Ռուբիկոն

Հայկական հակաժողովրդական հեքիաթներ

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Քաղաքակրթական այն դաշտում, որտեղ մեզ հետ հույներն են, ռուսներն ու էլի ոմանք, ավելի շուտ ուղտն ասեղի ծակով է անցնում, քան հարուստը մտնում է երկնի արքայություն, թեպետ, ասենք, հայն ու հույնը պակաս աշխատասեր ու պրպտուն չեն, քան որևէ հոլանդացի: Կաթոլիկական դաշտի բնակիչը նույնպես չի կարող, ենթադրենք, Ֆրանցիսկ Ասսիզացուն երևակայել որպես միլիոնատեր: Անապատականների ժամանակներն անցել են, և բոլորն էլ երևի ուզում են լինել հարուստ, չաղ ու բախտավոր, բայց իսկապես հավատացյալ թե սոսկ ավանդույթով քրիստոնյան գիտակցությամբ ու ենթագիտակցությամբ գիտե, որ աշխարհիկ հարստության դիմաց, դրա ճանապարհին և արդյունքում որոշակի գին է վճարելու, իսկ իմացյալ կամ իներցիոն կալվինիստի գիտակցության և ենթագիտակցության մեջ հարստությունը ոչ միայն իր աշխատանքի պարգևն է, այլև ցասկոտ Աստծո գնահատականը` թողության երաշխիքով: Վերադառնալով մեր թաղերը` տեսնում ենք, որ Մանզակերտ քաղաքում նույնպես մի տղա կար, որի սովորությունն ինչ էր` կընկներ քաղքի մեջ, ձեն տալով կը զըվըռներ. – Խելքս շա~տ ա, մա՛լ չունիմ:

Այնքան այսպես ձայնելով զվռնաց, մինչև քաղաքի ամենաերևելի վաճառականը մի օր կանչեց նրան բերեց իր մոտ ու ասաց. – Դու էտ ի՞նչ էր ձեն տվիր:

Ասեց. – Աղա, իմ սովորութեն էտմալ ա:

Ասեց. – Արի քեզի մի հարիր մանեթ փարա կիտամ, քեզի մեկ դուքյան կիտամ, տարին օր թըմըմավ, գուգամ քու խելքի շատն ու քիչ գիմնամ:

Նստեց տղեն էտ դուքյանում և մանրեղեն առավ ու ծախեց, բերեց մեկ գանձատուփ` չաքմաճա շինեց, աշխատանքը թալեց չաքմաճի մեջ, էն հարիր մանեթին միշտ ապրանք պահեց ուր դուքյան, հ՛եվելի աշխատանքը թալեց չաքմաճեն:

Տարին օր թըմըմավ, բազրկյանը էկավ, էկավ նստեց, ասեց. – Խելքի՛ց շատ, բե տեսնիմ ի՞նչ ա քու աշխատանք:

Ասեց. – Ես չեմ գինա, չաքմաճեն գինա:

Չաքմաճեն քաշեց բերեց դրեց բազրկյանի հ՛առէջ, հաշվեց, հարիր մանեթին էրկու հարիր մանեթ աշխատանք էր բերե մի տարվա մեջ:

Բազրկյանն ասեց. – Իմ ջան դուս գա, քեզի պես տղեն իտա կեղտոտ դուքյանի մեջ թողիմ նստի, – վերցուց տարավ դրեց ուր թոփածախս դուքնիհ՛առէջ: Իմալ բախտոտ էր Խելքից շատը, օր բիրադի քաղաքի առուծախսը դարձավ ուրուն վրեն:

Բազրկյանը շատ սիրեց Խելքից շատին:

Այնքան, որ մի գեղեցկուհի աղջիկ ուներ` լույսի կտոր, որին մեծամեծների ու հարուստների տղեկներ էին խնամախոսում, բայց ի վերջո նշանդրեքի վիպական պատմությամբ ամուսնացրեց Խելքից շատի հետ: Իսկ երբ եկավ ժամանակը, որ քաղաքի վաճառականները պետք է մեկնեին առևտրի, բազրկյանը, որը նրանց գլխավորն էր, քառասուն ջորեբեռ ապրանք բեռնեց, հավաքեց գործընկերներին ու ասաց. – Իմ տղեն ձեզի ամանաթ կիտամ, իմալ օր ես ձեզի կտանինք կբերինք, դուք էլ իմ տղեն տարեք բերեք:

Ասեցին. – Մեր աչքի վրա, քու լավութեն մեր վրա շատ ա, էտ քու տված հացն ա օր մենք կուտենք:

Բարև մնա էղան իրարուց, ընկան ճամբախ գացին:

Բայց առաջին իսկ կայանատեղում վաճառականներն իրենց մեջ դավադրեցին, թե բերեք ամեն գիշեր այդ նորելուկի բեռներից մեկը գողանանք. քառասուն օր ճամբախ կէրթանք, քառասուն բեռ ապրանք ունի, չուրի հասնենք տեղ` օրը մեկ բեռ գողանալով ապրանք կը վերջացունք, հըմալ էնինք օր էտի մեկ էլ ոտք քաղաք չթալա, բազրկյանի երես չելնի:

Առավոտյան բեռները բարձեցին, ջորիներից մեկը մնաց անբեռ: Ծառաները եկան, թե. – Աղա՛, ղաթըր կա, բեռ չկա:

– Որ հըմալ է, իմ բեռներ թափեք:

Բազրկյաններն ասին. – Բառձի, ինչի՞ թափեցիր:

Ասեց. – Գացե՛ք, Աստված ձեզ հետ էղնի:

Ընտոնք օր հեռեցան, բեռներ տվեց բառնալ, շիտկեց ղըռով գնաց: Ասեց. «Ես էտոնց էրթած ճամփով չեմ էրթա»:

Հինգ օր կամ տասն օր գնաց, գնաց հասավ մեկ էրկիր, տեսավ հըմալ սով էր ընկել, օր անոթութենե ծովու ձկներն էլ կը լկլկին: Եվ սովի պատճառն էլ, պարզվեց, հացի պակասությունը չէր, որովհետև հացի պահեստները լիքն էին ցորենով. գնաց այդ ամբարների տիրոջը գտավ, հարցրեց. – Ի՞նչ խըդըր ցորեն ունիս:

Ասեց. – Ինչ խըդըր հ՛ուզիս` ունիմ:

Չափ ու քանակի խնդիր, ուրեմն, չկար, պարզապես բնակչությունը գնողունակ չէր (իսկ անոթությունից լկլկացող ձկները նո՞ւյնպես): Ինչևէ, տղեն օրը հինգ ամբար հաց առավ, տվեց փռեր թխեն, չորս խալվար ցրվեց քաղաքացուն, մեկ խալվարն էլ բրդեց, թափեց ծով: Քառասուն օր պահեց ծովու ձկներն էլ, քաղաքացին էլ: Քառասուն օրից ետ էտոր կարողութեն պրծավ, իմալ էղավ, օր նոքարները հաց կուզին, հաց ձեռ չէր ընկնի: Ձկները գնացին իրենց թագավորի մոտ, ասացին. – Մի բարի հողածին է եկել, քառասուն օր հպատակներիդ պահեց, նա որ չլիներ, ամենքս կկոտորվեինք:

Թագավորը մի քող տվեց, ասաց. – Բերեք ինձ մոտ այդ հողածնին:

Երեք ձուկ եկան, հասկանալի լեզվով ասեցին. –

Աղա՛, մեր թագավոր քեզի կը խանչա:

Ասեց. – Ախր դուք ձուկ իք ծովի մեջ, ես իսան իմ` կը խեղդվիմ:

Էն քողը տվեցին, ասեցին. – Առ էտի էծկա գլոխդ, էլ չը խեղդվիս, մենք քեզի կըտանինք:

Քողը ձգեցին գլխին, նստեց ձկների մեջքին, տարան: Ճանապարհին էլ սովորեցրին, թե պարգևառության եռակի առաջարկից հետո թագավորի հրաշալի սփռոցը կուզես: Եկան, գլուխ տվեց, թագավորի հրամանով նստեց, թագավորն ասաց. – Հողածի՛ն, էն լավութեն օր դու ես էրի, – ասեց, – հ՛ուզա տամ: 

Տղեն համեստորեն ասեց. – Քու սաղութեն գուզեմ: Մեկ էլ ասեց. – Հ՛ուզա տամ:

Երրորդ խոսքից հետո տղեն ասեց. – Մեկ սուփրա ունիս, էն սուփրեն տուր:

–             Քու սովրցնողի վիզը կոտրի, – ասեց թագավորը:

–             Խոսքս գացեր ա, բերեք տվեք:

Բերեցին տվեցին, շնորհակալություն հայտնեց թագավորին, ձկներն էլի տարան ափ հանեցին: Եվ իրենց մեջ քննարկում էին, թե «Թագավորն այս մարդու հացը չէր կերել, հրաշալի սփռոց նվիրեց, հապա մե՞նք ինչ պիտի անենք»: Եվ ընկան ու ծովի մեջ ինչքան անգին քար կար, ժողովեցին բերեցին ափ: Լուսն օր բացվավ (ուրեմն գիշերով էր եղել` ինչ եղել էր) Խելքից շատը ելավ ու տեսավ` ծովափը շողշողում է գոհար ակներից: Ասեց ծառաներուն` ձիու փեյինները շաղեցին, ամեկու մեջ վեց հատ կամ ութը հատ դրեց ու քյարփինջ թափեց: Եռսուն ութ բեռը ըտրնե բռնեց` գոմաղբե աղյուսներով, որոնց մեջ գոհարներ էին, էրկու բեռն էլ խամ աթար բռնեց: Բեռներն օր բռնեց, պրծավ, էկավ քաղաքացոց շնորհակալություն առավ, քաղաքացիք էլ ուրանից շնորհակալություն առան, ու ընկան ճամփախ: Էկավ հունվար ամսու մեկ օր բեռները թափեց էն տեղը, օր վախտին բեռը կորեր էր: Քիչ մնաց, տեսավ մեկ բազրկյան էլ էկավ, չուրի մութն առավ` քառասուն բազրկյանն էլ էկան ժողովվան մեկ տեղ:

Հունվար ամիս էր, ձմեռ, ցուրտն ու բուքը տվեց վրեները, տղեն ծառաներին ասեց. – Խամ աթարներից մեկ բեռ բերեք վառեք, տաքացեք:

Օր վառեցին, կրակը բանցրցավ, տեսան մեկել բազրկյանները ուրանց ծառաներուց էրկուսը

ճամփեցին, թե. – Գնացեք տեսեք էտ ի՞նչ վառելիք ունին, օր էտպես գյուռ-գյուռ կը վառին:

էկան հարցուցին: Ասին, թե. – Մեր բեռներ բիրադի աթար ա: – Չհավատացին:

Ասեցին. – Էկեք տեսեք: – էկան տեսան օր ամբողջ աթար էր: Գացին ուրանց բազրկյաններին ասին, թե` «Էտոր քառսուն բեռն էլ աթար ա»:

Կարդալ նաև

Գրականություն Ռայներ Մարիա Ռիլկե, Նրա ծննդյան վաթսունամյակի կապակցությամբ, 4.XII.1935 Ռուդոլֆ Կասսներ Մի քանի շաբաթից կլրանա ինը տարին, երբ ես նրա մահվան անմիջական ազդեցության տակ հրապարակեցի իմ հիշողությունները նրա մասին, որոնցում փորձ էր արվում նաև, նման պարագաներում հնարավոր հակիրճությամբ, վեր հանել նրա անձնավորության և ստեղծագործության… Գրականություն Հիշողություններ Ռայներ Մարիա Ռիլկեի մասին (1926) Ռուդոլֆ Կասսներ Հունիս 1914: Մենք երկուսով հյուր էինք Դուինոյում, Ադրիատիկ ծովի ափին գտնվող այն ամրոցում, որտեղ Ռիլկեն երեք տարի առաջ գրել էր իր առաջին «Դուինյան էլեգիաները»: Այդ ընթացքում ամրոցն ավերվել էր իտալական նռնակներից և նորից վերակառուցվել… Գրականություն Վարիացիա ըստ մի «Մտքի»* Պոլ Վալերի Անհուն տարածությունների հավիտենական լռությունը սարսափեցնում է ինձ: – Ի՜նչ մեղմանուշ ու զորեղ հնչյուններ, – դիմում է Էվստաթիոսը Պյութագորասին, – և արտասովոր մաքրության ի~նչ ներդաշնակություն, որ ականջիս է կարծես հասնում մեզ շրջապատող գիշերվա…