Հանդիպումներ Պիեռ Բուլեզին (fragments pour un portrait)
Արթուր Ավանեսով
Բուլեզի մասին դժվար է գրել: Ինձ համար‚ դժվար է երիցս, քանի որ երեք անգամ առիթ եմ ունեցել աշխատելու նրա ղեկավարությամբ, ուստի նաև‚ երեք անգամ հոգուս խորքում հերքելու այն ամենը, ինչ սովորել էի նրա մասին դասախոսություններից ու գրքերից: Ընդ որում, այժմ արդեն կարող եմ հետին թվով պնդել, որ նրա մասին պատկերացումներս երբեք թյուր չէին: Կար, սակայն, մի բան, որ միանգամայն հնարավոր չէր գտնել ոչ մի գրքում և ոչ մի հարցազրույց մեջ:
Կաշխատեմ չշարադրել ծեծված ճշմարտություններ. այո՛, լավ է գիրք կարդալը, իսկ գրքի հերոսին առ դիմանելը‚ շատ ավելի լավ. այո՛, բոլոր մեծերն ունենան վերարտադրելի մի աուրա, որը հնարավոր է միայն զգալ, իսկ ըմբռնելն ու գիտակցելն անհնար է‚ և այսպես շարունակ: Խոստովանեմ, որ լավ կենսագիր չեմ: Շատ բաներ, թերևս, չնկատեցի, ուշադրությունիցս վրիպեցին շատ ՙարժեքավոր՚ մանրամասներ: Տարեկան երկու-երեք շաբաթը չի հերիքում ինձ‚ միակ, ծայրաստիճան մանկամիտ հարցին պատասխան գտնելու համար‚ ինչպե՞ս է հաջողվել այս բարի, ժպտերես, սարսափելի հնաոճ կապույտ կոստյումով ութսունամյա տղամարդուն (որին, ի դեպ, միայն մեծ վերապահումով է կարելի ծերունի անվանել) ժամանակին լինել նորագույն երաժշտության օրենսդիրն ու չափանիշը և վայելել նրա արտաքինին այսպես հակասող ծայրահեղական նոնկոնֆորմիստի և առհասարակ անտանելի խիստ ու սկզբունքային մարդու համբավ:
Բուլեզի մասին գրելիս‚ ունեմ մի կարևոր մտավախություն: Չէի ցանկանա հուշերս վերածել ո՛չ անվերապահ հիացմունքի զեղման, ո՛չ էլ‚ տափակ մտերմավարության, ասել է թե‚ մեր Բուլեզն է, էլի, ի՞նչ կա որ: Քանի որ այդ վերջին տարբերակը պարզապես զզվելի է, փորձեցի սկզբից ևեթ կանխել այն, հոդվածս անվանելով ՙՀանդիպումներ՚‚ ոչ թե ՙՊ. Բուլեզի հետ՚, այլ ՙՊ. Բուլեզին՚, կարծես խոսքը ոչ թե Բուլեզ-մարդու, այլ համանուն մի երևույթի մասին է: Բայց այդուհանդերձ պետք չէ մոռանալ, որ մեծ երաժշտին հանդիպելիս‚ չենք ակնկալում տեսնել մի անկենդան բուրգ կամ վերացարկված խորհրդանիշ: Համենայն դեպս, երջանիկ եմ, որ տեսա վերջինիս հակապատկերը: Եվ ես սրտանց կուզեի ուրվագծել այդ «հակապատկերը» ու իմ տողերով հայտնել նրան խորին երախտագիտությունս‚ պարզապես իր գոյություն ունենալու փաստի համար:
Նախապատմությունս հետևյալն է: Միջազգային խոշորագույն երաժշտական փառատոներից մեկը‚ Լյուցեռնի ամառային փառատոնը (Շվեյցարիա), 2003 թվականին մրցույթ էր հայտարարել երիտասարդ կատարողների համար, որի հաղթողներին (17 գործիքային կատարող և մեկ երգչուհի) հնարավորություն կընձեռնվեր դասեր ստանալու ֆրանսիական Inter Contemporain անսամբլի մենակատարներից, իսկ վերջում‚ կատարել XX դարի կամերային երաժշտություն Պիեռ Բուլեզի ղեկավարությամբ: Գաղափարը չափազանց լավն էր թվում` դրա իրագործելիությանը հավատալու համար: Մանավանդ պետք էր լուրջ ձայնագրություն անել, որն անցնելու էր երեք ինստանցիաներով. առաջին ունկնդիրները փառատոնի կազմակերպիչներն էին, ապա‚ Inter Contemporain-ի երաժիշտները և վերջում միայն Բուլեզը: Մի խոսքով, անցավ: Անցա: Ու սկսվեցին առասպելներ Բուլեզի մասին:
Միշտ էլ լսել էի փոխզիջումների անընդունակ maître-ի բնավորության մասին: Սակայն երբեք չէի պատկերացնում, թե ուր որ է գործ կունենամ մի հրեշավոր արարածի հետ, եթե հավատայի բոլոր լսածներիս: Սկսենք նրանից, թե ինչպիսի մարդ է. կոշտուկոպիտ, նախանձ, իր սերնդի լավագույն կոմպոզիտորների հետ գժտված. Քսենակիսին ատելով ատում էր, Շտոկհաուզենին չի ընդունում առ այսօր, Քեյջի հետ որոշ ժամանակ շփվելուց հետո վերջինիս անվանեց խեղկատակ, Շնիտկեին ընդհանրապես մարդու տեղ չէր դնում, իսկ Հոլիգերի վերջին ստեղծագործությունների կատարումից հետո ասաց, թե «Ավելի լավ է, Պյարտ նվագեին»‚ ցույց տալով իր խորին հակակրանքը թե՛ մեկի և թե՛ մյուսի նկատմամբ:
Եվ դա դեռ ի՜նչ: Իր իսկ երաժշտական նախնիներին էր արհամարհում. աղմուկ-աղաղակ բարձրացնում Ստրավինսկու համերգներին, Շյոնբերգի դեմելույթ ունեցավ ջախջախիչ մի հոդվածով‚ «Շյոնբերգը մեռած է», իսկ խեղճ Ժոլիվեին մի հասարակական ելույթի ժամանակ անվանեց “joli navet“1, որի համար մի լավ ապտակ ստացավ վերջինիս կնոջից: Իսկ որ այդ նույն Շվեյցարիայում ձերբակալվել է տեռորիզմի մեղադրանքով, երբ կոչ էր արել պայթեցնել բոլոր օպերային թատրոնները‚ ոչ մեկի համար գաղտնիք չէ: Եվ դրանից հետո դեռ բավարար չափով երեսը պնդացրել‚ մի ամբողջ սեզոն չափ տվել Բայրոյթի հռչակավոր թատրոնում:
Դիրիժորներն արտահայտվում էին նրա մասին հատուկ արհամարհանքով: Չորուցամաք է, կարծես ուղղակի մետրոնոմ լինի, մի կաթիլ զգացմունք չունի, հետն էլ չափ է տալիս առանց փայտիկի‚ պարզ երևում է, որ ինքնուս է, դպրոց չի անցել: Իսկ երբ վերջիվերջո նրանցից մեկը դրական կարծիք հայտնեց նրա մասին, անմիջապես դրան ավելացրեց. «Բայց դու ի՞նչ գործ ունես հետը: Դու գոնե գիտե՞ս, ինչ փորձանք ես բերում գլխիդ: Մի բան այնպես չարեցիր, ինչպես պետք է, նա քեզ հետ կուղարկի Հայաստան: Գուցե չգնա՞ս էլ»: Ա՛յ քեզ բան:
Կոմպոզիտորները շատ ավելի բարձր էին գնահատում Բուլեզի դիրիժորական հատկանիշները, սակայն հակառակ կարծիքի էին նրա ստեղծագործական ժառանգության արժեքավորության մասին‚ մանավանդ նրանք, ովքեր նոր էին ազատվել նրա երաժշտության հսկայական ազդեցությունից: Ասում էին, իբր‚ նրա ժամանակն անցել է, հիմա ոչ ոք դա լուրջ չի ընդունում: Բայց ինչքա՜ն էինք լսում, երբ երիտասարդ էինք:
Իսկ կատարողների միջավայրում նրա մասին շրջում էին միայն մութ ասեկոսեներ‚ ոչ նվագել ենք, ոչ լսել ենք, ոչ էլ ուզում ենք:
Իհարկե, կային բացառություններ: Տիգրան Մանսուրյանը, որն անձամբ ծանոթ էր Բուլեզին: Դաշնակահար Ռոբերտ Շուգարովը, որը հիացմունքով պատմում էր նրա հռչակավոր ձայնագրությունների մասին‚ Վագներ, Մալեր, Ստրավինսկի… Կոմպոզիտոր Ռուբեն Սարգսյանը, որը երկար ժամանակ զբաղվում էր Բուլեզի երաժշտության կառուցվածքային վերլուծությամբ: Երաժշտագետ Աննա Արևշատյանը: Ու ևս մի քանի հոգի: Մի գուցե, այդ բոլոր խոսակցություններն էին պատճառը, որ Շվեյցարիա ժամանեցի փոքր-ինչ անհանգիստ հոգեվիճակով: Մանավանդ նվագելիք ծրագիրս բավականին բարդ էր, իսկ ես դեռ ծանոթ չէի այն պահանջներին, որոնք պետք է դրվեին իմ առջև: Ինձ նախապես ուղարկված աշխատանքային պլանից տեղեկացա միայն, որ պետք է ամեն տեսակի փորձերի մասնակցեմ օրական 5-7 ժամ, չհաշված իմ առանձին աշխատանքը: Դեհ, ինչքան շատ, այնքան լավ‚ գոնե արդյունքն ավելի լավը լինի…
Առաջին երկու-երեք օրը հատկացված էր անհատական պարապմունքներին և նախնական փորձերին‚ առանց Բուլեզի‚ ցանկացած պատահականություններից խուսափելու համար: Այս բոլոր զգուշավորություններից տագնապս պետք է որ խուճապի վերածվեր, եթե չլիներ մի հանգամանք` դաշնակահար Միխայել Վենդեբերգից ստացած իմ միակ դասը: Տակավին շատ երիտասարդ‚ Վենդեբերգը երկու ժամանոց պարապմունքի ընթացքում կարողացավ շեղել միտքս անսահման վախից դեպի բոլորովին այլ խնդիրներ, այլ հարցեր, որոնց դեռ պետք է անդրադառնայի հետագա իմ ամբողջ աշխատանքում: Եվ վախն իր տեղը զիջեց աշխատելու անկասելի ցանկությանը: Հետաքրքիրն այն էր, որ Վենդեբերգի տված կատարողական խորհուրդները փոքր-ինչ հակասում էին իմ սպասածին: Այսպես, օրինակ, ես միշտ վստահ էի, որ Բուլեզը երաժշտության ծայրաստիճան մանրակրկիտ կատարման կողմնակից է, այսինքն` հեղինակային տեքստին բծախնդրորեն հետևելը նրա համար ամենաառաջնային խնդիրներից է: Ամեն դեպքում, ծրագիրս պարապելիս հնարավորինս ջանացել էի ինքս ինձ թույլ չտալ որևէ կատարողական քմահաճություն, որն ինչ-որ չափով կարող էր հակասել նոտաներում գրվածին: Եվ եթե այդ պարապելս շատ պիտանի եղավ այնպիսի ստեղծագործությունների համար, ինչպես, օրինակ, Շտոկհաուզենի „Kreuzspiel“-ը կամ Վեբեռնի Կվարտետը, ապա Շյոնբերգի «Լուսնի Պիեռո»-ի համար Վենդեբերգն սկսեց առաջարկել հետաքրքիր լուծումներ կամ պեդալային էֆեկտներ, որոնք շատ գրավիչ էին, սակայն վախեցնում էին ինձ տեքստի մեկնաբանման ազատության առումով: Ու երբ ես հետաքրքրվեցի, թե ինչպես է վերաբերվում Բուլեզը այդ տեսակ նորամուծություններին, Միխայելը ժպիտով պատասխանեց. «Նա պարզապես չի նկատում դրանք, եթե այդ ամենը հանգեցնում է արտահայտչականության: Իհարկե, եթե իմանա, հնարավոր է մի թեթև բարկանա: Նվագիր այնպես, որ քեզ հաջողվի նրա ուշադրությունը սևեռել քո նվագած երաժշտությանը, ու ոչ թե պարզապես էֆեկտներին»: