Ռուբիկոն

Հայկական հակաժողովրդական հեքիաթներ

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

–             Էսօր դու զատ պիտի էփիս, յոթ կանթեն պղինձ վերցնես դնես կրակի վրեն:

Կըբերե յոթ կանթեն պղնձի մեջ քար կլեցնե: Կըսին. – Էդ ի՞նչ է կենես:

Կըսե. – Ամոթ չէ՞ ընծի համար դարտակ պղինձ առնեմ դնեմ վըր կրակին:

Կըսեն. – Ախպեր, թող, թող քաշվի մեկդին, մենք կէփենք:

Զատ լէ ուրանք կէփեն, կուտեն: 

Հում ինիցիանտին կաթսայում եփելու ծիսական խորհրդից, ինչպես տեսնում ենք, մնացել է սոսկ տարտամ հիշողությունն այն մասին, որ ծանր բան էր յոթկանթանի պղինձը, ամեն մարդ չէ, որ զորում էր այն դնել կրակին: Ինչևէ, Նազարը ջրի, փայտի ու կրակի փորձությունները ոչ թե հաղթահարում է, այլ ճար- պիկ մեծախոսությամբ շրջանցում` որպես նոր ժամանակների մարդ, որը որոշակի բաներ չգիտե և չի կարող, բայց որոշակիորեն ազատ է ճամարտակելու ցանկացածդ բանի մասին, և քառասուն հարամիքն էլ, երեք դևերի պես, որոշում են Նազարին սպանել: Դարձյալ քնած տեղում, իհարկե, որովհետև ծիսական մահն ու վերածնունդը քնի կամ տրանսի մեջ պետք է լինեին, այլապես աշխարհում հեքիաթ ասող ու լսող չէր մնա: Ուղարկում են Նազարին արտը ջրելու և պահակելու, գիշերով գնում են ու նրա պառկած տեղին քառասուն գնդակ արձակում: Իսկ Նազարն իր տեղը մի կոճոճիկ էր դրել ու ջլերով ծածկել, ինքը պախտըված էր խանդակում, և երբ ավազակները    գնդակների տարափով կոճը քրքրելուց հետո թողնում են ու գնում, պախտըվուկ տեղեն կելնի կուգա, կըսե. «Էրթամ պառկիմ»: 

Կուգա կը տեսի օր արջըմ էն թարաֆեն կուգա, հ՛ինք հ՛ախու կըբոռա, արջ կը վախենա, թալե զինք ձորու մեջ կը սատկի: Կը քաշե, բերե ձգե ուր կուշտ, կը պառկի քնի:

Կրակոցներն անտեսած ու Նազարի հանկարծակի բղավոցից վախեցած այս արջը թումանյանական վագրն է: Եվ եթե Տիգրանն առավելապես ասիական է, ապա Արթուրը և մեղրակեր մյուս Ուրսուսներն ու Արտոները (չկարծեք խնդրեմ, թե մեր Արտավազդին եմ ակնարկում. arto գալլերեն է արջ նշանակում) նաև եվրոպական ու ամերիկյան են. արկադիական հույներն ու Կլոր սեղանին դեռ չմոտեցած կելտերը և լապլանդական շիկահերներն ու ամերիկյան կարմրամորթներն են ամբողջական մարդ դառնալու համար մենամարտել այս արջի հետ, որը վախեցած Նազարի մի բղավոցից ընկավ ձորն ու սատկեց: Իսկ ավազակներն առավոտյան գալիս են, որ Նազարին հորեն, չմնա` հոտի, բայց կը տեսին օր սաղ նստուկ ա:

Կըսեն. – Ի՛մալ ա, գիշեր ըռհա՞թ քնար:

Կըսե. – Ըռհաթ քնա, բըլե լվեր շատ խածեցին: 

Կըսեն. – Էդա առջ ի՞նչ է:

– Էդ առջ լէ էկավ ու կերթեր, ճըլոթըմ զարկի, սատկավ:

Հ՛ընկերտիք կըսեն. – Էդ առջուն օր ճըլոթով մի կը

սպանե, ըպա մենք ի՛մալ ընենք օր փրծնանք էդոր ձեռնեն:

Կըսեն. – Օր հըմալ է, գիշերս էռցունք պղինձ մի ջուր, օր քնավ բերենք հ՛ըլնանք գլխու վրեն, թը չէ` էլ ուրիշ

ճար չկա:

Դարձյալ մեջտեղ է գալիս պղինձը: Իսկ Նազարն իրազեկ է, և կելնի կոճոճիկ կը դնե ուր տեղի մեջ, հ՛ինք կէրթա կը մտնի խանդակ պախտըվի:

Բերում եռման ջուրը լցնում են անկողնուն, թողնում գնում: Առավոտ վաղ ասում են. – Հ՛ելնինք էրթանք մըկա մեր հ՛ընկեր խաշիր է, էրթանք բերինք հորինք: Կէրթան տեսին սաղ սալամաթ նստուկ ա տեղ: Կըսեն. – Ի՛մալ ես, գիշեր ըռհաթ քնե՞ր ես:

Կըսե. – Ըռհաթ քնա, համա շատ իմ քրդներ:

Կըսեն. – Ջա՛նըմ, էդալմա չէղնի, էռման ջուր լցեցինք վրեն, կըսե. «Քրդներ իմ», հ՛ելեք բաժնվինք:

Թե էրկու կոտ օսկի կը հասնի էդոր, իրեք կոտ կիտան, կըսեն. «Մեզնե թըղ բաժնվի, հեռենա»: Բայց Նազարը ո՞նց կշալակի երեք կոտ ոսկին: Ծանր մետաղ է:

Կըսե. – Վո՛լլահի, ընծի ամոթ չէ՞ ես իրեք կոտ օսկի շալկեմ էրթամ. ինչ խըտար ես գացեր եմ խուրբաթ` յոթ-ութ կոտ օսկի եմ բերի, վո՛լլահի, ես չըմ տանի: Ծանոթ պատմություն: Կըբերին դնին մեկ հ՛ընկերոջ շալակ, ինք լէ կելնի կը նստի վրեն: Հարամին գալիս հասնում է տուն, ոսկին գցում է թախտին, փնչում, Նազարը կպչում է առաստաղին:

Կըսե. – Հ՛որի՞ հ՛ելար կպար հ՛առիք:

Կըսե. – Իմ հոր ժամանակվնե թուրըմ կա պախուկ, հ՛ելեր եմ բերեմ քու գլուխ կտրեմ:

Հարամին կը թողե փախնի:

Կիջնի գա ցած, կըսե. – Կնիկ, արի՛, Աստված տվեց մըզի:

Կառնին հ՛իրար ու կնստին, կուտեն ու կը խմեն:

Աստծուց իջավ իրեք խնձոր, մեկ ասողին, մեկ լսողին, մեկ լե…

Հոգեբանական եզրը չանտեսենք: Յուրաքանչյուր ասող ու լսող սեփական նազարության չափն ինքը գիտե, և ամենքն էլ անշուշտ ունեն թաքուն վախեր ու ծածուկ թուլություններ, նաև` երջանիկ շրջադարձի ու բարեհաջող վախճանի հաստատուն երազանք և տարտամ համոզմունք, բայց Նազարն իհարկե այն հերոսը չէ, որի հետ ունկնդիրը որևէ պահի նույնացնում է իրեն, այլ հակառակը` հակահերոս է, որի պռատ թերիությունը ծաղրելով իրեն անթերիորեն ամբողջացնում է: Եվ հետաքրքիր է, որ Նազարն արհամարհանքի է արժանի, ասենք, Ավետիք Իսահակյանի փոխադրության մեջ, իսկ ժողովրդական հեքիաթներում (և Թումանյանի գրչի տակ) Նազարին չխնայվող քամահրական բնութագրումներն ի վերջո ձևավորում են սոսկ բավականին մեղմ և անգամ բարեհոգի հեգնանք: Ո՞րն է այս ներողամտության պատճառը: Ֆրոյդի հետևորդն անմիջապես մի չորս բացատրություն կարող է տալ` ասողի ու լսողի թերարժեքության բարդույթները պարզող, Յունգի դպրոցի հոգեվերլուծողն էլ անհապաղ կհերքի դրանց պարզունակությունը` մատնացույց անելով Նազարի ոչ թե կնոջը, այլ տան վրա փայլող լուսինը, իսկ բացառելի չէ, որ Քաջ Նազարի հեքիաթում կարևորը ոչ թե Նազարն է, այլ Քաջը, ոչ թե պակասավոր գոյության տրվածությունը, այլ աստվածային շնորհի հնարավորությունը, ոչ թե մշտապես ժամանակակից ոչնչությունը գահի վրա, այլ հավերժական արարողության մոռացված կնիքը յուրաքանչյուրիս հոգում, մի խոսքով` ոչ թե վախկոտը իմացության ծառի վրա, այլ քնած վագրը` կենաց ծառի տակ: Եվ քլթքլթացող կաթսայի մեջ:

17.Խելք կա, փարա չկա

Կէղնի, չէղնի, քանց Աստված աղեկ չէղնի, մարդմ՛ կէղնի: Փողոցներ կօլըրդի, կպոռա ու ինքն ուրեն կկանչե. – Խելք կա, փարա չկա, խելք կա, փարա չկա:

Սա շատ հրատապ մի բան է թվում, որովհետև հատկապես հիմա կարծես թե ամենքի ասածն էլ այդ է` խելք կա, խելքի եղածն ի՞նչ է, որ չլինի, հիմա՞ր ենք, ինչ է, որ խելք չունենանք. փող չկա, փող:

Չկա նաև մեկը, որ հակառակից գանգատվի: Նրանք, ովքեր ըստ ամենայնի լիակատար հիմքեր պետք է ունենային դրա համար, ամենաշատն են տրտնջում, թե ծավալվելու առիթ ու նախաձեռնության հնարավորություն չունեն, իրենց ոլորտն անբավարար է ֆինանսավորվում, ներդնող ու վարկատու չկա և նման այլ բաներ, որոնց մեջբերմամբ չարժե մեր հեքիաթներն աղտոտել: Իսկ արդյո՞ք միշտ և ամենուր է այսպես եղել:

Ժամանակի հարցը մշուշոտ պարզ է. ոչ մեր ժամանակներում է այս խնդիրն առաջացել, ոչ էլ հեքիաթասացների, այլ հայտնվել է ըստ երևույթին հենց փողի հայտնվելու հետ և ամենուր, որտեղ դրամական հարաբերությունն է ի հայտ եկել: Մասնավորապես տարածված են այս մեր հեքիաթի արաբական զուգահեռները, սակայն առաջնայնության խնդիրը քննելի չէ և առեղծվածային է, քանզի լայնածավալ ընդգրկուն էր հին աշխարհում հայոց աշխարհը, և մերոնք ժամանակին Բաղդադ ու Հալեպ ավելի հաճախ էին առևտրի ու թրև գալու գնում, քան հիմա դեպի հյուսիս ու արևմուտք, իսկ այս տարբերակն ասացողը Մուշ քաղաքի փողոցները նկատի ունի` պատմելով մարդու մասին, որն ինչ խըդար փողներ կօլըրդի, կպոռա ու կկանչե. – Խելք կա, փարա չկա:

Կարդալ նաև

Գրականություն Ռայներ Մարիա Ռիլկե, Նրա ծննդյան վաթսունամյակի կապակցությամբ, 4.XII.1935 Ռուդոլֆ Կասսներ Մի քանի շաբաթից կլրանա ինը տարին, երբ ես նրա մահվան անմիջական ազդեցության տակ հրապարակեցի իմ հիշողությունները նրա մասին, որոնցում փորձ էր արվում նաև, նման պարագաներում հնարավոր հակիրճությամբ, վեր հանել նրա անձնավորության և ստեղծագործության… Գրականություն Հիշողություններ Ռայներ Մարիա Ռիլկեի մասին (1926) Ռուդոլֆ Կասսներ Հունիս 1914: Մենք երկուսով հյուր էինք Դուինոյում, Ադրիատիկ ծովի ափին գտնվող այն ամրոցում, որտեղ Ռիլկեն երեք տարի առաջ գրել էր իր առաջին «Դուինյան էլեգիաները»: Այդ ընթացքում ամրոցն ավերվել էր իտալական նռնակներից և նորից վերակառուցվել… Գրականություն Վարիացիա ըստ մի «Մտքի»* Պոլ Վալերի Անհուն տարածությունների հավիտենական լռությունը սարսափեցնում է ինձ: – Ի՜նչ մեղմանուշ ու զորեղ հնչյուններ, – դիմում է Էվստաթիոսը Պյութագորասին, – և արտասովոր մաքրության ի~նչ ներդաշնակություն, որ ականջիս է կարծես հասնում մեզ շրջապատող գիշերվա…