Հայկական հակաժողովրդական հեքիաթներ
Հարցուց, ըսեց. – Ըտ ի՞նչ է կէնիս, ախպեր ջան:
Ըսավ. – Ջուր կը դառցում տանիմ դռան հ՛առեչ:
Դևն Ավգիոս արքան չէր, բայց գետի հունը փոխելու հերկուլեսյան մտադրությունը նրան էլ դուր չեկավ, ասաց.
– Չէ, ախպեր ջան, հըմալ բան աղեկ չէ, գարուն ջուր շատնա, կէլլա կը լցվի մեր շենքերուն, արի, արի, ես տիկ կըլնամ ու կը տանիմ:
Նազարն ասաց.
– Էհ, չը՛ն թողի մարթ աղեկ գործմ՛ էնե:
Պզտիկ դև զտիկ շալկեց, էկան, ախպրտանց ըսեց էղելութեն, ախպրտիք ըսեցին. – Ըտ իշկան ժիր մարթ է, օր տկին չհավնի, առու կը դառցու, ջուր կը բերե: Օր հըմալ է, ըտի շատ ուժեղ է:
Հետո փայտ բերելու հերթը հասավ, Նազարը գնաց փայտի ու կրկին ուշացավ: Պզտիկ դևն էլի գնաց, տեսավ` սա հիմա էլ անտառն է պարանով օղակել և պատրաստվում է արմատահան անելով շալակել, խնդրելով արգելեց ու.
– Ախպեր ջան, – ասաց, – սաղ մեշեն տանիս, ուրիշ տարին մենք էլ ի՞նչ վառինք:
Նազարն էլի դժգոհեց. – Է~հ, – ասաց, – չըն թողի` մարթ մեկեն բո~լըմի փետ առնե էրթա: Հըմմընօ~ր, հըմմընօր մեկ-մեկ շալակ, մեկ-մեկ շալակ, ըտ ի՞նչ է, տո՛:
Դևը համոզեց, մի էրկու գերան ջարդեց, դրեց թևին, առավ էկան: Ջրի և անտառի դասերն այսպիսով անցանք: Էկան տուն, դևն ուր ախպրտանց պատմեց, ըսեց. – Այ մարթ, էտի շատ ժիր է, մեշեն մեկեն կապեր էր, կը շալկեր, օր բերեր: Անջա~խ մե հասա հոն, օր շուտ չը գացեր ինք, սա~ղ մեշեն կը բերեր տուն: Մենձ ախպեր ըսեց. – Օր հըմալ է, ըտոր ուժ փորցինք:
Իրկուն նստան, մենձ դև ըսեց. – Ախպրտանք, արեք մեր զորութեն փորցինք:
Նազարը. – Փորցինք, – ըսավ վախկոտութենից:
– Արեք, – ըսեց մենձ դևը, – քար քամինք, ջուր կաթըցունք:
Նազարն անվախ ըսավ. – Քամին՛ք:
Վերցուցին ամեն դև մեկ-մեկ քար, քամեցին, ջուր չը կաթաց: Նազարը վերուց քարը, դրավ ջեբ, ուր հավկիթ հանեց, քամե~ց, քամե~ց, կա~թ, կա~թ, ջուր կաթեց: Զարմացան . «Հաստատ, տո, ուժեղ է», ասին: «Ապրիս, ախպեր ջան, ապրիս», ըսին: Ըսեցին. – Արեք մե փորցմ՛ էլ էնենք: Քարքամինք, շինինք ալուր:
Դևեր վերցուցին, քարը քամեցին, ալուր դուրս չէկավ:
Նորից վերուց Նազարը, քարը դրավ ջեբ, ուր ալուր հանեց, քամե~ց, քամե~ց, ալուր սըռաց: Նյութի երեք վիճակներն էլ անցանք` կարծր, հեղուկ, հյուլեական:
Դևեր գողտու ուրանց մեջ խոսացին. «Մեկմ՛ էլ էտոր փորցինք, գիշեր օր էտիկ քնավ, էրթանք կացիններով ըսպանենք»:
Իհարկե պետք է սպանեն, որովհետև յուրաքանչյուր ինիցիացիա` տարիքային լիներ, որով բոլորը կամ համարյա բոլորն էին անցնում` որպես հասունության շեմին սրբազան հաղորդության քայլ, թե «մասնագիտական», որն անարվեստ մարդուն ռազմիկի, դարբնի կամ բրուտի շնորհք ու հմտություն էր հաղորդում, կամ «քրմական», որը մոգին, կախարդին կամ շամանին ոգիների հետ հաղորդակցվելու զորություն էր տալիս, ցանկացած մակարդակի ընծայառություն անպայման վերածննդյան խորհուրդ էր պարունակում. վախկոտ, թույլ ու անգետ մարդը պետք է մեռնի, որպեսզի վերածնվի որպես Քաջ Նազար: Պապուասների դաջվածքներն ու սարսափելի սպիները ոչ թե առնական ռազմաշունչ գեղեցկության բարբարոսական պատկերացուների արդյունք էին, ինչպես սկզբնապես կարծում էին եվրոպացի թեթևսոլիկները, այլ ծանրագույն ինիցիացիաների վկայության հետքերը, և անհիշելի վաղեմության եգիպտական հեքիաթներում ու հնդկական վեդաներում արդեն իսկ սքողված ու գեղազարդված է այն, ինչ մասին դեռ մի հարյուր տարի առաջ սիբիրյան շամանները պատմում էին նատուրալիստական անկեղծությամբ, որ, օրինակ, հանկարծ հայտնվում ես ձյունածածկ անապատում, շեն-շենլիկ չկա, իսկ հեռվում մի սև սար է երևում: Երեք օր քայլելուց հետո հասնում ես այդ սարին, մի քարանձավ տեսնում, ներս մտնում, իսկ այնտեղ մի տկլոր դարբին փուքսով կրակ է բորբոքում, կրակի վրա էլ երկրի կեսի չափ մի կաթսա է: Դարբինը տեսնում է քեզ, իր ունելիով բռնում, գլուխդ պոկում, մարմինդ մասնատում ու գցում կաթսան: Դրա մեջ երեք տարի եփվում ես: Հետո դարբինը գլուխդ կաթսայից հանում է, դնում է զնդանին և իր մուճով կռում ու կոփում, հետո գցում է սառը ջրի մեջ: Եթե ջուրը չեռաց, հնարավոր է, որ ամբողջանաս ու դառնաս շաման: Կամ` պառկած ես երկաթյա օրորոցի մեջ, և մի էգ սատանա, որը միայն մի աչք ունի, մի ուս և մի ոսկոր, կերակրում է քեզ մակարդված արյունով: Երեք օր հետո հայտնվում են երեք սև սատանաներ, որոնք աչքերդ իրենց պիճերից պոկում են ու դնում մի կողմ, որ գլխիդ գալիքը տեսնես, հետո երկաթյա կեռերով մարմինդ կտոր-կտոր են անում ու գլխիդ մեջ նիզակ խրում: Ծնոտդ երեք տեղից ջարդում են` տալով երեք տեսակի հմայախոսության դաս: Վերջում էգ սատանան ոսկորներդ հավաքելով կցմցում է, և դրանից եթե մեկը պակասեց` հարազատներիցդ մեկը մեռնելու է: Ռուս հետազոտող Կսենոֆոնտովի վկայությամբ` պատահել է, որ ինիցիացիայի արդյունքում շամանի ազգականներից 9 հոգի մեռել է:
Բա դժվար է, հեշտ հո չի՞: Նազարի հետ այդպիսի սարսափելի բաներ չկատարվեցին, այլ ընդամենը կեսգիշերին իրեք ախպերն էլ էկան կացիններով, տվեցին, տվեցին, ուրանց զարկելուց ուրանք լե կը վախենին, թե` «Ըտ ինչ խըտըր պինդ ջան ունե», իսկ չէ՞ որ Նազարը լսել էր նրանց խոսակցությունն ու իր տեղում մի քոթուկ էր դրել` վրան փալաս քաշելով: Զարկեցին, թողին գնացին: Առավոտյան Նազարն էկավ ախպրտանց քով, բարի լուս տվեց, դևեր տեսան, շիվարան:
Մեկէլ օր որոշին. – Ախպեր, արեք մեր էղած բաժնինք, բաժնըվինք իրարուց:
– Բաժնըվի~նք, – ըսավ Նազարը:
Բերեցին օսկին, տասը կոտ բաժին էրեցին: Նազարը չհամաձայնվավ. – Էս ի՞նչ է, օր ես շալկիմ տանիմ, ամոթ չէ՞ ընձի համար:
(Հըմա չըր կըռներ շալկե, – բացատրում է ասացողը, – ընդոր համար էլ ըտմալ ըսեր էր):
Դևեր վերցուցին ուրանց փողպատը ազատելու համար ջվալը լիք լցին, պզտիկ ախպոր շալակ տվին, Նազարն էլ հ՛էլավ վրեն նստավ ու գնացին: Նազարը բիզը հանեց, լավ մե խոթեց պզտիկ ախպոր վզի մեջ:
– Վա~յ, ախպեր, – ըսեց դևը, – ուժդ քիչըմ բանցր պայե, չըմ կռնա դիմանա:
– Հա՛, հա՛, ախպեր ջան, – ասաց Նազարը, հըմա մե էրկու-իրեք անգամ ըտմալ չարչարեց, հարի հասան ուր տուն: Տուն օր հասան, դևի վրեցեն իջավ, դևը բեռը քցեց ու փնչաց: Օր փնչաց, Նազարը քամուց թռավ կպավ հ՛առիքը:
Սա դիտարժան պատկեր է. Նազարը ճանճի պես կպել է առաստաղի գերաններին, հոգնատանջ դևը ներքևից նայում է նրան, կողքից հայտնված կնիկն էլ չռած աչքերով նայում է ոսկու պարկին:
– Ախպեր ջան, – ըսավ դևը, – էտ ի՞նչ կէնիս: Կնիկը թեզըմ ըսեց. – Հըյնա մենձ գերան կը բերե, օր քու էտևը խոթե:
Դևն օր լսեց, թողեց ու փախավ: Մարդ ու կնիկ օսկու ջվալ տեղավորեցին, ուրախացան:
Լավ, բայց ինչո՞ւ է ինիցիացիայի ֆենոմենոլոգիան բանահյուսության մեջ դարձել կատակի ու հեգնության աղբյուր, և ոչ միայն մեր հեքիաթներում, այլև, եթե կողքներս նայենք, ամենուր. սլավոնների Բաբա-Յագան, օրինակ, ժամանակին Անտառի Տիրուհին էր, հնարավոր է` Մայր Աստվածուհի, և, անկասկած, տարիքային ինիցիացիայի տիրուհին ու քրմուհին էր, որը գոգաթիակի վրա դնելով վառարանն է կոխում անտառի իր թռչնաթաթ խրճիթը եկած խակ տղաներին: Հիմա երեխաները հիմարացնում են զզվելի պառավին ու փախչում, և կարելի է կռահել, որ սյուժեի նման շրջադարձը հայտնվել է հենց այն պահին, երբ մոռացվել է նախնական ծեսի իմաստը և սրբազան գաղտնիքների հանդեպ ահը փոխարինվել է նախապաշարմունք դարձող ավանդույթի նկատմամբ քամահրանքով: Եթե ակկադական էպոսը կորչեր, իսկ ժողովուրդը մնար, հնարավոր է, որ Գիլգամեշը հեքիաթների սորուն ժամանակի մեջ դառնար Նազարի կամ Հիմար Հանսի նման մեկը: Վերապահությամբ, որ նրա շնորհառության շեմը շատ բարձր էր, առնվազն` քրմական, և ամենայն հավանականությամբ նա կդառնար արքայազն, որն անմահության խնձորներ և այլ կախարդական բաներ է հայթայթում, իսկ կատակային կերպարներ ըստ երևույթին դառնում են ամենատարածված ու մատչելի` տարիքային ինիցիացիաների հերոսները, ինչպես, օրինակ, ալաշկերտցի Նազարը, որն այնքան էր վախկոտ ու անբան տըռալ, որ կնոջ ուղեկցությամբ էր քնելուց առաջ դուրս ելնում, ինչն իհարկե ծիծաղ է հարուցում, բայց ոչ սպանիչ, այլ ներողամիտ, որովհետև ո՞նց կարող է Նազարն ինքնուրույն միզել կամ որևէ այլ բան մարդավարի անել, քանի դեռ չի ծանոթացել համապատասխան դևերի կամ հսկաների կամ վագրի, կամ, ինչպես կտեսնենք, արջի հետ: Իսկ դրա համար նախ պետք է դուրս նետվի սովորական միջավայրից, և օրըմ լէ կը նստի ջուր թափելու, կնիկ դուռ կը զարկե վրեն: Կըսե. – Գնա՛, դոր կէրթաս գնա, իմ հոգին հ՛ելավ: Ճար կը կտրի, կը թողե կէրթա: Եվ էրթալով գնում ու ախպերանում է այս անգամ ոչ թե երեք դևերի, այլ քառասուն ավազակների հետ: Ջուր և փայտ բերելու պատմությունները կրկնվում են գրեթե նույնությամբ, և մեջտեղ է գալիս յոթնականթ մի կաթսա: Ճաշ եփելու Նազարի հերթն է, ասում են.