ կէղնին:
Իրիկունը լուսնակ գիշեր, կելնին դուրս: Կցկտուր միջարկությամբ նշենք, որ վերը հիշատակված գրադարանների մի բազմահատոր մասը լուսնի և լուսնային ինիցիացիաների մասին է: Մարդ կըսե. – Ի~նչ լավ թալանի գիշեր է:
Կին կըսե. – Ա~յ մա՛րդ, դու քու հալին սթրի, դու թալան էնող չես, գիշերով ճամփա էրթող չես: Մարդը նորեն կը զոռե. – Հաստատ լա~վ գիշեր է, օղորթ լա~վ գիշեր է:
Կնիկ մարդուն հըլոնդեց, գցեց դեն ու ըսավ. – Դե, գնա ճամփա կտռե:
Ինք մտավ տուն, ուր դուռ փակեց: Մարդ շատ աղաչեց, օր դուռ բանա, կնիկ դուռ չբացեց:
Բայց չլինի՞ թե Քաջ Նազարի մասին հեքիաթն եմ պատրաստվում վերապատմել: Այո, հենց դա եմ մտադիր: Իսկ ինչո՞ւ, ի՞նչ մի անհայտ բան կա քաղաքական դարձած անեկդոտում ծույլ ու վախկոտ ոչնչության մասին, որը բախտի բերմամբ թագավոր է դառնում: Անհայտ է, թե Հովհաննես Թումանյանի հանճարեղ փոխադրության մեջ որտեղից է լույս ընկել վագրը. «Էս ժամանակ մի վագր է լուս ընկնում էս երկրում ու սարսափ է գցում ժողովրդի վրա: Ո՞վ կըսպանի վագրին, ո՞վ չի սպանի: Իհարկե Քաջ Նազարը կըսպանի: Էլ ո՞վ սիրտ կանի վագրի դեմը գնա»: Արևելքով զբաղվող յուրաքանչյուր ազգագրագետ և առասպելաբան անմիջապես կասի, որ վագրը գերազանցապես տոտեմական կենդանի է և ծեսերում շատ կարևոր դերակատարություն ունի: «Արարողությունն ամենուր սկսվում է այն բանից, – գրում է Միրչա Էլիադեն, – որ նեոֆիտին առնում են ընտանիքից ու տանում անտառի խորքը: Արդեն իսկ այդտեղ առկա է մահվան խորհրդանիշը. անտառը, ջունգլին, խավարը խորհրդանշում են անդրաշխարհը, դժոխքը: Որոշ ժողովուրդներ համարում են, որ շնորհառության թեկնածուների հետևից գալիս է վագրը և իր մեջքի վրա տանում է նրանց անտառ. գազանը կերպավորում է առասպելական Նախնուն, շնորհատրության տիրոջը, որը պատանիներին ուղարկում է դժոխք»: Թումանյանի ժամանակներում Եվրոպան դեռ նոր էր Ֆրեզերի ու Թեյլորի նկարագրությունները կարդում, և չգիտենք, թե Իվան Ֆադեյիչը որչափ էր այս բաներին իրազեկ, բայց դա ոչ մի նշանակություն չունի նաև. իմացական պրպտումները մահկանացուների համար են, իսկ հանճարների իմաստնությունն աստվածատուր է: Եվ ահա «Նազարը զենքն առնում է դուրս գնում: Գնում է անտառում մի ծառի բարձրանում, վրեն տապ անում, որ ոչ ինքը վագրին պատահի, ոչ վագրը իրեն: Ծառի վրա կուչ է գալի ու Նազարն ո՞վ կտա – հոգին դառել է կորկի հատ: Հակառակի նման անտեր վագրն էլ գալիս է հենց էս ծառի տակին պառկում: Նազարը որ վագրին չի տեսնո~ւմ – լեղին ջուր է կտրում, աչքերը սևանում են, ձեռն ու ոտը թուլանում են ու թրը՛մփ, ծառից ընկնում է գազանի վրա: Նազարն էլ վախից կպչում է սրա մեջքին: Էսպես զարհուրած Նազարը մեջքին կպած էս խրտնած վագրը փախչում է, ոնց է փախչում, էլ սար ու ձոր, քար ու քոլ չի հարցնում»:
Իսկ չինական սրբագրությունների մեջ ու հերոսապատումներում վագրին երիվար դարձրած ու հեծած պատկերվում են հրաշագործ անմահներն ու դիվահալած մոգերը: Հինդուիստական պանթեոնում վագրի հեծյալը Մահադեվան է: Մեզ հարևանուհի Իշտարն է կանգնած վագրի վրա: Մի խոսքով` ինչպես աշուղն է երգում.
«Ահեղ վագրին
Արիր քո ձին,
Հեծար անցար դու սարեսար,
Ո~վ քաջ Նազար…
Ու պսակեցին Քաջ Նազարին հսկաների գեղեցիկ քրոջ հետ, օխտն օր, օխտը գիշեր հարսանիք արին», իսկ հարսանիքը հեքիաթում, ինչպես գիտենք, բնավ էլ քաղաքացիական ակտի առթիվ աշխարհիկ կերուխում չէ, բոլորովին այլ մի բան է, և ամենևին պատահական չէ, որ Թումանյանն իր անվրեպ ինտուիցիայով հարսանյաց տեսարանում դրել է հնագույն ծիսական երգ, որի դիցաբանական ակունքները չտեսնելու համար կույր է պետք լինել.
« – Լուսընկան նոր սարն ելավ,
Էն ո՞ւմ նըման էր:
– Լուսընկան նոր սարն ելավ,
Էն Քաջ Նազարն էր:
– Արեգակ նոր շաղեշաղ,
Էն ո՞ւմ նըման էր:
– Արեգակ նոր շաղեշաղ,
Էն իր նազ-յարն էր:
Մեր թագավորն էր կարմիր,
Իրեն արևն էր կարմիր,
Թագն էր կարմիր, հա~յ կարմիր,
Կապեն կարմիր, հա~յ կարմիր,
Գոտին կարմիր, հա~յ կարմիր», և այլն:
Մինչև կարմիր գոտի կապելն ու կարմիր սոլեր հագնելը սակայն հերոսը դեռ փորձություններ պետք է հաղթելով հարի, դարձյալ ինիցիացիոն բանաձևով ասած` ասեղի ծակեր ու մազե կամուրջներ պետք է անցնի: Իսկ դա ամեն մարդու բան չէ, ավելի ճիշտ` մարդու բան չէ առհասարակ, մարմնավոր ու բռի և փոքրիկ անգետ ու թույլ անհավասարակշիռ մահկանացուն երբեք չի կարող մեծությանն ու վեհությանը հաղորդվելով կցվելու համար խցկվել ասեղի ծակը կամ ի տես երջանկության պողոտայի քայլել դժոխքի կիրճի վրա ձգված ածելու պես կտրիչ ու գրեթե աներևույթ մազի վրայով: Դրա համար նախ պետք է թրծվի աստվածային դարբինների քուրայում ու ծեծվելով կոփվի նրանց մուրճերի տակ, հանուն ինչի էլ պետք է մահվան ենթակա առօրյա կյանքից մեռնելով հեռանա հարազատ տանից, որի դուռն այլևս փակ է իր առջև, քանի որ չափազանց ակնդետ էր նայել լուսնին: Եվ ահա նրա շողերի տակ մանազկերտցին աղաչելով բախում է դուռը, իսկ կինը չի բացում:
– Լավ, – ըսեց, – կնի՛կ, չըս բանա, չըս բանա, ընձի տուր մե բուռըմ ալուր, մե հավկիթըմ ու մե բիզըմ:
Եգիպտացիք իրենց մեռյալների հետ կենցաղային այլ առարկաններ էին դնում, քան, ասենք, սկյութները, բայց այս մարդն ի՞նչ գիտեր, որ իրեն հատկապես ալյուր, հավկիթ ու բիզ է հարկավոր լինելու: Ինչ որ է, կնիկն ըտոնք դռան ծակեն տվեց ու ըսեց. –
Դը գնա, թալանութեն էրա տեսնիմ:
Մարդը դողդողալով ընկավ ճամփա, գնաց ու գնաց, շատ ու քիչ ինք գիտեր, մի բանցըր սարի գլխուն մե քոշկ ու սարայի հանդըպավ: Մերոնք, ուրեմն, ոչ թե ջունգլիների խորքում խրճիթի էին հանդիպում, այլ հեռավոր սարի գլխին քարեղեն, եթե ճոխացնենք, ապարանքի: «Յավաշ, ըսավ, մտնիմ էտա տուն»: Ու մտավ: Մտավ իշկեց, տեսավ, օր մըչ ըտ տան նստուկ են իրեք հատ դև, հաց կուտեն:
Ըսեց. – Բարև ձըզի, ախպըրտիք:
Ըսին. – Բա~րև, ախպեր ջան, հրամմեցե~ք հաց ուտինք:
– Շնորհակալ եմ, – ըսավ, – դուք անուշ էրեք, ես նոր ճանապարի հետ իրեք-չորս հատ օխչար սաղ- սաղ կուլ տվեցի ու էկա, կուշտ եմ:
Դևեր ասեցին. – Դու լե ժիր իս, էղնինք մեկ ախպեր, ապրինք իրարու հետ:
– Էղնինք, – ըսավ մարթը:
Էղան ախպեր:
Բայց դիվական ու մարդկային չափընկալումների անհամապատասխանությունն իհարկե շատ արագ զգացվեց այդ ախպերության մեջ: Էտ դևեր ունին ուրանց համար մե ջուր բերելու տիկ, օր կը վերցեր ուր մեչ մե տուն ջուր: Հերթով կէրթեն ջուր բերելու, իրեք օրեն հ՛ետ հերթը հասավ էտ մարդուն (լավ, անդեմ չխոսելու համար այս մանազկերտցուն էլ կոչենք Նազար, որն, ի դեպ, շատ հարմար անուն է ինիցիանտի համար, քանի որ նշանակում է «մաքուր», ինչպիսիք անվանում էին իրենց, ասենք, եվրոպական ալբիգոյցի կատարները Հրեաստանի նազարականների նմանությամբ, որոնք Աստծո նվիրյալներ էին և օրենքը պահում էին հատուկ խստությամբ ու չէին կտրում իրենց մազերը, ինչպես, օրինակ, փղշտացիներին ջարդող Սամսոնը, և որոշ հետազոտողներ մեր Տիրոջ Նազովրեցի մականունն էլ այստեղից են բխեցնում` փաստելով, որ Հովսեփ Փլավիոսի ժամանակների Իսրայելում Նազարեթ անունով քաղաք կամ գյուղ չկար, բայց սա հեքիաթի մեջ խոսելու բան չէ, որքան էլ որ հեքիաթը լուրջ ու խորհրդալի բան համարենք): Վերուց զտիկ, անջախ վերուց վերև, գնաց հասավ ախպրի մոտ: Եվ հասկացավ, իհարկե, որ այդ տնածավալ տիկով ջուր տանելն իր ուժից վեր է: Տիկը դրեց մի կողմ, բրիչն առավ ու սկսեց առու փորել: Դևերը տեսան` ուշացավ, հ՛ելան պզտիկ ախպոր ճամփեցին. գնաց հոն, տըսավ օր ախպեր առու կը փորա, քար կը շարե: