Հայկական հակաժողովրդական հեքիաթներ
Ընդհանուրը գանգն է ու ճանապարհը: Վաճառականի գործը ճամփորդությունն էր իր շահի ետևից, որսորդն էլ ճամփա է կտրում իր որսը հետապնդելով: Եվ ահա գերեզմանի գլխին մահվան մասին խորհրդածելիս կամ ապարդյուն որոնումներից հետո հասնելով ժամանակի գետին` հանկարծ գեղի վերևում կամ ջրերի երեսից գտնում են իրենց գանգը` ճակատագրի երևակությամբ և ունայնագործության սպառնալիքով: Գյուտի ուրախությունը կարճատև է, որովհետև ինքնահայտնության նոր գիտակցությունը ձևավորվում է կաղապարները ջարդելու տառապանքով և արյան բարկության կրակներում, ցերեկային դատողությունը կատաղի խանդով է ըմբոստանում սեփական գանգին դրսից նայելու հայացքի դեմ և հրկիզելով վառում է այն, այսպես ասած` զգայարանների թոնրում: Բայց խարույկի խեցու մեջ ծնվում է նոր աշխարհընկալման մարգարտահատիկը, ինչպես ահռելի ճնշման ու անպատկերացնելի ջերմության ազդեցությամբ սովորական ածուխն է բյուրեղանում որպես ադամանդ: Այս հատիկը խուսափում է մարդու տանն առայժմ տնօրինող մեղսավոր բնույթից ու լուծվում նրա անարատ էության մեջ, բեղմնավորում է հոգին, և կույս աղջիկը ծնում է իմաստության զավակ, որը նոր մարդն է` պայծառատես ու պատանի: Որովհետև հեքիաթի գործողությունն առավելապես կատարվում է ոչ թե մարդու շուրջը, այլ մարդու մեջ: Որովհետև հեքիաթային իրականության փաստերն առավելապես ոչ թե զգացական, այլ զգայական իրականության փաստեր են: Ներքին իրականության փաստեր: «Հակաժողովրդական»: Ոչ թե արտաքին երևույթներն ու փաստերն են հեքիաթի բանաստեղծական փոխաբերությամբ միտվում հոգևոր ընդհանրացումների, այլ ճիշտ հակառակը` հոգևոր փաստերն ու երևույթներն են հեքիաթային արտաբերությամբ կերպավորվում որպես ժողովրդական բանահյուսության նյութ: Բայց մի՞թե հազարավոր տարիներ շարունակ այս հեքիաթների անհամար ասողներն ու լսողները դրանցում գաղտնագրված էզոթերիկ, միստիկական, հերմետիկ կամ թեկուզ փիլիսոփայական իմաստների խաթեր են դրանք ասել ու լսել: Մի՞թե ճանաչել են արխետիպները, մեկնել խորհրդանիշները, վերլուծել միֆական ու կրոնական հարակցությունների զարգացումները: Իհարկե` ոչ: Հեքիաթներն ասել ու լսել են, որովհետև դրանք լավն են, հետաքրքիր, զվարճալի, գրավիչ, որովհետև հոգեկան բավականություն ու բավարարություն են պատճառում: Իսկ այդպիսին են, որովհետև հոգին ճանաչում է այն, ինչ ծանոթ ու հարազատ է իրեն, և հրճվում է դրանով: Սյուժեները պահպանող, փոխանցող, փայլեցնող ու հղկող, ընդհանրացումներով ճկող ու մասնավորեցումներով աղավաղող դատողությունը ոչ մի կապ չունի այդ հրճվանքի հետ, ավելի ճիշտ` ունի այն կապն ու հարաբերությունը, որով իրոք ժողովրդական առակներն ու անեկդոտներն են հարաբերվում հրաշապատում հեքիաթների հետ: Իսկ սրանց զետեղարանը գանգում անտեսանելի մարգարտահատիկներն են:
Սեփական գանգին ներսից ու դրսից նայելու զորության և միտքն այրելով թրծելու մասին շշունջները, եթե անգամ առկայծումներով երբևէ հնչել են որևէ բուրգի, զիկկուրատի կամ պագոդայի ստորոտում, վաղուց արդեն փշրվել ու մարել են փոշու մեջ, իսկ հեքիաթի կաղապարն ամուր է ու հրակայուն, և հեքիաթն աղջկա մասին, որն ուլունքը կուլ տալով ծնում է Ճուկոյին, անմահ է, քանի դեռ չի վերծանվել:
Եվ դրանից հետո էլ անմահ է, իհարկե:
- 19. Վագրը ծառի տակ և կաթսայի մեջ
Ժամանակակից աշխարհում, որտեղ նույնիսկ մարդու աշխարհ գալն ու աշխարհից հեռանալն է արդեն ընկալվում իբրև աշխարհիկ իրադարձություն` ուղեկցվող, ճիշտ է, հիմնականում անկեղծ հույզերով ու հիմնականում կեղծ սպեկուլյատիվ խոհափիլիսոփայությամբ, ծեսերից իր դերը պահպանել է թերևս միայն հարսանիքը (եթե պահպանել է), որն ամենևին էլ առաջնակարգ նշանակություն չուներ հեքիաթային ժամանակների մարդկանց կյանքում (և հեքիաթներում էլ ֆինալային հարսանիքը շատ հազվադեպ է նշանակում ուղղակիորեն կենցաղային հարսանիք, այլ որպես կանոն ունի, այսպես ասած, սվեդենբորգյան իմաստ, հոգու սրբազան պսակադրության երգ-երգոցյան իմաստը): Շատ ավելի էին կարևորվում տարիքային և պաշտամունքային հաղորդության ինիցիացոն ծեսերը: Առաջինները հնագույնն են և վերաբերում էին բոլորին, այլապես տհասը պարզապես դուրս էր մնում հասարակությունից, իսկ կրոնական` քրմական, շամանական և այլ շնորհառություններն ընտրյալների առանձնաշնորհն էին: Ի՞նչ գիտենք սրանց մասին: Հին հայոց ծիսական կյանքը նույնիսկ ավելի է մթին, քան մեր կորուսյալ առասպելաբանությունը, որից պատառիկներ ու ակնարկներ այնուամենայնիվ պահպանվել են: Initiatio, mysterium բառերը Հայկազյան բառարանում դրված են նուէր բառի չորրորդ իմաստի դիմաց` մեկնվելով որպես խորհրդակատարութիւն, կատա- րողութիւն, զոհ: Մենք կարող ենք թարգմանել, ենթադրենք, շնորհառություն, սակայն ի՞նչ իմանաս, թե Լուսավորչից առաջ հայերն իրենց ծեսերին ինչ անուններ են տվել: Այս ժողովուրդն իր անցյալի վրա այնպես է խաչ քաշել, ինչպես ոչ ոք: Իսկ մտահանության անդունդը մղված հրեշտակային դիցական ուժերը ոչ թե մոռացվելով կորսվում են, այլ հրեշանալով դիակնաբար սևանում: Թե հայերեն դա ինչ-պես է կատարվել` մութ է: Բայց ինիցիացիոն մեխանիզմն ու սխեման միևնույնն են նկարագրված ողջ աշխարհում` Աֆրիկայից մինչև Այլասկա, Հնդկաչինից մինչև Սկանդինավիա, և հայերն էլ, պետք է կարծել, այս աշխարհից են, լուսնից չեն ընկել: Հաղորդության տեսակով, մակարդակով, խորության ու գաղտնիության չափով ու որակով զանազանվող ինիցիացիաներն ընդհանուր են վերածնության գաղափարով. մի դեպքում մեռնում է դեռահաս պատանին և ծնվում է հասուն տղամարդը, այլ` ավելի խորհրդավոր դեպքում աշխարհիկ` անգետ ու տհաս մարդն է մեռնում և ծնվում է հոգևոր մարդը, որն արդեն հաղորդյալ է սրբազան գաղտնիքներին: Դրա համար նեոֆիտներին առանձնացնում են հասարակությունից, խլում են ընտանիքից ու տանում ջունգլիների, լեռների, անապատի, ճահիճների խորքը, այսինքն` այն աշխարհ, դժոխք: Երբեմն քարանձավներն էին ծառայեցնում ինիցիացիոն նպատակների, այլ վայրերում հատուկ խրճիթներ էին կառուցում` անդուռ ու անպատուհան, և սրանք ոչ միայն գերեզման էին խորհրդանշում, այլ մայրական արգանդ, ինիցիանտը և դիակ է, և էմբրիոն: «Այն աշխարհում» դևերն ու սատանաները կամ հրեշտակներն ու նախնիները հրով ու սրով տանջում ու չարչարում են թեկնածուին, մասնատում են, եփում, տապակում, թլպատում են կամ մարմինը դաջում կամ գլուխը սափրում, կարճ ասած` նոր մարմին են տալիս ու բերում անհրաժեշտ տեսքի, նաև անհրաժեշտ գիտելիքներ հաղորդելով այդ և այլ աշխարհների, աստվածների ու հերոսների, կենդանիների ու թռչունների, տղամարդկանց ու կանանց մասին: Ո՞րն ասես, որը թողնես: Աշխարհի բոլոր միֆերը երբևէ պատմվել են ինիցիացիոն «գերեզմանի» կրակի վրա: Իսկ տանը` օջախի կողքին պատմվել են որպես հեքիաթ: Ոչ միայն բնականորեն աղավաղվելով ժամանակի ընթացքում, այլև ի սկզբանե մատուցվելով ժանրի շրջանակներում. կանանց ու երեխաներին և առհասարակ անտեղյակներին չէր կարելի հաղորդակից դարձնել վտանգավոր գաղտնիքներին, ավելին` հարկ էր կանխարգելիչ սարսափ հարուցել դրանց հանդեպ, որպեսզի գայլը քեզ չուտի կամ Յոթգլխանին չբարկանա: Բայց երբ սև ղոչը տղուն տանում էր մութ աշխարհ, կամ դիվամայրը կուլ էր տալիս հերոսին, կամ աղջիկն իջնում էր հորը, որպեսզի դառնա ոսկեծամիկ, փոքրիկ երեխան էլ էր զգացմունքով զգում ու հոգով հասկանում, որ դրա տակին մի բան կա: Այն մասին, թե ինչ կա, վերջին 150 տարում գրադարաններ են գրվել (որքան մարդն ավելի է հեռանում հին միֆերի աշխարհից, այնքան ավելի է փորձում նոր բանականությամբ այն հասկանալ), և ավելի լավ է տեսնենք, թե օրորոցից մեզ քաջ ծանոթ հեքիաթը ոնց են պատմել Մանազկերտում: